Երէկ առաւօտեան Ճափոնի մէջ տեղի ունեցաւ 2025-ի 3-րդ կրան փրին Սուզուքայի շրջավազքին վրայ, ուր աշխարհի ախոյեան Մաքս Վերշթափըն արձանագրեց իր յաջորդական յաղթանակը Ճափոնի մէջ:
Այս տարեշրջանի իր առաջին կրան փրին շահած Վերշթափըն նախկին երկու կրան փրիներուն երկրորդ (Աւստրալիա) եւ չորրորդ (Չինաստան) դիրքերը գրաւած էր:
Անակնկալ փոլ փոզիշըն ձեռք ձգելէ ետք, Վերշթափըն առաջին դիրքի վրայ մնաց մինչեւ անիւ փոխելու ժամանակը, ուր կը սպասուէր, որ «Մաքլարեն»-ի վարորդ Լանտօ Նորիս աւելի առաջ մտնէ, որպէսզի յոյս ունենայ աւելի առաջ ելլելու, սակայն Վերշթափըն եւ Նորիս նոյն շրջանին մտան փիթ-սթոփ, ուր «Ռետ Պուլ»-ի ուշացումէն ետք մրցակիցները գրեթէ նոյն պահուն դուրս կու գային փիթ-սթոփէն, երբ Նորիս խոտերուն վրայ ելաւ չզարնուելու համար Վերշթափընի հետ: Ըստ Նորիսի, Վերշթափըն զինք դուրս փորձած էր հանել, սակայն իրականութեան մէջ ճամբան ինքնաբերաբար կը նեղնար փիթ-սթոփի ելքի գիծին մօտ, եւ Վերշթափըն չնչին առաւելութիւն ունենալով եւ ճամբան ալ իրը ըլլալով, իրաւարարները ոչ մէկ սխալ նկատեցին դէպքին գծով:
Կրան փրին շարունակուեցաւ, եւ ամէն ինչ գրեթէ անփոփոխ մնաց: Բաւական «ձանձրացուցիչ» կրան փրիէ մը ետք, դիրքերը մնացին անփոփոխ: Միայն վերջին 10 շրջաններուն, Նորիսի խմբակից Օսքար Փիասթրի աւելի արագ ըլլալով մօտեցաւ Նորիսին եւ «Մաքլարեն»-ին առաջարկեց իրեն առաջնահերթութիւն տալ, որպէսզի փորձէ ճնշել Վերշթափընի վրայ, սակայն իր որոշ մօտեցումը բաւարար համոզիչ չէր, եւ դիրքերը մնացին նոյնը:
Վերշթափըն այս ձեւով շահեցաւ իր ասպարէզի 64-րդ կրան փրին, առաջին անգամ ըլլալով ճերմակ-կարմիր գոյներով` ի պատիւ «Հոնտա»-ի հետ վերջին ելոյթին Ճափոնի մէջ: Ճափոնական ընկերութիւնը յառաջիկայ տարի կ՛աւարտէ «Ռետ Պուլ»-ի հետ իր համագործակցութիւնը եւ կը միանայ «Ասթոն Մարթին»-ին:
Ստորեւ` Ճափոնի կրան փրիին արդիւնքները.
| ԿԷՏ | |
| 1.- Մաքս Վերշթափըն | 25 |
| 2.- Լանտօ Նորիս | 18 |
| 3.- Օսքար Փիասթրի | 15 |
| 4.- Շարլ Լըքլեր | 12 |
| 5.- Ճորճ Ռասըլ | 10 |
| 6.- Քիմի Անթոնելլի | 8 |
| 7.- Լուիս Համիլթըն | 6 |
| 8.- Իսաք Հաճար | 4 |
| 9.- Ալեքս Ալպոն | 2 |
| 10.- Օլիվըր Պերմըն | 1 |
| ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԱՍԱՒՈՐՈՒՄ |
|
| 1.- Նորիս («Մաքլարեն») | 62 |
| 2.- Վերշթափըն («Ռետ Ռուլ») | 61 |
| 3.- Փիասթրի («Մաքլարեն») | 49 |
| 4.- Ռասըլ («Մերսետես») | 45 |
| 5.- Անթոնելլի («Մերսետես») | 30 |
| 6.- Լըքլեր («Ֆեռարի») | 20 |
| 7.- Ալպոն («Ուիլիամս») | 18 |
| 8.- Համիլթըն («Ֆեռարի») | 15 |
| 9.- Օքոն («Հաաս») | 10 |
| 10.- Սթրոլ («Ասթոն Մարթին») | 10 |
| ԻՆՔՆԱՇԱՐԺՆԵՐՈՒ ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- «Մաքլարեն» | 111 |
| 2.- «Մերսետես» | 75 |
| 3.- «Ռետ Պուլ» | 61 |
| 4.- «Ֆեռարի» | 35 |
| 5.- «Ուիլիամս» | 19 |
| 6.- «Հաաս» | 15 |
| 7.- «Ասթոն Մարթին» | 10 |
| 8.- «Ռէյսինկ Պուլզ» | 7 |
| 9.- «Քիք Սաուպըր» | 6 |
| 10.- «Ալփին» | 0 |


