ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Երբ 1980-ականների վերջերից սկսուեց նախկին Եուկոսլաւիայի եւ Խորհրդային Միութեան փլուզումը, Արեւմուտքը (Միացեալ Նահանգներ, Եւրոպական Միութիւն), առանց հրապարակային յայտարարութիւնների, լռելեայն ընդունեց հետեւեալ դիրքորոշումը. միջազգայնօրէն կարող են ճանաչուել եւ ՄԱԿ-ի ու այլ հեղինակաւոր կազմակերպութիւնների անդամներ դառնալ միութենական հանրապետութիւնները միայն:
Այսպէս, շատ կարճ ժամանակահատուածում միջազգային ընտանիքի լիիրաւ անդամներ դարձան Եուկոսլաւիայի 6 եւ Խորհրդային Միութեան 15 հանրապետութիւնները, այդ թւում` Հայաստանը: Անկախութեան եւ ինքնիշխանութեան ձգտող միւս միաւորները բախուեցին Հելսինքիի Եզրափակիչ աքթի կէտերից մէկին` սահմանների անձեռնմխելիութեան սկզբունքին:
Խորհրդային Միութիւնը 15 միութենական հանրապետութիւններից բացի, որպէս տարածքային միաւորներ, ունէր նաեւ մի քանի տասնեակ ինքնավար հանրապետութիւններ (Նախիջեւան, Աբխազիա), ինքնավար մարզեր (Լեռնային Ղարաբաղ, Հարաւային Օսեթիա) եւ ինքնավար օկրուգներ (օկրուգ ռուսերէնից թարգմանաբար նշանակում է շրջան): Նախկին Եուկոսլաւիայում կար ընդամէնը երկու ինքնավար միաւորում, երկուսն էլ Սերպիայի կազմում` Քոսովոն եւ Վոյեվոտինան:
Սկզբնական շրջանում Արեւմուտքում որոշակի համակրանք կար ԽՍՀՄ-ի այն ինքնավարութիւնների, առաջին հերթին` Լեռնային Ղարաբաղի հանդէպ, որտեղ ժողովրդավարական եւ ազգայնական գործընթացները օժանդակում էին եւ արագացնում կայսրութեան փլուզումը: 1992-ին, երբ նախկին ԽՍՀՄ 15 եւ Եուկոսլաւիայի 6 հանրապետութիւնները դարձան ՄԱԿ-ի անդամ, վերաբերմունքը անկախութեան ձգտող եւ կամ պատերազմի մէջ ներքաշուած Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի, Հարաւային Օսեթիայի եւ Քոսովոյի նկատմամբ փոխուեց: Արեւմուտքում այլեւս չէին ուզում լսել անկախութիւն հռչակած Լեռնային Ղարաբաղը եւ միւս միաւորները ճանաչելու մասին:
2008-ի փետրուարին Արեւմուտքը, հաշուի առնելով իր շահերն ու առաջնահերթութիւնները, փոխեց չգրուած խաղի կանոնը` ճանաչելով Քոսովոյի անկախութիւնը: Ճիշդ է, ՕԹԱՆ-ի եւ Եւրոպական Միութեան անդամ մի քանի երկրներ, ինչպէս օրինակ Սպանիան, դեռեւս հրաժարւում են ճանաչել Քոսովոյի անկախութիւնը, որպէսզի իրենց ներսում չխրախուսեն անջատողականութեան օճախները, սակայն լայն հաշուով` Քոսովոյի անկախութիւնը կայացած փաստ է, թէեւ Քոսովոն ՄԱԿ-ի անդամ չէ: Այսօրուայ դրութեամբ Քոսովոն ճանաչել են ՄԱԿ-ի անդամ 94 պետութիւններ:
Ռուսաստանի արձագանգը ուշացնել չտուեց: Գտնուեց նաեւ առիթը: 2008-ի օգոստոսին բռնկուած վրաց-ռուս/օսական պատերազմից երկու շաբաթ անց Ռուսաստանը ճանաչեց Հարաւային Օսեթիան եւ Աբխազիան: Մի քանի երկրներ, որոնց անունը Ռուսաստանում, Վրաստանում եւ Աբխազիայում ու Հարաւային Օսեթիայում շատերն առաջին անգամ էին լսում, եւս ճանաչեցին նրանց անկախութիւնը` Նիքարակուա, Վենեզուելա, Նաուրու, Վանուատու, Տուվալու:
2008-ին Հայաստանը կանգնեց արտաքին քաղաքական բարդ երկընտրանքի առաջ. ճանաչե՞լ, թէ՞ չճանաչել Քոսովոն: Եթէ ճանաչում ես Քոսովոն, ապա ինչո՞ւ չես ճանաչել Արցախը: Եթէ աւելի քան 15 տարի հրաժարւում ես ճանաչել Արցախը` վկայակոչելով բանակցութիւններով հարցը լուծելու դիրքորոշումը, ապա ինչո՞ւ պիտի ճանաչես Քոսովոն: Ապա եկաւ օգոստոսը: Աբխազիայի ու Հարաւային Օսեթիայի դէպքում, թւում է, ընտրութիւն կատարելը աւելի դիւրին էր: Նրանց ճանաչելը նշանակում էր ձեռք բերել եւս մէկ թշնամի հարեւան` Վրաստանը, ի լրումն Թուրքիայի ու Ազրպէյճանի: Բացի այդ, ինչու ճանաչես Աբխազիայի կամ Հարաւային Օսեթիայի անկախութիւնը, երբ չես ճանաչում Արցախը:
Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման հարցում Հայաստանը վերջին քսան տարիներին չի ունեցել դաշնակից: Այդ մասին մենք սովորաբար չենք խօսում, բայց ճշմարտութիւնն ընդունելը ամօթ բան չէ:
Վերջին շրջանում Արցախի ճանաչման շուրջ ուշագրաւ զարգացումներ են նկատւում: Լեռնային Ղարաբաղի մասին բանաձեւեր ընդունեցին Միացեալ Նահանգների երկու նահանգների խորհրդարաններ: Նախ` մայիսին բանաձեւ ընդունեց Ռոտ Այլընտի Ներկայացուցիչների պալատը` իր աջակցութիւնը յայտնելով Լեռնային Ղարաբաղի անկախութեանը, ինչպէս նաեւ` Միացեալ Նահանգների նախագահին եւ Քոնկրեսին կոչ անելով ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը: Ապա օգոստոսին Մասաչուսեցի Ներկայացուցիչների պալատը ընդունեց Լեռնային Ղարաբաղի «ինքնորոշման իրաւունքը եւ ժողովրդավարութեան զարգացումը» սատարող բանաձեւ: Հոկտեմբերին Աւստրալիայի Նոր Հարաւային Ուելս նահանգի օրէնսդիր մարմինն ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը եւ նրա հայ բնակչութեան ինքնորոշման իրաւունքը ճանաչող բանաձեւ` Աւստրալիայի իշխանութիւններին կոչ անելով պաշտօնապէս ճանաչել ԼՂՀ-ն եւ յարաբերութուններն ամրապնդել երկրի ու նրա քաղաքացիների հետ: Ազրպէյճանը զայրոյթով եւ բողոքի նոտայով արձագանգեց Աւստրալիայի նահանգի որոշումը:
Մակ-ի անդամ երկրներից միակը, որ ակնարկել է Լեռնային Ղարաբաղը ճանաչելու մասին, Ուրուկուէյն է: Մայիսին Երեւանում լատինաամերիկեան այդ երկրի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմակրոն յայտարարեց, որ ղարաբաղեան հարցի լուծումն ինքնորոշումն է, եւ ոչ` ռազմական ուժի կիրառումը: Նոյեմբերի 13-ին ԼՂՀ նախագահը Ստեփանակերտում ընդունեց Ուրուկուէյի Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխէ Օռիքոյի գլխաւորած պատուիրակութեանը: Ազրպէյճանը այս դէպքում էլ զայրոյթով եւ բողոքի գրով հակադարձեց Ուրուկուէյի պատուիրակութեան այցը Ստեփանակերտ:
Թւում է, Հայաստանը, Արցախը եւ սփիւռքը փորձում են միասնական ջանքերով աշխատանքներ տանել, որպէսզի ՄԱԿ-ի անդամ որոշ երկրներ ճանաչեն ԼՂՀ-ն: Անկասկած, պէտք չէ բացառել, որ կը լինեն երկրներ, որոնք կը ճանաչեն Արցախը: Դրա համար պէտք է դիւանագիտական, քաղաքական, քարոզչական ահռելի աշխատանք կատարել: Սակայն երկընտրանքի առաջ կանգնելու է նոյն Հայաստանը: Երեւանի կողմից Արցախի ճանաչումը կարող է առիթ դառնալ, որպէսզի Ազրպէյճանը նոր պատերազմ սկսի: Միւս կողմից, երբ դու չես ճանաչում, ապա այլ պետութիւններ ինչո՞ւ պիտի ճանաչեն եւ ի՞նչ կը տայ այդ ճանաչումը:
Վերջին տարիներին Հայաստանի ընդդիմադիր կուսակցութիւններից «ժառանգութիւնը» մի քանի անգամ խորհրդարանի օրակարգ է բերել Հայաստանի կողմից Արցախը ճանաչելու մասին բանաձեւի նախագիծ, սակայն բոլոր դէպքերում իշխող Հանրապետական կուսակցութիւնը, որը խորհրդարանում ունի որակեալ մեծամասնութիւն, տապալել է նախաձեռնութիւնը: Հայաստանի ղեկավարութիւնը, այդ թւում երկրի գործող նախագահը, մի քանի անգամ պարզաբանել են, որ Երեւանի կողմից Արցախի պաշտօնապէս ճանաչումը պէտք է լինի բանակցային գործընթացի վերջին քայլը, մինչդեռ Հայաստանը դեռ այնքան զօրեղ չէ, որպէսզի միակողմանի կերպով ճանաչի Արցախը:
Յատուկ «Ազդակ»-ի համար
Երեւան


