Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Խաղաղութիւնը Մեզ Համար Գլխաւոր Արժէքներից Ու Նպատակներից Մէկն Է» Հարցազրոյց Լեռնային Ղարաբաղի Նախագահ Բակօ Սահակեանի Հետ

October 31, 2015
| Հարցազրոյց
0
Share on FacebookShare on Twitter

Վարեց` ԻՆՏՐԷ ՎԱՅՆԱԼԱՒԻՉԻՒԹԷ

Bako_Sahakya_103115

1994թ. Ազրպէյճանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի կողմից ստորագրուեց հրադադարի մասին համաձայնագիրը, այդուհանդերձ, հակամարտութիւնը մինչ օրս չի հանդարտուել:

Չնայած այն բանին, որ ընդամէնը մի քանի տասնեակ քիլոմեթրեր հեռու կրակոցները սովորական երեւոյթ են դարձել, տարածաշրջանի քաղաքներում եւ այլ բնակավայրերում կեանքը եռում է: Ու թէեւ նրա անկախութիւնն աշխարհի ոչ մի երկիր չի ճանաչել, իրեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն կոչող տարածաշրջանն ունի իր նախագահը, կառավարութիւնը, նախարարութիւնները: Արդէն երկրորդ անգամ նախագահի պաշտօնն զբաղեցնում է Բակօ Սահակեանը: Բ. Սահակեանի հետ մեր հանդիպումն անցաւ նրա ընդարձակ, փայտից յարդարուած, բայց անչափ համեստ աշխատասենեակում: Թէեւ ողջոյնի խօսքերը ռուսերէն հնչեցին, աւելի ուշ նախագահը ցանկութիւն յայտնեց, որ հարցազրոյցն անցնի հայերէն` թարգմանչի միջոցով: «Միայն մայրենի լեզուով եմ կարողանում իմ մտքերն արտայայտել այնպէս, ինչպէս ուզում եմ», ասաց նա:

ԻՆՏՐԷ ՎԱՅՆԱԼԱՒԻՉԻՒԹԷ.- Լեռնային Ղարաբաղը` որպէս անկախ պետութիւն, ճանաչուած չէ միջազգային հանրութեան կողմից: Դուք շատ էք ճամբորդում արտասահմանեան երկրներ, ինչպէ՞ս են ձեզ ընդունում այլ երկրների ղեկավարները:

ԲԱԿՕ ՍԱՀԱԿԵԱՆ.- Այո՛, այն փաստը, որ մեր պետութիւնը ճանաչուած չէ, իրավիճակին որոշակի բացառիկութիւն է հաղորդում եւ այն դէպքերում, երբ մեր պատուիրակութիւնները լինում են արտասահմանեան երկրներում ու հանդիպումներ ունենում նրանց ղեկավարների կամ գործադիր իշխանութեան ներկայացուցիչների հետ: Արտասահմանում մենք հանդիպումներ ենք ունենում խորհրդարանների անդամների եւ ոչ պետական ոլորտի ներկայացուցիչների, վերլուծաբանների ու գիտնականների հետ: Ձգտում ենք յարաբերութիւններ հաստատել այլ երկրների հետ, եւ այս գործընթացն աշխուժօրէն զարգանում է: Բազմաթիւ երկրների հետ արդէն կապեր ենք հաստատել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մարդկային պաշարները, տնտեսութիւնը, լուսաւորութիւնը կամ մարմնամարզը, բայց դեռեւս հնարաւորութիւն չունենք ուղղակիօրէն հանդիպելու այդ երկրների ղեկավարների հետ: Անում ենք հնարաւորը, որպէսզի Լեռնային Ղարաբաղը դառնայ միջազգային հանրութեան կողմից ճանաչուած պետութիւն:

ԻՆՏՐԷ ՎԱՅՆԱԼԱՒԻՉԻՒԹԷ.- Ի՞նչ երկրների հետ էք աշխուժ կապեր պահպանում:

ԲԱԿՕ ՍԱՀԱԿԵԱՆ.- Մեր կապերը յատկապէս աշխուժ են Ֆրանսայի հետ: Այդ երկրի հետ մենք շատ համաձայնութիւններ ունենք: Որոշ քաղաքներ իրենց դիրքորոշումն են յայտնել հէնց Լեռնային Ղարաբաղի անկախութեան ճանաչման առնչութեամբ: Մենք նաեւ աշխուժօրէն զարգացնում ենք առանձին քաղաքների միջեւ բարեկամութիւնը, կատարւում է մշակութային տարաբնոյթ փոխանակում: Գերմանիայի եւ Ֆրանսայի խորհրդարաններում աշխատում են խմբեր, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղի հետ կապեր պաշտպանելու հարցում: Այս գործընկերները մեծ դերակատարում ունեն այլ երկրների հետ կապեր զարգացնելիս:

ԻՆՏՐԷ ՎԱՅՆԱԼԱՒԻՉԻՒԹԷ.- Դուք ասացիք, որ այլ երկրների նախագահների հետ պաշտօնական հանդիպումներ չեն լինում: Միգուցէ դուք կարողանում էք այդ երկրների ղեկավարների հետ կապեր հաստատել ոչ պաշտօնակա՞ն մակարդակով:

ԲԱԿՕ ՍԱՀԱԿԵԱՆ.- Իրօք, մենք շատ ենք ձգտում կապեր հաստատել այլ պետութիւնների ու նրանց ղեկավարների հետ, բայց երբեմն դժուար է հասկանալ միջազգային հանրութեանը, որն, ասես, խուսափում է մեզ հետ ցանկացած կապեր ունենալուց: Արցախի Հանրապետութիւնը ներկայումս իր կայացման փուլում է եւ ձգտում է հետեւել միջազգային իրաւունքի կանոններին ու այլ չափանիշների: Մենք իսկապէս չենք հասկանում` ինչո՞ւ ուրիշ երկրներ չեն ցանկանում միջազգային յարաբերութիւններ զարգացնել մեզ հետ, չէ՞ որ «ճանաչուած» կամ «չճանաչուած» կարգավիճակը պէտք չէ խոչընդոտ դառնայ հասարակութիւնների միջեւ ոչ քաղաքական մակարդակով կապեր զարգացնելու համար: Մեր երկիրը վաստակել է ինչպէս միջազգային հանրակցութեան հետ շփումներ ունենալու, այնպէս էլ նրանում ընդգրկուած լինելու իրաւունքը:

ԻՆՏՐԷ ՎԱՅՆԱԼԱՒԻՉԻՒԹԷ.- Ամէն օր հաղորդագրութիւններ են լինում հրաձգութիւնների եւ զոհերի մասին: Ինչպէ՞ս կը բնութագրէիք այսօրուայ իրավիճակն Ազրպէյճանի հետ շփման գծում:

ԲԱԿՕ ՍԱՀԱԿԵԱՆ.- 1994թ. կնքուեց հրադադարի մասին համաձայնագիրը, որն ստորագրել են Ազրպէյճանը, Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը: Մենք հետեւում ենք համաձայնագրով նախատեսուած պայմաններին, քանի որ խաղաղութիւնը մեզ համար գլխաւոր արժէքներից ու նպատակներից մէկն է: Մենք չենք ուզում, որ անցեալի առանձին դրուագներ կրկնուեն, ուստի ձգտում ենք հնարաւորինս կայուն վիճակ պահպանել: Բայց միւս կողմը շարունակ խախտում է հրադադարի մասին համաձայնագրով նախատեսուած կէտերը, գրեթէ անընդմէջ մեր դէմ կիրառւում է ծանր սպառազինութիւն: Մեծ տարբերութիւն կայ 2-3 տարի առաջ եւ այսօր տեղի ունեցող իրադարձութիւնների միջեւ: Ազրպէյճանը խախտում է ոչ միայն կրակի դադարեցման մասին ստորագրուած համաձայնագիրը, այլեւ միջազգային կանոններն ու սկզբունքները: Այդ երկիրը պատասխանատուութիւն է կրում կատարուածի համար, քանի որ վարում է յարձակողական քաղաքականութիւն, եւ միջազգային հանրութիւնը պէտք է ուշադրութիւն դարձնի այդ իրավիճակին:

ԻՆՏՐԷ ՎԱՅՆԱԼԱՒԻՉԻՒԹԷ.- Ինչպէ՞ս կը գնահատէիք միջազգային հանրութեան ներկայ դիրքորոշումն այս հակամարտութեան հարցում: Ձեզ հիասթափեցնո՞ւմ է նրա կրաւորական արձագանգը:

ԲԱԿՕ ՍԱՀԱԿԵԱՆ.- Չի կարելի ասել, թէ հիասթափուած ենք, քանի որ տեսնում ենք տարածաշրջանում կայունութեան եւ խաղաղութեան պահպանմանն ուղղուած միջազգային հանրակցութեան ջանքերը: Այն, որ խաղաղութիւնն ու կայունութիւնը, թէկուզ մասամբ, հնարաւոր են դարձել, հէնց միջազգային հանրակցութեան ջանքերի արդիւնք է: Մենք նաեւ առաջարկել ենք խաղաղարար գործընթացը լրացնել այնպիսի կէտերով, ինչպիսիք են` շփման գծից դիպուկահարների հեռացումը կամ տօնական օրերին կրակի լրիւ դադարեցումը, բայց բոլոր այս առաջարկներն ազրպէյճանական կողմը մերժել է: Միակ բանը, որ կ՛ուզենայինք, այն է, որ միջազգային հանրութիւնը խօսէր եւ արձագանգէր առաւել որոշակի: Միայն այն ժամանակ, երբ խօսքերն ուղղուած լինեն ճիշդ հասցէատիրոջը, տուեալ դէպքում` խաղաղարար գործընթացի խախտման համար պատասխանատու կողմին, իրավիճակը կը փոխուի:

ԻՆՏՐԷ ՎԱՅՆԱԼԱՒԻՉԻՒԹԷ.- Ինչպիսի՞ն է հակամարտութեան լուծման հեռանկարների ձեր տեսլականը:

ԲԱԿՕ ՍԱՀԱԿԵԱՆ.- Մենք դրական սպասումներ ունենք, քանի որ առանց դրա` հակամարտութեան պայմաններում կարելի չէր դիմակայել: Թէեւ Ազրպէյճանն իր ապակառուցողական քաղաքականութեամբ ձգտում է մեզ անյուսութեան մատնել, մենք յոյս ունենք, որ այդ երկիրը կը փոխի իր մօտեցումներն ու դիրքորոշումը, որ` քաղաքական ասպարէզ կը գան նոր գործիչներ, ովքեր այլ կերպ կը մօտենան իրավիճակին: Ի վերջոյ, Ազրպէյճանի ժողովուրդը նոյնպէս պէտք է հակամարտութիւնը խաղաղ, քաղաքակիրթ ճանապարհով լուծելու ցանկութիւն ունենայ: Յուսանք` կը գայ այն օրը, երբ մենք կը կարողանանք քաղաքակիրթ երկխօսութեան եւ քննարկումների սեղանի շուրջ նստել:

ԻՆՏՐԷ ՎԱՅՆԱԼԱՒԻՉԻՒԹԷ.- Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ` բարգաւաճող եւ ընդլայնուող քաղաք: Ինչպէ՞ս էք տեսնում նրա ապագան մօտակայ 10 տարիներին:

ԲԱԿՕ ՍԱՀԱԿԵԱՆ.- Հանրապետութիւնն ու մայրաքաղաքը զարգանում են բաւականին արագ կշռոյթով: Եթէ այստեղ վերադառնաք մէկ տարի յետոյ, ակնյայտ տարբերութիւն կը տեսնէք: Մենք ձգտում ենք, որ այստեղ պայմաններն առաւելագոյնս բարւոք լինեն ոչ միայն տեղի բնակչութեան համար, որպէսզի օտարերկրեայ հիւրերն էլ այստեղ լաւ զգան իրենց: Մենք շատ ենք շահագրգռուած հանրապետութեան զարգացման հարցում եւ հաւատում ենք, որ մեր ու մեր երեխաների ապագան պայծառ կը լինի:

ԻՆՏՐԷ ՎԱՅՆԱԼԱՒԻՉԻՒԹԷ.- Անձամբ ձեզ համար ի՞նչ էր նշանակում երկրորդ անգամ վերընտրուելը:

ԲԱԿՕ ՍԱՀԱԿԵԱՆ.- Դա նոյն պատասխանատուութիւնն էր, ինչ` առաջին անգամ ընտրութիւններում յաղթելու ժամանակ: Սա որոշակի առաքելութիւն է, որը պէտք է հնարաւորինս լաւ իրականացնել: Նախագահութեան առաջին ժամկէտի ընթացքում ես փորձ ձեռք բերեցի, որն այժմ ուղեկցում է ինձ աշխատանքում ու շատ է օգնում խնդիրների առաւել արդիւնաւէտ լուծման հասնելու հարցում:

ԻՆՏՐԷ ՎԱՅՆԱԼԱՒԻՉԻՒԹԷ.- Ինչպէ՞ս արձագանգեց ձեր ընտանիքը, երբ իմացաւ, որ յաջորդ հինգ տարիներին էլ այդ պաշտօնում կը լինէք:

ԲԱԿՕ ՍԱՀԱԿԵԱՆ.- Նորութիւնն այդ երկակի զգացմունքներ յարուցեց: Մի կողմից ընտանիքս ուզում էր տեսնել ինձ մէկ այլ գործի մէջ, որ կնոջս ու երեխաներիս հետ աւելի շատ ժամանակ անցկացնելու հնարաւորութիւն, աւելի քիչ սթրեսներ ունենամ եւ ստիպուած չլինեմ բազմաթիւ խնդիրներ լուծելու: Միւս կողմից, նրանք քաջ գիտակցում են` ինչ մարտահրաւէրների հետ է առերեսւում մեր երկիրը, եւ սատարում են այդ որոշմանը:

ԻՆՏՐԷ ՎԱՅՆԱԼԱՒԻՉԻՒԹԷ.- Որո՞նք են ձեր պաշտօնավարութեան ընթացքում տեղի ունեցած առաւել ակնյայտ փոփոխութիւնները, եւ ի՞նչ նոր մարտահրաւէրների հետ էք բախւում:

ԲԱԿՕ ՍԱՀԱԿԵԱՆ.- Փոփոխութիւններն, իրօք, մեծ են, եւ դրանք նկատելի են շատ ոլորտներում: Ամենամեծ խնդիրներն ու մարտահրաւէրները կապուած են անվտանգութեան հետ: Ազրպէյճանն անդադար խախտում է հրադադարի մասին համաձայնագիրը, դրութիւնը գնալով աւելի վտանգաւոր է դառնում, աւելի ծանր սպառազինութիւն է կիրառւում: Սա, անկասկած, ազդում է իրավիճակի վրայ ու լուրջ մտահոգութիւն յարուցում:

ԻՆՏՐԷ ՎԱՅՆԱԼԱՒԻՉԻՒԹԷ.- Լեռնային Ղարաբաղում շատ անգամ եմ լսել, որ մարդիկ կարող են նախագահին մօտենալ հէնց փողոցում եւ զրուցել իրենց հետաքրքրող հարցերի շուրջ: Ճի՞շդ է սա:

ԲԱԿՕ ՍԱՀԱԿԵԱՆ.- Դա ինչ որ անսովոր մի բան չէ, մարդկանց հետ հանդիպելու եւ շփուելու շատ յաջող միջոց է: Նման հանդիպումներն օգնում են աւելի յստակ պատկերացում կազմելու, թէ ինչպէ՞ս են աշխատում մեր պետական մարմինները, ի՞նչ խնդիրների հետ են առնչւում մարդիկ: Նման զրոյցները մեծ խթան են հնարաւորինս լաւ աշխատելու համար:

Յատուկ lrytas.lt-ի համար` Լեռնային Ղարաբաղից

 

Նախորդը

Ամէնուն «Թանթիկ»-ը` Մարոն

Յաջորդը

Սարգիս Զէյթլեան. Հայ Քաղաքական Մտքի Մարտիկը* (Սրտի Խօսք)

RelatedPosts

«Իւրաքանչիւր Նոր Բեմ Իր Փորձառութիւնը Կը Բերէ, Սակայն Հնդկաստանի Եւ Չինաստանի Մէջ Ելոյթ Ունենալը Ինծի Համար Տարբեր Նշանակութիւն Ունէր»,  «Ազդակ»-ին Կ՛ըսէ Շողիկ Թորոսեան
Հարցազրոյց

«Իւրաքանչիւր Նոր Բեմ Իր Փորձառութիւնը Կը Բերէ, Սակայն Հնդկաստանի Եւ Չինաստանի Մէջ Ելոյթ Ունենալը Ինծի Համար Տարբեր Նշանակութիւն Ունէր», «Ազդակ»-ին Կ՛ըսէ Շողիկ Թորոսեան

October 20, 2026
Հայագիտութիւն Մագիստրոսական Ծրագիր` Հայագիտական Համակողմանի Գիտելիքի Կարելիութիւն
Անդրադարձ

«Մեղու»-ն Ծնած Է Սէրէն»

October 16, 2026
«Ունկնդիրներուն Հաւատարմութիւնն Է, Որ «Վանայ Ձայն»-ին Ուժ Կու Տայ Իր Երթը Շարունակելու 40-Ամեակէն Անդին»  «Ազդակ»-ին Կ՛ըսէ «Վանայ Ձայն»-ի  Տնօրէն Վիգէն Աւագեան
Հարցազրոյց

«Ունկնդիրներուն Հաւատարմութիւնն Է, Որ «Վանայ Ձայն»-ին Ուժ Կու Տայ Իր Երթը Շարունակելու 40-Ամեակէն Անդին» «Ազդակ»-ին Կ՛ըսէ «Վանայ Ձայն»-ի Տնօրէն Վիգէն Աւագեան

October 13, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.