Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ինչո՞Ւ Արդարութիւն Եւ Բարգաւաճում Կուսակցութիւնը Ձախողուեց

June 21, 2016
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Ararat-Kostanyan_2016ԱՐԱՐԱՏ ԿՈՍՏԱՆԵԱՆ

Սիրիայում քաղաքացիական պատերազմը սկսել է աւելի բարդանալ, իսկ տարածաշրջանային ուժերի (Թուրքիա, Սէուտական Արաբիա)` Սիրիա մտնելու փորձերը ձախողուել են տարբեր պատճառներով:

Մերձաւոր Արեւելքը վաղուց է գտնւում անվերջ հակամարտութիւնների եւ պատերազմների մէջ տարբեր մակարդակներում, եւ Թուրքիան բացակայել է այդ բոլոր պատերազմներից (արաբաիսրայէլական հակամարտութիւնը, քաղաքացիական երկարատեւ պատերազմը Լիբանանում, պատերազմները Իրաքում): Միայն այժմ է Թուրքիան փորձում միջամտել (ոչ պաշտօնապէս) Սիրիայում քաղաքացիական պատերազմին:

Նախկինում Թուրքիան դիտւում էր միայն որպէս ՕԹԱՆ-ի անդամ երկիր, եւ նրա հիմնական դերը համայնավարական առաջխաղացման արգելափակումն էր ԽՍՀՄ-ի եւ Միացեալ Նահանգների միջեւ Սառը պատերազմի ընթացքում: Հայր Ասատի ժամանակ Թուրքիայի հետ յարաբերութիւնները լարուած էին` կապուած Սիրիայում ՔԱԿ-ի ներգրաւուածութեան հետ, բայց դա չվերաճեց թշնամանքի կամ պատերազմի: Ներկայումս Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնն դիտւում է որպէս Իրաքում եւ Սիրիայում ՏԱՀԵՇ-ի նաւթի մաքսանենգների ընկեր եւ փորձում է առանցքային դեր ունենալ ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման եւ բանակցութիւնների գործում: Ցաւօք, Էրտողանը սկսեց մի արշաւ` բանտ ուղարկելով թուրք յայտնի ընդդիմադիր մտաւորական Տիւնտարին` հետաքննական յօդուած գրելու համար: Շատ լրագրողներ եւ գործիչներ այժմ գտնւում են թուրքական բանտերում` որպէս քաղաքական բանտարկեալներ, եւ ակնյայտ է դառնում, որ ԱԲԿ-ն ժողովրդավարական իշխանութիւն չէ եւ ոչ էլ զուտ իսլամական:

Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան համար այժմ կարեւոր է իր վերահսկողութեան տակ վերցնել Մերձաւոր Արեւելքը` օգտագործելով իր տնտեսական առաջընթացը տարածաշրջանում եւ հարեւան երկրների կախուածութիւնը թուրքական դրամական հոսքերից: Թուրքիան աւելի շատ մտահոգուած է Սիրիայում նաւթահանքերի հարցով, քան` յանուն ումմայի գաղափարական պատերազմով:

Ինչպէս գիտենք, մէկ տասնամեակ առաջ շատ գիտնականներ եւ քաղաքական գործիչներ հնչեցնում էին դրական գնահատականներ Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան վերաբերեալ` որպէս գործնապաշտ առաջնորդ գործիչների կուսակցութիւն (վարչապետ Էրտողանը, նախագահ Կիւլը եւ արտաքին գործերի նախարար Տաւութօղլուն` «զրոյական խնդիրների քաղաքականութեան» հիմնադիրը), որոնք առաջ էին քաշել այսպէս կոչուած «իսլամական ժողովրդավարութեան» տեսլականը: Ընդ որում, ոչ միայն Արեւմուտքը, այլ նաեւ արաբական աշխարհը ոգեւորուած էին այս նոր գաղափարախօսութեան ձեւաւորմամբ, որի մասին յայտարարել էին ԱԲԿ առաջնորդները: Դա կարող էր տարածել իսլամական շնչով տոգորուած ժողովրդավարացման մի նոր ալիք` այլընտրանք դառնալով տարածաշրջանի բռնատիրական վարչակարգերին:

Թուրք-սիրիական յարաբերութիւնների մասին իմ յօդուածում` գրուած մինչեւ Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսուելը, ես վերլուծել եմ «զրոյական խնդիրների քաղաքականութիւնը» եւ Թուրքիայի յայտնուելը Մերձաւոր Արեւելքի երկրների առանցքում, ինչպիսիք են Սիրիան եւ Իրանը…(*): Այստեղ Թուրքիան նպատակ ունէր վճռորոշ դեր խաղալ` առաջարկելով նոր քաղաքականութիւն Մերձաւոր Արեւելքում` հիմնուած փոխադարձ յարգանքի եւ համագործակցութեան վրայ: Աւելի՛ն. Թուրքիան սկսել էր միջնորդի վճռական դեր ստանձնել Սիրիայի եւ Իսրայէլի միջեւ աւելի քան հինգ տասնամեակ ձգուող հակամարտութեան կարգաւորման գործընթացում: Ցաւօք, Թուրքիան ամբողջովին փոխեց իր քաղաքականութիւնը Սիրիայում տեղի ունեցած իրադարձութիւնների ընթացքում եւ դարձաւ առանցքային երկիր` աջակցելով թուրք-սիրիական սահմանը անցնող օտարերկրեայ ժիհատական գրոհայիններին: Թուրքիան սխալուեց իր հաշուարկներում, եւ պատերազմն այժմ թափանցում է Անգարայի սիրտ` կառավարական նստավայրի շրջաններում պայթիւններով:

Ինչպէս այժմ տեսնում ենք, Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնն, ըստ էութեան, ոչ միայն դարձել է նիւթապաշտ եւ ամբոխահաճոյ, այլ չունի նաեւ գաղափարախօսութիւն: Այսպէս, Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնն վերանայել է իր ռազմավարութիւնը եւ սկսել է յենուել աւելի շատ իսլամական գործօնի, քան ժողովրդավարութեան վրայ, այն բանից յետոյ, որ տարածաշրջանի ժողովուրդը դարձել է աւելի իսլամականացուած: Կարծում եմ, որ այս փոփոխութիւնը կարող է նաեւ բացատրուել որպէս բողոքի նշան` ընդդէմ Ճ. Ու. Պուշի նախագահութեան ժամանակ Մերձաւոր Արեւելքում վարուող ամերիկեան քաղաքականութեան: Անշուշտ, ես հանդիպել եմ այս խնդրին` տեսնելով, թէ ինչպէս են նրբագեղ, կրթուած, արեւմտեան հագուկապով եւ արժէքներով կանայք վերածւում աւելի պահպանողական հայեացքներով եւ գլխաշորով կանանց` մինչեւ Սիրիայում քաղաքացիական պատերազմը: Բացի այդ, իսլամական սեւ երկար հագուստով կանայք յայտնուել էին քրիստոնէական շրջաններում, ինչը նախկինում երբեք չէր եղել Հալէպում (Սիրիա): Ակնյայտ է, որ Թուրքիան մեծ ոգեւորութեամբ հետեւում էր իսլամական շարժումներին արաբական աշխարհում, երբ սկսուեց այսպէս կոչուած «Արաբական գարուն»-ը` առանց հաշուարկելու դրա հետեւանքները եւ անյաջողութիւնները: Աւելի՛ն. Էրտողանը դաւաճանել էր իր քաղաքականութեանը, որ յայտնի էր որպէս «հարեւանների հետ զրոյական խնդիրների քաղաքականութիւն»` մուսուլմանական աշխարհում առաջնորդի դեր ստանձնելու նկրտումներով: Այսպիսով, արտաքին քաղաքականութեան մէջ կտրուկ փոփոխութիւնները անվստահութիւն առաջացրին Թուրքիայի բնակչութեան շրջանում եւ միջազգային ասպարէզում: Այս իրողութիւնը վկայում է այն մասին, որ Էրտողանը չունի արտաքին քաղաքականութեան յստակ ռազմավարութիւն: Նման ելքը Թուրքիային կը տանի իշխանութեան կորստի, դրան գումարւում է նաեւ քրտական գործօնը երկրի ներսում եւ քրտերի ծանր պայքարը ՏԱՀԵՇ-ի դէմ Թուրքիայի եւ Սիրիայի սահմանում:

Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնը ի վիճակի է անցնել ցանկացած կողմ, որը կարող է տնտեսական օգուտ բերել Թուրքիային: Սխալ չի լինի, եթէ դիտարկենք Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնը որպէս գործնապաշտ իշխանութիւն` հաշուի առնելով այն, որ եթէ իսլամական ալիքը ծնկի բերէր հին քայքայուած մենիշխանական վարչակարգերին Մերձաւոր Արեւելքում, Թուրքիան կարող էր յայտնուել անյարմար իրավիճակում Սիրիայի Ասատի հետ մերձեցման դէպքում: Այդուհանդերձ, գործնապաշտութիւնը նշանակում է իշխանութեան լուծում գտնելու կարողութիւնը` որեւէ արդիւնքի հասնելու համար` անկախ կողմերի միջեւ գաղափարական տարբերութիւններից: Ընդհակառակը, Թուրքիան զրկուեց գաղափարախօսութիւնից, բայց ոչ`  տնտեսական օգուտներից: ԱԲԿ-ն սկսեց գնալ շահոյթի յետեւից «Արաբական գարուն»-ից յետոյ: Բացի այդ, Թուրքիան ձախողել է տարածաշրջանում` հիմնականում աչք փակելով արմատական իսլամականների սիրիական սահմանն անցնելու եւ ՏԱՀԵՇ-ի կողմից վերահսկուող տարածքներից դէպի Թուրքիա նաւթի բեռնատարների տեղափոխման վրայ: Տեղեկութիւն էր շրջանառւում, որ Էրտողանի որդի Պիլալն էր պատասխանատու ՏԱՀԵՇ-ի եւ այլ արմատական իսլամական խմբերի, ինչպէս, օրինակ, Ժապհաթ Նուսրայի հետ պիզնեսի համար: Այս լուրը ցնցեց Թուրքիան եւ ամբողջ աշխարհը, քանի որ ակնյայտ դարձաւ, որ Էրտողանն իրապէս նուիրուած չէ իսլամական գործին, ինչպէս ոմանք ակնկալում էին, եւ նրա ընտանիքի անդամները գիտէին միայն էժան գնով նաւթ գնել ՏԱՀԵՇ-ից Սիրիայում եւ Իրաքում: Այսպիսով, Էրտողանը ոչ միայն դաւաճանեց իր «զրոյական խնդիրների քաղաքականութեանը», այլեւ Մերձաւոր Արեւելքում իսլամական ընդլայնման ջատագովի կերպարին` չաջակցելով Սիրիայում ընդդիմութեանը եւ փոխարէնը հովանաւորելով գերտէրութիւնների կողմից մերժուած արմատական իսլամականներին:

Փաստացի, պահպանողականութիւնը եւ արմատականութիւնը Մերձաւոր Արեւելքում սկսել էին ամրապնդուել Իրաք ամերիկեան ներխուժումից յետոյ: Էրտողանը դա լաւ էր հասկացել եւ օգտագործեց այդ հնարաւորութիւնը` հանդէս գալով որպէս Մերձաւոր Արեւելքում մեղադրուող մուսուլմանների պաշտպան: Միեւնոյն ժամանակ Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնը Իսլամ եղբայրներ խմբաւորում չէ, ինչպէս ոմանք համարում են այն: Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան ղեկավարները չեն օգտագործում իսլամական լեզուն իրենց ելոյթներում` չհաշուած Էրտողանի նշանաւոր ելոյթները, որտեղ նա բոլոր մուսուլմաններին անուանում է եղբայրներ եւ քոյրեր: Սակայն իրականում նրա ելոյթները չեն պարունակում իսլամական օրէնքի կամ Թուրքիայում շարիաթի իրականացման որեւէ տարր, ինչպէս այլ իսլամական երկրներում, որտեղ շարիաթը գործում է աշխարհիկ սահմանադրութեան հետ համատեղ, մասնաւորապէս հարաւարեւելեան երկրներում, ինչպիսիք են Մալեզիան եւ Ինտոնեզիան: Բացի այդ, մենք ականատես եղանք, թէ ինչպէ՛ս Էրտողանը վերջերս փակեց սահմանը Սիրիայից փախչող հազ35արաւոր սիւննիների առջեւ, Ռուսաստանի յարձակման պատճառով: Էրտողանն անձամբ որոշեց նաւերով Եւրոպա վտարել միլիոնաւոր փախստականների: Միւս կողմից, ուսումնասիրելով Իսլամ եղբայրներին Եգիպտոսում` տեսնում ենք, որ Մուրսիի կառավարութիւնը Եգիպտոսում գործարկեց իսլամական օրէնքը Մուպարաքի հեռացումից յետոյ: Նոյնիսկ աւելի՛ն, արմատական սալաֆիական կուսակցութիւնները ներկայացուեցին Եգիպտոսում Մուրսիի կառավարութեան ժամանակ:

Մենք պէտք է ընդունենք, որ իսլամականութիւնն աւելի ակնյայտ էր Թուրքիայում նախկինում` 90-ականների կէսերին, Ռեֆահ կուսակցութեան հետ դաշինքի ընթացքում, որն արտայայտում էր յստակ իսլամական դիրքորոշում իր քարիզմաթիք առաջնորդ Էրպաքանի գլխաւորութեամբ: Թուրքիան իր համակրանքն էր արտայայտում իսլամական երկրների նկատմամբ ոչ միայն Մերձաւոր Արեւելքում, այլ նաեւ հասել էր Մալեզիա եւ Ինտոնեզիա, որպէսզի ստեղծէր իսլամական միութիւն եւ համագործակցութիւն: Նոյնը չի կարելի ասել Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան դէպքում: Ընդհակառակը, Էրտողանը նոր յարաբերութիւններ էր հիմնել Ասատ որդու` Սիրիայի շիա փոքրամասնութեան նախագահի հետ պաշտօնական այցերի միջոցով` մինչեւ սիրիական քաղաքացիական պատերազմը: Փաստօրէն, Թուրքիայի նպատակն էր վերահսկել Մերձաւոր Արեւելքը իր հսկայ արդիւնաբերութեամբ, քանի որ այն աշխարհում հինգերորդ երկիրն է իր տնտեսութեամբ: Թուրքական արտադրանքը իր ազդեցութիւնն էր թողել սիրիական տեղական ընկերութիւնների եւ գործարանների վրայ` մատակարարելով սիրիականից աւելի էժան արտադրանք, եւ այս կախուածութիւնը թուրքական ապրանքներից ակնյայտ էր: Սիրիական շուկան չափազանց փոքր էր եւ կարողունակ չէր Թուրքիայի զանգուածային արդիւնաբերական համեմատութեամբ: Մի խօսքով, Թուրքիայի համար իսլամական հարցը սոսկ գործիք է` հսկայական տնտեսական առաւելութիւններ ձեռք բերելու համար:

Ներկայումս, սիրիական ճգնաժամի պայմաններում, Էրտողանը, ինչպէս եւ միւս բարձրաստիճան քաղաքական գործիչները Արեւմուտքում, կանխատեսում են, որ Ասատի վարչակարգը կը տապալուի  մի քանի շաբաթուայ ընթացքում: Նա արագօրէն փոխեց Թուրքիայի քաղաքականութիւնը եւ դաւաճանեց իր պատեհապաշտական «զրոյական խնդիրների քաղաքականութեանը»` կանգնելով ապստամբների կողքին եւ հազարաւոր վրաններ տեղադրելով թուրքական սահմանի վրայ, մինչեւ որ ապստամբները կը զինուէին: Կարելի է ենթադրել, որ ԱԲԿ-ն իսլամական կուսակցութիւն է, եւ գաղափարապէս ճիշդ է Սիրիայում սիւննիական մեծամասնութեանը աջակցելը: Իրականում ԱԲԿ-ն սխալուեց Ասատի իշխանութեան եւ նրա` ժիհատականների դէմ նրա պայքարի դիմացկունութեան հարցում: Էրտողանը չէր ցանկանում մեկուսացուած լինել նոր Մերձաւոր Արեւելքում Ասատից յետոյ իշխանութեան բաժանման գործընթացից:

Տնտեսական շահի պատճառով էր, որ Էրտողանը փոխեց իր քաղաքականութիւնը, եւ սկսեց բացել սահմանը ժիհատականների առջեւ` Սիրիա մտնելու համար, քանի որ նա մտածում էր, որ կ՛ունենայ աւելի շատ հնարաւորութիւններ նոր սիւննիական իշխանութեան, քան շիա փոքրամասնութեան դէպքում` գործարարութեամբ զբաղուելու տեսանկիւնից: Աւելի՛ն. Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնը չունի համակրանք սիւննի արաբների նկատմամբ, սակայն մտադիր է թեքուել գերիշխող ուժի կողմը, որը հետագայում գերակայութիւն կ՛ունենայ, ինչը կարող է խթանել Սիրիայում թուրքական ներդրումները բազմաթիւ ոլորտներում, Ասատի վարչակարգի տապալումից յետոյ:

Ցաւօք, Թուրքիան ձեռք է բերել հնարաւորութիւն մուտք գործելու արեւելեան Սիրիայի նաւթահանքեր, որտեղ տեղակայուած է ՏԱՀԵՇ-ը: Նրանք նաւթի տակառներն էժան գնով տեղափոխում են Թուրքիա եւ դրա դիմաց ստանում են զէնք: Այս գայթակղութիւնը յայտնի դարձաւ, երբ թուրք յայտնի լրագրող Ճան Տիւնտարը տարածեց մի տեսանիւթ, որտեղ հսկայ բեռնատարներն անցնում էին թուրքական սահմանը դէպի Սիրիա` հետախուզութեան հսկողութեամբ: Այսպիսով, ինչպէս արդէն նշեցի, գործնապաշտութիւնը այս դէպքում տեղին չէ ոչ միայն այն պատճառով, որ Թուրքիան այժմ գաղափարախօսութեան պակաս ունի, այլ նաեւ, որ երբ դուք հատում էք կարմիր գիծը, գործնապաշտութիւնը կորցնում է իր դրական իմաստը: Հարեւան երկրի նախագահին տապալելու համար ժիհատականների հետ համագործակցութիւնն ինքնին նշանակում է, որ դուք պատերազմական վիճակում էք, եթէ նոյնիսկ չէք ուղարկում ձեր զօրքերը մարտի դաշտ: Կարծում եմ, որ սա է սրել պատերազմը Թուրքիայում եւ վստահեցնում եմ, որ դրա գլխաւոր պատասխանատուն ոչ այլ ոք է, եթէ ոչ` հէնց Էրտողանը:

Եզրակացութիւն

Թուրքիային չեն հասկացել երկու ճամբարներում էլ: Ոմանք դիտարկում են Թուրքիայի նոր դերակատարութիւնը տարածաշրջանում որպէս վերադարձ արմատներին եւ նորօսմանականութիւն: Միւսները քննադատում են Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան առաջնորդներին որպէս բռնապետների:

Այս երկու մօտեցումները մասնակիօրէն ճիշդ են, եթէ մենք փորձում ենք հասկանալ Թուրքիային մեր ներկայ ժամանակում: Ոչ ոք չի կարող ժխտել, որ Թուրքիան խոցելի է աւելի, քան երբեւէ` իր ժամանակակից պատմութեան ընթացքում: Թուրքերը հոգեբանօրէն ճնշուած են, քանի որ մօտ ապագան անորոշ է, եւ Թուրքիան չունի յստակ տեսլական կամ քաղաքականութիւն տարածաշրջանում, եւ մասնաւորապէս` Սիրիայում: Այս յօդուածում ցոյց տուեցինք ճգնաժամը, որի առջեւ կանգնած է Թուրքիան գաղափարախօսութեան բացակայութեան պատճառով, լինի դա իսլամական, ազատական կամ ազգայնական: Թուրքիան Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան օրօք Սիրիայի հետ առեւտրի միջոցով եւ «զրոյական խնդիրների քաղաքականութեամբ» հսկայական եկամուտներ ստանալու ճանապարհին էր: Ներկայումս Թուրքիան կորցրել է աշխատատեղեր եւ զանգուածային եկամուտներ` Սիրիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում: Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան նման գաղափարախօսութիւնից զուրկ իշխանութիւնը հարեւան երկրների հետ յարաբերութիւններում մտածելու է միայն շահոյթի մասին: Փաստացի, Թուրքիան ո՛չ դէմ է Ասատին, ո՛չ էլ կողմ սիւննի ժիհատականներին: Թուրքիան եղել է պատմութեան մէջ լաւագոյն խուսանաւում  կատարողներից մէկը: Էրտողանն առաջինը կը լինի, որ կը սեղմի Ասատի ձեռքը, եթէ գերտէրութիւնները պնդեն, որ Ասատը մնալու է իշխանութեան ղեկին: Շրջանակը սեղմւում է Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան համար, եւ Թուրքիան կը կանգնի ճգնաժամի առաջ, եթէ շարունակի տանել երկիրը պատերազմի: Շրջանակը սեղմւում է Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան շուրջ, եւ Էրտողանը պատրաստւում է բռնապետութիւն յայտարարել:

 

(*) Ararat Kostanian, «Turkey On Syrian Crisis»,  «Aztag» Journal, (2012): 165-172, https://araratkostanian.wordpress.com/2012/04/15/turkey-on-syrian-crisis-3/.

Նախորդը

Տեսակէտ Բարի Գալուստ Գաղթականներուն

Յաջորդը

Խմբագրական «Գանձասար»-ի Յունիս Գ.- Մենք Մեր Գլուխը Բարձր Կը Պահենք

RelatedPosts

«Դրօշակ»-ի Առաջնորդող.  Քաղաքական Դաշինքներ Եւ Միասնութիւն Ընդհանուր Նպատակի Շուրջ
Անդրադարձ

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Քաղաքական Դաշինքներ Եւ Միասնութիւն Ընդհանուր Նպատակի Շուրջ

February 3, 2026
Լոյս Տեսաւ ՀՅԴ Պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2026-ի Առաջին Թիւը
Անդրադարձ

Լոյս Տեսաւ ՀՅԴ Պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2026-ի Առաջին Թիւը

February 3, 2026
Փարիզի Հայկական Սփիւռքի Ժառանգութիւնը Կը Վերածուի Թուային Քարտէսի Մը
Անդրադարձ

Փարիզի Հայկական Սփիւռքի Ժառանգութիւնը Կը Վերածուի Թուային Քարտէսի Մը

February 3, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.