Ինչպէս ծանօթ է, կիրակի, 26 մարտին աւարտեցան Լիբանանի պասքեթպոլի տղոց ախոյեանութեան 18-րդ եւ վերջին հանգրուանի մրցումները:
Այդ երեք մրցումներէն ետք վերջնականապէս յստակացաւ երթուդարձի ախոյեանութեան պատկերը, որմէ ետք հրապարակուեցաւ Բ. հանգրուանի մրցումներուն իրարու դէմ ճակատող խումբերուն անունները:
Ա. խմբակին մաս կազմեցին ՀՄԸՄ, Պիպլոս, Լուէյզի եւ Սաժես, իսկ Բ. խմբակին` Ռիատի, Մութթահետ, Շանվիլ եւ Թատամոն:
Այսօր կը սկսի Բ. հանգրուանը, երբ տեղի կ՛ունենան երեք ճակատումներ: Վաղուան յայտագիրին վրայ է մէկ մրցում:
Ստորեւ` երթի Ա. հանգրուանի մրցումներուն յայտագիրը
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Ռիատի – Թատամոն | 18:00 | Մանարա |
| Մութթահետ – Շանվիլ | 20:30 | Սաֆատի |
| ՀՄԸՄ – Սաժես | 21:30 | Աղբալեան |
| ՎԱՂԸ | ||
| Պիպլոս – Լուէյզի | 20:30 | Ժիպէյլ |
ՀՄԸՄ-ի խումբը, որ նախորդ շաբաթավերջին 18-րդ հանգրուանին իր կատարած մրցումին 81-70 արդիւնքով յաղթեց Շանվիլին (12-22, 30-41, 48-59 եւ 70-81), այսպիսով արձանագրեց իր 17-րդ յաղթանակը` կրելով միայն մէկ պարտութիւն:
Շանվիլի դէմ տեղի ունեցած այս մրցումին, Քեւին Կալոուէյ «թրիփըլ-տապըլ» մը իրագործեց (22 կէտ, 13 ռիպաունտ եւ 10 էսիսթ):
Բաւական տպաւորիչ ելոյթ մը ունենալով` Էլի Շամուն նշանակեց 4 թրի փոյնթ, մինչ Ֆատի Խաթիպ նշանակեց 20 կէտ:
Այս մրցումին դաշտ ներկայացաւ նաեւ Հայկ Կէօքճեան` բաւական ապաքինած վիճակի մէջ:
Շանվիլէն Մարքէյթ Քամինկզ նշանակեց 30 կէտ:
Ռիատի 81-65 արդիւնքով յաղթեց Սաժեսի, իսկ Պիպլոս` Թատամոնի (99-92):
Այսօր` գիշերուան ժամը 21:30-ին, բոլորիս ժամադրավայրը պիտի ըլլայ «Աղբալեան-ՀՄԸՄ» մարզամշակութային համալիրը` ներկայ գտնուելու համար ՀՄԸՄ – Սաժես մրցումին եւ քաջալերելու ՀՄԸՄ-ի կազմը:
Նշենք, որ երթուդարձի մրցումներուն աւարտին դասաւորման ընդհանուր պատկերը պարզեց հետեւեալ վիճակը.
| ՅԱՂԹ. | ՊԱՐՏ. | |
| 1.- ՀՄԸՄ | 17 | 1 |
| 2.- Ռիատի | 14 | 4 |
| 3.- Պիպլոս | 13 | 5 |
| 4.- Մութթահետ | 10 | 8 |
| 5.- Լուէյզի | 10 | 8 |
| 6.- Շանվիլ | 8 | 10 |
| 7.- Սաժես | 6 | 12 |
| 8.- Թատամոն | 6 | 12 |
| 9.- Հուփս | 3 | 15 |
| 10.- Մէյրուպա | 3 | 15 |
ՀՈՒՓՍ եւ Մէյրուպա, որոնք գրաւեցին վերջին երկու դիրքերը, դուրս մնացին Բ. հանգրուանի մրցումներէն: Բայց անոնք Բ. դասակարգ չփոխադրուեցան` նկատի ունենալով, որ յառաջիկայ տարեշրջանին խումբերուն թիւը պիտի բարձրանայ 12-ի:



