Հայաստանի արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյեան 28 հոկտեմբերին Ազգային ժողովին մէջ պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանի հարցումին, թէ միջազգային իրաւունքի ի՞նչ գործիքակազմեր գործադրուած են գերիները վերադարձնելու համար, ըսաւ. «Գերիների հարցով դիմել ենք երրորդ երկրներին, բայց չի ստացւում հարցը լուծել»:
Նախարարը երկիրներու անուններ չտուաւ, բայց ըսաւ. «Երրորդ երկրներին, մեր ընդհանուր գործընկերներին խնդրել ենք, ասել ենք, բայց իրենց (Պաքուից) ասել են` գործ չունենք այդ հարցի հետ: Ուզո՞ւմ էք դառը իրականութիւն` սա է: Մենք ունենք ճանապարհ, այդ ճանապարհն անցնում է Ազրպէյճանի հետ մեր երկխօսութեան միջով»:
Ազրպէյճանական բանտերուն մէջ այժմ 19 հայ գերիներ կը պահուին. անոնք դատապարտուած են 15 տարիէն մինչեւ ցմահ բանտարկութեան: Մարդու իրաւունքներու կոպիտ խախտումներով յայտնի Ազրպէյճանի մէջ դատավարութիւնները կը կայանան փակ` միջազգային դիտորդներու ու լրատուամիջոցներու բացակայութեամբ:


