ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆ
ԼՂՀ պաշտպանութեան նախարար Մովսէս Յակոբեանի հետ «բանակցութիւններն» արդիւնք տուեցին: Թոյլտուութիւն ստացայ զրուցել հետախոյզների խմբի հետ: Ղարաբաղա-ազրպէյճանական շփման գծի իրավիճակի սրացումից յետոյ նրանց կանխարգելիչ մի գործողութեան իբրեւ հետեւանք հակառակորդը տուել է 7 զոհ եւ 5 վիրաւոր: Հետախոյզներին հանդիպեցի սահմանի տարբեր հատուածներում` զօրամասում եւ առաջնագծում:
Նրանցից երկուսը պատրաստւում են դիրքեր գնալ: Խօսակցութիւնը չի ստացւում, չեմ կարողանում նրանց «խօսացնել», պատ է: Տղերքը չեն խօսում ու վերջ, ոչինչ չեն ուզում պատմել: Գործողութիւնների մասին էլ հարցերին պատասխանում են` առաջադրանք են ստացել ու կատարել: Յետոյ հարցնում եմ նրանց կարծիքը տարբեր երկրների բանակների մասին, հարցնում եմ ամենալաւ հետախոյզների մասին: Տղերքը սկսում են կցկտուր ինչ-որ բաներ խօսել, բայց մէկ ժամուայ զրոյցի ընթացքում իմ ջանքերը` խօսակցութիւնը թեքել իրենց կողմը, գրեթէ չի ստացւում:
Նրանք սովոր չեն պատմելու իրենց մասին: Նոյնիսկ ընտանիքներում չգիտեն, թէ իրենք ինչով են զբաղւում բանակում: Նրանց անունները չեն հնչում երբեք, նրանց պարգեւատրելու մասին չեն բարձրաձայնում, ուրուականների նման են` ե՛ւ կան, ե՛ւ չկան: Չնայած ժամանակ առ ժամանակ նշում էի, որ մեր զրոյցը չի հրապարակուելու, միեւնոյն է, կարելի է ասել, զրոյց չստացուեց: Յետոյ ինչ-որ պահի ասացին, որ պէտք է գնան դիրքեր ու գնացին:
Հետախոյզների հետ կանխարգելիչ գործողութեան մասնակցել է նաեւ Վահէ Պետրոսեանը: Սիսիանի Անգեղակոթ գիւղից է: Ծառայութեան մէջ է 20 ամիս: Նա խմբում միակ շարքային էր: Նրան ընտրել են տղերքը, եւ նա իրեն պահել է` ինչպէս պէտքն է: Երբ հարցնում եմ` զինուորին ինչո՞ւ էք վերցրել յետներդ, նրանցից մէկը պատասխանում է. «Դէ, մենք միշտ չենք մնալու, թող սովորեն»: Ինչպէ՞ս է իրեն պահել գործողութեան ընթացքում` «շա՛տ լաւ», ասում է խմբի ղեկավարն ու այսքանով աւարտւում է Վահէի մասին խօսակցութիւնը:
Դիրքերի մօտ հանդիպում ենք հրամանատարին` Ջալալ Յարութիւնեանին: Հայոց բանակի լաւագոյն սպաներից է: Անընդհատ շարժման մէջ է, միշտ դիրքերում է: Ամէն ինչ անձամբ է ստուգում: Սպաներից մէկը, երբ նրա մասին խօսում էինք, այսպէս բնութագրեց. «Բժիշկները պէտք է պարզեն, թէ ինչ նիւթից է սարքուած մեր հրամանատարը: Նա չի քնում, չի ուտում, անընդհատ շարժման մէջ է, առաւօտները վազում է, բայց միշտ ուժ ունի»:
Երկու հետախոյզի էլ հանդիպում եմ սահմանի մէկ այլ հատուածում:
Կարէնը (անունները պայմանական են, հեղ.) 16 տարեկանից բանակում է: Զօրամասի թիկունքի գծով տեղակալը ծանօթացրեց Կարէնի հետ եւ ասաց, որ հարցազրոյց պիտի տայ: Կարէնն անմիջապէս հակադարձեց.
– Ես չորրորդ դասարանի կրթութիւն ունեմ, ի՞նչ հարցազրոյց պիտի տամ:
– Կրթութիւնը կապ չունի,- ասում եմ:
– Ո՞նց կապ չունի, եթէ կրթութիւն ունենայի, հիմա զօրավար կը լինէի,- պատասխանում է Կարէնը:
– Ո՞րն է ազրպէյճանական բանակի թոյլ կողմը:
– Իրենց թոյլ կո՞ղմը. որ ազրպէյճանցի են: Իրօք, ի վիճակի չեն ուժեղ բանակ ունենալ: Որքան ուզում ես` զէնք ունեցիր, եթէ այդ զէնքը չես կարողանում օգտագործել, ի՞նչ պիտի անես դրանք: Գիտես` մարդ սպաննելը հաճելի բան չի, թէկուզ թուրք լինի, բայց մենք ստիպուած ենք դա անում:
Յետոյ լռութիւն է: Ես դադար եմ տալիս` կարծելով, թէ կը շարունակի, բայց չի շարունակում:
Մտածում եմ, երբ նրանք ասում են վնասազերծեցինք հերթապահին, նշանակում է հակառակորդի զինուոր են սպաննել: Բայց մենք չենք պատկերացնում, վնասազերծել բառի իմաստի մէջ չենք էլ խորանում, չենք պատկերացնում, որ նրանք եթէ դա արել են առանց կրակոցի, ուրեմն դանակով են սպաննել կամ ձեռքերով են խեղդամահ արել:
Ազրպէյճանցիները Գիշերը Դիրքերը Լքում Են
«Մտել ենք նրանց դիրքերը` դատարկ են, զարմացել ենք: Ցերեկը այնտեղ զինուորներ էին, այնտեղից կրակել էին մեր դիրքերի ուղղութեամբ, իսկ հիմա դատարկ են: Նրանց մէկ դիրքում 3+3 +1 մարդ կայ, այսինքն` վեց գումարած աւագը: Ու նրանցից ոչ մէկը դիրքում չէ: Մենք գնացինք հակառակ ուղղութեամբ` շրջանցելով ամրութիւնը: Խրամատի միւս թեւն էլ դատարկ էր: Յետոյ մօտեցանք ամրութիւնը, պարզւում է` երկու թեւերից եկել ամրութիւնը մօտ են հաւաքուել, վախից իրարից չեն հեռանում», պատմում է կարէնը:
Հարցնում եմ` եղե՞լ են դէպքեր, որ խմբի անդամներից մէկն իր առաջադրանքը չի կատարել: Կարէնը պատմեց մի այդպիսի դէպք. յառաջադրանքում ամէն մէկն իր անելիքն ունի` յստակ, հաշուարկուած մինչեւ վերջ, այսինքն` նման գործողութիւնների ժամանակ դու պէտք է հաշուարկես բոլոր այն հնարաւոր տարբերակները, որ կարող են առաջանալ: Ասենք` վնասազերծելուց մի բան էն չի լինում: Կրակոց է հնչում, գործողութեան ողջ ընթացքը միանգամից փոխւում է, իւրաքանչիւր ոք գիտի` ինչ պէտք է անի: Կամ, ասենք, նահանջի ճանապարհը փակ է, այդ դէպքում գիտենք որտեղ, որ ժամին պիտի հանդիպենք թշնամու թիկունքում: Մի խօսքով, ամէն ինչ մանրամասն հաշուարկուած է, տասնեակ հերթապահ տարբերակներով: Ցանկացած միջոցառում կատարւում է ծրագրաւորմամբ: Բայց երբեք հարիւր տոկոսով չի լինում: Լինում է, որ վայրկեանների ընթացքում որոշում ես կայացնում: Մի անգամ տղաներից մէկը գործողութեան վայրից աւելի հեռու պէտք էր մեզ սպասէր: Ինքը պիտի աջակցէր անհրաժեշտութեան դէպքում, եթէ չկար այդ անհրաժեշտութիւնն, ինքն ուղղակի տեղում պիտի մնար: Յետոյ տեսանք` ինքն էլ է միացել գործողութիւններին, չնայած ծրագրուած էր այլ բան»:
«Յետոյ պատժեցի՞ք»,- հարցնում եմ:
«Ո՛չ, ի՛նչ պատժենք: Ինքն ասեց` ո՞նց որ հասնեմ աղբիւրին ջուր չխմեմ, ոնց կը լինի»:
Յետոյ մեզ միացաւ ականազերծողներից մէկը: Նրանց խումբը գործողութիւնից առաջ ականազերծել է հետախոյզների ճանապարհը: Եուրան կատակասէր սպայ է: Դեռ հարց չէի տուել, միանգամից ասում է. «ամուսնացած չեմ, որոշել էի ամուսնանալ, վիճակը խառնուեց: Տեսնենք` կը ստացո՞ւի ամուսնանալս»:
Շփման գծի վերջին դէպքերից յետոյ ազրպէյճանցիները սահմանամերձ եօթ գիւղերից հանել են բնակչութեանը, նրանք անվտանգութեան համար հոսանքազրկել էին իրենց գիւղերը: Հետախոյզներից մէկը ազրպէյճանցիների աշխուժացումը կապում է նրանց պաշտպանութեան նորանշանակ նախարարի հետ:
«Նա ուզում է ինչ-որ բան փոխի: Հիմա իրենց գիւղերի պաշտպանութիւնն է ուժեղացնում, հողաթմբեր են կառուցում գիւղերի դիմացը: Մենք չենք պատասխանել երկար ժամանակ իրենց, իրենք էլ մտածել են, որ էդպէս պիտի շարունակուի, իրենք անեն, մենք ընդամէնը պաշտպանուենք: Իրենք անընդհատ խափանարարներ են ուղարկում, ինչ-որ յաջողութիւններ ունեցել են: Բայց դէ մենք չէինք պատասխանում: Ճիշտն ասած, մենք էլ ենք իրենց զէնքով ուրախանում: Մեզ ինքնաթիռ պէտք չի ձեռք բերել, իրենք թող ինչքան ուզում են ունենան, մենք էդ ինքնաթիռները խփելու ենք, էդ ունենք մենք», ասում է Սամուէլը:
Հարցնում եմ ազրպէյճանցիների զինատեսակների առաւելութեան մասին: «Թուրքական զէնքեր շատ ունեն, Իսրայէլի արտադրութեան զէնքեր ունեն իրենց խափանարարները, որ եկել են: Մենք ունենք այն, ինչ մեր հնարաւորութիւններն են թոյլ տալիս, մենք քարիւղ չունենք էդքան զէնքի վրայ փող դնելու համար: Մեր զէնքերը մի քիչ էժան են, բայց բաւարարում է մեզ մեր խնդիրները լուծելու համար,- ասում է Կարէնը,- մեր վերջին գործողութեան ընթացքում նոր սարքերով ենք գնացել, մթի մէջ աշխատելու սարքեր են, մեզ շատ օգնել են դրանք: Դրանցից լաւերն էլ կան, ի հարկէ: Բայց ունենք էն, ինչը որ ունենք, դրանով էլ աշխատում ենք»:
«Ազրպէյճանցիները երբեք իրենց պատմութեան ընթացքում ոչ մի պատերազմ չեն յաղթել, չի պատերազմել այդ ազգը: Թուրքերը էստեղ կռուել են, այլ ցեղեր կռուել են, բայց ազրպէյճանցիները ոչ մի մարտի չեն մասնակցել իրենց պատմութեան ընթացքում: Բայց մի իւրայատկութիւն ունի այդ ազգը` մէջքից հարուածելու»,- հակառակորդի ունակութիւններն է գնահատում հետախոյզը:
– Խումբը զոհ չի՞ տուել գործողութիւնների ընթացքում,- հարցնում եմ ես:
– Ո՛չ:
– Իսկ դա նշանակում է, որ շատ արհեստավա՞րժ էք:
– Ո՛չ, դա նշանակում է, լաւ ծրագրում:
– Պարգեւատրուե՞լ էք վերջին գործողութեան համար:
– Ինչո՞ւ, պարգեւատրման համար ենք անում մեր գործը:
– Դէ, հարցնում եմ, պարզապէս ուզում էի իմանալ:
– Պարգեւատրումը պետութեան անվտանգութիւնն է, մեր տղաներից մէկը չորս երեխայ ունի: Նա, ի՞նչ է, պարգեւատրման մասի՞ն պիտի մտածի:
Սխալ հարց եմ տալիս, խօսակցութիւնը ընդհատւում է մի որոշ ժամանակ: Յետոյ խօսում ենք նաւթամուղի մասին, այնտեղ հասնելու հնարաւորութիւնների մասին, որն հեռու է 250 քմ:
– Կարող ենք, եթէ նման առաջադրանք լինի: Այդ մասին խօսում են, լսել եմ տարբեր մարդկանցից, որ Ղարաբաղի բանակը կարող է այնտեղ վնասներ հասցնի: Բայց դա էնքան ազդու չի, մի քանի օրում կը վերականգնեն: Աւելի լաւ է մի դասակ ոչնչացնել, քան` նաւթամուղը պայթեցնել:
– Վերջին օրերի կանխարգելիչ գործողութիւններից յետոյ ի՞նչ է փոխուել նրանց մօտ:
– Վախն է շատացել, վախը: Անընդհատ կրակում են, հէնց էնպէս, անընդհատ լուսաւորում են իրենց տարածքները: Էնքան են վախեցել, որ զրահամեքենաներն բերել են դիրքերի մօտ, առաջնագծի մօտ, որպէսզի իրենց զինուորների մարտական ոգին բարձրացնեն: Բայց դա օգուտ չի:
«Նախարարն ասել է, որ եթէ մեր զինուորին խփեն, մենք տասը կը խփենք եւ կ՛ոչնչացնենք այդ դիրքը, որտեղից եղել է մահացու կրակոցը: Սա հոյ էնպէս ասուած խօսքեր չեն: Զգուշացրել ենք, հիմա իրականացնում ենք»,- ասում է հետախոյզ Կարէնը:
Վստահելի մարդ լինելն ընդգծելու համար յաճախ օգտագործում են` «ես նրա հետ հետախուզութեան կը գնամ» արտայայտութիւնը, որը, թերեւս, պատերազմական վիճակով պայմանաւորուած, արդիական է դարձել: Ի՞նչ է ռազմաճակատային հետախուզութիւնը, ի՞նչ է արժենում նրանց` հակառակորդի թիկունք անցնելու ամէն մի գործողութիւնը, քանի՞ կեանք է խլել այս կամ այն գործողութիւնը: Մենք ոչինչ չենք իմանում, մեզ ոչինչ չեն ասում: Ի հարկէ, հետախոյզները վերադառնալուց յետոյ գրում են իրենց հաշուետուութիւնները, բայց դրանք խիստ գաղտնի են: Տասնամեակներ յետոյ միայն կը գրուեն գրքեր այսօրուայ հայ հետախոյզների ու նրանց իրականացրած գործողութիւնների կարեւորութեան մասին:
«Հետք»
