Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ռոստոմի «Վնասակար Տարրեր» Տեսութիւնը. Մկզբունքայնութեան Եւ Պատեհապաշտութեան Սահմանագիծը

November 16, 2026
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործունէութեան շնորհիւ յեղափոխական կազմակերպութիւնը ձեռք է բերում զգալի ազդեցութիւն, կեանքի մէջ ստեղծւում է հաւատ դէպի գործի յաջողութիւնը եւ հարթւում է որոշ աստիճանով յեղափոխական ուղին: Ամէն անգամ էլ հասարակութեան տարբեր խաւերի մէջ ի յայտ են գալիս… ամէն տեսակ սողուններ, որոնք գիտեն հիանալի կերպով յարմարուել հանգամանքներին եւ ամէն տեսակ ջրերում ձուկ որսալ, ասպարէզ են դուրս գալիս` իբր յեղափոխականներ կամ յեղափոխութեան համակրող բարեկամներ»:

Այս տողերը Ռոստոմը գրել է 1896 թուականին` «Դրօշակ»-ի էջերում, «Վնասակար տարրեր» յօդուածում: Յօդուածը ծնուել է այն օրերին, երբ համիտեան կոտորածները ցնցել էին արեւմտահայ իրականութիւնը, իսկ ազգային-ազատագրական, յեղափոխական շարժումը յայտնուել էր ոչ միայն արտաքին վտանգի, այլեւ`  ներքին ծանր փորձութեան առջեւ: Ռոստոմին, սակայն, առաւել խորութեամբ հետաքրքրում էր ոչ միայն աղէտն ինքնին, այլ` այն, թէ ի՛նչ է անում աղէտը ժողովրդի քաղաքական գիտակցութեան հետ:

Ռոստոմի մտքի խորքային շեշտադրումը սկսւում է հէնց այստեղ: «Վնասակար տարրեր»-ը Ռոստոմի համար պարզապէս առանձին մարդիկ չեն, դրանք քաղաքական վարքագծի յաւակնողներ են, ինչն առաւել տեսանելի է դառնում պայքարի ժամանակաւոր տեղատուութեան պայմաններում, երբ ի յայտ են գալիս նրանք, որոնք պատրաստ են իրենց դիրքորոշումը վերանայել` փոփոխուող հանգամանքներին համապատասխան: Այդպիսով, հարցը միայն պատեհապաշտութիւնը չէ, այլ` այն, թէ քաղաքական միջավայրն ինչպէ՛ս է նպաստում նրան, որ պատեհապաշտութիւնը ներկայացուի` որպէս խոհեմութիւն, պատասխանատուութիւն կամ սկզբունքային դիրքորոշում:

Այդ պատճառով Ռոստոմի դիտարկումը դուրս է գալիս իր ժամանակի պատմական պայմաններից ծնուած քաղաքական բանավէճի շրջանակներից: Նրա ուշադրութեան կենտրոնում այն խորքային փոփոխութիւնն է, որն ազգային աղէտից յետոյ տեղի է ունենում հասարակութեան քաղաքական ընկալումներում. փոխւում է ոչ միայն քաղաքական դիրքորոշումների բովանդակութիւնը, այլեւ` այն իմաստային դաշտը, որի շրջանակում ժողովուրդը գնահատում է տեղի ունեցողը եւ որոշում իր հետագայ քայլերի հնարաւորութիւնն ու անհրաժեշտութիւնը: Նոյն հասկացութիւնները` «իրատեսութիւն», «խոհեմութիւն», «խաղաղութիւն», «պատասխանատուութիւն», կարող են պահպանել իրենց սկզբնական իմաստը, մինչդեռ քաղաքական խօսոյթում դրանց վերագրուող նշանակութիւնը կարող է աստիճանաբար փոխուել: Այդ փոփոխութիւնը վերաբերում է ոչ միայն հասկացութիւնների գործածութեանը, այլեւ` այն չափանիշներին, որոնցով հասարակութիւնն ընկալում եւ գնահատում է` խոհեմութիւնը, իրատեսութիւնը, պատասխանատուութիւնն ու ազգային պարտքը:

Ռոստոմի նկարագրած երեւոյթն առաւել ցայտուն է դրսեւորւում այն ժամանակ, երբ յեղափոխական պայքարի ժամանակաւոր ձախողումը փոխում է քաղաքական հաշուարկի տրամաբանութիւնը: Մինչ այդ ոմանք կարող են ներկայանալ որպէս յեղափոխական շարժման համակիրներ կամ մասնակիցներ` կիսելով պայքարի նպատակներն ու օգտուելով նրա քաղաքական վարկից: Պարտութիւնից յետոյ, սակայն, փոխւում են նրանց առաջնահերթութիւններն ու քաղաքական դիրքաւորումը, իսկ այդ փոփոխութիւնը հիմնաւորւում է արդէն «խոհեմութեան», «հեռատեսութեան», «ժողովրդասիրութեան» եւ «միասնութեան» դիրքերից: Այսպիսով, պարտութիւնը ոչ միայն վերաձեւում է քաղաքական ընտրութիւնը, այլեւ հնարաւորութիւն է ստեղծում ժողովրդի համար ընկալելի եւ ընդունելի արժէքների միջոցով արդարացնելու մի նոր դիրքորոշում, որն աւելի վաղ անհամատեղելի էր թւում ազգային պայքարի տրամաբանութեան հետ:

Ռոստոմն այդ երեւոյթը նկարագրում է բացառիկ դիպուկութեամբ. «…Այն ժամանակ, երբ յեղափոխութիւնը կրում է ժամանակաւոր անյաջողութիւն…ե այդ զազրելի արարածները սուս ու փուս քաշւում են իրենց բներն ու արդէն քաղաքականութիւն, հեռատեսութիւն, ժողովրդասիրութիւն, միութիւն եւ այլ դիմակների տակ դարձեալ շարունակում են խաղալ ժողովրդի հետ` աշխատելով մի կերպ քողարկել իրենց իսկական գոյնը»:

Այս մէջբերման առանցքային եզրոյթը «դիմակն» է: Ռոստոմը չի մերժում քաղաքականութիւնը, հեռատեսութիւնը, ժողովրդասիրութիւնը կամ միութիւնը: Նրա հարցադրումն այլ հարթութեան վրայ է. ի՞նչ է տեղի ունենում, երբ այդ արժէքները, պահպանելով իրենց դրական նշանակութիւնը, սկսում են ծառայել ոչ թէ յեղափոխական շարժման սահմանած նպատակներին, այլ` դրանցից աստիճանական նահանջը հիմնաւորելուն:

Այստեղ է ուրուագծւում Ռոստոմի տեսութեան քաղաքական իմաստը: Նա ցոյց է տալիս, որ յեղափոխական շարժման ժամանակաւոր տեղատուութիւնից յետոյ պայքարին հակադրուող դիրքորոշումը պարտադիր չէ, որ հանդէս գայ բացայայտ մերժման ձեւով: Աւելի վտանգաւոր է այն քաղաքական ընթացքը, երբ նահանջը հիմնաւորւում է որպէս ողջամտութիւն, յանձնուողականութիւնը` որպէս հասունութիւն, իսկ յարմարուողականութիւնը` որպէս իրատեսութիւն: Այդ պահին փոխւում է ոչ միայն քաղաքական ընտրութիւնը, այլեւ` հասարակութեան պատկերացումն այն մասին, թէ ի՛նչն է խոհեմ, ի՛նչն է հնարաւոր, եւ ի՛նչն է անհրաժեշտ:

1895-1896 թուականների կոտորածներից յետոյ աւելի յաճախ էին հնչում կոչեր, որոնք առաջին հայեացքից կարող էին թուալ տրամաբանական, խոհեմ եւ նոյնիսկ մարդասիրական. դադարեցնել պայքարը, զբաղուել հացի խնդրով, տնտեսութեամբ ու բարեգործութեամբ, սպասել աւելի բարենպաստ ժամանակների: Սակայն, ինչպէս Ռոստոմն է փաստում, այդ խօսոյթը միայն ընթացիկ մարտավարութեան մասին չէ: Այն աստիճանաբար փոխում է պատճառի եւ հետեւանքի ընկալումը` այնպէս, որ ժողովրդի դժբախտութեան պատճառը սկսում է վերագրուել ոչ թէ բռնութեանը եւ տիրող պայմաններին, այլ` հէնց յեղափոխական շարժմանն ու նրա ծաւալած պայքարին:

Հէնց այստեղ է բացայայտւում Ռոստոմի մտքի առաւել խորքային նշանակութիւնը: Նրա ուշադրութիւնը կենտրոնանում է ոչ միայն քաղաքական դիրքորոշումների փոփոխութեան փաստի, այլեւ այն պայմանների վրայ, որոնցում այդ փոփոխութիւնը հասարակութեան համար դառնում է ընդունելի եւ համոզիչ: Ժամանակաւոր տեղատուութիւնը կարող է ոչ միայն վերափոխել քաղաքական ընտրութիւնների բովանդակութիւնը, այլեւ` փոխել դրանց ընկալման եղանակը: Նախկինում ընդունուած նպատակներն ու որոշումները սկսում են մեկնաբանուել արդէն նոր չափանիշների շրջանակում, իսկ պայքարի դադարեցումը կարող է ներկայացուել ոչ թէ որպէս ազգային նպատակներից յետքայլ, այլ` որպէս նոր իրողութիւններին համապատասխանող «խոհեմ» եւ «հեռատես» ընտրութիւն:

Այս տարբերութիւնն է թոյլ տալիս Ռոստոմին գաղափարական հակառակորդին զատորոշել պատեհապաշտից: Գաղափարական հակառակորդը բացայայտօրէն առարկում, վիճարկում է գործող ուղղութիւնը եւ պաշտպանում այլ քաղաքական մօտեցում: Պատեհապաշտի տրամաբանութիւնն այլ է: Նա ձգտում է իր քաղաքական նպատակներին ծառայեցնել պայքարի ընթացքում ձեւաւորուած հեղինակութիւնն ու հասարակական վստահութիւնը` առանց ստանձնելու այն պատասխանատուութիւնը եւ անցնելու այն զոհողութիւնների միջով, որոնց շնորհիւ այդ վստահութիւնն ու հեղինակութիւնը ձեւաւորուել են:

Ուստի նրա առանձնայատկութիւնը միայն սխալ կամ վնասակար քաղաքական դիրքորոշում առաջադրելը չէ: Աւելի էական է այն, որ նա փորձում է արդէն իսկ ստեղծուած վստահութիւնը վերածել սեփական քաղաքական հաշուարկը հիմնաւորող միջոցի` ներկայանալով որպէս նոյն արժէքների ու նպատակների հետեւորդ:

Ռոստոմի ձեւակերպմամբ. «Ամէն անգամ, երբ յեղափոխական կազմակերպութիւնը ձեռք է բերում զգալի ազդեցութիւն… հասարակութեան տարբեր խաւերի մէջ ի յայտ են գալիս… բախտախնդիրներ, վաշխառուներ, կեղեքիչներ, մինչեւ իսկ մատնիչներ ու դաւաճաններ… որոնք յեղափոխականի կամ յեղափոխութեան բարեկամի դիմակով ասպարէզ են դուրս գալիս»:

Ռոստոմի այս դիտարկումը կարեւոր է նրանով, որ պատեհապաշտութիւնը նրա համար պատահական կամ եզակի շեղում չէ. այն քաղաքական շարժման աճին ուղեկցող մշտական երեւոյթ է, որն առաւել տեսանելի է դառնում այն ժամանակ, երբ յեղափոխական շարժումը տարածւում է, ձեռք է բերում հասարակական ազդեցութիւն եւ վաստակում է վստահութիւն: Այդ պահին շարժման ձեռք բերած հեղինակութիւնն ինքն է վերածւում նոր մարդկանց ներգրաւող ուժի, եւ դաշտ են մուտք գործում նաեւ նրանք, որոնց համար առաջնայինը ոչ թէ պայքարի նպատակներն են, այլ` այդ նպատակների շուրջ կուտակուած հանրային վստահութիւնը սեփական քաղաքական նպատակներին ծառայեցնելու հնարաւորութիւնը: Այդ պատճառով պատեհապաշտութիւնը յատկապէս վտանգաւոր է նրանով, որ կարող է գործել հէնց շարժման ներսից` արտաքուստ պահպանելով հաւատարմութիւնը նրա նպատակներին, բայց` աստիճանաբար ձգտելով վերափոխել դրանց քաղաքական իմաստը, բովանդակութիւնն ու ապագայ ուղղուածութիւնը:

Պայքարի ժամանակաւոր տեղատուութեան պահին է, որ պատեհապաշտութիւնն առաւել վտանգաւոր դրսեւորում է ստանում: Պայքարի ժամանակաւոր ձախողումը դառնում է ոչ միայն ընթացիկ քաղաքական իրողութիւն, այլեւ` դրա հետագայ ընկալումն ու մեկնաբանութիւնը պայմանաւորող գործօն: Վտանգն առաջանում է այն ժամանակ, երբ ժողովրդի կողմից այդ ժամանակաւոր վիճակը դադարում է ընկալուել որպէս յաղթահարման ենթակայ փուլ եւ վերածւում է այն ելակէտին, որի հիման վրայ վերանայւում են պայքարի նպատակների, հնարաւորութիւնների ու հեռանկարների մասին պատկերացումները:

Ռոստոմի տեսութիւնը բացայայտում է այն կեղծ երկընտրանքը, որի միջոցով ընկերային կարիքները վերածւում են յեղափոխական պայքարի այլընտրանքի: Հացի, աշխատանքի, առօրեայ ապահովութեան եւ նիւթական բարօրութեան պահանջներն օրինաչափ են: Կեղծ երկընտրանքը սկսւում է այն պահին, երբ այդ պահանջները դուրս են գալիս իրենց բնական շրջանակից եւ ներկայացւում որպէս բացարձակ առաջնահերթութիւն` իբր թէ նախ անհրաժեշտ է ապահովել ժողովրդի բարօրութիւնը, իսկ յեղափոխական պայքարի հարցերին անդրադառնալ միայն դրանից յետոյ: Այդ տրամաբանութեան վտանգն այն է, որ հասարակութեանը պարտադրւում է մի ընտրութիւն, որի շրջանակում բարօրութիւնը, հոգածութիւնն ու յեղափոխական պայքարը ներկայացւում են որպէս միմեանց բացառող նպատակներ: Ռոստոմը հէնց այս հակադրութիւնն է մերժում` ցոյց տալով, որ ժողովրդի կարիքների հոգածութեան ցանկութիւնը ոչ միայն չի հակադրւում յեղափոխական պայքարի նպատակներին, այլեւ դրա դրսեւորումներից մէկն է:

Նրա հարցադրումը կտրուկ է. «Ո՞վ է ասում, թէ հարկաւոր չէ հաց տալ ժողովրդին…»:

Այս հարցադրումով Ռոստոմը բացայայտում է հացի եւ յեղափոխական պայքարի միջեւ ստեղծուած հակադրութեան կեղծ բնոյթը: Ժողովրդի բարօրութեան հոգածութեան եւ յեղափոխական պայքարի նպատակների միջեւ եղած կեղծ երկընտրանքը ծագում է այն ժամանակ, երբ ընկերային հոգածութիւնը ներկայացւում է որպէս ազգային պայքարից նահանջը հիմնաւորող առաջնահերթութիւն: Ռոստոմն այս դիրքորոշումը հիմնաւորում է Դաշնակցութեան իսկ պատմական փորձով. ժողովրդի ընկերային կարիքներով մտահոգութիւնն ու յեղափոխական պայքարը նրա քաղաքական ընկալման մէջ երբեք միմեանց բացառող ուղղութիւններ չեն եղել:

«Ո՞ւր էիք դուք, երբ Սասունի կոտորածից յետոյ Դաշնակցութիւնը ստիպուած եղաւ մասամբ շեղուել իր բուն գործունէութիւնից եւ զբաղուել բարեգործութեամբ… Ո՞ւր էիք դուք վերջին կոտորածներից յետոյ, երբ դարձեալ Դաշնակցութիւնն առաջինը եղաւ թշուառ, տառապած ժողովրդին անմիջական դրամական օգնութիւն հասցնող…», գրում է նա:

Ռոստոմի համար ժողովրդի ընկերային խնդիրները յեղափոխական պայքարի օրակարգի անբաժանելի մասն են: Նրա քննադատութիւնն ուղղուած է այն քաղաքական փոխակերպմանը, որի պայմաններում այդ խնդիրները դադարում են ընկալուել իրենց բուն նշանակութեամբ եւ սկսում են ծառայել ժողովրդին պարտադրուող կեղծ օրակարգի քաղաքական նպատակներին: Այդ պահից ժողովրդի բարօրութեան մասին հոգածութիւնը վերածւում է քաղաքական դիրքորոշման փոփոխութեան «բարոյական» հիմնաւորման` յեղափոխական պայքարից նահանջը ներկայացնելով որպէս անհրաժեշտութիւն:

«Հաց, ոչ թէ զէնք» հակադրութիւնը նրա համար ոչ թէ պարզ քաղաքական նախապատուութեան հարց է, այլ` կեղծ երկընտրանք, ըստ որի, ընկերային հիմնահարցերն ու յեղափոխական պայքարը միտումնաւոր ներկայացւում են որպէս միմեանց հակադրուող խնդիրներ: Այդ կեղծ երկընտրանքը հասարակութեանը պարտադրելուց յետոյ փոխւում է հարցադրումը: Խօսքն արդէն ոչ թէ յեղափոխական պայքարն ու ժողովրդի ընկերային բարօրութիւնը միմեանց հետ համադրելու, այլ դրանցից մէկին` ընկերային բարօրութեանը, առաջնահերթութիւն տալու մասին է: Այդպիսով, ընկերային կարիքը վերածւում է յեղափոխական պայքարը դադարեցնելու պահանջի հիմնաւորման, իսկ ժողովրդի բարօրութեան հոգածութիւնը` այդ պահանջը քաղաքականօրէն արդարացնելու միջոցի:

«Դրօշակ», թիւ 9, 2026

(Շար. 1)

Նախորդը

Մեր Ընթերցողները Կը Գրեն. Համաշխարհային Պատերազմ

Յաջորդը

Բռնցքամարտ. Էրիք Բազինեան Վերադարձաւ Եւ Նաք-Աութով Յաղթեց

RelatedPosts

Մեր Ընթերցողները Կը Գրեն.  Համաշխարհային Պատերազմ
Անդրադարձ

Մեր Ընթերցողները Կը Գրեն. Համաշխարհային Պատերազմ

November 16, 2026
Իմ Սիրելի Պուրճ Համուտը` 1920-Ականներու Ճահիճներէն Մինչեւ Մանկութեանս Յուշեր
Անդրադարձ

Իմ Սիրելի Պուրճ Համուտը` 1920-Ականներու Ճահիճներէն Մինչեւ Մանկութեանս Յուշեր

November 16, 2026
Մեր Ընթերցողները Կը Գրեն.  «Հացին Երգը»-էն Դէպի Վարուժանի Անմահ Աշխարհը
Անդրադարձ

Մեր Ընթերցողները Կը Գրեն. «Հացին Երգը»-էն Դէպի Վարուժանի Անմահ Աշխարհը

November 16, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.