ՍԱՀԱԿԱՆՈՒՇ ՏԱՃԱՏԻ ՍԱՀԱԿԵԱՆ
Բանասէր, թարգմանիչ, շարժապատկերի արտադրիչ
Կայ մի առաքինութիւն, որ չի պարծենում. անունն է համեստութիւն: Կայ եւս մի առաքինութիւն, որ դարձեալ չի պարծենում. անունն է բարեգործութիւն: Երկուսը` մէկում, ստիպեց հարցնել` ո՞վ է նա… «Լոսանճելըսեան հայ համայնքի խիղճը»` սեղմ ու հակիրճ բնութագիր` երաշխաւորագիր նրա ընկերների կողմից:
Արմատները Կիլիկիայի Պէյլան գիւղաքաղաքից են, որի բնակիչները բացառապէս հայեր էին մինչեւ 1915 թ.: Նախնիները գաղթել են Աշտարակ, որտեղ էլ 65 տարի առաջ ծնուել է նա, յետոյ` 45 տարի առաջ, խարիսխ ձգել Փասատենայում… «Ես մեծացել եմ խորհրդային ժամանակաշրջանում, որը բնութագրւում էր սահմանափակումներով, բայց միաժամանակ տարաբանօրէն հարուստ էր մշակութային հետաքրքրասիրութեամբ: Չնայած «երկաթէ վարագոյր»-ին` մենք խոր կապ ունէինք արեւմտեան ազդեցութեան հետ` յատկապէս երաժշտութեան միջոցով: Բրիտանական ռոք յեղափոխութիւնը հասնում էր մեզ ընդյատակեայ ուղիներով եւ «սեւ շուկայ»-ի ձայնագրութիւններով: Չկային բջջային հեռախօսներ, համացանց, սակայն նոր գաղափարների, հնչիւնների հանդէպ ձգտումը լիովին կենդանի էր», ինքնակենսագրականում գրում է նկարիչ-ձեւաւորող Սահակ Էքշիեանը:
Ճանապարհը դէպի արուեստ սկսուեց վաղ տարիքից` Աշտարակի «Պիոներների պալատ»-ում, որտեղ ձեւաւորուեց նրա «տեսողական լեզուն»` ուսանելով ճարտարապետ, առաջադէմ մտածողութեամբ Սարգիս Թովմասեանի արուեստանոցում, ուսուցիչ, որ ծանօթացրեց վերացական արուեստին եւ խրախուսեց անկախ մտածողութիւնը` զերծ չոր ակադեմականութիւնից: Որոշիչ եղաւ հանդիպումը նշանաւոր նկարիչ Վահան Խորէնեանի հետ: Նրա առաջնորդութեամբ Սահակ Էքշիեանը ձեռք է բերում ոչ միայն թեքնիք հմտութիւններ, այլեւ` արուեստի աւելի խոր, փիլիսոփայական ըմբռնում: Խորէնեանի արուեստանոցը նաեւ մշակութային հաւաքատեղի էր, որտեղ հնարաւորութիւն ունեցաւ հանդիպելու հայ նշանաւոր մտաւորականների հետ` Գէորգ Էմին, Վարդգէս Պետրոսեան, Էդուարդ Իսաբէկեան… Այս փորձառութիւնները ձեւաւորեցին արուեստը` որպէս լայն մշակութային եւ մտաւոր երկխօսութեան մաս ընկալելու նրա ունակութիւնը:
«1980-ականների սկզբին ներգաղթեցի Միացեալ Նահանգներ: Շարունակեցի ուսումս Փասատենա սիթի քոլեճում (1982-1985), ապա` California State University` Northridge-ում (1985-1987): 1996 թուականին ընդլայնեցի իմ ուղղութիւնը` ուսումնասիրելով շարժապատկերի արտադրութիւն եւ ձեւագիտութիւն UCLA-ում եւ ArtCenter College of Design-ում` Փասատենայում, որտեղ իմ հետաքրքրութիւնը զուարճանքի ոլորտի ձեւագիտութեան հանդէպ ամբողջութեամբ ձեւաւորուեց», շարունակում է Սահակ Էքշիեանը:
Նրա մասնագիտական գործունէութիւնն սկսուեց «TLR Associates» փոքր, բայց ազդեցիկ հոլիվուտեան ձեւագծման արուեստանոցում, որտեղ առաջին անգամ ծանօթացաւ շարժապատկեր-թատրոնային գովազդի աշխարհին` մշակելով նախնական գաղափարային նախագծեր այնպիսի ժապաւէնների համար, ինչպիսին է «The Untouchables»-ը: Այդ փորձը որոշիչ եղաւ նրա հետագայ գործունէութեան համար. միացաւ «The Illusion Factory»-ին, որտեղ աշխատեց «Warner Bros.»-ի եւ այլ խոշոր արուեստանոցների բազմաթիւ նախագծերում: Այդ ժամանակաշրջանը ձեւաւորող էր` հնարաւորութիւն տալով կատարելագործել նրա հմտութիւնները key art-ի ստեղծման, ժապաւէնների պաստառների ձեւագծման եւ շարժապատկերի շուկայադրման տեսողական պատմողականութեան ոլորտում:
Ժապաւէնների պաստառները դարձան նրա աշխատանքի առանցքային ուղղութիւններից, որոնց մօտենում էր ոչ թէ պարզապէս որպէս գովազդային միջոցի, այլ որպէս տեսողական պատմութեան` մէկ պատկերի, որը կարող է փոխանցել զգացողութիւն, եղանակ եւ տրամադրութիւն: Նպատակը եղել է ժապաւէնին էութիւնը վերածել ազդեցիկ, խորհրդանշական յօրինուածքի` հաւասարակշռելով տպագրականը, պատկերն ու խորհրդանշականը: Իւրաքանչիւր պաստառ դառնում էր ձեւագծման միջոցով ժապաւէնին հոգեբանական միջուկը փոխանցելու պատմութիւն, հանդիսատեսին գրաւելու միջոց: 2006 թուականին հիմնեց սեփական արուեստանոց եւ մէկ տարուայ ընթացքում դարձաւ «Warner Bros.»-ի եւ «The CW»-ի հաստատուած` վստահելի գործընկեր: Նրա աշխատանքն ընդգրկեց հեռուստատեսային արշաւների, ապրանքանշի ստեղծման եւ թուային մետիայի ոլորտները: Հետագայում համագործակցեց «Sony Pictures Television»-ի հետ եւ աշխատեց բարձրակարգ ստեղծագործողների հետ, ինչպիսին Էնթընի Զուքըրն է, ինչն աւելի խորացրեց նրա ներգրաւուածութիւնը լայնածաւալ հետաքրքիր ժամանցի բնագաւառում:
Ստեղծագործական գործունէութեան ընթացքում Սահակ Էքշիեանն արժանացել է բազմաթիւ հոլիվուտեան հեղինակաւոր մասնագիտական մրցանակների` entertainment marketing-ի եւ տեսողական հաղորդակցութեան ոլորտներում ունեցած նուաճումների համար: Նա բարձր գնահատականի է արժանացել հեղինակաւոր Key Art Awards-ի կողմից` ստանալով «Առաջին մրցանակ» 1993 եւ 1995 թուականներին պաստառների ձեւագծման համար, «Երրորդ մրցանակ»` 1994 թուականին եւ «Պատուաւոր յիշատակում»` 1996-ին: Յիշարժան են նաեւ «Communicator Awards of Excellence» եւ «Horizon Interactive Gold Award» մրցանակները` The CW-ի եւ The Vampire Diaries նախագծերի համարկուած շուկայադրման արշաւների համար, ինչպէս նաեւ «Summit Creative», «Web» եւ «Promax» մրցանակները` The Sopranos, The West Wing նախագծերի համար: Նշուածին զուգահեռ` նա մշտապէս պահպանել է բնական, խոր կապը կերպարուեստի հետ: Նրա կտաւներն ուսումնասիրում են երաժշտութեան եւ տեսողական ձեւի փոխյարաբերութիւնը: Օգտագործելով մատիտ, կաւիճ եւ խառը մետիա` յաճախ սեւ մակերեսների վրայ, նա ստեղծում է յօրինուածքներ, որոնք միաւորում են երկրաչափական վերացականութեան եւ պատկերային տարրերը:
Պատահական հանդիպում նկարիչ-մտաւորականի հետ
Ասում են` իսկական արուեստը սադրանք է: Հաւանաբար սադրանքի տրուեցի, երբ համացանցում հանդիպեցի գեղանկարիչ Սահակ Էքշիեանի մի քանի կտաւներին: Եթէ չես զգում սադրանք, ուրեմն նկարը քարացած որմնապաստառ է: Ու առաջին իսկ տպաւորութեան ազդեցութեամբ մտովի կազմեցի 4-կէտանոց մանիֆեստ. «Եթէ ուզում ես նկարդ ընդունեն, պիտի ունենաս հեղինակային ոճ, մտաւորական հենք, յուզական զգացականութիւն, վարպետութիւն»: Այս պարագայում դիտողը դառնում է հայելի, համահեղինակ, որ տեսնում է նկարներում մաքուր, բաց, տեղ-տեղ` վառ, վիմագրային գոյների խորհրդանշական արտայայտութիւն, միտք, յոյզ, խօսք, նորարական ոճ: Արտասովոր գծանկարչութիւն… Աւելի ճիշդ` նէոգծանկարներ, նորարական, յետարդիականութիւն, յղացքային արուեստ… Այս անգամ ոչ թէ սեւով սպիտակի վրայ, այլ` հակառակը. նախընտրում է հիմնականում սեւ խորապատկերը, որին յայտնւում է մեղեդին` գծի, գծաշարի, լուսաստուերի, կշռոյթի, շարժման լեզուով:
Գծանկարը հոգի է ձեռք բերում, շնչում է լիաթոք, խօսում է քեզ հետ, հարցերն ինքն է ուղղում քեզ… Յարգանք գծի նկատմամբ, նրբանկատ մօտեցում մանրուքների հանդէպ: Հեղինակի նշանաբանն է` նկար-սեղմագիր` բովանդակութեան անսահմանութեամբ: Գիծը սանձելու ճանապարհն է ընտրել Սահակը` ձեւի նուազագոյն ընտրութեամբ սկիզբ տալով մտքերի բազմաշառաչ հոսքին: Թղթին յանձնել ոչ թէ տեսածը, այլ` զգացածը: Սովորական աչքը կանգ է առնում առարկաների արտաքին շերտի վրայ, իսկ նկարչի աչքը ներս է թափանցում, սուզւում առարկաների խորքը, որսում էութիւնը եւ յետոյ, առանձնացնելով այն արտաքին անցողիկ ձեւից` փորձում տալ յաւիտենական, անորսալի կերպարանք: Կրաֆիքական նկարչութիւնը, մասնաւորաբար, գծանկարը գալիս է հազարամեակների խորքից` ժայռապատկերներ, սափորանկարչութիւն եւ այս կերպ իւրովի շարունակում երթը 21-րդ դարում:
Նկարելը Սահակ Էքշիեանի համար ինքնախոստովանանք է, ամէն գիծը` անսահմանութիւն, ամէն վրձնահարուածը` դէպի ինքնամաքրման ճանապարհ: Նկարները նրա հոգեզաւակներն են, որոնց դիմաց աստղաբաշխական գումարներն երբեմն անզօր են: Նկարներն իրացնելու խնդիրը խորթ է նրան: «Չեմ սիրում շատ մտածել նկարների «սեփականութեան» մասին: Որոշները վաճառւում են, որոշները նուիրում եմ, որոշները մնում են ինձ մօտ: Երբեմն նուիրելն աւելի հաճելի է, որովհետեւ զգում ես, որ գործը գնում է` ձեռք բերելու մի ուրիշ կեանք: Ինձ համար ամենակարեւորը ազնիւ լինելն է արուեստում: Ոչ թէ` կատարեալ, այլ` ազնիւ: Չվախենալ սխալուելուց, չվախենալ չիմանալուց: Այդ ճանապարհն է ինձ համար կարեւոր», ասում է Սահակ Էքշիեանը:
Եթերային սրնգահարուհուն որսալիս քեզ են հասնում Պախի Սի մինոր սուիթի ականջահաճոյ հնչիւնները… Դաշնամուրի ստեղնաշարն արտաբերում է հայկական խազերը` հրաշագործ հայի անտեսանելի ձեռքերով, վիրաւոր նոթագրերը պատմութեան էջերն են թերթում…, թաւջութակի սլացիկ մարմինը ոգեղէնութեան համանուագը պիտի առաջնորդի. կտաւում փնտռում ես ենթաշերտեր, ու թւում է` պատրաստւում ես մագաղաթեայ կրկնագիր կարդալ… «Կա՛նգ առ, ակնթարթ» ուղերձն է սկիզբը, որ ձգւում է ու խմորւում լռութեան մէջ: Երաժշտութիւնը Սահակ Էքշիեանի համար պարզապէս ներշնչանք չէ. այն նրա արուեստային դրսեւորման հիմքն է: Պախի կառուցուածքային ճշգրտութիւնը, Պեթհովենի յուզական խորութիւնը, Մոցարթի յստակութիւնը, Ռախմանինովի քնարական թափը ձեւաւորել են նրա «տեսողական լեզուն»:
«Խօսի՛ր, որ ճանաչեմ քեզ»` ըստ Սոկրատէսի կամ Առցանց զրոյց Սահակ Էքշիեանի հետ
ՀԱՐՑՈՒՄ.- «Զգուշացի՛ր յաջողութիւնից: Յաջողութիւնը արուեստագէտի ամենավտանգաւոր թշնամին է», ասել է Կոկոլն Այվազովսկուն: Դո՞ւք էլ էք այդպէս կարծում: Վախենո՞ւմ էք արդեօք, յաջողութիւնից:
ՍԱՀԱԿ ԷՔՇԻԵԱՆ.- Համաձայն եմ: Սկզբում ուրախացնում է, յետոյ կամաց-կամաց քեզ յարմարաւէտութեան մէջ է դնում: Իսկ յարմարաւէտութիւնը յաճախ սպաննում է որոնումը: Կարծում եմ` այդ միտքը ճիշդ է` յաջողութիւնը կարող է քեզ շեղել: Ինձ համար կարեւոր է չկորցնել կասկածն իմ նկատմամբ: Երբ մտածում ես, թէ արդէն հասել ես, հէնց այդտեղ էլ դադարում ես աճել:
Հ.- Ինչպէ՞ս է ծնւում նկարի գաղափարը: Ինչպէ՞ս կը բնութագրէք ձեր ոճը:
Ս. Է.- Միշտ չէ, որ նկարի գաղափարը յստակ ձեւով է գալիս: Երբեմն դա պարզապէս զգացողութիւն է` տրամադրութիւն, երաժշտական պահ կամ նոյնիսկ լոյսի խաղ: Այն դանդաղ է ձեւաւորւում ներսումդ, մինչեւ մի պահ է գալիս, երբ ուզում ես նստել ու աշխատել: Իմ ոճը չեմ փորձի սահմանել: Այն փոփոխւում է: Երբեմն աւելի կառուցուածքային է, երբեմն` ազատ: Բայց միշտ կայ կշռոյթ, ներքին շարժում, որն ինձ առաջնորդում է: Շատ առումներով իմ նկարները գործում են ինչպէս երաժշտական ստեղծագործութիւններ` կառուցուած կշռոյթի, կրկնութեան, հակադրութեան եւ ներդաշնակութեան վրայ: Գծերը շարժւում են ինչպէս մեղեդիներ, ձեւերը փոխազդում են ինչպէս աքորտներ: Սեւ մակերեսը դառնում է մի բեմ, որտեղ լոյսը, կառուցուածքը եւ շարժումը ի յայտ են գալիս` արձագանգելով այն երաժշտութեան յուզական ճարտարապետութեանը, որն ինձ ներշնչում է:
Հ.- Ո՞ւմ կամ ի՞նչն էք համարում ներշնչանքի ակունք:
Ս. Է.- Ներշնչանքը տարբեր տեղերից է գալիս: Երաժշտութիւնը շատ մեծ դեր ունի իմ կեանքում: Բացի դրանից` լռութիւնը, յիշողութիւնները, երբեմն նոյնիսկ դատարկութիւնը: Այն ամէնը, որ ինչ-որ ձեւով յուզում է, կարող է դառնալ սկիզբ:
Հ.- Ի՞նչ զգացողութիւններ էք ունենում կտաւն աւարտելուց յետոյ:
Ս. Է.- Երբ աւարտում եմ մի կտաւ, միշտ չէ, որ կայ ուրախութիւն: Աւելի շատ կայ մի տեսակ լռութիւն: Կարծես այն արդէն դուրս է գալիս ինձնից ու սկսում իր կեանքը: Երբեմն մտածում եմ` արդեօ՞ք ստացայ այն, ինչ ուզում էի: Եւ շատ արագ գալիս է յաջորդի կարիքը:
Հ.- Ձեր կտաւները վկայո՞ւմ են արդեօք, որ դուք հայ նկարիչ էք:
Ս. Է.- Ես յատուկ չեմ մտածում, որ պէտք է «հայ» նկարիչ երեւամ: Բայց դա, երեւի, իմ ներսում է ու ինքն իրեն դուրս է գալիս` առանց ջանքի, այն ձեւով, թէ ինչպէս եմ զգում, ինչպէս եմ մտածում, ինչպէս եմ կառուցում:
Հ.- Ո՞վ է այն նկարիչը, որին ընդունում էք, եւ ո՞ւմ չէք ընդունում:
Ս. Է.- Գուցէ չասեմ` ում եմ ընդունում կամ` ոչ: Բայց ինձ հոգեհարազատ են այն արուեստագէտները, որոնք մշտապէս փնտռում են: Երբ գործը շատ «հարթ» է, շատ արագ լուծուած, ինձ չի յուզում: Ճշմարիտ եւ մնայուն արուեստը համարձակ քայլերի ճանապարհ է:
Հ.- Ի՞նչն է ձեզ մղում դէպի նկարակալը. կտաւի առջեւ նկարիչը յայտնւում է բնազդի թելադրանքո՞վ, թէ՞…
Ս. Է.- Անկեղծ ասած` մինչեւ վերջ չեմ կարող բացատրել, թէ ի՛նչն է ինձ տանում դէպի կտաւը: Կայ մի ներքին մղում: Մասամբ բնազդ է, մասամբ` մի բան, որ բառերով չի բացատրւում: Նկարիչը կանգնում է կտաւի առաջ ոչ թէ միայն իմանալու համար, այլ` բացայայտելու…
Միով Բանիւ…
«Այսօր իմ աշխատանքը գոյութիւն ունի շարժապատկերային պատմողականութեան եւ կերպարուեստի խաչմերուկում, այնտեղ, որտեղ ձեւագծումի կարգապահութիւնը հանդիպում է երաժշտութեան ազատութեան հետ, եւ որտեղ իւրաքանչիւր պատկեր` լինի ժապաւէնի պաստառ թէ գեղանկար, ձգտում է առաջացնել զգացմունքային եւ բանական ընկալում, որը վերժամանակեայ է, յուզական եւ խորապէս մարդկային», անկեղծօրէն խոստովանում է նկարիչ-ձեւագծող Սահակ Էքշիեանը:
Նրա ընկերները յուշում են այն բազում եւ անչափելի բարեգործութիւնների մասին, որոնք նա ուղղել է մայր հայրենիքին անկախութիւնից ի վեր` թէ՛ խաղաղ օրերին, թէ՛ արցախեան պատերազմների տարիներին, սակայն որոնց մասին նա համեստօրէն լռում է, քանզի` «Բայց դու երբ ողորմութիւն անես, թող չիմանայ քո ձախ ձեռքը, թէ ի՛նչ է գործում քո աջը» (Մատթէոս, 6:3):


