
ՄԱՐԻ ԹԱՐԵԱՆ
Արցախի Հանրապետութիւնում 2007-ից բնակչութեան թուի զգալի աճ է արձանագրուել: Ութ տարում բնակչութեան թիւն աւելացել է 8 տոկոսով, որից 3.5 տոկոսը (շուրջ 4100 անձ)` հայրենադարձութեան ծրագրի շնորհիւ:
«Մեդիամաքս»-ը պարզել է, թէ ինչ փուլում է այսօր հայրենադարձութեան ծրագիրը եւ վերաբնակեցման համար ինչպիսի պայմաններ է առաջարկում կառավարութիւնը:
16 Տարուայ Վերաբնակները
Սերոբեանների ընտանիքը 16 տարի առաջ հաւաքեց իրերը, թողեց Չարենցաւանի տունն ու տեղափոխուեց Արցախ: Քարվաճառում վերաբնակուելու եւ նոր կեանք սկսելու որոշումը կայացրին ընկերային վատ պայմանների պատճառով:
«Արցախում լաւ ապրելու յոյսեր կային եւ այդ յոյսերն արդարացան, շատ գոհ ենք, որ եկել ենք», ասում է ընտանիքի դուստր Ռոզա Սերոբեանը, որը Արցախի պետական համալսարանն աւարտելուց յետոյ ուսուցչուհի է աշխատում Քարվաճառի դպրոցում:
Նոր կեանքի սկիզբը ընտանիքի համար հեշտ չեղաւ. յետպատերազմական շրջաններում ամէն ինչ զրոյից սկսելու դժուարութիւնները, սակայն, չվախեցրին:
«Երբ տեղափոխուեցինք, հեռախօս եւ հեռուստացոյց չունէինք, ելեկտրականութիւնը ժամով էին տալիս: Քարվաճառից Վարդենիս էինք գնում, որպէսզի սնունդ գնենք: Մօտ մէկ ամսուայ ուտելիք էինք բերում, քանի որ փոխադրամիջոցները եւս չէր աշխատում: Դժուար էր շատ: Մեզ տեղաւորել էին հիւրատանը: Մէկ-երկու տարի յետոյ արդէն տուն կառուցեցին մեզ համար, ի հարկէ, ոչ այնքան լաւ վիճակում: Բայց դէ ոչինչ, մեր ուժերով վերանորոգում ենք», պատմում է Ռոզա Սերոբեանը:
Ըստ նրա` եթէ համեմատենք իրենց տեղափոխուելու տարիների եւ ներկայի պայմանները, ակնյայտ է, որ այժմ դրանք շատ աւելի լաւն են: Աշխատատեղեր կան, շինութիւններ են կառուցուել, ապրուստ վաստակելն աւելի հեշտ է:
Վերաբնակեցման Պայմանները
Լեռնային Ղարաբաղի կառավարութեան Տարածքային կառավարման եւ վերաբնակեցման վարչութեան պետ Ժիրայր Միրզոյեանը վստահեցնում է, որ անխտիր ընդունում են Հայաստանի բոլոր այն քաղաքացիներին, որոնք մշտական բնակութիւն հաստատելու ցանկութիւն են յայտնում:
Այլ պետութիւնների քաղաքացիների պարագայում, ինչպէս նշում է նա, նախ անհրաժեշտ է լուծել Հայաստանի քաղաքացիութեան, երկքաղաքացիութեան կամ ժամանակաւոր-մշտական կացութեան կարգավիճակի հարցերը:
«Արտասահմանում ունենք շուրջ 200-ն անցնող պոտենցիալ հայրենադարձ ընտանիքներ, որոնք պատրաստակամութիւն են յայտնում մշտական բնակութեան տեղափոխուելու», «Մեդիամաքս»-ին ասում է Ժիրայր Միրզոյեանը:
Տարածքային կառավարման եւ վերաբնակեցման վարչութեան փոխանցած տեղեկատուութեան համաձայն` երկու եւ աւելի անձից բաղկացած աճող ընտանիքները տեղափոխման, սոցիալ-կենցաղային կարիքները հոգալու, տեղում հնարաւորինս կարճ ժամանակահատուածում հիմնաւորուելու համար միանուագ գումարներ են ստանում:
Լեռնային Ղարաբաղի կառավարութեան որոշման համաձայն` 10 տարուայ օգտագործման իրաւունքով տրամադրւում է անհատական տուն կամ բնակարան, որը պարտաւորութիւնների կատարման (վարկերի վերադարձ, մշտական բնակութիւն) դէպքում նուիրատուութեան պայմանագրով յանձնւում է ընտանիքին` համատեղ սեփականութեան իրաւունքով:
2009-ից գործարկուել է նաեւ պետութեան կողմից յատկացուած շինանիւթով սեփական ուժերով բնակարանների վերակառուցման ծրագիրը:
Մշտական օգտագործման իրաւունքով հայրենադարձ ընտանիքի իւրաքանչիւր անդամին տրւում է նաեւ 6000 քմ հողատարածք: Ընտանիքը 5 տարի ժամկէտով ազատւում է բնակարանային համայնական ծառայութիւնների վարձավճարից:
Արցախի Քաշաթաղի եւ Շահումեանի շրջաններում, որպէս վառելափայտի եւ ելեկտրականութեան փոխհատուցում, ընտանիքի ամէն անդամին տրւում է ամսական միջինը 1100 դրամ:
Ի տարբերութիւն նախորդ տարիների` այժմ հայրենադարձ ընտանիքների համար նախատեսուած են արտօնեալ պիւտճէական վարկեր` սեփական մանր տնտեսութիւն հիմնելու համար:
Ընդհանուր առմամբ, մէկ վերաբնակ (միջինը` 4 անձի հաշուարկով) ընտանիքի վրայ Արցախի կառավարութիւնը ծախսում է շուրջ 49 հազար տոլար:
Վերաբնակեցման Ծրագիրն Այսօր
Ժիրայր Միրզոյեանի խօսքով, հայրենադարձութիւնը` որպէս պետական քաղաքականութեան ռազմավարական բաղկացուցիչ, շարունակում է իր աշխուժ զարգացումը:
«Այսօր խնդիրը հայրենադարձութեան հոսքի համակարգումն է, հայրենադարձ ընտանիքների ընկերային ու կենցաղային խնդիրների բարելաւումը, իւրաքանչիւր ընտանիքի բնաւորման եւ ապագայ նորմալ կենսապայմանների ստեղծումը: Բնական է, այսպիսի սկզբունքային մօտեցումն աւելի շատ նիւթական եւ ֆինանսական միջոցներ է պահանջում», ասում է նա:
Ժիրայր Միրզոյեանը նկատում է, որ Արցախն այսօր ընկալւում է որպէս կեցութեան համար անվտանգ, ձեռնարկատիրութեան համար հարկային նպաստաւոր դաշտ ունեցող տարածք:



