Հինգշաբթի գիշեր եւ երէկ շարունակուեցան Փարիզի Ողիմպիական 33-րդ ամառնային խաղերը, որոնք կ՛աւարտին վաղը գիշեր:
Թայքուանտոյի Լիբանանի ներկայացուցիչ Լեթիսիա Աուն, 57 քկ աղջկանց մրցումներուն պրոնզ մետալի մրցումին չկրցաւ յաղթել քանատացի Սքայլըր Փարքի` կորսնցնելով 1980-էն ի վեր Լիբանանի մետալի մը տիրանալու երազը:
44 տարի առաջ Հասան Պշարա ըմբշամարտի ազատ մրցումներուն Մոսկուայի Ողիմպիականին շահած էր պրոնզ մետալ, որ եղաւ մինչեւ օրս անկրկնելի: Երկար սպասումէ ետք 23 տարեկան Լեթիսիա Աուն, որ բժշկութիւն կ՛ուսանի, շատ մօտեցաւ այդ երազը իրականացնելու, սակայն վերջին վայրկեանին կորսնցուց մրցումը եւ իր պրոնզ մետալը` շատ գեղեցիկ պայքարէ ետք:
Երէկ ծանրաբարձութեան 89 քկ կշիռի մրցումներուն, Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետեան չկրցաւ լաւ ելոյթ ունենալ եւ գրաւեց 7-րդ դիրքը:
Նշենք, որ Հայաստանի ըմբշամարտի ֆետերասիոնը բողոքի նամակ մը գրած է Ողիմպիական մարմինին, 98 քկ կշիռի աւարտական մրցումին Արթուր Ալեքսանեանի անարդար պարտութեան գծով:
Արթուր Ալեքսանեան մամլոյ ասուլիս մըն ալ տուաւ` ըսելով. «Այստեղ ոսկի մետալի համար եկած էի, բայց բոլորդ տեսաք ինչ պատահեցաւ իմ ճակատումիս: Իրանցի ըմբիշը երկու ոտքով մեր գօտեմարտի տարածքէն ամբողջութեամբ դուրս եկաւ, եւ ես մարզիչներուն ըսի, որ բողոքեն: Այդ դէպքին համար ես 1 կէտ պէտք էր շահէի, բայց փոխարէն 2 կէտ տուին մրցակիցին, առաւել կէտ մըն ալ բողոքին համար: Լարուածութիւն չկար, քանի իմ 3-րդ աւարտական մրցումս էր Ողիմպիականի գծով, բայց երբեմն պզտիկ սխալներ մետալներու պատճառ կը դառնան: Յուսամ արդարութիւնը կը վերականգնուի», ըսաւ ան:
Ստորեւ` մետալներու դասաւորումը.
| Ոսկի | Արծաթ | Պրոնզ | |
| 1 – Չինաստան | 32 | 25 | 20 |
| 2 – Միացեալ Նահանգներ | 30 | 38 | 36 |
| 3 – Աւստրալիա | 18 | 15 | 14 |
| 4 – Ֆրանսա | 14 | 19 | 22 |
| 5 – Բրիտանիա | 14 | 17 | 21 |
| 6 – Ճափոն | 13 | 8 | 13 |
| 7 – Հարաւային Քորէա | 13 | 8 | 7 |
| 8 – Գերմանիա | 11 | 9 | 7 |
| 9 – Նետերլանտներ | 11 | 11 | 8 |
| 10 – Իտալիա | 10 | 11 | 11 |
| 11 – Նոր Զելանտա | 6 | 6 | 2 |
| 12 – Քանատա | 6 | 5 | 11 |
| 13 – Հունգարիա | 4 | 5 | 5 |
| 14 – Այիր | 4 | 0 | 3 |
| 15 – Ուքրանիա | 3 | 4 | 4 |
| 16 – Շուէտ | 3 | 4 | 3 |
| 17 – Ռումանիա | 3 | 4 | 1 |
| 18 – Ուզպեքիստան | 1 | 0 | 2 |
| 19 – Պրազիլ | 2 | 6 | 8 |
| 20 – Սպանիա | 2 | 3 | 8 |


