Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ղեկավարը

December 21, 2018
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԽԱԺԱԿ ՏԷՐ ԳՐԻԳՈՐԵԱՆ

Հրայր Մարուխեանը դաշնակցական ղեկավարի կերպարն էր, կատարելատիպը:

Նրանք, որոնք մօտկից ծանօթ են Հրայր Մարուխեանին, կը հաստատեն, որ նա պաշտամունքի աստիճան սէր էր տածում իր հայրենիքի` Հայաստանի եւ իր ազգի` հայ ժողովրդի նկատմամբ: Յաճախ նկատում էիր, որ թէեւ հոգու խորքում խստօրէն դառնացած է եւ ցաւ է ապրում սեփական ժողովրդի մի ինչ-որ թերութեան, մի ինչ- որ բացթողման, բացասական մի ինչ-որ երեւոյթի դրսեւորման պատճառով, բայց չէր ընդունում, որ, կարող է պատահել, այդպիսի թերութիւններն ու բացասական եղեւոյթները մաս կազմեն նրա ազգային նկարագրին, ուստի այդպիսի երեւոյթներում փնտռում էր հայ ժողովրդին խորթ, դրսեկ եւ օտար ազդեցութիւններ:

Նրա համար այն ամէնը, ինչ հայկական էր, պատկանում էր հայ ժողովրդին, լաւ էր, որովհետեւ որպէս պատմութեան թելադրանք` հէնց այդպէս պիտի լինէր:

Հրայր Մարուխեանն ընդունելով համաշխարհային քաղաքակրթութեան նուաճումները եւ առատօրէն օգտուելով նրա ընձեռած բարիքներից` գերազանցապէս ապրում էր հայկական մշակոյթի ներշնչանքով: Մտերմիկ զրոյցների ժամանակ յաճախ էր անդրադառնում հայրենասիրութեան, ազգային մշակոյթի եւ դաշնակցականութեան փոխ-կապակցութեան հարցին:

Երբ մտազբաղ էր, մրմնջում էր հայկական որեւէ երգ: Այդպիսի պահերին յաճախ նրա շրթունքներին էր «Ջանի ման,  խանի ման, տուն եմ շինել գետի բերան» սկզբնատողով երգը: Խիստ նախանձախնդիր էր հայոց լեզուի նկատմամբ եւ շարունակ աշխատում էր կատարելագործել իր լեզուական մշակոյթը: Զարմանալի էր, բայց` իրաւ, իր աշխատասենեակում, գրասեղանի վրայ միշտ բաց վիճակով դրուած էր հայոց լեզուի քերականութեան մի գիրք, որը կարդում էր, երբ ժամանակ էր ունենում: Կարդում էր եւ իր կուռ տրամաբանութեամբ վերլուծում ընդունուած սահմանումները, գտնում նրանցում հակասութիւններ ու անտրամաբանական դրոյթներ եւ դրանց մասին վէճի մէջ մտնում մասնագէտների հետ` յաճախ դժուարութեան մատնելով նրանց: Այդուհանդերձ, իր բոլոր տեսակի գրուածքների ու յօդուածների լեզուական հարցերի կապակցութեամբ խորհրդակցում էր հայոց լեզուի մասնագէտների հետ եւ թոյլ տալիս, որ սրբագրեն իր գրածը:

Այնպէս, ինչպէս յատուկ է ամէն մի ղեկավարի, Հր. Մարուխեանի համոզումներն ու սկզբունքները վարակիչ էին իր գաղափարակիցների եւ համակիրների շրջանակում:

Որքան վարակիչ էր նրա անշահախնդիր ու անսակարկ հայրենասիրութիւնը, այնքան առաւել վարակիչ էր նրա անհաշտ ու անտեղիտալի գաղափարականութիւնն ուկուռ եւ անյեղլի հաւատքը հայ ժողովրդի պայծառ ապագայի նկատմամբ:

Հր. Մարուխեան իրական ղեկավար էր: Նրա համար ՀՅ Դաշնակցութեան նպատակներն ու գաղափարները բացարձակ ու անառարկելի ճշմարտութիւններ էին, որոնց իրագործանը անմնացորդ նուիրուած էր մեծ ղեկավարը:

Ընկերվարութեան հաստատումը մարդկային արդարութեան միակ գրաւականն էր նկատում նա:

Նրա այդ գաղափարականութիւնն ու կեցուածքը ընդունելութիւն էին գտնում դաշնակցական երիտասարդութեան լայն խաւերում, մեծացնում էին նրա հմայքը եւ նրան դարձնում գաղափարապաշտ երիտասարդութեան կուռքը:

Զարմանալի չէր, որ նա իր այսպիսի գործունէութեան համար չէր կանչւում պատասխանատուութեան, երբ ուրիշներ նոյնպիսի գործունէութեան համար կարող էին խստագոյնս պատժուել: Զարմանալի չէր, որովհետեւ նա շատ լաւ գիտէր «Կազմակերպական կանոնները», Դաշնակցութեան գրաւոր ու անգիր օրէնքները, աւանդութիւններն ու պատմութիւնը, ամենատարբեր հարցերի լուծման նախընթացները: Կանոնագրի իմացութիւնը նրան դարձնում էր անխոցելի եւ թոյլ էր տալիս, որ օրէնքի սահմաններում գործէր ազատօրէն եւ տիրոջ իրաւունքով:

Նա կատարելապէս ծանօթ էր Դաշնակցութեան կառոյցի բոլոր օղակներին ու միաւորներին, գիտէր նրանցից իւրաքանչիւրի թերութիւններն ու առաւելութիւնները, ծանօթ էին նրան կազմակերպութեան խոցելի ու անխոցելի տեղերը, ուժի աղբիւրներն ու թուլութեան պատճառները: Եւ ամենակարեւորը` նա լաւապէս ճանաչում էր կուսակցական գործիչներին եւ վերին մարմինների անդամներին, գիտէր իւրաքանչիւրի կարողութիւնները: Գիտելիքներ, որոնք թոյլ էին տալիս նրան ճիշդ կողմնորոշուելու: Գիտելիքներ, որ պիտի ունենայ ամէն ղեկավար:

Նրա, իբրեւ ղեկավարի, մեծագոյն առաւելութիւնը այն էր, որ նա առանց հասակային, սեռային, դասային եւ այլ կարգի խտրականութիւնների` բաց էր բոլորի առջեւ: Թէեւ բազմազբաղ` ընդունում էր նրանց, երբ եւ որտեղ պատահէր, համբերութեամբ լսում էր նրանց ամենատարբեր տրտունջները, բողոքները, քննադատութիւնները, առաջարկները եւ ականջալուր էր լինում նրանց սրտբաց խոստովանութիւններին: Սակայն նա անհանդուրժող էր դառնում, երբ վիրաւորում էին մեր ազգային եւ կուսակցական սրբութիւնները:

Շատ էր հաւանում պայծառ միտք եւ նոր գաղափարներ ունեցող անձնաւորութիւններին: Թէկուզ եւ համաձայն չլինէր նրանց արտայայտած մտքերի հետ, ամենայն ուշադրութեամբ եւ մեծ համբերատարութեամբ լսում էր նրանց` ակնկալելով, որ նրանց մտքերը կարող են պարունակել մի որեւէ նորոյթ, որ կարող է նոր նպաստ մատուցել հայ ազգային-ազատագրական պայքարին, Հայ դատին եւ ՀՅ Դաշնակցութեան:

Մարդկանց հետ շփման հիմքում նա երբեք անհատական արժանապատուութեան հարց չէր դնում: Այնտեղ, որտեղ գործն էր պահանջում, նա ինքն էր շփում նախաձեռնում` չխորշելով ոչ ոքից:

Հր. Մարուխեանը օժտուած էր ղեկավարի մի այլ շատ կարեւոր յատկութեամբ:  Նրա բառարանում ընկճուածութիւն բառը գոյութիւն չունէր:

Պատասխանատուութեան գիտակցութիւնը սեփական ժողովրդի, կազմակերպութեան եւ գործընկերների նկատմամբ իւրաքանչիւր իրաւ ղեկավարի, առաւել եւս քաղաքական ու կուսակցական ղեկավարի համար էական յատկանիշ է, առանց որի` ոչ ոք չի կարող ղեկավարի դիրքեր զբաղեցնել:

Հր. Մարուխեանի առած բոլոր քայլերում յստակ տեսանելի էր նրա պատասխանատուութեան գիտակցութիւնը` հայ ժողովրդի, ՀՅ Դաշնակցութեան եւ իր գաղափարակից ընկերների նկատմամբ:

Չեմ կարող մոռանալ նրա խօսքը Բիւրոյի նիստում, երբ քննւում էր ղեկավար դիրքերում սերունդների հերթագայութեան հարցը: Նա այդտեղ, ի շարս այլ մտքերի, յայտարարեց, որ` «Եթէ չմտածենք այսօր մեր ապագայ ղեկավարութեան մասին, մեր սերունդը պատասխանատու կը մնայ ե՛ւ հայ ժողովրդի, ե՛ւ Դաշնակցութեան, ե՛ւ պատմութեան անողոք դատաստանի առջեւ»:

Նա ճիշդ էր գնահատում նոր, երիտասարդ ուժերի դերը մեր ազգային կեանքում եւ մեր ազգային-ազատագրական պայքարում: Առհասարակ նրա միտքը երիտասարդ էր, որով եւ շատ լաւ էր ընկալում երիտասարդութեանը, նրա պահանջները, նրա ակնկալիքները: Եւ փոխադարձաբար ինքն էլ լաւ էր  հասկացւում երիտասարդութեան կողմից, որն եւ լռելեան յանգում էր չգրուած դաշինքի` երիտասարդութեան եւ ղեկավարի միջեւ:

 

 

 

Նախորդը

Հրայր Մարուխեանի Կեանքը Կազմեց Կուսակցութեան Պատմութիւնը

Յաջորդը

Խոհեր Եւ Մտածումներ Հրայր Մարուխեանէն

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Խորհրդարանական Հարցապնդում Եւ Խաղաղութեան Խոստում

September 16, 2026
Հետաքրքրական Եւ Արժէքաւոր Յուշագրութիւն Մը.  Մովսէս Ա. Քհնյ. Շրիգեանի «Յուշեր»-ու Հրատարակութեան Առիթով
Անդրադարձ

Հետաքրքրական Եւ Արժէքաւոր Յուշագրութիւն Մը. Մովսէս Ա. Քհնյ. Շրիգեանի «Յուշեր»-ու Հրատարակութեան Առիթով

September 16, 2026
Ազգային Արժէքներու Եւ Հայ Եկեղեցւոյ Կարեւորութիւնը` Սփիւռքի Մէջ Հայկական Ինքնութեան Պահպանման Համար. Նոր Իրավիճակի Մարտահրաւէրներ
Անդրադարձ

Ազգային Արժէքներու Եւ Հայ Եկեղեցւոյ Կարեւորութիւնը` Սփիւռքի Մէջ Հայկական Ինքնութեան Պահպանման Համար. Նոր Իրավիճակի Մարտահրաւէրներ

September 16, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.