Երէկ աւստրալիացի Օսքար Փիասթրի շահեցաւ իր ասպարէզի առաջին մրցումը` Հունգարիոյ կրան փրին, երբ իր խմբակից Լանտօ Նորիսին «առաջարկուեցաւ» առաջին դիրքը զիջիլ իրեն: Վերջին 10 շրջաններուն, մէկէ աւելի առիթներով Մաքլարենի խումբը Նորիսին առաջարկեց իր դիրքը զիջիլ Բ. դիրքը գրաւող իր խմբակիցին` իբրեւ թէ աւելի լաւ անիւ ունենալուն եւ խմբային յաջողութեան համար:
Նորիս նախ չընդառաջեց «առաջարկներուն», սակայն 68-րդ շրջանին, երբ տակաւին երկու շրջաններ կային, ան դանդաղեցուց իր Մաքլարենը` յաղթանակը նուիրելով Փիասթրիին եւ յուսալով, որ այդ 7 «կորսուած» կէտերը յառաջիկայ դեկտեմբերին չազդեն ախոյեանութիւնը վճռող դասաւորման վրայ:
Մրցումին ազդանշանին, Փիասթրի կրցած էր Բ. դիրքէն յառաջանալ եւ գրաւել փոլ փոզիշընը գրաւած իր խմբակիցին առաջին դիրքը, մինչ ախոյեան Վերշթափըն կը փորձէր երկուքին անցնիլ:
Աւելի ուշ, անիւ փոխելու ժամանակ Նորիս կրցած էր յառաջանալ իր խմբակիցին վրայ` աւելի առաջ անիւ փոխելով:
Միւս կողմէ, ախոյեան Վերշթափըն մօտ 10 շրջան մնացած, անցնելէ ետք Շարլ Լըքլերի Ֆեռարիին, սկսած էր ճնշել Համիլթընի Մերսետեսին վրայ, եւ 64-րդ շրջանին, երբ կը փորձէր անոր անցնիլ, անիւները իրար դպան, եւ Ռետ Պուլ օդը բարձրանալով գետին զարնուեցաւ, առանց վիրաւորելու զոյգ ինքնաշարժները, բայց կորսնցնելով դիրք մը:
Համիլթըն մնաց 3-րդ դիրքին վրայ, մինչ Լըքլեր օգտուեցաւ այդ պզտիկ արկածէն եւ գրաւեց 4-րդ դիրքը` ետին ձգելով Վերշթափընը, որ վերջին 3 կրան փրիներուն ձախողած է շահիլ առաջին դիրքը:
Ստորեւ` արդիւնքները.
| ԿԷՏ | |
| 1.- Օ. Փիասթրի (Մաքլարեն) | 25 |
| 2.- Լ. Նորիս (Մաքլարեն) | 18 |
| 3.- Լ. Համիլթըն (Մերսետես) | 15 |
| 4.- Շ. Լըքլեր (Ֆեռարի) | 12 |
| 5.- Մ. Վերշթափըն (Ռետ Պուլ) | 10 |
| 6.- Ք. Սայնց (Ֆեռարի) | 8 |
| 7.- Ս. Փերես (Ռետ Պուլ) | 6 |
| 8.- Ճ. Ռասըլ (Մերսետես) | 5 |
| 9.- Ե. Ցունոտա (Ար. Պի.) | 2 |
| 10.- Լ. Սթրոլ (Ասթոն Մարթին) | 1 |
| ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Մ. Վերշթափըն | 265 |
| 2.- Լ. Նորիս | 189 |
| 3.- Շ. Լըքլեր | 162 |
| 4.- Ք. Սայնց | 154 |
| 5.- Օ. Փիասթրի | 149 |
| 6.- Լ. Համիլթըն | 125 |
| 7.- Ս. Փերես | 124 |
| 8.- Ճ. Ռասըլ | 116 |
| ԻՆՔՆԱՇԱՐԺՆԵՐՈՒ ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | |
| 1.- Ռետ Պուլ | 389 |
| 2.- Մաքլարեն | 338 |
| 3.- Ֆեռարի | 322 |
| 4.- Մերսետես | 241 |
| 5.- Ասթոն Մարթին | 69 |



