ՆԻԿՈԼԱՅ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Մենք ականատեսներն ենք համաշխարհային պատմական նշանակութիւն ունեցող իրադարձութիւնների, որոնք վերջին երեք տարիներին` 2011-2014թթ. ծաւալուել են Հնդկական ովկիանոսից մինչեւ Ատլանտեան ովկիանոս ընդգրկող մի վիթխարի տարածքում, որը արեւելագիտութեան մէջ յայտնի է «Արաբական աշխարհ» յորջորջումով: Արաբներն ու արաբագէտներն այդ տարածաշրջանը բաժանում են երկու մասի` Արաբական Արեւելքի կամ ինչպէս արաբներն են կոչում «Մաշրիք», որը համընկնում է մերօրեայ «Մերձաւոր Արեւելք» աշխարհագրական տարածքի հետ, եւ Արաբական Արեւմուտքի կամ «Մաղրիպ», որն ընդգրկում է Հիւսիսային Ափրիկէյում տեղակայուած արաբական երկրները: Այդ տարածքում 20-րդ դարի վերջերում, գաղութային տիրապետութեան վերացումից յետոյ ձեւաւորուեց 18 անկախ արաբական պետութիւն` Ալճերիա, Արաբական Միացեալ Էմիրութիւններ, Պահրէյն, Եգիպտոս, Եմէն, Թունուզ, Իրաք, Լիբանան, Լիպիա, Քաթար, Յորդանան, Մորիթանիա, Մարոք, Սէուտական Արաբիա, Սուրիա, Սուտան, Քուէյթ եւ Օման, ինչպէս նաեւ Պաղեստինեան Ինքնավարութիւնը, որը գտնւում է արաբական 19-րդ անկախ պետութեան վերածուելու նախաշեմին: Ահա այս տարածաշրջանում եւ նրա 19 պետական կազմաւորումներում 2011թ. սկզբներից սկսուեց ազգային, քաղաքական եւ ընկերային մի պոռթկում, որը շարունակւում է մինչեւ օրս:
Իսկ ի՞նչ բնոյթի իրադարձութիւններ են դրանք եւ որո՞նք են դրանց պատճառները: Բնոյթի վերաբերեալ գոյութիւն չունի միասնական տեսակէտ: Ոմանք այդ իրադարձութիւնները դիտում են որպէս խռովութիւն կամ ապստամբութիւն, ոմանք պետական յեղաշրջման փորձ, ոմանք իսլամական դաւադրութիւն` կազմակերպուած «Իխուան մուսլիմին»` Իսլամ եղբայրներ կրօնաքաղաքական ծայրայեղական կազմակերպութեան կողմից, կան նաեւ տեսակէտներ օտար պետութիւնների միջամտութեան վերաբերեալ: Վերջին շրջանում աւելի նորաձեւութիւն է դարձել համաարաբական այդ պոռթկումը որակել որպէս «Արաբական գարուն», թէեւ դա թէ՛ ժամանակի առումով (իրադարձութիւնները սկսուել են յունուար ամսին) եւ թէ՛ արիւնահեղութեան աստիճանով ու սպաննուած-մորթուածների քանակով ոչ մի ընդհանուր բան չունի տարուայ այդ սքանչելի եղանակի հետ: Այդ տեսակէտները կամ կարծիքները շատ հեռու են ճշմարիտ լինելուց եւ պատմական կարեւոր այս երեւոյթի գիտական բացայայտումից: Մենք չենք կիսում վերոնշեալ տեսակէտները:
Դէպքերի եւ իրադարձութիւնների վերլուծութիւնը ու պատմական համեմատական մօտեցումը մեզ բերել են այն եզրայանգման, որ այն, ինչ կատարւում է այս աւելի քան երեք տարիների ընթացքում համայն արաբական աշխարհում, դա Համաարաբական ըմբոստութիւն է` յանուն արաբական հասարակութեան արդիականացման:
Ինչ վերաբերում է պատճառներին, ապա սովորաբար շեշտը դրւում է տնտեսական եւ ընկերային բաղադրիչների վրայ: Միամտութիւն կը լինէր դրանց անտեսումը: Սակայն դրանք այնպիսի սուր բնոյթ չեն կրում, որ կարողանային համաժամանակեայ համաարաբական ընդվզման պատճառ դառնալ: Մանաւանդ որ արաբական մի շարք երկրներում, ինչպէս, օրինակ, Լիպիայում, Թունուզում, Քուէյթում կամ Պահրէյնում, Քաթարում, էլ չենք խօսում Սէուտական Արաբիայի, Արաբական Միացեալ Էմիրութիւնների մասին, կենսամակարդակը մէկ շնչին ընկնող եկամուտների քանակով, բնաւ չէր զիջում աշխարհի ամենազարգացած երկրներին, իսկ արաբական միւս երկրները ընդհուպ մօտեցել են կամ մօտենում են այդ մակարդակին: Ուրեմն հարցի էութիւնն այն է, որ դրանք ոչ միայն նախապատճառներ չեն, այլեւ իրենք հետեւանք են մէկ այլ երեւոյթի, առանց որի բացայայտման հնարաւոր չէ ճիշդ հասկանալ եւ մեկնաբանել արդի արաբական ըմբոստութիւնը: Այդ հարցում արդի քաղաքագիտութիւնը, մեր կարծիքով, անընդունակ գտնուեց տալ հաւաստի եւ սպառիչ պատասխաններ, ու յայտնուեց փակուղու մէջ:
Արդ, ինչի՞ մասին է խօսքը:
Առաջին Համաշխարհային պատերազմից յետոյ, արաբական երկրներն ազատագրուեցին օսմանեան մօտ 402 տարի (1516-1918թթ.) տեւած տիրապետութիւնից, բայց անկախութիւն չկարողացան նուաճել: Նրանք գաղութների, ենթամանդատային երկրների եւ խնամատարների կարգավիճակով յայտնուեցին եւրոպական գաղութային տիրապետութեան ներքոյ: Ու այդ պահից սկսուեց արաբական երկրների երկարատեւ ու յամառ պայքարը քաղաքական անկախութեան համար, որը տեւեց 50 տարուց աւելի, եւ աւարտուեց յաղթանակով 1970-ականներին, երբ վերացուեց անգլիական, ֆրանսական, իտալական եւ սպանական գաղութատիրութիւնն արաբական աշխարհում ու քաղաքական քարտէզի վրայ յայտնուեց 18 արաբական սուվերեն պետութիւն: Այդ պայքարում արաբներն հանդէս էին գալիս միասնական ճակատով: Նշուած փուլը դարձաւ ազգային-քաղաքական ինքնագիտակցութեան զարգացման փուլ: Արաբների այն սերունդը, որ ձեւաւորուել էր 19-րդ դարի վերջերին – 20-րդ դարի սկզբներին, իրեն վիճակուած պատմական քննութիւնը` գաղութային լծի թօթափումը, յանձնեց գերազանց, բայց աւելին անել ի վիճակի չէր:
Քաղաքական անկախութեան նուաճումից յետոյ, արաբների առջեւ իր ողջ սրութեամբ յառնեց հետագայ զարգացման ուղու հարցը` ի՞նչ ուղիով ընթանալ: Նախ, այս փուլում դադարեց արաբների քաղաքական համերաշխութիւնը: Զարգացման հետագայ ուղիների ընտրման հարցում արաբական երկրների առջեւ ի յայտ եկաւ երեք տարբերակ կամ նախատիպ: Առաջին` զարգացման դրամատիրական ուղին, երկրորդ` զարգացման ընկերվարական կողմնորոշման ուղին եւ, երրորդ` իսլամական ուղին: Զարգացման դրամատիրական ուղին ընտրեցին արաբական երկրների ճնշող մեծամասնութիւնը եւ դրա համար յատուկ արաբական նախատիպ չյօրինուեց, այլ այն տեղաւորուեց համընդհանուր դրամատիրական նախատիպի շրջանակներում, պահպանելով արաբական աւատապետական-ցեղային աւագանու իրաւունքներն ու արտօնութիւնները: Զարգացման ընկերվարական կողմնորոշման ուղին, որը պէտք չէ շփոթել բուն ընկերվարութեան կամ ընկերվարական ուղու հետ, ընտրեցին Եգիպտոսը, Սուրիան, Իրաքը, Եմէնը, Ալճերիան, Լիպիան, Թունուզը եւ Սուտանը: Իսկ զարգացման իսլամական ուղին ընտրած երկրի դասական օրինակ կարող է ծառայել Սէուտական Արաբիան, որը համարւում է աստուածապետութիւն եւ որի սահմանադրութիւնը մուսուլմանների սրբազան գիրքը` Քուրանն է: Այս ուղին մերժում է զարգացման թէ՛ դրամատիրական, եւ թէ՛ ընկերվարական կողմնորոշման ուղիները, եւ խարսխուած է Քուրանի հիմնադրոյթների, օրէնքների (շարիա), մազհապների` կրօնա-իրաւական սկզբունքների եւ իսլամական զանազան սովորոյթների վրայ: Նրա հմուտները համոզուած են, որ այդ նախատիպը առաւելագոյնս է համապատասխանում մուսուլման արաբների դարաւոր պատկերացումներին եւ ի վիճակի է երջանկութիւն պարգեւել արաբական աշխարհին:
Սակայն վերոնշեալ երեք նախատիպերն էլ չարդարացրեցին արաբների յոյսերը:
Ուղիների ընտրութեան հարցում արաբների նախորդ սերունդն իր զարգացման ցածր մակարդակով, կրթական անբաւարար պատրաստուածութեամբ, իւրայատուկ մտայնութեամբ եւ հոգեբանութեամբ` խարսխուած դարաւոր արաբական աւանդոյթների, ցեղային կառուցուածք ունեցող երկրներին բնորոշ յարաբերութիւնների ու հնազանդութեան վրայ, յետանկախական շրջանում չէր կարող նոր առաքելութիւն իրագործել: Արաբական երկրների առջեւ կանգնած կենսականօրէն խիստ անհրաժեշտ հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ էին նոր եւ թարմ ուժեր: Այդ բարդ հարցը լուծուեց բնական ճանապարհով` սերնդափոխութեան ուղիով, եւ կեանք մտած արաբական նոր սերունդն ինքն ստանձնեց արաբական հասարակութեան արդիականացման պատմական խնդրի լուծումը:
Անկախութիւն նուաճելուց յետոյ արաբական երկրներում տեղի չունեցան արմատական բնոյթի համակարգային փոփոխութիւնները, ինչը կարող էր նպաստել միջնադարեան արժէքային համակարգից արդիական համակարգ արաբական երկրների դարակազմիկ թռիչքին: Առերեւոյթ եւ ձեւականօրէն, ի հարկէ, մի շարք երկրներում որոշ փոփոխութիւններ կատարուեցին` տապալուեցին միապետութիւնները, հաստատուեցին հանրապետական կարգեր, ստեղծուեցին խորհրդարաններ, քաղաքական ասպարէզում յայտնուեցին կուսակցութիւններ եւ այլն: Բայց դրանք կեանքի չկոչեցին խորքային, արմատական եւ համակարգուած արդիական փոփոխութիւններ եւ չէին էլ կարող դա անել, քանի որ իշխանութեան գլուխ եկած ուժերն իրենց առջեւ նման խնդիրներ չէին դնում:
Իսկ ինչո՞ւ նոր սերունդը` ի տարբերութիւն նախորդ սերնդի, հնարաւորութիւն ունեցաւ նախաձեռնել եւ գլխաւորել արաբական երկրների արդիականացման շարժումը, եւ տասնեակ միլիոնաւոր մարդկանց ոտքի հանել ընդդէմ գոյութիւն ունեցող վարչակարգերի:
Առաջին, արաբական նոր սերունդը` ի տարբերութիւն նախորդ սերունդների, կրթուել եւ դաստիարակուել էր, ոչ թէ միջնադարեան մատրասաներում (դպրոցներում), որտեղ տիրապետող էին կրօնական արժէքները, եւ որը միշտ հնազանդութեան եւ միջնադարեան կրօնական արժէքներին հաւատարմութեան ոգով էր դաստիարակում իր սաներին, այլ աշխարհիկ դպրոցներում, որն այլ բնոյթի եւ մակարդակի կրթութիւն եւ գիտելիքներ էր տալիս: Մատրասաների (դպրոցների), որպէս համընդհանուր կրթական հիմնական կենտրոնների, դարաշրջանն արդէն անցել է: Աշխարհիկ դպրոցների աշակերտներն աւելի մեծ գիտելիքների տէր են, աւելի անկաշկանդ իրենց դատողութիւններում, եւ աւելի ընկալուչ նորի հանդէպ:
Երկրորդ, արաբական նոր սերունդը փայլուն կերպով օգտուեց արտասահմանեան աւելի զարգացած երկրների համալսարաններում բարձրագոյն կրթութիւն ստանալու հնարաւորութիւններից: Հարիւր հազարաւոր երիտասարդներ բարձրագոյն կրթութիւն ստացան բրիտանական, ֆրանսական, գերմանական, իտալական, ամերիկեան, խորհրդային եւ այլ երկրների համալսարաններում: Գտնուելով զարգացած երկրներում, նրանք ակամայից տեսնում էին այն ահռելի տարբերութիւնները, որոնք կային այդ երկրների եւ իրենց սեփական երկրների պետական կառուցուածքներում, քաղաքական, կրթական համակարգերում, առօրեայ կեանքում: Նրանք արդէն եւրոպական արժէքների կրողներ էին, ծանօթ էին համաշխարհային գիտական ուսմունքներին եւ տենչում էին յաղթահարել իրենց երկրների դարաւոր յետամնացութիւնն ու արդիականացնել իրենց հայրենիքը: Ձեւաւորուեց նոր, զարգացած արաբ, որն այլեւս նախկին խեղճ, հնազանդ, մէջքը շէյխի եւ իր տիրոջ առաջ կքած, գլուխը խոնարհած հեզ արաբը չէր: Նա պատրաստ էր արմատական վերափոխումներ կիրառելու եւ իր երկիրը տանելու արդիականացման ուղիով: Այդ շրջանաւարտները վերադառնալով հայրենիք դարձան նոր արժէքների ռահվիրաներ:
Երրորդ, արտակարգ դեր խաղաց համացանցը: Արաբական նոր սերնդի կեանք մտնելը ժամանակի առումով համընկաւ համացանցի յայտնութեան հետ, որը իսկական յեղաշրջում էր: Արաբական նոր սերունդն անցաւ համացանցի բովով, յայտնուեց տեղեկատուական բուռն հոսանքի ոլորապտոյտում, դարձաւ աւելի հասուն, լաւատեղեակ աշխարհում տեղի ունեցող փոփոխութիւններին, եւ այդ ֆոնի վրայ աւելի ակնյայտ դարձաւ արաբական երկրների յետամնաց լինելու իրողութիւնը, ինչն աւելի ամրապնդեց նրանց վճռականութիւնը արդիականացնելու իրենց երկիրը: Նրանք եւ նրանց կողմնակիցներն ու համակիրները դարձան թերեւս ամենաազդեցիկ ուժն իրենց երկրներում:
Այդ բոլորը յանգեցրեց բախման` նոր ձեւաւորուող հասարակական ուժերի եւ իր դարն ապրած, հնամաշ պետական, քաղաքական եւ հասարակական կառոյցների կողմնակիցների միջեւ: Արաբական հասարակութիւնը երկփեղկուեց: Մի կողմում հին վարչակարգերի եւ կառոյցների կողմնակիցներն էին, կառավարող վերնախաւը, որոնք արդէն փոքրամասնութիւն էին կազմում, սակայն շարունակում էին սեփական բնակչութեանը վերաբերուել ինչպէս միջնադարեան «ֆելլահ»-ի եւ «բեդուին»-ի, իսկ միւս կողմում` արդիականացման կողմնակիցները, որոնց գլխաւոր շարժիչ ուժն ըմբոստացած, կրթուած եւ ինքնազոհութեան պատրաստ երիտասարդութիւնն է, որին համակրում, աջակցում են եւ որոնց շարքերը ստուարացնում են հասարակութեան աւելի ու աւելի լայն խաւեր: Այս վերջինների հիմնական նպատակը դարձաւ արդիականութեան սկզբունքների հիման վրայ վերակառուցել պետական, կառավարական, վարչական, ընկերային-տնտեսական եւ մշակութային ողջ համակարգը, հրաժարուել հնաբանական, իր դարն ապրած կառոյցներից, պատկերացումներից, գաղափարներից եւ որդեգրել պետական-հասարակական այնպիսի նախատիպեր, որոնք ընդունուած են քաղաքակիրթ երկրներում:
ՆԻԿՈԼԱՅ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Հայաստանի Գիտութիւններու
ազգային ակադեմիոյ թղթակից անդամ
Գիտութեան վաստակաւոր գործիչ
Թարգմանութիւն ռուսերէնից`
«Գոլոս Արմենի»-ի («Հայաստանի Ձայն»),
օրաթերթից` 22 մայիսի 2014թ., էջ 6:
(Շար. 1)


