Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ես Յոգնել Եմ, Ես Հեռանում Եմ

June 16, 2014
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Յունիսի 12-ին եւ 13-ին Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցաւ հայ-ազրպէյճանական հերթական հանդիպումը, որին մասնակցում էին լրագրողներ, փորձագէտներ եւ հասարակական գործիչներ` Ազրպէյճանից, Հայաստանից, Արցախից, ինչպէս նաեւ եւրոպական երկրներից: Հանդիպումը կազմակերպել էր Եւրոպական Միութիւնը: Երկօրեայ ծրագրի շրջանակներում տեղի ունեցաւ նաեւ բրիտանացի ճանաչուած լրագրող, ամերիկեան «Քառնեկի» կենտրոնի աւագ փորձագէտ Թոմաս տէ Վաալի «Սեւ այգի» գրքի ռուսերէն հատորի նոր հրատարակութեան շնորհահանդէսը:  Մասնակիցների եւ կազմակերպիչների միջեւ ձեռք էր բերուել պայմանաւորուածութիւն, ըստ որի, համաժողովում հնչած ելոյթները կարող են հրապարակային դառնալ, բայց չի կարելի նշել, թէ ո՛ւմ կողմից է հնչել տուեալ միտքը: Ղարաբաղեան կարգաւորման շուրջ մի քանի քննարկումներ բաց էին, հետեւաբար դրանք կարելի է հրապարակայնացնել:

Վրաստանի Ազգային գրադարանում յունիսի 13-ի երեկոյեան կայացած միջոցառումներից յետոյ ես որոշեցի այլեւս չմասնակցել ղարաբաղեան եւ հայ-թուրքական քննարկումների: Որպէս լրագրող եւ գրքերի հեղինակ 1999-ից ի վեր, այսինքն` արդէն 15 տարի, ես բազմաթիւ անգամներ նման քննարկումների եւ բանավէճերի մասնակցել եմ` Երեւանում, Ստեփանակերտում, Պաքւում, Անգարայում, Պոլսում, Փարիզում, Լոնտոնում եւ աշխարհի բազմաթիւ այլ քաղաքների փորձագիտական կենտրոններում: Գրեթէ իւրաքանչիւր նման հանդիպումից յետոյ ինքս ինձ ասել եմ, որ այս մէկը վերջինն է եւ այլեւս չեմ մասնակցի նման քննարկումների, որոնք լայն հաշուով ոչ թէ քննարկումներ են կամ երկխօսութիւն, այլ` սուր բանավէճ ու կռիւ: Այս անգամ ասում եմ` ես այլեւս չեմ մասնակցի ո՛չ հայ-ազրպէյճանական եւ ոչ էլ հայ-թուրքական հանդիպումների, քանի որ իմ նեարդերը տեղի են տալիս: Որպէս փորձագէտ եւ լրագրող` ես կը շարունակեմ օրը օրին հետեւել արցախեան կարգաւորմանն ու հայ-թուրքական յարաբերութիւններին, բայց չեմ մասնակցի քննարկումների եւ բանավէճերի` որպէս փորձագէտ. աւելի՛ն, որպէս հայաստանցի, քանի դեռ դրանք չեն վերադարձել կառուցողականութեան դաշտ:

Ի՞նչ տեղի ունեցաւ Թիֆլիսում: Վրաստանի Ազգային գրադարանի սենեակներից մէկում շուրջ 70-80 հոգի` վրացիներ, հայեր, ազրպէյճանցիներ եւ եւրոպացիներ, հետեւում էին մի բանավէճի, որի բանախօսներն էին` Թոմաս տէ Վաալը (որպէս միջազգային փորձագէտ), Թապիպ Հիւսէյնովը (Ազրպէյճան) եւ այս հրապարակման հեղինակը: Բանավէճի սկիզբը վատ չէր: Տէ Վաալը ներկայացրեց արցախեան կարգաւորման ներկայ իրավիճակը միջազգային հանրութեան տեսանկիւնից, Հիւսէյնովը անդրադարձաւ ազրպէյճանական դիրքորոշմանը, իսկ ես` հայկականին: Հարց ու պատասխանի ժամանակ Ազրպէյճանի արտաքին գործերի նախարարութիւնից մի դիւանագէտ (անունը չկարողացայ յիշել), ապա մի լրագրող քննարկումը փորձեցին շեղել դէպի «հայկական բռնագրաւում», «Խոջալուի յանցագործութիւններ», «սիրիահայերի անօրինական վերաբնակեցումներ բռնագրաւուած տարածքներում»:

Իմ պատասխանները շատ կարճ էին, գուցէ` չափից աւելի սուր, գուցէ լրագրողին եւ փորձագէտին ոչ յարիր: Այդ պատասխանները ակնյայտօրէն դուր չեկան կազմակերպիչներին: Ես ասացի, որ հայերը ոչ թէ բռնագրաւողներ են, այլ` յաղթողներ պատերազմում: Որ Ազրպէյճանը արցախեան կարգաւորման գործընթացում ոչ թէ լուծում է ուզում, այլ Արցախն է ուզում, աւելի յստակ` նախագահ Ալիեւը ուզում է ամէն ինչ, կամ ոչինչ: Ի հակակշիռ, դահլիճում ներկայ հայերը յիշեցրին Ռամիլ Սաֆարով դէպքը եւ ազգային հերոսին վայել ընդունելութիւնը Ազրպէյճանում: Ազրպէյճանցի փորձագէտ Թապիպ Հիւսէյնովը լսարանին յորդորեց պահել բանավէճի կառուցողական ոգին եւ ժպտալով ասաց, որ դա վերաբերում է նաեւ ինձ: Մէկուկէս ժամ տեւած քննարկումից յետոյ կազմակերպիչներից երկու եւրոպացիներ ինձ առանձին ասացին, որ իմ պատասխաններից ոգեւորուած չեն:

Ընդհանրապէս, արցախեան կարգաւորմանը նուիրուած քննարկումներում եւրոպացիներն ու ամերիկացիները, փորձելով պահել չէզոքութիւն կամ հաւասարակշռութիւն, վերջին շրջանում թաքնուած կերպով համակրում են ազրպէյճանցիներին: Գուցէ սա իմ ընկալումն է: Ազրպէյճանական լոպիինկը վերջին տարիներին ակնյայտ յաջողութիւններ է գրանցել: Ազրպէյճանցիները կաշառելով` կարողացել են դէպի իրենց կողմը թեքել արեւմտեան բազմաթիւ դիւանագէտների, փորձագէտների ու լրագրողների: Օտարերկրեայ այն դիւանագէտները, փորձագէտներն ու լրագրողները, ովքեր առանց Պաքուի «թոյլտուութեան» այցելում են Արցախ, յայտնւում են «սեւ ցուցակում» եւ անցանկալի անձ համարւում Ազրպէյճանում: Իսկ ահա այն դիւանագէտները, փորձագէտներն ու լրագրողները, ովքեր անկողմնակալ են եւ անաչառ, կանգնում են երկընտրանքի առաջ: Մասնաւոր զրոյցներում նրանք խոստովանում են, որ ստիպուած են լինում դիմել Ազրպէյճանի արտաքին գործերի նախարարութիւն, որպէսզի Արցախ մեկնելու «թոյլտուութիւն» ստանան: Ամբողջ անհեթեթութիւնը նրանում է, որ Ազրպէյճանը վաղուց է կորցրել վերահսկողութիւնը Արցախի նկատմամբ, Պաքուից դէպի Արցախ տանող բոլոր ճանապարհները ականապատ են եւ ցանկութեան դէպքում անգամ անհնար է Ազրպէյճանով մեկնել Արցախ:

Թիֆլիսի Ազգային գրադարանում կայացած քննարկումից յետոյ Թոմաս տէ Վաալը մէկ այլ դահլիճում, որն աւելի ընդարձակ էր, ներկայացրեց արցախեան հակամարտութեան մասին պատմող իր «սեւ այգի» գիրքը: Նոյն  դահլիճում բացուեց լուսանկարչական ցուցահանդէս, որտեղ ներկայացուել են արցախեան պատերազմի մասին պատմող լուսանկարներ: Դրանց հեղինակները մի վրացի (արցախեան կողմից) եւ մի ազրպէյճանցի են: Այդ լուսանկարները, անկասկած, որպէս վաւերագրութիւն, չափազանց ազդեցիկ են: Այդ լուսանկարները եւս մէկ անգամ ցոյց են տալիս, թէ ժողովուրդներին ինչպիսի սարսափներ է պատճառում պատերազմը: Միւս կողմից սակայն, ակնյայտ էր, որ լուսանկարչական այդ ցուցահանդէսը ի նպաստ Ազրպէյճանի էր: Ես դաւադրութիւնների տեսութեան կողմնակից չեմ, սակայն այդ ցուցահանդէսը այնպէս էր կազմակերպուել, այնպիսի լուսանկարներ էին ընտրուել, որ Ազրպէյճանը յանկարծ դժգոհ չլինի:

Յունիսի վերջերին, կրկին Թիֆլիսում, ես կը մասնակցեմ հայ-ազրպէյճանական մէկ այլ նախագծի: Ես այդ միջոցառմանը կը մասնակցեմ, քանի որ նախօրօք համաձայնութիւն  եմ տուել: Եւ դա կը լինի իմ վերջին ներգրաւուածութիւնը: Պատերազմական հռետորաբանութեան եւ ատելութեան քարոզման այս պայմաններում ո՛չ հայ-ազրպէյճանական եւ ո՛չ էլ հայ-թուրքական երկխօսութեան տեղ ես չեմ տեսնում:

Ես այլեւս չեմ ուզում մասնակցել հայ-ազրպէյճանական բանավէճերի, քննարկումների կամ երկխօսութեան, երբ տեսնում եմ, որ դրանք անիմաստ են (գուցէ սա իմ անձնական ընկալումն է եւ սխալւում եմ): Իմ նեարդերը այլեւս տեղի են տալիս, երբ գիտակցում եմ, որ գրեթէ իւրաքանչիւր նման հանդիպում Ազրպէյճանը փորձում է վերածել հակահայ միջոցառման: Իմ համար այլեւս անընդունելի է, երբ հայ-ազրպէյճանական հանդիպումների կազմակերպիչ եւ հովանաւոր եւրոպացիները փորձում են այնպէս անել, որ յանկարծ Ազրպէյճանը չզայրանայ (գուցէ սա էլ է իմ ընկալումը եւ գուցէ կրկին սխալ է):

Միւս կողմից` ես գնահատում եմ այն հայ լրագրողներին, փորձագէտներին ու հասարակական բնագաւառի ներկայացուցիչներին, ովքեր շարունակում են հաւատալ հայ-ազրպէյճանական եւ հայ-թուրքական երկխօսութեանը, ովքեր դրսում արժանապատուօրէն են ներկայացնում Հայաստանն ու Արցախը, ովքեր փայլուն գիտելիքներ ունեն եւ ջանում են միջազգային հանրութեան համար հասկանալի ու ընկալելի լինել: Շատերը չեն գիտակցում, թէ ինչքա՛ն դժուար է օտար մայրաքաղաքներում օտար լսարանին` ազրպէյճանցիների, ներկայութեան պայմաններում, հասկանալի լեզուով ներկայացնել արցախեան հակամարտութեան էութիւնն ու պատմութիւնը:

Յատուկ «Ազդակ»-ի համար

 

Նախորդը

Կիրակնօրեայ Խօսքը. Մեծ Անծանօթը Կամ` Մեր Կռնակը Ստացած Աստուածը…

Յաջորդը

Թուրքիա Եւ Միացեալ Նահանգներ Գաղտնաբար Համաձայնած Են Ապրիլ 24-ի Ուղերձներ Յղելու Ժամանակ

RelatedPosts

Բարոյական Ուժը
Անդրադարձ

ՀՅԴ Երրորդութիւնը

November 24, 2026
Մէկ Ազգ, Բայց Մէ՞կ Համակարգ
Անդրադարձ

Ո՞վ Կը Վճռէ Հայաստանի Ապագան

November 24, 2026
Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն
Անդրադարձ

Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն

November 24, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.