Հարաւային Քորէայի Փիոնկ Չանկ քաղաքին մէջ տեղի ունեցող ձմեռնային 23-րդ ողիմպիական խաղերուն, երէկ տեղի ունեցած մրցումներէն ետք, մետալներու ընդհանուր դասաւորման մէջ պարագլուխի դիրքին վրայ կը շարունակէ մնալ Գերմանիա: Երկրորդ դիրքին վրայ է Հոլանտա, մինչ լաւագոյն եռեակը կ՛ամբողջացնէ Նորվեկիա:

Մինչեւ երէկուան մրցումները 17 երկիրներ տիրացած են մետալներու:
Այսօր տեղի ունենալիք մրցումներուն պայքարի մէջ կը մտնեն Հայաստանի 2 ներկայացուցիչները: Սփրինթի մրցումներուն, Երեւանի ժամանակացոյցով ժամը 12:30-ին կը մրցի Քաթիա Գալստեան, իսկ ժամը 13:05-ին` Միքայէլ Միքայէլեան:
Հայաստանի երրորդ եւ վերջին ներկայացուցիչը` Աշոտ Կարապետեան, իր առաջին մրցումը կը կատարէ 18 փետրուարին:
Երէկ Քանատա տիրացաւ 2 ոսկի մետալի, մինչ Գերմանիա, Նորվեկիա, Ֆրանսա, Հոլանտա եւ Միացեալ Նահանգներ ունեցան մէկական ախոյեան:
Երէկ տեղի պիտի ունենար նաեւ լեռնային դահուկարշաւի աղջկանց ոլորավայրէջքի աւարտականը, սակայն զօրաւոր քամիին պատճառով անիկա յետաձգուեցաւ եւ տեղի պիտի ունենայ 15 փետրուարին:
Քանատա իր ոսկի մետալներէն մէկը շահեցաւ աղջկանց գեղասահքի խմբային մրցումներուն` ապահովելով 73 կէտ: Յաջորդաբար երկրորդ եւ երրորդ դիրքերը գրաւեցին Ռուսիա (66) եւ Միացեալ Նահանգներ (62):
Նշենք սակայն, թէ Ռուսիա, որ այսպիսով տիրացաւ իր երկրորդ մետալին, անոր տիրացած մետալները «ողիմպիականի աթլեթներ` Ռուսիայէն» անուան տակ նկատի կ՛առնուին եւ ոչ թէ «Ռուսիա» անունին տակ:

Աղջկանց սփիտ սքէյթինկի 1500 մեթրի մրցումներուն, հոլանտացի Իրին Վուսթ (31 տարեկան), տիրանալով ոսկի մետալին (1′ 54″ 35), հանդիսացաւ ողիմպիականի 5-ակի ախոյեան:
Իսկ տղոց 12,5 քիլոմեթրի պիաթլոնի հալածանքի մրցումին, ֆրանսացի Մարթեն Ֆուրքատ հանդիսացաւ ողիմպիական եռակի ախոյեան:
Ստորեւ` մետալներուն դասաւորումը.
| ՈՍԿԻ | ԱՐԾԱԹ | ՊՐՈՆԶ | ԳՈՒՄԱՐ | |
| 1.- Գերմանիա | 4 | 1 | 2 | 7 |
| 2.- Հոլանտա | 3 | 2 | 2 | 7 |
| 3.- Նորվեկիա | 2 | 4 | 3 | 9 |
| 4.- Քանատա | 2 | 4 | 1 | 7 |
| 5.- Միացեալ Նահանգներ | 2 | 1 | 1 | 4 |
| 6.- Ֆրանսա | 2 | 0 | 1 | 3 |
| 7.- Շուէտ | 1 | 1 | 0 | 2 |
| 8.- Աւստրիա | 1 | 0 | 0 | 1 |
| 8.- Հարաւային Քորէա | 1 | 0 | 0 | 1 |
| 10.- Ճափոն | 0 | 1 | 2 | 3 |
| 11.- Չեխիա | 0 | 1 | 1 | 2 |
| 11.- Ողիմպիականի աթլեթներ` Ռուսիայէն | 0 | 1 | 1 | 2 |
| 13.- Աւստրալիա | 0 | 1 | 0 | 1 |
| 13.- Սլովաքիա | 0 | 1 | 0 | 1 |
| 15.- Ֆինլանտա | 0 | 0 | 2 | 2 |
| 16.- Իտալիա | 0 | 0 | 1 | 1 |
| 16.- Ղազախստան | 0 | 0 | 1 | 1 |


