Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶՐՈՒՑԱԿԻՑ». ՅԵՂԱՓՈԽՈՒԹԻՒՆԸ ՆԱԽ ՊԷՏՔ Է ՄԵՐ ՈՒՂԵՂՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՈՒԻ

April 11, 2011
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Հարցազրոյց ՀՅԴ խորհրդարանական խմբակցութեան ղեկավար, ՀՅԴ Բիւրոյի անդամ Վահան ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆԻ հետ

ՀԱՐՑՈՒՄ.- Ինչպէ՞ս կը բնութագրէիք Հայաստանի ներքաղաքական իրավիճակը:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Որպէս ճահճացումից դուրս գալու փորձեր: Ընդ որում, այդ փորձերը ձեռնարկում են թէ՛ իշխանամէտ ճամբարն ու իշխանութիւնն ինքը, թէ՛ ընդդիմադիր ուժերը: Իւրաքանչիւրը դա անում է իր կարողութիւնների սահմանում, բնականաբար, տարբեր նպատակներով: Օրինակ, միանգամայն ակնյայտ է, որ իշխանութիւնները վերջին ժամանակներս սկսել են գիտակցել, որ իրենց իսկ ջանքերով փակուղի մտած երկիրն այլեւս չի կարող այդ փակուղում մնալ: Այդ պատճառով էլ մենք ականատես ենք լինում վարչական նոր լուծումների` նախարարների փոփոխութիւններ, ոստիկանական բարձրաստիճան պաշտօնեաների ձերբակալութիւններ, տեսնում ենք, թէ ինչպէս է նախագահը, թէեւ` դեռ ոչ այնքան վճռականօրէն, որքան ցանկալի կը լինէր, փորձում կառավարութեանը ճիշդ ուղու վրայ դնել, ինչպէս է վարչապետը փորձում ուսումնասիրել ու հասկանալ գիւղատնտեսութեան խնդիրները:

ճահճից դուրս գալու փորձեր ձեռնարկում է նաեւ ընդդիմութիւնը: Այդ նոյն տէրպետրոսեանական Քոնկրեսը հասկանում է, որ իր բազմաթիւ եւ վճռական համախոհներին ինքը փակուղի է առաջնորդել յեղափոխութեան մասին մշտական խոստումներով: Ի միջի այլոց` նահանջելու, պահանջները մեղմելու, իշխանութիւնների հետ խօսելու վեկտորն ու ձայնաստիճանը փոխելու փորձերի պատճառով շատ շատերը հիասթափուել են Քոնկրեսից ու նրա առաջնորդից: Իրավիճակից դուրս գալու փորձեր է անում նաեւ Ժառանգութիւն կուսակցութիւնը`  բաւականին ոչ աւանդական ձեւով:

ինչ վերաբերում է մեր կուսակցութեանը` մենք հասկացել ենք, որ կտրուկ շարժումներ անել պէտք չէ: Մենք խորհրդարանական ընդդիմութիւն ենք, որն ունի ուժերի կիրառման յստակ ոլորտ, ունի յստակ խնդիրներ, որոնք պէտք է լուծի: Մենք լրջագոյն հարցադրումներ ենք անում ու տեսնում, որ մեր ջանքերը յաջողութեամբ են պսակւում: Օրինակ` կազի գների վերաբերեալ մեր նախաձեռնութիւնը սկզբում դէմ առաւ իշխանութիւնների կատաղի դիմադրութեանը, բայց այսօր նրանք արդէն յայտարարում են, որ կազի գինը բնակչութեան չունեւոր խաւի համար կ՛իջնի: Մենք բազմիցս խօսել ենք այն մասին, թէ ինչ խայտառակ ընտրական օրէնսգիրք ունենք: Մեզ հետ չէին համաձայնում եւ շարունակում են չհամաձայնել: Բայց արդէն զգացւում է, որ սառոյցը կոտրուած է` մեր որոշ առաջարկներ սկսել են ճանապարհ հարթել դէպի այն մարդկանց ուղեղները, ովքեր ձայների մեծամասնութեամբ են որոշում կայացնում:

Հ.- Դուք խօսում էք իշխանութիւնների վարչական նոր որոշումների մասին: Բայց ինչո՞ւ են նրանք այդ որոշումները միայն այսօր կայացնում, երբ երկիրը, ինչպէս դուք նշեցիք, փակուղի է մտել, եւ ընկերային-տնտեսական դրութիւնն օրէցօր աւելի է վատանում: Չէ՞ որ ցանկացած իշխանութիւն իր իսկ շահերից ելնելով` ինքնապահպանման նպատակով, պէտք է շահագրգռուած լինի ընկերային խնդիրները ժամանակին լուծել` խուսափելու համար ընկերային ընդվզումից, որի հաւանականութեան մասին մեր երկրում այսօր շատերն են խօսում:

Պ.- Խնդիրն այն է, որ նախորդ երկու նախագահներն անխնայ օգտագործել են իրենց ունեցած միջոցները: Տէր Պետրոսեանի օրօք հասարակութեանն անընդհատ ներշնչում էին (ու հիմա էլ են շարունակում նոյնկերպ վարուել), որ բոլոր դժուարութիւններն ու հոգսերը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան հետեւանք են: Կեանքն ի հարկէ ապացուցել է, որ այդ պնդումներն անհիմն են: Քոչարեանի կառավարման տարիներին մէկ այլ միջոց էին շահագործում` յարաբերական կայունութիւնն ու ներդրումների ներհոսքը: Այսօր այդ երկու միջոցներն էլ սպառուած են:

Ժողովուրդն արդէն ձանձրացել է այդ ամէնի մասին որպէս կառավարութեան բոլոր ձախողումների բացատրութիւն ու պատճառաբանութիւն լսելուց` իբր պատերազմի սպառնալիքի պայմաններում հնարաւոր չէ աւելի բարեկեցիկ կեանքի յոյս ունենալ: Քոչարեանի օրօք ներդրումային միջոցը, այսինքն նոյն այդ կայունութեան միջոցը, այնքան էլ արդիւնաւէտ կերպով չօգտագործուեց, աւելի ճիշդ` վատնուեց: Այդ ներդրումները դէպի որեւէ օգտակար ոլորտ, ենթադրենք` տնտեսութեան իրական ոլորտ ուղղելու փոխարէն` մենք ամբողջ քաղաքը կառուցապատեցինք բազմայարկ շէնքերով, որոնցից շատերն այդպէս էլ անաւարտ մնացին, եւ որոնցից ոչ մի օգուտ չկայ: Ներկայ վարչակազմը բախւում է այն խնդրին, որ պէտք է աշխատի` ուզենայ, թէ չուզենայ: Ին՞չ է տեղի ունեցել իրականում: Մեր անկախութեան առաջին տասնամեակում մենք վատնեցինք այն, ինչը ժառանագութիւն էինք ստացել Խորհրդային Միութիւնից: Երկրորդ տասնամեակում վատնեցինք այն, ինչն ընդհանրապէս մեզ չէր պատկանում` միջազգային ֆինանսական կազմակերպութիւնների ու արտասահմանեան երկրների տրամադրած հսկայական վարկերը: Իսկ հիմա մենք մտնում ենք երրորդ տասնամեակ, երբ այլեւս վատնելու բան չկայ, ու պէտք է ինքներս աշխատենք: Եւ կառավարութիւնը կարծես թէ գիտակցում է դա: Հէնց այդ գիտակցութեան վրայ են հիմնուած իշխանութիւնների` երկիրը ճահճից դուրս բերելու փորձերը: Բայց չեմ կարծում, թէ իշխանութիւններին կը յաջողուի այս կազմով, այս խմբով լուծել առկայ խնդիրները:

Հ.- Հայաստանն այսօր որքանո՞վ է հրապուրիչ արտաքին ներդրումների համար:

Պ.- Ներդրումների հարցն ուղիղ կապ ունի քաղաքական հարցերի հետ: ՀՅԴ խմբակցութեան անդամներն ընտրական օրէնսգրքի խորհրդարանական քննարկումների ժամանակ կաըավարութեանը հարց ուղղեցին` չէ՞ք կարծում, որ Ընտրական օրէնսգիրքը եւ դրա հիման վրայ իրականացուող ընտրական գործընթացներն ուղղակիօրէն կապակցուած են տնտեսութեան հետ: Այսինքն երկրի ժողովրդավարութիւնը, ընտրութիւնների թափանցիկութիւնն ու ազնուութիւնը եւ որպէս արդիւնք` իշխանութիւնների անառարկելի օրինականութիւնը, մեր տնտեսութեան զարգացման երաշխիքն են, ինչից էլ հէնց երկիրը հրապուրիչ է դառնում նաեւ արտաքին ներդրումների համար: Կառավարութիւնը, որքան էլ տարօրինակ է, այդ կապը չուզեց նկատել: Բայց այն գոյութիւն ունի, եւ Հայաստանի այսօրուայ քաղաքական իրավիճակը նուազեցնում է մեր երկրի ներդրումային գրաւչութիւնը:

Հ.- ՀՅԴ խմբակցութեան ներկայացրած` ընտրական օրէնսգրքի բարեփոխումների նախագծի արմատական կէտերից մէկն այն է, որ խորհրդարանական ընտրութիւններում անցնենք 100 տոկոսանոց համամասնական համակարգի: Չէ՞ք կարծում, որ նոյնիսկ այդ համակարգին անցնելու դէպքում ոչ մի երաշխիք չի լինի, որ խորհրդարանում դարձեալ չեն յայտնուի պատահական, օրէնսդրական գործունէութեան ներուժից բացարձակապէս զուրկ մարդիկ: Չէ՞ որ նրանք կարող են խորհրդարան թափանցել նաեւ կուսակցական ցուցակներով, ինչի օրինակները եւս մեզ լաւ ծանօթ են:

Պ.- Երաշխիքներ չկան, բայց զտման որոշակի մեքանիզմներ, ի հարկէ, կը լինեն: Կան կերպարներ, որոնք չեն կարողանայ ֆէյսքոնթրոլն անցնել նոյնիսկ,ամենաանսկզբունքայինէ կուսակցական ցուցակներում: Երբ նման մարդիկ առաջադրւում են որպէս մեծամասնականներ, իշխանական կուսակցութիւնները ձեռքերը տարածած ասում են` ի՞նչ կարող ենք անել, ժողովուրդն է ուզել: Իսկ կուսակցական ցուցակների դէպքում այլեւս չեն կարողանայ այդ ամէնը բարդել ոմն կանկսթերի նկատմամբ ժողովրդի սիրոյ վրայ, ու այդօրինակ չնաշխարհիկ անձնաւորութիւններին խորհրդարան բերելու համար կուսակցութիւնն ինքն արդէն անձամբ պատասխանատու կը լինի: Սա է հէնց մեր առաջարկի ամբողջ իմաստը, ուրիշ երաշխիքներ չկան:

Հ.- Նախագահի եւ ՀԱՔ-ի առաջնորդի վերջին ելոյթներում շեշտադրումները զգալիօրէն փոխուել էին, ինչը շատ վերլուծաբանների ու հասարակ քաղաքացիների առիթ է տուել խօսել իշխանութիւնների ու ընդդիմադիր ճամբարի արմատական հատուածի միջեւ ինչ-որ գործարքի մասին: Ձե՞ր կարծիքը:

Պ.- Ոչինչ բացառել չի կարելի. քաղաքականութեան մէջ հնարաւոր է ցանկացած, նոյնիսկ ամենաանհաւանական թուացող պատկեր: Ինչ վերաբերում է ՀԱՔ-ի եւ իշխանութիւնների միջեւ ձեռք բերուած որոշակի պայմանաւորուածութեանը, ապա տուեալ դէպքում կարծում եմ, որ սա ընդամէնը մեր ժողովրդի`  ծայրայեղ գնահատականներ տալու հակման հետեւանք է: Նման պայմանաւորուածութիւն իմ կարծիքով գոյութիւն չունի: Բայց կայ որոշ շահերի ընդհանրութեան գիտակցում: Վերջին հաշուով, իշխանութիւններն ու ՀԱՔ-ն աւելի շատ ընդհանուր հարթակներ ունեն, քան ՀՅԴ-ն իշխանութիւնների կամ Քոնկրեսի հետ: Նրանք ունեն ընդհանուր հարթակներ, մասնաւորապէս համանման դիրքորոշումներ` Ղարաբաղի եւ հայ-թուրքական յարաբերութիւնների հարցերում: Ճիշդ է` դրանք ոչ ամբողջովին են համընկնում, բայց իրար շատ աւելի մօտ են, քան ասենք ՀՅԴ կամ Ժառանգութիւն կուսակցութեան մօտեցումներին: Յարձակողական ճարտասանութեան ալիքն, ըստ երեւոյթին, անկում է ապրում, քանի որ մօտեցել են իրական ընտրութիւնները` հէնց իրական եւ ոչ թէ այն ենթադրական արտահերթ ընտրութիւնները, որոնց մասին մերկապարանոց յայտարարութիւններ էր անում ՀԱՔ-ը: Իրական, հերթական ընտրութիւններն արդէն սարերի հետեւում չեն, իսկ ջղագար, յարձակողական ճարտասանութիւնն իր տեղը զիջում է իրատեսութեանն ու գործնապաշտութեան:

Հ.- Իսկ Լեւոն Զուրաբեանի յայտարարութիւ՞նն այն մասին, որ եթէ ապրիլի 8-ի հանրահաւաքին 200 հազար մարդ հաւաքուի, իշխանութիւնները կը փախչեն…

Պ.- Դարձեալ ենթադրական մօտեցում է: Ինչպէ՞ս են հաւաքելու 200 հազար մարդ: Ես մի անգամ կարդում էի Նիւ Եորքի, որն ի դէպ 15 միլիոնանոց քաղաք է, ոստիկանական բարձրաստիճան պաշտօնեաներից մէկի հաշուետուութիւնը: Եւ նա պնդում էր, որ Նիւ Եորքում նոյնիսկ 10 հազարանոց հանրահաւաքը կարող է փոխել երկրի քաղաքական իրադրութիւնը: Ոչ մէկի համար գաղտնիք չէ, որ մեր իշխանութիւնները միշտ նուազեցնում են ցուցարարների իրական թիւը` փոխարէնը ներկայացնելով ծիծաղաշարժ թուեր, իսկ հանրահաւաքի կազմակերպիչներն էլ իրենց հերթին բարձրացնում են այդ թուաքանակը` դարձեալ ծիծաղաշարժ չափերով: Հանրահաւաքի համար տասնեակ հազար մարդ հաւաքելը հնարաւոր է միայն որեւէ հրատապ` օրակարգային հարցի շուրջ, ինչպէս, օրինակ, 2008 թ. Ծիծեռնակաբերդի հանրահաւաքում, որը մեր կուսակցութիւնն էր կազմակերպել` հայ-թուրքական արձանագրութիւնների կապակցութեամբ: Այնտեղ հաւաքուել էին նաեւ մարդիկ, ովքեր իրար չէին սիրում, այնտեղ էին նաեւ մեր քաղաքական հակառակորդները, բայց նրանց բոլորին միաւորել էր օրակարգային տուեալ խնդիրը: Իսկ եթէ հանրահաւաքում 200 հազար մարդ հաւաքուի, դա կը նշանակի, որ մեր երկրում հասունացել է յեղափոխական իրադրութիւնը: Նման զանգուած մեր երկրում այսօր չկայ: Ընկերային ընդվզման համար կայ, բայց յեղափոխութեան համար` ոչ:

Հ.- «Հայաստանում պայթիւնավտանգ վիճակ է ստեղծուել, հնարաւոր է ընկերային ընդվզում»,  մամուլի ասուլիսում վերջերս ասացիք դուք` աւելացնելով, որ յեղափոխութիւն դժուար թէ լինի, քանի որ` «յեղափոխական իրադրութիւնը ենթադրում է յեղափոխական փոփոխութիւններ ուղեղներում ու ժողովրդի մտածելակերպում, ինչը ես դեռ չեմ տեսնում»:

Պ.- Այո՛, յեղափոխութիւնը նախ պէտք է կատարուի մեր մտածողութեան մէջ, մեր ժողովրդի մտածելակերպում: Տեսէք, թէ ինչպէս դա տեղի ունեցաւ Ռուսաստանում: 20-րդ դարի սկզբին այնտեղ պարկեշտ մարդը ոստիկանին ձեռքով չէր բարեւում` այնքան խոր էր իշխանութիւնների ու ժողովրդի միջեւ անդունդը: Յեղափոխութիւնն անխուսափելի էր: Յեղափոխութեան համար անհրաժեշտ է հասարակութեան վերափոխում: Մեր երկրում հասարակութեան վերափոխում տեղի ունենում է, բայց ցաւօք` հակառակ ուղղութեամբ:

Հ.- Այսինքն ինչպէս պուլկաքովեան փրոֆեսէօր Փրէոպրաժենսքին էր ասում` «քայքայումը ոչ թէ զուգարաններում է, այլ գլուխներո՞ւմ»:

Պ.- Այո, հէնց այդպէս էլ կայ: Քաղաքացիական հասարակութիւնը մեր երկրում դեռ չի ձեւաւորուել, այդ իմաստով մենք խորագոյն յետընթաց ենք ապրում: Իշխանութիւններն ի հարկէ մեղաւոր են: Այն հասարակութեան հիման վրայ, որը մենք ունէինք 80-ականների վերջին, այսօր կարող էինք ունենալ որակապէս նոր, առաջադէմ, ազատամիտ ազգ: Բայց մենք գնացինք այլ ճանապարհով, եւ դրա պատճառով էլ այսօր ունենք ոչ թէ ազգ, այլ ժողովուրդ, ունենք բնակիչներ, բայց ոչ` քաղաքացիներ:

Հ.- Այսինքն մենք այնքան էլ պատրաստ չէինք պետականութիւն ունենալո՞ւն:

Պ.- Հասարակութիւնը պատրաստ էր, բայց ցաւօք նա վերնախաւ չունէր: Վերջին հարիւրամեակների ընթացքում վերնախաւը մեր հասարակութեան շատ բարակ շերտն էր կազմում: Ազնուականներին ոչնչացրել էին դեռ միջին դարերում: 19-րդ դարում ռուսական կայսրութիւնում ձեւաւորուած հայկական վերնախաւը յետոյ գլխատուեց պոլշեւիկների կողմից: Ճիշդ է` խորհրդային տարիներին առաջացաւ նոր վերնախաւ, ստեղծուեց նոր մտաւորականութիւն, սակայն չհասցրեց ամրանալ, եւ հէնց երկրում դժուարութիւններ սկսուեցին, ազգի զարգացման պատասխանատուութիւնն իր վրայ վերցնելու փոխարէն` փախաւ, հեռացաւ երկրից: Հասարակութիւնը հիասթափուեց վերնախաւից: Իսկ սուրբ տեղը դատարկ չի մնում, եւ այդ վերնախաւի տեղը զբաղեցրին ԿՌԱԶ-ների վարորդները, կոլխոզային չոպանները, որոնց մեզ այսօր բախտ է վիճակուած տեսնել մեր երկրի քաղաքական, տնտեսական ու երբեմն էլ մշակութային կեանքի առաջնորդների դերում:

Հ.- Հայաստանի եւ Ռուսաստանի հաւաքականների ֆութպոլային խաղից առաջ լրագրողների այն հարցին, թէ արդեօք հետեւելու էք խաղին, դուք պատասխանեցիք, որ ձեզ հետաքրքրում է մէկ այլ` «Հայաստան-ռուսաստան» խաղ, որից դուք ոչ մի լաւ բան չէք սպասում: Ինչո՞ւ: Եւ ինչպէ՞ս կը բնութագրէք հայ-ռուսական յարաբերութիւնների ներկայ մակարդակն ու Ռուսաստանում հայկական սփիւռքի դերակատարութիւնը` մեր երկու երկրների միջպետական յարաբերութիւնների կառուցման գործում:

Պ.- Ես ասացի, որ դեռ դրական տեղաշարժեր չեմ տեսնում: Ռուսաստանի հայկական սփիւռքը, ցաւօք, դադարել է մեր երկրների փոխյարաբերութիւններում գործօն լինելուց, մինչդեռ ամենամեծաքանակ սփիւռքն է: Մեր համայնքները Ֆրանսայում, Միացեալ Նահանգներում, կամ Քանատայում աւելի հեշտ են ինքնակազմակերպւում, քանի որ դրանք ժողովրդավարական երկրներ են, եւ այնտեղ ազգային շարժումները չեն հետապնդւում: Շուէտում, որտեղ հայերը շատ քիչ են, մենք այնուամենայնիւ ընտրական գործընթացների վրայ ազդեցութեան որոշակի լծակներ ունենք, այդ պատճառով էլ մեզ յաջողւում է այնտեղի խորհրդարանում որոշակի հարցեր լուծել:

ռուսաստանում «ժողովրդավարական ընտրութիւններ» հասկացութիւնը դեռ չակերտների մէջ է դրւում, եւ այնտեղ մենք նման լծակներ չունենք: Այդ պատճառով էլ ես հրաշալի հասկանում եմ այն առարկայական դժուարութիւնները, որոնց բախւում է ռուսաստանեան սփիւռքը: Այն ոչ միայն ամենաբազմաքանակն է, այլեւ` ամենահարուստը, ամենամտաւորականը, առաջադէմն ու զարգացածը: Պատճառը միայն այն չէ, որ քանակը որակ է տալիս, այլ այն, որ նրանցից շատերը Ռուսաստան են մեկնել Հայաստանից, որտեղ վերնախաւ են եղել: Ես կարծում եմ, որ նրանք պարզապէս իրաւունք չունեն հայրենիքի հետ իրենց յարաբերութիւնները կառուցել յուզումնալի, կարօտախտային ելոյթներով` պաշտօնական միջոցառումների ժամանակ: Մեր ռուսաստանեան սփիւռքի տնտեսական ներուժը հսկայական է, եւ ի հարկէ դա արտացոլւում է հայ-ռուսական յարաբերութիւններում, բայց ոչ` բաւականաչափ: Մեր սփիւռքը Ռուսաստանում պէտք է ինքնակազմակերպուի, երկրորդ` այն պէտք չէ վախենայ Հայաստանի շահերը պաշտպանելուց, քանի որ դրանք վերջին հաշուով հէնց իրենց շահերն են: Ինչ վերաբերում է հայ-ռուսական միջպետական յարաբերութիւններին, ինչպէս միշտ, մեր երկրի հանդէպ Ռուսաստանի քաղաքականութեան հիմքում, «իսկ ո՞ւր պիտի գնան առանց մեզ» չարչրկուած մօտեցումը: Եւ մեր հասարակութիւնը, մեր դիւանագիտութիւնը, մեր քաղաքականութիւնն այդպէս էլ ցոյց չտուեցին, որ մենք գնալու տեղ ունենք:

Հ.- Մէջբերում եմ ձեր խօսքերը. «Հայաստանը պէտք է եւ պարտաւոր է Մոսկուայի ու Կարսի պայմանագրերի ոչ իրաւազօրութեան հարցն առաջ քաշել թէ՛ Թուրքիայի ու Ռուսաստանի, թէ՛ համաշխարհային հանրութեան առջեւ»: Որքանո՞վ է իրատեսական այդ պայմանագրերն անվաւեր ճանաչելը: Դաշնակցութեան համար տեսանելի՞ են այդ նպատակին հասնելու յստակ մեքանիզմները:

Պ.- Նախ` այդ գործընթացը պէտք էր սկսել դեռ 1991-ին: Ձեռք բերելով անկախութիւն` Հայաստանը պէտք է իրեն Առաջին հանրապետութեան իրաւայաջորդը հռչակէր` դրանից բխող բոլոր հետեւանքներով ու յիշէր այն փաստը, որ երբ 1921 թ. մարտի 16-ին Մոսկուայում Հայաստանի թիկունքում կնքուեց ռուս-թուրքական պայմանագիրը, Հայաստանում խորհրդային իշխանութիւն չկար: 1921 թ. մարտի 16-ին Հայաստանում խորհրդային իշխանութիւն չէր հաստատուել: Այդ պատճառով էլ Հայաստանը ոչ մի պատասխանատուութիւն չի կրում ո՛չ Մոսկուայի, ո՛չ էլ Կարսի պայմանագրի ու հետագայ պայմանաւորուածութիւնների համար: Ին՞չ անել: Այսօր արդէն միանգամայն այլ գործընթացներ են պէտք, այլ քայլեր, որոնց ներկայ կառավարութիւնն ունակ չէ: Դրա համար էլ այս հարցն այսօր օրակարգային չէ:

Հ.- Եւ վերջին հարցը: Երեւանն արագօրէն փոխում է կերպարանքը: Ո՞ր Երեւանն է ձեզ աւելի հարազատ` այսօրուանը՞, թէ՞ 70-ականներինը:

Պ.- Ի հարկէ 70-ականների Երեւանը, ոչ թէ որովհետեւ շատ աւելի լաւն էր, այլ որովհետեւ ես այն ժամանակ աւելի երիտասարդ էի: Եւ այն ամէնը, ինչն այդ տարիներին կարող էր առաջարկել Երեւանը` ինձ համար շատ աւելի մատչելի էր հէնց իմ տարիքից ելնելով: Ինձ համար շատ թանկ են իսկական երեւանցիները, այն ժամանակուայ Երեւանը: Մեր քաղաքի ճարտարապետական տեսքն իրօք շատ արագ է փոխւում` որոշ դէպքերում դէպի լաւը, որոշ դէպքերում` վատը: Շատ նորակառոյցներ բաւականին հրապուրիչ են, բայց դեռ չեն դարձել Երեւանի օրկանական մասը, քանի որ բնակեցուած չեն: Չկայ մարդկանց այն խաւը, որոնց կարելի է կապել այդ շէնքերի հետ: Ի հարկէ մարդկանց մի փոքր քանակութիւն կայ, որն ապրում է այդ շքեղ շէնքերում: Բայց նրանք գրեթէ տեսանելի չեն` քաղաքում շրջում են մթնեցրած ապակիներով թանկարժէք ինքնաշարժներով: Այսինքն քաղաքային բնապատկերի, քաղաքային քոլորիտի, քաղաքային կեանքի մաս այդ մարդիկ չեն դառնում: Բայց ես այսօրուայ Երեւանն էլ եմ շատ սիրում` իր բոլոր թերութիւններով ու բացասական կողմերով հանդերձ:

ՄԻՔԱՅԷԼ ԲԱՐՍԵՂԵԱՆ

www.sobesednik.am

Նախորդը

ՌՈՒՄԻԷԻ ԲԱՆՏԻՆ ԸՄԲՈՍՏՈՒԹԻՒՆՆ ՈՒ ԱՆՈՐ ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆԵՐԸ (Ա.)

Յաջորդը

ՀԱՅԵԱՑՔ ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԷՆ. ԸՆԿԵՐԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԸ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԾԻՔԸ ԵՒ ՀԱՅԵՐԸ

RelatedPosts

Բարոյական Ուժը
Անդրադարձ

Բարոյական Ուժը

November 21, 2026
Արցախը Մեր Տեսակն Է (Անկախութեան Տօնի 28-ամեակ)
Անդրադարձ

Իմ Սիւնակը-Ձեր Աշխարհը. Հնաբոյր Եւ Փոշոտած Քաղաքական Համակարգի Մը Դէմ Յանդիման (Լիբանանի Անկախութեան 83-Ամեակ)

November 21, 2026
Պարտութենէն Անդին` Պատմութիւնը Ուրանալու Վտանգը
Անդրադարձ

Լիբանանի Անկախութիւնը. Տօնակատարութիւններ Եւ Իրականութիւն

November 21, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.