Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

ՍԻԼԻԿՈՆԱՅԻՆ ՀՈՎՏԻ ԼԵԳԵՆԴԸ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՄԱՐԴԻ՞Կ ԵՆ ՆՄԱՆՒՈՒՄ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻՆ, ԹԷ՞ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ` ՄԱՐԴԿԱՆՑ

November 26, 2011
| Արուեստ - Մշակոյթ
0
Share on FacebookShare on Twitter

Անցնող  օրերին Երեւանի փողոցներում  քայլում էր մի շատ տարօրինակ մարդ. ինչո՞վ էր  տարօրինակ.  նա  փողոց էր դուրս եկել տրանսպորտի մի ինքնատիպ եւ Երեւանի համար անսովոր միջոցով` ինքնագլորիչով` սեքուէյով  (Segway): Այդ մարդը  աշխարհի միլիարտատէրերից մէկն էր, մեր ժամանակների ամենանշանաւոր ճարտարագէտ «Էփըլ քոմփիւթըր» կորփորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնեակը (Stephen Wozniak): Նա  նոյեմբերի 10-ին Երեւան էր գնացել երկու օրով` ստանալու Հայաստանի Հանրապետութեան նախագահի սահմանած «Տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային հեղինակութիւն» մրցանակը: Սա մի մրցանակ է, որ ստեղծուել է Հայաստանում գործող «Սինոփսիս Արմենիա» ընկերութեան նախաձեռնութեամբ եւ «Վիվասել-Էմ. Թի. Էս.»-ի հովանաւորութեամբ (Սթիվ Վոզնեակը Տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետութեան նախագահի մրցանակի երկրորդ արժանացողն է: Առաջին մրցանակը 2010 թուականին ստացել է «Ինտել» կորփորացիայի տնօրէնների խորհրդի նախկին նախագահ Քրէյկ Պարրեթը):

…Ինքնատիպ ու զարմանալի մի միլիարտատէր է Սթիվ Վոզնեակը, որը հայաստանցիներին զարմացրել է ոչ միայն  ինքնագլորիչ քշելով. նա  նաեւ շփոթութեան է մատնել եւ վախեցրել   «Արմենիա-Մարիոթ» հիւրանոցի (որտեղ իջեւանել է) աշխատակիցներին. Վոզնեակն իր ճամպրուկների մէջ զետեղել է յատուկ սարքեր, որոնք յատուկ ձայնային նշաններ են արձակում, երբ ճամպրուկների տէրը սեղմում է իր մօտ եղած սարքը եւ ազդանշանների օգնութեամբ փորձում գտնել, թէ որտե՛ղ են ճամպրուկները:  Նա  հիւրանոցում եղած ժամանակ  կատակով  միացրել է սարքը եւ հիւրանոցի աշխատողների մօտ իրարանցում է սկսել. նրանք մտածել են, թէ իրենց հիւրի մօտ ռումբ կայ… Այսպէս, ամերիկացի 61-ամեայ ծանօթ ծրագրաւորողը (որ Հայաստան է այցելել իր կնոջ`  Ջանեթ Վոզնեակի հետ եւ Համահայկական առցանց համալսարանի հիմնադիր Երուանդ Զօրեանի ուղեկցութեամբ) հումորով, անկաշկանդ  ու  տպաւորիչ  երկու օր է  անցկացրել մեր հայրենիքում… Սակայն մենք` հայերս ու պատմութիւնն ընդհանրապէս Վոզնեակին յիշելու է ոչ թէ նման անմեղ չարաճճիութիւնների,  այլ համաշխարհային արհեստագիտութեան մէջ ունեցած նրա աննախադէպ յայտնագործութիւնների շնորհիւ:

Վերջերս կեանքից հեռացաւ «Էփըլ»-ի միւս համահիմնադիրը` Սթիվ Ճոպզը. Ճոպզի հետ միասին է Վոզնեակը  1979 թուականին  հիմնադրել «Էփըլ» ընկերութիւնը, որը նոյն թուականներից յեղափոփութիւն է կատարել համաշխարհաին արհեստագիտութեան մէջ: Սթիվ անունով երկու ընկերների անունն այլեւս դրոշմուած է նոր ժամանակների պատմութեան մէջ: Ինքը` Վոզնեակը համարւում է աշխարհում առաջին անհատական համակարգիչ ստեղծողներից մէկը:  Նրա շնորհիւ էր, որ համակարգիչները  դուրս եկան  գիտական ու ռազմական հաստատութիւններից, մեծ հիմնարկներից  եւ  մտան իւրաքանչիւր  մարդու տուն, իւրաքանչիւրի  կենցաղ` այսօր արդէն դառնալով ժամանակակից մարդու անբաժան ու կարեւորագոյն իրը:

Վոզնեակին ճանաչում են ամբողջ աշխարհում. նրա խնձորներով շրջապատուած լուսանկարը   համակարգչային աշխարհի բազմաթիւ ֆանատներ կախում են իրենց պատերին` յուսալով իրենք էլ հասնել նոյն ճանաչմանն ու յաջողութեանը, ինչին հասել է Վոզնեակը: Իսկ յաջողութեան հասնելու նրա ճանապարհը հեշտ չի եղել: Մինչեւ անհատական  համակարգիչ ստեղծելը Վոզնեակն աշխատել է HP ընկերութիւնում` իբրեւ  գիտական հաշուիչներ  նախագծող: Հէնց այդ ժամանակ էլ նա սկսել է ուսումնասիրել այդ հաշուիչների միկրոսխեմաները: Այդ տարիներին նա  հրապուրուած է եղել  տեխնոլոգիայով ու չիպերի դիզայնով եւ հաւատացել է, որ խելացի նախագծողը այդ աշխատանքում կարող է հասնել մեծ արդիւնքների.

«Ես մի տեսլական ունէի, ուզում էի համակարգիչներն ամբողջ աշխարհին հասանելի դարձնել: Գրպանումս սակայն գումար չունէի, իմ առաւելութիւնն այն էր, որ ես կարող էի օգտուել միկրոսխեմաների մատչելի աղբիւրից` «HP»-ի ունեցածից: Ես սովորական մատիտով սովորական թղթի վրայ նախագծում էի չիպերի դիզայնը: Իսկ գիշերները վերցնում էի միկրոսխեմաները, զօդում էի դրանք` փոխելով լարերի տեղերը: Գումար չունէի, որպէսզի վճարէի նախագծողին կամ պատրաստողին, ուստի ամէն ինչ ինքս էի անում: Ամէն օր կարդում էի օն-լայն մամուլը, փնտռում, թէ աշխարհում ինչ նոր յայտնագործութիւններ են կատարւում կամ ինչ մատչելի չիպեր են արտադրւում: Հետեւելով բոլոր զարգացումներին` մտածեցի, իսկ ինչո՞ւ ինքս չստեղծեմ այնպիսի սարքեր, որոնք նմանօրինակ մեծ կարեւորութիւն կ՛ունենան: Եւ  ես մտածեցի, որ կարող եմ փող աշխատել` առանց լուրջ գումար ներդնելու, քանի որ չունէի այդ գումարը», Հայաստանում պատմել է Սթիվ Վոզնեակը:

Աւելի ուշ Սթիվի մտքերը վերածւում են առաջին անհատական  համակարգչի, որն այսօր առայժմ անփոխարինելի սարք է մարդու կեանքում: «Ես հասկացայ, որ ծնուել եմ տեխնոլոգիաներ արարելու համար, բայց իւրաքանչիւր մարդ, ով իրեն իր գործում լաւ է զգում, կ՛ասի նոյնը: Թւում է` աշխատանքը տհաճ ու ծանր բան է, բայց եթէ դուք սիրէք այն, ինչպէս ես եմ սիրում իմ գործը, այն կը վերածուի հաճոյքի»:

Վոզնեակին քաջալերել է իր հայրը: Նա եւս տաղանդաւոր ճարտարագէտ էր, ով իր որդուն խրախուսեց սովորել ու զարգանալ, ստեղծել նոր արժէք եւ թերեւս ամենակարեւորը` լինել ազնիւ եւ աշխատասէր:  Սրանք այսօր պարզագոյն արժէքներն են, որոնք յաճախ չեն կարեւորում յաջողութեան ձգտողները. նրանցից շատերին թւում է, թէ հրաշքը այլ տեղում է: Բայց Վոզնեակն իր փորձով ապացուցեց, որ հրաշքը իւրաքանչիւր մարդու ներսում է, եւ իւրաքանչիւր մարդ մի բան յատկապէս ինքն է ամենալաւը անում:

Այսօր ամենաարդիական պահանջներն են`  համեստութիւնը,  աշխատասիրութիւնը, ուսումնատենչութիւնը, ազնուութիւնը: Դրանք յատկանիշներ են, որոնք այսօր հնարաւորութիւն են տալիս ժամանակակից երիտասարդին` գրաւել ոչ միայն «Ուոլ Սթրիթ»-ը, այլեւ ամբողջ աշխարհն ընդհանրապէս` առանց պատերազմի եւ բռնութեան:

Ժամանակակից տեխնոլոգիաները ստեղծուել են նաեւ օգնելու մարդուն` պայքարելու  պատերազմների եւ բռնութեան դէմ:  Նրանք խաղաղութեան եւ հաշտութեան հասնելու համար կարող են մի վայրկեանում  համախմբել հազարաւոր մարդկանց: Նրանք բռնութիւն չեն քարոզում:

«Բոլոր տեխնոլոգիաները կեանքն աւելի հեշտ դարձնելու համար են: Կը գայ մի օր, երբ բոլորս կ՛աշխատենք շաբաթը 4 օր, իսկ մնացած ժամանակը կը ծախսենք վայելքի եւ սիրելի բաների վրայ», ասել է Վոզնեակը, ով ի դէպ, հաճոյք սիրող մարդ է եւ իր ստեղծած համակարգիչն էլ  համարում է նախ եւ առաջ հաճոյքի միջոց:

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՆՁՈՐ` ՎՈԶՆԵԱԿԻՆ

Հայաստանեան  այցի երկու օրերի  ընթացքում պարզուեց` iWoz մականունով այս գիւտարարը բազմաթիւ երկրպագուներ ունի նաեւ Հայաստանում: Ուշագրաւ էր «Զուարթնոց» օդանաւակայանում նրան երիտասարդների կողմից դիմաւորելու արարողութիւնը:  Նրան դիմաւորեցին մի դրօշով, որի վրայ պատկերուած էր Հայաստանի դրօշի գոյներով Apple-ի ծանօթ  խնձոր-լոգոտիպը: Նրան դիմաւորողներից ոմանք կրում էին Apple-ի լոգոտիպով շապիկներ: Սթիվ Վոզնեակը երկրպագուների iPad պլանշետների վրայ թողել է իր ստորագրութիւնը: Երկրպագուները նրան հայկական խնձոր են նուիրել…

Աւելի ուշ երիտասարդների եւ ուսանողների հետ հանդիպման ընթացքում Վոզնեակն  ասել է, որ երիտասարդ տարիքում իրեն ոգեշնչել են յաջողութեան հասած մարդկանց մասին պատմութիւնները: «Հայաստանում  ինձ նման մրցանակի յանձնման արարողութիւնը, կարծում եմ հայ ուսանողներին եւ ճարտարագէտներին նոյնպէս ներշնչանքի, ոգեւորութեան աղբիւր կարող է հանդիսանալ»:

ՎՈԶՆԵԱԿԵԱՆ ԽՈՀԵՐ

Այսօր ամբողջ աշխարհում  համակարգչային արտադրութիւնն անհնար է պատկերացնել առանց «Էփըլ»-ի: Իր գործունէութեան ընթացքում Վոզնեակը մի շարք հետաքրքրական եւ ուշագրաւ մտքերի է յանգել: Նրա մտքերը տպագրւում են ժամանակակից ամսագրերում, թերթերում, համացանցում` տարածուելով նոյն արագութեամբ, ինչ արագութեամբ, որ տեխնոլոգիաները  հնարաւորութիւն են տալիս տարածել դրանք:  Ահա լեհական եւ գերմանական արմատներով 61-ամեայ ամերիկացի  ծրագրաւորող-գիւտարարի խոհերից մի քանիսը.

«Տեխնոլոգիաները աստիճանաբար նմանւում են մարդկանց»:

«Ո՞րն է կարեւոր` մա՞րդը, թէ՞ տեխնոլոգիան: Եթէ մարդն է կարեւոր, ապա տեխնոլոգները պէտք է մտածեն` ինչպէ՞ս անել, որ մարդ աւելի մարդկային ապրի: Տեխնոլոգիաների աշխարհում մեծ յայտնագործութիւնները տեղի  են ունեցել եւ տեղի են ունենում մարդու եւ սարքի շփման միջոցով: Մեր բջջայիններ հեռաձայնները հիմա ունեն թէ՛ աչքեր (տեսախցիկ), թէ՛ զգալու զգայարան (հպւում ես, զգում են), թէ՛ լսողութիւն, թէ՛ խօսք: Ամէն ինչ` մարդկանց պէս: Անգամ բջջայինը մեր տեղն է կարողանում ճշդել: Մարդ գնում է դէպի իրական բանականութեան ստեղծում, մենք ամէն օր մօտենում ենք նրան, որ մի օր տեխնոլոգիաները մեր ընկերները դառնան: Այսօր ոչ թէ մենք ենք յարմարւում համակարգչին, այլ համակարգիչը մեզ»:

«Ճիշդ է` ամպային տեխնոլոգիաները համարւում են վերջին միտումը, սակայն ես այնքան էլ չեմ վստահում  դրանց: Մարդիկ մտածում են, որ դրանց վստահելով` չեն կորցնի իրենց ինֆորմացիան, որ կարիք չի լինի թարմացնել ծրագրերը եւ  աւելի մատչելի կը լինի օգտագործողի համար: Ճիշդ  է պահեստաւորելու համար դրանք լաւ են, սակայն եթէ  հիմա ես հեռախօսիս ասում եմ` զանգիր այսինչ ընկերոջս, հեռախօսը մուտք է գործում ամպային սերվերներ եւ վերցնում ընկերոջս ինֆորմացիան եւ ապա զանգ կատարում: Սակայն ինձ համար դա հիասթափեցնող է: Ես հնարաւոր է չունեմ այդ լայնաշերտ կապը, որ մի սերվերից միւս սերվերի հետ միանամ, կամ օրինակ, եթէ ես այսօր իմ ֆեյսպուքի ինֆորմացիան վստահում եմ ամպային տեխնոլոգիաներին, ստացւում է` ե՞ս եմ տնօրինում իմ ինֆորմացիան, թէ՞ ուրիշի սերվերը: Կարծում եմ, որ ամպային տեխնոլոգիաները դեռ զարգանալու մեծ ճանապարհ ունեն: Լաւ կը լինէր, որ մեր սարքերն առանց «ամպերի» կարողանային մեզ սպասարկել»:

«Սովորաբար բոլոր մեծ ընկերութիւնները հիմնել են երիտասարդներ, որոնք փող եւ երաշխիք չեն ունեցել, սակայն ունեցել են կտրուկ զարգացում»:

«Էփըլ»-ը երբեւէ ամենաշռնդալից յաջողութիւններից մէկն էր այդ ասպարէզում`  մեծ ու լաւ կառուցուած մի ընկերութիւն: Սակայն ասեմ, որ  անկախ գիւտարարները այդպիսի խիստ կառոյց ունեցող միջավայրերում իրենց շատ լաւ չեն զգում: Ես փոքր խմբեր եմ սիրում, որոնք նոր գաղափարներ են քննարկում, նախընտրում եմ փոքր մեկնարկային ընկերութիւններ, որոնք մտածում են շրջանակներից դուրս եւ որդեգրում տարբեր մօտեցումներ»:

«Թէեւ տեղեկատուական տեխնոլոգիաների աշխարհի շատ յայտնի դէմքեր կիսատ են թողել ուսումը, սակայն ես շատ եմ կարեւորում  այն: Ես նոյնպէս կիսատ էի թողել ուսումս, եւ աւելի ուշ, երբ արդէն աշխատում էի «Էփըլ»-ում, կրկին քոլեճ վերադարձայ: Ստիպուած էի փոխել անունս, որ ինձ չճանաչեն»:

«Մարդկանց թւում է` տեխնոլոգիաները քրտնաջան աշխատանք են, սակայն  ինձ համար երբեք այդպէս չի եղել: Ես դա անում էի սիրով եւ իմ հաճոյքի համար»:

«Պէտք է ուղղակի խիզախութիւն` հաւատալու համար, որ դու կարող ես դա անել: Մենք Սթիվի հետ հաւատում էինք, որ մեծ գործ ենք անում»:

«Հաճելի է, երբ զգում ես, որ ինքդ քո ուժով կարող ես փոփոխութեան հասնել»:

«Ես սիրում եմ արտասովոր բաներ` արտասովոր ժամացոյց, արտասովոր արարք: Իմ արարքներում նոյնպէս այդպիսին եմ` սիրում եմ արտասովոր բաներ անել, ոչ բոլորի պէս»:

Ի դէպ, երբ ստեղծուեց «Այ-ֆոնի» նոր մոտելը` «Այ ֆոն-4»-ը,  Վոզնեակը Twitter-ի իր միկրոբլոգում գրեց. «Ես դեռ չեմ տեսել նոր iPhone-ը, քանի որ ցանկանում եմ միւս օգտագործողների հետ հաւասար ձեռք բերել այն»: Եւ իսկապէս,  երբ Միացեալ Նահանգներում սկսուեց վերջին «Այ-ֆոն»ի մեկնարկային վաճառքը, Վոզնեակը բոլորի հետ միասին հերթ կանգնեց` գնելու իր իսկ ստեղծած սարքը: «Սի. Էն. Էն.»-ը շուտով տեսանիւթով սփռեց այդ ամէնը`  պատմելով արտասովոր այս մարդու մասին:

 

ՍԹԻՒ ՎՈԶՆԵԱԿԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

«Ես մի լաւ ընկեր ունեմ, բայց չգիտէի, որ նա հայ է, մինչեւ այսօր ինձ չէին ասել, որ Գարի Նաթաշեանը հայկական անուն է: Նա յաճախ է գալիս Հայաստան եւ աշխատում մանկատանը: Ես շատ եմ սիրում բարի արարքներով առանձնացող մարդկանց: Կարծում եմ Հայաստանն այն վայրն է, որտեղ մարդիկ շատ ուշադիր են նրանց նկատմամբ, ովքեր օգնութեան կարիք ունեն»:

«Ես կը գնամ եւ Սիլիկոնային հովտում կը պատմեմ այս զարմանալի երկրի` Հայաստանի մասին»:

«Ես կը դառնամ Հայաստանի դեսպանը` ամբողջ աշխարհում»:

«Խոստանում եմ նորից վերադառնալ Հայաստան. այս այցից յետոյ ես ընդմիշտ կիսով չափ հայ կը մնամ»:

«Ինձ համար Հայաստանում ստացուած այս մրցանակը յատուկ է»:

«Ես տեսայ, որ տեղեկատուական տեխնոլոգիաների զարգացման ասպարէզում Հայաստանը մեծ ներուժ ունի: Պէտք է զարգացնէք ձեր հնարաւորութիւնները: Կոչ եմ անում Հայաստանում հիմնել «Սինոփսիս-Արմենիա»-ի պէս ուսումնական կենտրոններ»:

 

Յ. Գ.- Ամպային տեխնոլոգիան (Cloud Computing) տեղեկատուութիւն մատուցելու բոլորովին նոր ձեւաչափ է. այն ամէնը, ինչ պահւում է անհատական համակարգչում,   կարելի է տեղափոխել համացանցի սերվերներ: 

Պատրաստեց՝ ԱՆՈՒՇ ԹՐՈՒԱՆՑ

Նախորդը

ՇԱՏ ՀՆԱՐԱԳԷՏ ՀԱԳՈՒՍՏՆԵՐ

Յաջորդը

ԽՈՀԵՐ

RelatedPosts

Կատարումի Ձայնագիտութեան Պատմական Ամփիթատրոններ Եւ Եկեղեցական Կուժեր
Արուեստ - Մշակոյթ

Յարադիր Էակներու Կայարանը

November 3, 2026
Կատարումի Ձայնագիտութեան Պատմական Ամփիթատրոններ Եւ Եկեղեցական Կուժեր
Արուեստ - Մշակոյթ

Առաքինի Գողը

October 16, 2026
Կատարումի Ձայնագիտութեան Պատմական Ամփիթատրոններ Եւ Եկեղեցական Կուժեր
Արուեստ - Մշակոյթ

Առակ «Յետտրամաթիքական» Թատրոնի Շուրջ

October 5, 2026
  • Գլխաւոր
  • Մեր մասին
  • Նուիրատուութիւն
  • Կապեր
  • Կապ մեզի հետ
  • PDF արխիւ
Powered by Alienative.net

© 2026 «Ազդակ» Օրաթերթ (Aztag Daily), Լիբանան։ Բոլոր իրաւունքները պահպանուած են։

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2026 «Ազդակ» Օրաթերթ (Aztag Daily), Լիբանան։ Բոլոր իրաւունքները պահպանուած են։