Յունիսի 12-ի երեկոյեան Հայաստանի Հանրապետութեան ոստիկանութիւնը Երեւան քաղաքի Բաղրամեան եւ Դեմիրճեան փողոցների հատման հատուածում, առանց օրինական հիմքերի, յատուկ միջոցների կիրառմամբ բիրտ եւ ոչ համաչափ ուժ գործադրեց խաղաղ ցուցարարների վրայ:
Հարիւրից աւելի քաղաքացիներ, այդ թւում` լրատուամիջոցների ներկայացուցիչներ, վնասուածքներ եւ վիրաւորումներ են ստացել, ապօրինի ձերբակալուել են բազմաթիւ քաղաքացիներ:
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը խստօրէն դատապարտում է ոստիկանութեան հակաօրինական գործողութիւնները, քաղաքական մեծամասնութեան` բռնաճնշումներն արդարացնող եւ դրանք խթանող դիրքաւորումը:
Տեղի ունեցածի անվերապահ մեղաւորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինեանն է եւ նրա խուլիկանական խմբակը:
Կատարուածը եւս մէկ անգամ փաստում է, որ գործող իշխանութիւնը չունի հանրային նուազագոյն օրինականութիւն:
Միջազգային կազմակերպութիւնների լռութիւնը կարելի է դիտարկել որպէս Հայաստանում մենատիրական վարչակարգի ամրապնդման, ժողովրդավարական հաստատութիւնների կազմաքանդման, քաղաքական բռնաճնշումների եւ ոստիկանական բռնութիւնների համար կանաչ լոյս:
Հայաստանի պետականութեան, հայրենիքի ու արժանապատուութեան այս համաժողովրդական պայքարն անկասելի է, իսկ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացին իրաւունք ունի իրացնելու իր սահմանադրական իրաւունքները:
Երկրում առկայ ճգնաժամի միակ հանգուցալուծումը Նիկոլ Փաշինեանի հրաժարականն է, խաղաղ ճանապարհով նրա հեռացումը:
ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ
13 յունիս 2024


