Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Թուլացնել Սփիւռքը Նշանակում Է Թուլացնել Հայաստանը

August 24, 2026
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՄՈՒՐԱՏ ՓԱՓԱԶԵԱՆ

Հայաստանի խորհրդարանի ամպիոնից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան (Նիկոլ Փաշինեանի քաղաքական ուժի) պատգամաւոր Արման Եղոյեանը հարցրել է, թէ ովքե՞ր են Արամ Համբարեանը (Ուաշինկթընի Հայ դատի գրասենեակի տնօրէնը), Գասպար Կարապետեանը (Պրիւքսէլի Հայ դատի գրասենեակի տնօրէնը) ու Մուրատ Փափազեանը (Ֆրանսահայ կազմակերպութիւնները համակարգող խորհուրդի համանախագահ եւ ՀՅԴ Բիւրոյի անդամ), եւ թէ քանի՞ հոգու անունից են նրանք խօսում:

Իր ելոյթի ընթացքում վերոնշեալ պատգամաւորը յատկապէս փորձել է արժեզրկել սփիւռքը, թերագնահատել դրա օգտակարութիւնը եւ վերջում պաշտպանել այն անհեթեթ թէզը, թէ աւելի ուժեղ սփիւռքը նշանակում է աւելի թոյլ Հայաստան: Մեր անձնական գործօնն այստեղ հիմնական խնդիրը չէ: Իրական խնդիրը հայ ազգի, նրա պատմութեան եւ ապագայի վերաբերեալ նրանց պատկերացումն է: Մենք երբեք չենք յաւակնել խօսել բոլոր հայերի անունից:

Մենք խօսում ենք մեր համոզմունքների, մեզ վստահուած պատասխանատուութեան եւ Հայաստանի, Արցախի ու Հայ դատի ծառայութեանը նուիրուած տասնամեակների հանրային գործունէութեան անունից: Օրինականութիւնը չի սահմանափակւում միայն ընտրական մանտաթով. այն բխում է նաեւ ծառայութիւնից, հետեւողականութիւնից, համախմբելու կարողութիւնից եւ ձեռք բերուած արդիւնքներից: Կառավարութիւնը ժամանակաւոր է, պետութիւնը` մնայուն: Իսկ հայ ազգը դրանից էլ աւելի ընդգրկուն է:

Դիմադրութեան Եւ Վերականգնման Մէկ Դար

Ժամանակակից հայկական սփիւռքը չի ծնուել յարմարաւէտութեան ընտրութիւնից: Այն մեծապէս Ցեղասպանութեան, աքսորի, տեղահանութիւնների եւ Օսմանեան կայսրութեան հայկական համայնքների ոչնչացման հետեւանք է: 1915-ից յետոյ իրենց հողից, ունեցուածքից եւ յաճախ նաեւ ընտանիքներից զրկուած վերապրածները հաւաքական կեանք վերակերտեցին Լիբանանում, Սուրիայում, Ֆրանսայում, Միացեալ Նահանգներում, Քանատայում, Արժանթինում, Ուրուկուէյում, Յունաստանում, Կիպրոսում, Իրանում, Եգիպտոսում, Աւստրալիայում եւ տասնեակ այլ երկրներում: Նրանք կառուցեցին եկեղեցիներ, դպրոցներ, մշակութային կենտրոններ, երիտասարդական տներ. հիմնեցին թերթեր, ընկերային եւ բարեգործական կառոյցներ: Նրանք փոխանցեցին հայոց լեզուն` յատկապէս այսօր վտանգուած արեւմտահայերէնը, մեր հաւատքը, մշակոյթը, յիշողութիւնը եւ նոյն ազգին պատկանելու գիտակցութիւնը: Հայ առաքելական, Հայ կաթողիկէ եւ Հայ աւետարանական եկեղեցիները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը, Հայկական բարեգործական ընդհանուր միութիւնը, Հայ յեղափոխական դաշնակցութիւնը, Համազգայինը, ՀՄԸՄ-ն, Հայ կապոյտ խաչն ու Հայ օգնութեան միութիւնը, ինչպէս նաեւ հազարաւոր կրթական, մշակութային, մարզական եւ բարեգործական կազմակերպութիւններ թոյլ չտուեցին, որ հայութեան աշխարհասփիւռ վիճակը վերածուի անհետացման: Այս կառոյցները կատարեալ չեն: Ոչ մի մարդկային հաստատութիւն կատարեալ չէ: Սակայն ժխտել դրանց պատմական դերը` նշանակում է ջնջել մշակութային եւ ազգային դիմադրութեան մի ամբողջ դար: Առանց դրանց` սփիւռքի մեծ մասը կը լուծուէր ձուլման մէջ: Առանց դրանց` վերապրածների միլիոնաւոր ժառանգներ չէին պահպանի ո՛չ լեզուն, ո՛չ յիշողութիւնը, ո՛չ էլ կենդանի կապը Հայաստանի հետ:

Հայութեան Ոչ Պաշտօնական Դիւանագիտութիւնը

Խորհրդային տարիներին Հայկական Խորհրդային  Հանրապետութիւնը չունէր ինքնիշխան դիւանագիտութիւն, որը կարող էր ազատօրէն պաշտպանել հայ ժողովրդի ազգային իրաւունքները: Այս պայմաններում Հայ յեղափոխական դաշնակցութիւնն ու Հայ դատի յանձնախմբերի համաշխարհային ցանցը ստանձնեցին ոչ պաշտօնական իրական դիւանագիտութեան դերը: Ուաշինկթընում, Փարիզում, Պրիւքսէլում, Օթթաուայում, Լոնտոնում, Պուէնոս Այրեսում, Պէյրութում, Թեհրանում եւ բազմաթիւ այլ մայրաքաղաքներում դրանք միջազգային հանրային ու քաղաքական օրակարգում պահեցին Հայոց ցեղասպանութեան յիշողութիւնը, հայ ժողովրդի իրաւունքներն ու հէնց Հայաստանի գոյութեան հարցը: 1991-ի անկախութեան հռչակումից յետոյ այս աշխատանքը չդադարեց. այն ծառայեց Հայաստանի Հանրապետութեանը, դրա անվտանգութեանը, զարգացմանն ու միջազգային հեղինակութեանը: Սփիւռքը համախմբուեց 1988-ի երկրաշարժից յետոյ, շրջափակման տարիներին, պատերազմական ծանր շրջանում` յանուն Արցախի պաշտպանութեան, գաղթականների աջակցութեան, մարդասիրական ծրագրերի ֆինանսաւորման, ներդրումների ներգրաւման եւ Հայաստանի ներկայացուցիչների առջեւ օտարերկրեայ քաղաքական հաստատութիւնների դռները բացելու: Հայաստանի որեւէ կառավարութեան քաղաքականութեանը ընդդիմանալը երբեք չի նշանակել ընդդիմանալ հայկական պետութեանը: Երբեմն հէնց կառավարութեան դէմ հանդէս գալն է պետութեանը երկարաժամկէտ ծառայելու լաւագոյն ձեւը:

Անվիճելի Միջազգային Արդիւնքներ

Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումն ինքնըստինքեան չի տրուել. այն վերապրածների, նրանց ժառանգների, պատմաբանների, եկեղեցիների եւ սփիւռքի կազմակերպութիւնների տասնամեակների աշխատանքի արդիւնքն է, որոնց շարքում վճռորոշ դեր են ունեցել Հայ դատի յանձնախմբերը: 2026-ի դրութեամբ առկայ միջազգային տուեալների համաձայն` Հայաստանից բացի, Հայոց ցեղասպանութեան ճանաչումը տարբեր իրաւական ձեւերով` օրէնքով, խորհրդարանական բանաձեւով կամ կառավարութեան որոշմամբ, արձանագրուել է երեսուներեք պետութեան կողմից` Արժանթին, Աւստրիա, Պելճիքա, Պոլիվիա, Պրազիլ, Քանատա, Չիլի, Կիպրոս, Չեխիա, Դանիա, Ֆրանսա, Գերմանիա, Յունաստան, Իսրայէլ, Իտալիա, Լաթվիա, Լիբանան, Լիթուանիա, Լիւքսամպուրկ, Մեքսիքա, Նետերլանտներ, Փարակուէյ, Լեհաստան, Փորթուգալ, Ռուսիա, Սլովաքիա, Շուէտ, Զուիցերիա, Սուրիա, Սուրբ Աթոռ, Վենեզուելա, Միացեալ Նահանգներ եւ Ուրուկուէյ:

Միջազգային մակարդակում պաշտօնական փաստաթղթեր, զեկոյցներ կամ յայտարարութիւններ են ընդունուել, մասնաւորապէս, Եւրոպական խորհրդարանի, ՄԱԿ-ի Խտրականութեան կանխարգելման եւ փոքրամասնութիւնների պաշտպանութեան ենթայանձնաժողովի, ՄԱԿ-ի Պատերազմական յանցագործութիւնների յանձնաժողովի, Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամների, Ֆրանսախօսութեան միջազգային կազմակերպութեան, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, Մերկոսուրի խորհրդարանի, Ժողովուրդների մշտական ատեանի եւ Ցեղասպանագէտների միջազգային ընկերակցութեան կողմից: Դրանց գումարւում են Անցումային արդարադատութեան միջազգային կենտրոնի, Էլի Վիզելի հիմնադրամի, Մարդու իրաւունքների լիկայի, Ամերիկեան հրէական համայնքների միութեան, Թուրքիայի Մարդու իրաւունքների կազմակերպութեան, վտարանդի Քիւրտիստանի խորհրդարանի եւ միջազգային այլ գիտական ու բարոյական հեղինակաւոր կառոյցների աշխատանքները: Ահա թէ ինչ է տալիս կազմակերպուած սփիւռքը. այն ջնջման վտանգի տակ գտնուող յիշողութիւնը վերածում է միջազգայնօրէն ճանաչուած ճշմարտութեան:

Թուրքիան Եւ Եւրոպական Միութիւնը

Մենք պայքարել ենք նաեւ Եւրոմիութեանը Թուրքիայի անդամակցութեան դէմ այնքան ժամանակ, քանի դեռ Անգարան շարունակում է Հայոց ցեղասպանութեան ժխտումը, Հայաստանի շրջափակումը, Կիպրոսի բռնագրաւումը եւ եւրոպական նախագծի հիմքում ընկած հիմնարար սկզբունքների խախտումը: Այդ պայքարն ուղղուած չէր թուրք ժողովրդի դէմ. այն պաշտպանում էր Եւրոպայի արժանահաւատութիւնը եւ ճշմարտութեան, արդարութեան, ժողովրդավարութեան ու ժողովուրդների նկատմամբ յարգանքի արժէքները:

2005-ին հէնց Եւրոպական խորհրդարանը սահմանեց, որ Հայոց ցեղասպանութեան ճանաչումը պէտք է նախապայման լինի Թուրքիայի անդամակցութեան համար: Այդ դիրքորոշումը երբեք չէր ընդունուի առանց Եւրոպայի հայկական կազմակերպութիւնների տարիների հետեւողական աշխատանքի:

Ֆրանսայի Եւ Հայաստանի Բարեկամութիւնը

Ֆրանսայում մեր երկու երկրները միաւորող բացառիկ կապերը սոսկ դիւանագիտական յայտարարութիւնների արդիւնք չեն: Դրանք տասնամեակներ շարունակ կառուցուել են հայկական համայնքի, դրա կառոյցների եւ գործիչների կողմից` բոլոր քաղաքական ուղղութիւնների ֆրանսացի պատասխանատուների հետ համագործակցութեամբ:

2001-ի յունուարի 29-ի` Հայոց ցեղասպանութիւնը հրապարակայնօրէն ճանաչող ֆրանսական օրէնքը, Հայաստանի եւ Արցախի օգտին ընդունուած խորհրդարանական բանաձեւերը, քոյր քաղաքների կապերը, ապակենտրոնացուած համագործակցութիւնը, ապրիլի 24-ը որպէս Հայոց ցեղասպանութեան յիշատակի ազգային օր Ֆրանսայի Հանրապետութեան պաշտօնական օրացոյցում ամրագրելն ու ֆրանսացի ընտրուած պաշտօնեաների մշտական համախմբումն այդ աշխատանքի արդիւնքն են:

Ես իմ բաժինն եմ ունեցել այս պայքարում` յաճախ լինելով առաջին գծում: Շատերի հետ միասին նպաստել եմ, որ ֆրանս-հայկական բարեկամութիւնը դառնայ քաղաքական եւ ռազմավարական իրականութիւն: Մենք դռներ ենք բացել Փարիզում, Ազգային ժողովում, Ծերակոյտում, Եւրոպական խորհրդարանում եւ Ֆրանսայի Հանրապետութեան տարբեր նախագահների աշխատակազմերում: Բայց պէտք է արժանին մատուցել տասնամեակների ընթացքում գործած հազարաւոր մարդկանց աշխատանքին. սա անձնական յաջողութիւն չէ:

Իմ Արտաքսումն Ու Դատական Յաղթանակը

Հէնց այն պատճառով, որ մասնակցել եմ այս պայքարին եւ հրաժարուել եմ լռել` դատապարտելով Նիկոլ Փաշինեանի վարած քաղաքականութիւնը, 2022-ի յուլիսի 13-ի լոյս 14-ի գիշերը Հայաստանի իշխանութիւններն արգելեցին ինձ մուտք գործել իմ իսկ հայրենիք եւ արտաքսեցին «Զուարթնոց» օդակայանից: Որպէս պատրուակ ներկայացուեց իմ ենթադրեալ մասնակցութիւնը 2021-ի յունիսի 1-ին Փարիզում Նիկոլ Փաշինեանի դէմ կազմակերպուած ցոյցին:

Դատական գործընթացի ընթացքում Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութիւնը դատարանում նոյնիսկ չներկայացրեց այդ պատրուակը. իմ նկատմամբ կիրառուած միջոցը հիմնաւորող որեւէ փաստարկ արդարադատութեանը չցուցադրուեց: Տասնութ ամիս տեւած դատական պայքարից յետոյ` 2024-ի յունուարին, Երեւանի վարչական դատարանը վճիռ կայացրեց իմ օգտին եւ պարտաւորեցրեց հանել ինձ անցանկալի օտարերկրացիների ցուցակից: Այս յաղթանակը ցոյց տուեց, որ որեւէ կառավարութիւն չի կարող կամայականօրէն որոշել, թէ իր իշխանութեանը անյարմարութիւն պատճառող գործօն հայը կարող է անցանկալի համարուել իր հայրենիքում:

Ազատ Սփիւռքը Երբեք Կառավարութեան
Վարչական Յաւելուածը Չի Լինի

Նիկոլ Փաշինեանի իշխանութիւնն այսօր փորձում է շրջանցել սփիւռքի պատմական կառոյցները եւ դրանք փոխարինել իր իսկ ընտրած զրուցակիցներով ու «յանձնակատարներով»: Հայաստանի պետութիւնն, ի հարկէ, իրաւունք ունի կազմակերպելու սփիւռքի հետ իր յարաբերութիւնները, սակայն այն իրաւունք չունի որոշելու, թէ ովքեր են ներկայացնում ժողովրդավարական երկրներում ապրող ազատ քաղաքացիներին:

Սփիւռքը ո՛չ Նիկոլ Փաշինեանի ընտրատարածքն է, ո՛չ էլ Երեւանի կառավարութեան վարչական յաւելուածը: Սփիւռքի հետ չեն երկխօսում` ընտրելով միայն իշխանութեանը հաւանութիւն տուողներին եւ դուրս մղելով իրեն քննադատողներին. դա երկխօսութիւն չի կոչւում, դա ենթարկեցնելու փորձ է: Այդ փորձը ձախողուելու է: Սփիւռքի խոշոր հաստատութիւնները գոյութիւն են ունեցել ներկայիս կառավարութիւնից առաջ եւ կը շարունակեն գոյութիւն ունենալ դրանից յետոյ: Դրանց օրինականութիւնը բխում է իրենց պատմութիւնից, անդամներից եւ գործունէութիւնից, այլ ոչ թէ որեւէ նախարարական խորհրդի հաւանութիւնից:

Համընկնում Անգարայի Եւ Պաքուի Նպատակների Հետ

Իլհամ Ալիեւը հրապարակայնօրէն համաշխարհային «հայկական լոպին» անուանել է Ազրպէյճանի թիւ մէկ թշնամի: Ռեճեփ Թայիփ Էրտողանն իր հերթին Ֆրանսայի եւ Միացեալ Նահանգների հայկական սփիւռքին մեղադրել է յարաբերութիւնների կարգաւորման իր պատկերացումներին խոչընդոտելու մէջ` Հայաստանի կառավարութեանը կոչ անելով չէզոքացնել դրանց ազդեցութիւնը:

Երբ Հայաստանի իշխանութիւնները յարձակւում են սփիւռքի պատմական կազմակերպութիւնների վրայ, փորձում ապաօրինականացնել Հայ դատի գործիչներին եւ բազմակարծութիւնը փոխարինել հնազանդութեամբ, դրանք առարկայականօրէն իրականացնում են այն, ինչ Անգարան ու Պաքուն տասնամեակներ շարունակ ցանկացել են: Այս համընկնումն արձանագրելու համար գաղտնի հրահանգների շղթայ պատկերացնելու կարիք չկայ. քաղաքական արդիւնքը մեր աչքի առջեւ է.  Ցեղասպանութեան յիշողութիւնը, Արցախի իրաւունքներն ու Հայաստանի շահերը պաշտպանող կառոյցները թուլացնելու փորձն ուղղակիօրէն ծառայում է Էրտողանի եւ Ալիեւի ռազմավարութիւններին:

Փանթուրքական նախագիծը չի վախենում լուռ, բաժանուած եւ անկազմակերպ սփիւռքից. այն վախենում է գիտակից, կազմակերպուած, ազդեցիկ եւ խոշոր ժողովրդավարական երկրներում գործելու ունակ սփիւռքից:

Ուժեղ Սփիւռք Չի Կառուցւում Հայաստանը Դատարկելով

Փաշինեանի վարչախմբի տրամաբանութիւնը հիմնուած է սկզբունքային սխալի վրայ. այն շփոթում է ժողովրդագրական ուժը քաղաքական ուժի հետ: Սփիւռքը չի ուժեղանում միայն այն պատճառով, որ հայեր են հեռանում Հայաստանից. այն ուժեղանում է, երբ կազմակերպում է արդէն գոյութիւն ունեցող համայնքները, լեզուն փոխանցում նոր սերունդներին, պատրաստում քաղաքական գործիչներ, գիտնականներ, լրագրողներ, իրաւաբաններ ու ձեռնարկատէրեր, ստեղծում փորձագիտական ցանցեր եւ համախմբում իր տնտեսական ու դիւանագիտական ներուժը: Այս գործողութիւններից ոչ մէկը Հայաստանից չի հեռացնում թէկուզ մէկ բնակչի:

Մենք կարող ենք միաժամանակ ցանկանալ, որ աւելի շատ հայեր ապրեն Հայաստանում, որ աւելի շատ հայրենադարձութիւն լինի, եւ որ սփիւռքն աւելի կազմակերպուած ու ազդեցիկ դառնայ: Այս նպատակները հակասական չեն. դրանք փոխլրացնող են: Հայաստանն ու սփիւռքը երկու հաղորդակից անօթներ չեն, որոնցից մէկը պէտք է դատարկուի, որպէսզի միւսը լցուի. դրանք նոյն ազգի երկու չափումներն են:

Հայաստանն իր քաղաքացիների ինքնիշխան պետութիւնն է, բայց այն նաեւ ամբողջ հայ ազգի հայրենիքն է:

Մենք Չենք Մոռանայ Ո՛չ Արցախը, Ո՛չ Պաքուի Պատանդներին

Այս ազգը երբեք չի մոռանայ Արցախը, 2023 թուականին բռնի տեղահանուած 120,000 հայերին, սեփական հողի վրայ անվտանգ ապրելու նրանց իրաւունքն, ինչպէս նաեւ այսօր վտանգուած հայկական մշակութային ու կրօնական ժառանգութիւնը: Այն չի մոռանայ նաեւ Արցախի նախկին ղեկավարներին, զինուորականներին, քաղաքացիական անձանց եւ միւս հայ գերիներին, որոնք դեռ պատանդառւում են Պաքուի բանտերում:

Նրանց անյապաղ եւ անվերապահ ազատ արձակումը պէտք է լինի Ազրպէյճանի հետ ցանկացած քննարկման կենտրոնական, հրապարակային ու անսակարկելի պահանջը: Անընդունելի է, որ Նիկոլ Փաշինեանի իշխանութիւնն այս հարցը բանակցութիւնների կենտրոնում չի դնում. գերիներին լքելու, Արցախը ջնջելու եւ սփիւռքին լռեցնելու վրայ կառուցուած խաղաղութիւնը ո՛չ արդար կը լինի, ո՛չ էլ` կայուն:

Կառավարութիւնները Գալիս Են Ու Գնում, Ազգը Մնում Է

Պարոն Եղոյեա՛ն, ձեր եւ ձեր գործընկերների մանտաթը ժամանակաւոր է, հայ ազգը` մնայուն: Դուք հարցնում էք` ո՞վ է Մուրատ Փափազեանը:

Ես միլիոնաւոր հայերից մէկն եմ` մի պատմութեան ժառանգորդ, որը ոչ ոք չի կարող վերացնել, եւ ծառայում եմ մի հայրենիքի, որը ոչ ոք չի կարող ինձանից խլել:

Ես Նիկոլ Փաշինեանի կառավարութիւնից թոյլտուութիւն չեմ խնդրում հայ լինելու համար, եւ առաւել եւս թոյլտուութիւն չեմ խնդրում պաշտպանելու Հայաստանը, Արցախը, Պաքուի բանտերում պահուող հայերին կամ Հայոց ցեղասպանութեան պատմական ճշմարտութիւնը: Մենք շարունակելու ենք պայքարել Հայաստանի Հանրապետութեան անկախութեան, ինքնիշխանութեան եւ անվտանգութեան համար: Մենք շարունակելու ենք պաշտպանել հայութեանը, նրա ժառանգութիւնն ու շահերը բոլոր այն երկրներում, որտեղ ներկայ ենք:

Ուժեղ սփիւռքը սպառնալիք չէ Հայաստանի համար. այն ռազմավարական խորութիւն է, անփոխարինելի դիւանագիտական, մշակութային, տնտեսական եւ քաղաքական ուժ: Թուլացնել սփիւռքը` նշանակում է թուլացնել Հայաստանը. դրանց միմեանց դէմ հանել` նշանակում է ծառայել նրանց ծրագրին, ովքեր ցանկանում են լռեցնել հայ ազգը: Այդ ծրագրին մենք հակադրելու ենք մեր յիշողութիւնը, մեր միասնութիւնն ու մեր վճռականութիւնը:

Կառավարութիւնները գալիս են ու գնում, Հայաստանն ու հայ ազգը մնում են:

 

 

Նախորդը

Յարութիւն Քիւրքճեան Կամ Վարժեցում Ազատութեան (Սփիւռքեան Մտածողութիւն Մը)

Յաջորդը

Եւրոպական Ֆութպոլ. Արսենալ Յաղթեց, Մանչեսթըր Եունայթըտ Պարտուեցաւ. Պայերն Միւնիխ` Գերբաժակակիր. Ռէալ Մատրիտ Եւ Ինթեր Յաղթանակներով Սկսան

RelatedPosts

Գերմանիոյ Մէջ Լոյս Տեսաւ The Tallis Scholars Ձայնային Համոյթի  2017 Թուականի Վենետիկեան Բացառիկ Համերգի  Նկարահանումի Ու Ձայնագրութեան Զոյգ Խտասալիկներու Արկղիկը
Անդրադարձ

Գերմանիոյ Մէջ Լոյս Տեսաւ The Tallis Scholars Ձայնային Համոյթի 2017 Թուականի Վենետիկեան Բացառիկ Համերգի Նկարահանումի Ու Ձայնագրութեան Զոյգ Խտասալիկներու Արկղիկը

October 9, 2026
Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափոխութիւնը

October 9, 2026
Մամլոյ Հաղորդագրութիւն.  Սողոմոնեան Ընտանիքը Անգամ Մը Եւս  Զօրավիգ Կը Կանգնի ՀՕՄ-ի Ծրագիրներուն
Անդրադարձ

Մամլոյ Հաղորդագրութիւն. Սողոմոնեան Ընտանիքը Անգամ Մը Եւս Զօրավիգ Կը Կանգնի ՀՕՄ-ի Ծրագիրներուն

October 9, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.