ԱՐՄԱՆ ՆԱՒԱՍԱՐԴԵԱՆ
Հայաստանի Դիւանագիտական հիմնադրամի նախագահ,
Արտակարգ եւ լիազօր դեսպան,
Քաղաքական գիտութիւնների թեկնածու, դոցենտ,
Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականութեան
եւ միջազգային յարաբերութիւնների ամպիոնի վարիչ
Սառը պատերազմի ամենատրամաթիքական պահերին` 60-ականների կէսերին, Խորհրդային Միութեան, եւ ոչ միայն, մտածող հասարակութեանը խորապէս յուզեց եւ մտորելու առիթ տուեց շարժապատկերի տաղանդաշատ բեմադրիչ Միխայիլ Ռոմմի «Սովորական ֆաշիզմ» վաւերագրական ժապաւէնների շարքը, որն անաչառ մասնագէտների կարծիքով, հանճարեղ ժապաւէն է ֆաշիզմի ծագման, զարգացման եւ, ամենակարեւորը` հաւանական վտանգների մասին գալիք սերունդների համար:
Սա ժապաւէն-խորհրդածութիւն ֆաշիզմի էութեան եւ նրա երեւան գալու պատճառների մասին, այն երկրում, որը ծնել է գիտութեան, մշակոյթի եւ արուեստների անկրկնելի համաստեղութիւն:
Ընդունուած է կարծել, որ Երրորդ Ռայխի «Նացիոնալ-սոցիալիզմի» գաղափարախօսութիւնը պատմութեան շուռ տուած էջ է: Սակայն, աւա՜ղ, նրա թողած ժառանգութիւնը վերակենդանանում է, ինչպէս` հեքիաթի գլխատուած հրէշը: Ողջակիզում, եղեռն, յարձակողապաշտութիւն, ցեղապաշտութիւն, «տարածքների վերադարձ», այս ամէնն այսօր էլ դամոկլեան սրի պէս կախուած է մարդկութեան գլխին:
«Գերմանիայի կեանքի տարածքների ընդլայնումը» Հիթլերի ծրագրի գլխաւոր թեզն է եղել, որն այսօր էլ հանգիստ չի տալիս շա՜տ ու շա՛տ երկրների քաղաքական այրերին, որոնց ոգեւորում է ֆաշիզմի «Յարձակում դէպի արեւելք» (Drang nach Osten) մարտակոչը: Միայն թէ նրանցից ոմանք այդ դարձուածքի սլաքն ուղղում են դէպի իրենց հարեւանները:
Ասում են` «մաֆիան անմեռ է», իսկ ֆաշի՞զմը: Հէնց մեր աչքի առաջ, մեր տարածաշրջանում այն կայ եւ բարգաւաճում է: Հարկ է զգուշանալ եւ միջոցներ ձեռք առնել դրա դէմ, քանզի արդի ֆաշիզմը պակաս վտանգաշատ եւ պակաս աղէտաբեր չէ, քան ֆիւրերի եւ տուչէի ժամանակներում էր:
Հիմա գանք, ինչպէս ֆրանսացին կ՛ասէր, «մեր ոչխարներին»:
Մեր հարեւանութեամբ, մի քանի քիլոմեթրի վրայ` Ապշերոնեան թերակղզում ապրում, գործում եւ պտոյտներ է հաւաքում ֆաշիզմի մեքենան:
… Դասական օրէնքներով ֆաշիզմը քաղաքական վարչակարգ է իր ներքին եւ արտաքին ուղղուածութեամբ, առանձնայատկութիւններով ու սկզբունքներով: Այսօրուայ Ազրպէյճանի քաղաքական հաստատութիւնը ներառում է ֆաշիստական համակարգի բոլոր բաղադրիչներն ու յատկանիշները: Քաղաքականութեան ոլորտում ֆաշիզմը հանդէս է գալիս բռնատիրութեան ձեւով: Ազրպէյճանում լիակատար բռնատիրութիւն է` նախագահի գլխաւորութեամբ: Սովորաբար բռնատէրերը լինում են քարիզմաթիք եւ կրում են յատուկ անուններ: Հուլիոս Կեսարը «ազգի հայրն» էր Հին Հռոմում, Մուսոլինին տուչէ էր Իտալիայում, Հիթլերը ֆիւրեր` Գերմանիայում: Ալիեւը քարիզմա չունի եւ համեստաբար բաւարարուել է նախագահի կարգավիճակով` հաւանաբար տեսնելով, որ փորթուգալցի Անթոնիօ Սալազարն ընդամէնը վարչապետի պաշտօն էր վարում: Նա նոյնպէս համոզուած ֆաշիստ էր: Ինչպէս` բոլոր նշուած բռնատէրերը, Ալիեւը եւս չի չեղարկել խորհրդարանը եւ բազմակուսակցական համակարգը: Սակայն ֆաշիզմի պայմաններում բռնատիրութեան առանձնայատկութիւնը կայանում է նրանում, որ երկրում ստեղծւում է համակարգ, որտեղ իշխանութեան բոլոր լծակները կեդրոնանում են միանձնեայ ղեկավարի ձեռքում, ինչի պատճառով օրէնսդիրի եւ գործադիրի ընդունած բոլոր օրէնքները վերածւում են երեւակայականի, իսկ ընդդիմադիր կուսակցութիւնները կրում են զուտ յարդարային բնոյթ:
Այսպիսով, գալիք ընտրութիւններում Ալիեւի` նախագահ վերընտրուելու տարբերակն ապահովուած է 100 տոկոսով: Ազրպէյճանի տնտեսութիւնը կրում է ֆաշիզմի բոլոր հատոյթները: Ինչպէս` այլ ֆաշիստական վարչակարգերում, այստեղ զարգանում է սերտաճում-միութիւնը պետութեան եւ խոշոր դրամագլուխի միաւորման ճանապարհով: Իսկ սերտաճման պայմաններում տնտեսական քաղաքականութիւնը որոշւում է ճիւղային ոլորտների հետաքրքրութիւններով: Ազրպէյճանում դա, բնականաբար, ածխաջրային արդիւնաբերութիւնն է: Այդ միաւորումները իրենցից ներկայացնում են պետական դիւանակալութեան եւ սակաւապետութեան սերտաճումից ծնուած հրէշ, որը տնօրինում է պետութեան ողջ դրամագլուխն ու պաշարները:
Անտեսւում են փոքր եւ միջին ձեռնարկութիւնների հետաքրքրութիւնները, իսկ արհեստակցական միութիւնների կողմից բնակչութեան շահերի պաշտպանութեան մասին խօսք անգամ լինել չի կարող: Դրանք պարզապէս գոյութիւն չունեն այնտեղ: Ազրպէյճանում տեղի է ունենում տնտեսութեան ռազմականացում: Լայնօրէն կիրառւում է Երրորդ Ռայխի սիրած «Թնդանօթ կարագի դիմաց» նշանաբանը:
Բնակչութեան լայն խաւերի ընկերային կարիքները եւ հասարակ մարդկանց բարեկեցութիւնը ստորադասւում են ռազմական ծախսերին, ինչը իշխող վարչակարգը պայմանաւորում է Լեռնային Ղարաբաղի հետ պատերազմով: Ֆաշիզմի քաղաքականութեան բացայայտ յատկանիշներից մէկը բանաճնշումներու եւ գրաքննութիւնն են: Ինչպէս` միւս ֆաշիստական վարչակարգերում, Ազրպէյճանում գոյութիւն ունի ոստիկանական օրինական եւ ոչ օրինական մեքանիզմ, որը պաշտպանւում է պետութեան կողմից:
Նման ահաբեկչութիւն իրագործւում է ոչ միայն գործող ընդդիմադիրների դէմ: Յատուկ կայքերում հաւաքւում եւ տեսակաւորւում են այն անձանց տուեալները, որոնք քննադատում են իշխանութիւններին: Հետագայում նրանք ենթարկւում են բարոյական եւ, անհրաժեշտութեան դէպքում, ֆիզիքական ճնշումների: Ներքաղաքական կեանքում ազրպէյճանական ֆաշիզմը համատեղում է ոստիկանական եւ պետական բռնաճնշումները քարոզչական, գրաքննչական մեթոտների, հալածանքների, մարդկանց ձերբակալութիւնների եւ ազատազրկման հետ:
Այլախոհների դէմ բռնարարքների մէջ յատուկ տեղ է գրաւում անուանի գրող Աքրամ Այլիսլիի ոդիսականը, որը, ինչպէս եւ շատ այլ դէպքեր, «վրիպեց» Արեւմուտքի մարդու իրաւունքների պաշտպանների «զգօն» աչքերից:
Ֆաշիզմի ամենացայտուն յատկանիշը ռազմականացումն է, որը առանձնայատուկ տեղ է գրաւում Ազրպէյճանի ներկայ քաղաքական կեանքում եւ իշխանութիւնների քարոզչական մեքանիզմում: Ներքաղաքական անյաջողութիւնների քողարկման, առօրեայ խնդիրներից մարդկանց ուշադրութիւնը շեղելու նպատակով ղեկավարութիւնը դիմում է ֆաշիզմի փորձուած ճարպիկութեան. պատերազմը յայտարարւում է մարդու բնական, ամէնօրեայ ապրելակերպ: Ընդ որում, դա արւում է նրա նկարագրած «հայ նախայարձակի» եւ «բռնագրաւող» կարծրատիպի խորապատկերին:
Ազրպէյճանը կերտում է պատերազմի պաշտամունք եւ ֆաշիստական առասպելաբանութիւն, որի հիմքում «ազատագրական պատերազմի» զոհուած հերոսներն են: Ստեղծում է հերոսների ծառուղի եւ այլն: Իսկ այդ գաղափարախօսութեան պսակը դարձաւ մարդասպան Սաֆարովին հերոսի կոչում շնորհելու եւ փառքի պատուանդանին բարձրացնելու շնական ու խայտառակ փաստը:
Հիմա փորձենք հասկանալ Ազրպէյճանում ֆաշիզմի առաջացման եւ զարգացման բուն դրդապատճառները:
Որոշ վերլուծաբանների կարծիքով, ֆաշիզմը յատուկ է անյաջողակ երկրներին: Ֆաշիզմի երեւան գալուն կարող են դրդել, օրինակ, տնտեսական խորը ճգնաժամը կամ բնակչութեան զանգուածային աղքատացումը: Պատճառների մէջ, մեր կարծիքով, առաջնային են` պետութեան պարտութիւնը պատերազմում, տարածքների կորուստը եւ, որպէս հետեւանք, միջազգային գետնի վրայ նրա նուաստացումը:
Գերմանական ֆաշիզմի առաջացման մէջ, օրինակ, մեծ դեր խաղացին Ա. Համաշխարհային պատերազմից յետոյ գերմանական կողմին պարտադրուած պայմանները: Դրանք գերմանացիների մօտ առաջացրին, այսպէս կոչուած, Վէյմարեան կարծրատիպը, որը հմտօրէն օգտագործեց Հիթլերը փոխվրէժի համար` սանձազերծելով Բ. Աշխարհամարտը: Գերմանական ֆաշիզմը արդիւնք էր կործանուած կայսրութեան կարօտախտի, տարածքների կորստի եւ միջազգային հեղինակութեան ոտնահարման:
Իսկ ի՞նչ է կորցրել մեր հարեւանը, եւ ի՞նչ տրամաբանութեամբ է աշխատում նրա ֆաշիզմը: Կորցրած տարածքների վերադա՞րձ, տարածքային ամբողջականութեան վերականգնո՞ւմ: Ենթադրենք, որ հասարակ եւ խաբուած ազրպէյճանցին հաւատում է, որ հայերը «զաւթել են» իրենց տարածքները: Բայց Ալիեւը եւ նրա խմբակը հոյ լա՞ւ գիտեն, որ հայերը վերադարձրել են իրենցից դեռեւս 100 տարի առաջ խլուածը, այն էլ` ոչ ամբողջութեամբ: Փոխվրէ՞ժ: Բայց Ազրպէյճանը եթէ համոզուած լինէր յաջողութեան մէջ, յատկապէս, ապրիլեան «պլիցքրիկից» յետոյ, որը գործելակերպ է ա լա ֆաշիզմ, վաղուց գնացած կը լինէր այդ քայլին: Պաքուի ղեկավարութեանը յատկապէս ապրիլեան պատերազմից յետոյ կրծում է կասկածը, որ լայնածաւալ պատերազմի դէպքում ունեցածն էլ կարող է կորցնել:
Ազրպէյճանական ֆաշիզմը շարժւում է նոյն օրէնքներով եւ հոգեբանութեամբ, որոնցով գործում են այլ ֆաշիստական երկրները: Այդ շրջանակներում Պաքուի վրէժխնդրական, կայսերապաշտական եւ ռազմապաշտական նկրտումները բացում են առճակատման նորանոր հորիզոններ եւ սին երազներ: Ֆաշիմզի ախորժակը, ըստ երեւոյթին, բացւում է ժամանակի եւ տարածութեան մէջ: Այլապէս ինչո՞վ բացատրել Ալիեւի ցանկութիւնը` գրաւել Զանգեզուրը, Սեւանայ լճի աւազանը, վերջապէս` Ազրպէյճանի «կորցրած» Էրիւան նահանգը եւ այդպէս շարունակ: Երբ հետեւում ենք ազրպէյճանական ֆաշիզմի զարգացման, գալիս ենք եզրակացութեան, որ այդ երեւոյթը չի ճանաչում բարեկամ կամ թշնամի, հարեւան կամ դաշնակից եւ ութոտանի ծովահրէշի միտումներ ունի` տարածուելու ամէնուր` իր երկրից հեռու եւ իրեն չպատկանող վայրերում:
Այսպէս, բացի հայաստանեան հողերից, ազրպէյճանական քաղաքական միտքը յաճախ է ուշադրութիւնը սեւեռում հիւսիսային Իրանի տարածքների վրայ` համարելով այն իր «պապական հողերը»: Պաքուի պալատական քաղաքագէտ Զաուրա Մամետովն անում է աշխարհացունց յայտարարութիւն, որն իր տեսակի մէջ կարող է համեմատուել Քոլումպոսի ամերիկեան յայտագործութեան հետ, այն առումով, որ «Ազրպէյճանցիները միշտ էլ եղել են այն պետութեան տէրը, որն այժմ անուանւում է Իրան»: Յետոյ, պարզւում է, չզարմանաք, որ «1000 տարուց աւելի Իրանը, կառավարել են ազրպէյճանցիները»: Չմոռանալով աւագ ընկերոջը` քաղաքագէտը տարփողում է այն մասին, թէ` «Իրականում Իրանը սկսած 10-րդ դարից մինչեւ 1924 թուականը, եղել է թուրքական երկիր»: Ո՛չ աւել, ո՛չ պակաս: Իսկ մենք դեռ վրդովուում ենք Էրիւանի հաշուով: Մնում է միայն կասկածել այն հիմքերի ամրութեանը, որի վրայ կառուցւում են ազրպէյճանա-իրանական յարաբերութիւնները, ինչպէս նաեւ` Ռուսաստան-Իրան-Ազրպէյճան դաշինքը:
Պատմութեան ընթացքը, ցաւօք, ցոյց է տալիս, որ ֆաշիստական վարչակարգի փոփոխութիւնը գրեթէ անհնար է: Ազրպէյճանական ֆաշիզմը բացառութիւն չի կազմում: Նման վարչակարգերը Դատաստանի օրից յետոյ կա՛մ կործանւում են պատերազմի արդիւնքում եւ կա՛մ այդ վարչակարգի առաջնորդներին ոչնչացնելու պարագայում:


