Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

ՄՈՒՃԱՀԵՏՆԵՐՆ ՈՒ ՔԱՅԻՏԱՆ ԱԶՐՊԷՅՃԱՆՈՒՄ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԱՐՑԱԽԵԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՄՈՒՃԱՀԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

May 16, 2011
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Փաքիստանում թիւ մէկ ահաբեկիչ Ուսամա պըն Լատենի սպանութիւնը առիթ դարձաւ, որպէսզի Հայաստանում կրկին յիշեն աֆղան մուճահետների` արցախեան պատերազմում Ազրպէյճանի կողմից մասնակցութեան մասին:

«Ներգրաւուած լինելով ահաբեկչութեան դէմ միջազգային հանրութեան պայքարում` մենք կիսում ենք ամերիկացիների եւ ահաբեկչութեան դէմ բոլոր պայքարողների զգացմունքները պըն Լատենի ոչնչացման առնչութեամբ: Մեզ յատկապէս մօտ են այդ զգացմունքները, քանի որ այս ահաբեկչական կազմակերպութեան հետ առնչութիւն ունեցող անձինք ժամանակին ներգրաւուած են եղել Լեռնային Ղարաբաղի դէմ յարձակման մէջ», ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարութեան  մամուլի խօսնակ Տիգրան Բալայեանը:

Հայաստանի պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը խորհրդարանի ամպիոնից  հաստատել է, որ ԼՂՀ տարածքում արցախեան պատերազմի ժամանակ մուճահետներ են կռուել ազրպէյճանցիների կողմից, սակայն յատուկ միջոցառումների շնորհիւ` վնասազերծուել են:

Հայ պաշտօնեաների բացատրութիւնները, այդ թւում` հնչեցուած խորհրդարանի ամպիոնից, մակերեսային էին, այն դէպքում, երբ առկայ է բաւականաչափ փաստական արխիւ: Աֆղան մուճահետների` արցախեան պատերազմում Ազրպէյճանի կողմից կռուելու մասին առաջին անգամ պաշտօնապէս արտայայտուել է ԵԱՀԿ-ում Միացեալ Նահանգների ներկայացուցիչ Ճոն Քոռնպլիւմը, ով 1993-ի աշնանը Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի ամէնաշաբաթեայ նիստում մտահոգութիւն է արտայայտել  Կովկասում մուճահետների ներկայութիւնը համարելով շատ վտանգաւոր զարգացում:

1993թ. դեկտեմբերի 22-ին Հայաստանի նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանը նամակներ է յղում Աֆղանստանի նախագահ Պուրհանէտտին Ռապանիին եւ վարչապետ Կոլպէտտին Հիքմաթեարին, որոնցում մտահոգութիւն է արտայայտում ղարաբաղեան հակամարտութեան գօտում ազրպէյճանական ստորաբաժանումների կազմում աֆղան մուճահետների մասնակցութեան վերաբերեալ: Տէր Պետրոսեանը նամակում յոյս է յայտնում, որ դա կատարւում է առանց Աֆղանստանի ղեկավարութեան գիտութեան եւ այդ փաստերը կ՛արժանանան նրանց ուշադրութեանը: Ռապանին պատասխան ուղերձում գրում է. «Ես ստացայ եւ ուսումնասիրեցի ձեր ուղերձը որոշ անպատասխանատու աֆղանցիների մասին, ովքեր մասնակցում են ղարաբաղեան պատերազմին: Աֆղանական կողմը գիտակցում է Հայաստանի ղեկավարութեան մտահոգութիւնը: Մենք հաւանութիւն չենք տալիս ԼՂ-ում ռազմական գործողութիւններին աֆղանցի քաղաքացիների մասնակցութիւնը…

Մուճահետների անուան տակ մի քանի վարձկանների մասնակցութիւնը չի կարող վատացնել բարեկամական յարաբերութիւնները Աֆղանստանի եւ Հայաստանի միջեւ»:

Ազրպէյճանական բանակին պարտութիւնից չփրկեց նաեւ աֆղան վարձկանների ներգրաւումը, թէեւ «Հորատիզ» կայարանը վերագրաւելու հարցում նրանց դերակատարութիւնը եղել է առանցքային: Ամերիկեան «Սի. Էն. Էն.» հեռուստաընկերութիւնը 1993թ. նոյեմբերի 8-ին հաղորդել էր, որ ԼՂ-ի դէմ կռւում են մօտ 1000 աֆղան մուճահետներ: Նոյն օրը «Պոսթըն կլոպ»ը գրել էր, որ օգոստոսից մօտ 1500 աֆղան մուճահետներ վարչապետ Հիքմաթեարի կարգադրութեամբ ուղարկուել են ղարաբաղեան ճակատ: 1993թ. օգոստոսի կէսերին Հայտար Ալիեւը, ով նոր էր իշխանութեան եկել Ազրպէյճանում` տապալելով Ապուլֆազ Էլչիպէյին, գաղտնի Աֆղանստան էր գործուղել ներքին գործերի նախարարի տեղակալ Ռովշան Ճաւատովին` Հիքմաթեարի հետ պայմանաւորուելու վարձկաններ ուղարկելու հարցում: Մի քանի շաբաթ անց մուճահետները տեղաւորուել էին Մինկեչաուր քաղաքում`  Լեռնային Ղարաբաղից ոչ հեռու:

Աֆղան վարձկանների թիւը եղել է 1500-2500, նրանց կենտրոնատեղին Աղդամից հիւսիս, Պաշ Քարվենդ գիւղի մօտակայքում էր: 1994թ. մարտ-ապրիլ ամիսներին` «Հիւմըն ռայց ուոչ»ի ներկայացուցիչները մուճահետներին տեսել են Պաքուի «Ազրպէյճան» հիւրանոցում, պաշտպանութեան նախարարութեան շրջակայքում եւ Պարտա քաղաքում:

Ղարաբաղեան պատերազմին Ազրպէյճանի կողմից ռուս եւ աֆղան վարձկանների մասնակցութեան մասին գրում է այն տարիներին ղարաբաղեան կարգաւորման ռուս միջնորդ, նախագահ Պորիս Ելցինի յատուկ ներկայացուցիչ Վլատիմիր Քազիմիրովը իր «Խաղաղութիւն Ղարաբաղին» յուշերի գրքում. «Ռազմական գործողութիւնների թէժ շրջանը եղաւ 1993-ին: Արդէն ոչ թէ տեղական մարտեր էին, այլ գործնականում համընդհանուր ճակատի գիծ եւ զանգուածային մարտական գործողութիւններ` ժամանակակից զէնքերի կիրառումով, ընդարձակ տարածքների զաւթմամբ: Նախաձեռնութիւնն անցաւ հայերին. ղարաբաղցիներից եւ տարբեր երկրների կամաւորներից բացի` այնտեղ մարտնչում էին Հայաստանի կանոնաւոր զօրքերը: Միւս կողմը հաւաքագրել էր տարբեր վարձկաններ, այդ թւում շատ սպաներ` Ռուսաստանի մի շարք մարզերի զինկոմիսարիատների միջոցով եւ շուրջ երկու հազար աֆղան մուճահետներ»:

Արցախեան պատերազմին Ազրպէյճանի կողմից աշխուժ մասնակցութիւն են ունեցել նաեւ չեչեն ահաբեկիչները, որոնք հետագայ տարիներին մի շարք զարհուրելի գործողութիւններ իրականացրին Ռուսաստանի տարածքում, որոնց գագաթնակէտը Հիւսիսային Օսեթիայի Պեսլան քաղաքի դպրոցներից մէկում կատարուած մանկասպանութիւնն էր: Այդ ահաբեկիչներից մէկը` Շամիլ Պասայեւը, ով ռուսական յատուկ ջոկատայինների կողմից սպաննուեց մի քանի տարի առաջ, ժամանակին ազրպէյճանական «Էյ. Էն. Էս.» հեռուստաընկերութեանը պատմել է, թէ ինչպէս էին ազրպէյճանցի զինուորները փախչում Շուշիից:

Ի դէպ, բաւականաչափ փաստական նիւթեր կան նաեւ ահաբեկչական Քայիտայի Ազրպէյճանում ծաւալած գործունէութեան մասին: Ազրպէյճանը դասուել է այն 34 երկրների շարքին, որոնք, համաձայն ամերիկեան հետախուզական աղբիւրների, կապեր են ունեցել Ուսամա պըն Լատենի Քայիտա ահաբեկչական կազմակերպութեան հետ: Ազրպէյճանում ահաբեկչական խմբաւորումները գործունէութիւն են ծաւալել սկսած 1990-ական թուականներից: Մասնաւորապէս, Ազրպէյճանում առաւել աշխուժ է եղել Եգիպտոսի Իսլամական ժիհատ կազմակերպութիւնը, որը համարուել է Քայիտայի թեւերից մէկը:

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Յատուկ «Ազդակ»ի համար

 

Նախորդը

ՃԵՄԱՐԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՃԱՇԿԵՐՈՅԹ

Յաջորդը

ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐՈՒ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՆ ԱՌԻԹՈՎ. «ԵԹԷ ԱՆՊԱՅՄԱՆ ՊԷՏՔ Է ԱՐՏԱԳԱՂԹԵԼ, ԱՊԱ ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՊԷՏՔ Է ՄԵԿՆԻՆՔ» «ԱԶԴԱԿ»ԻՆ ՅԱՅՏՆԵՑ ՆԱԶԱՐԷԹ ՍԱՊՈՒՆՃԵԱՆ

RelatedPosts

Բարոյական Ուժը
Անդրադարձ

Բարոյական Ուժը

November 21, 2026
Արցախը Մեր Տեսակն Է (Անկախութեան Տօնի 28-ամեակ)
Անդրադարձ

Իմ Սիւնակը-Ձեր Աշխարհը. Հնաբոյր Եւ Փոշոտած Քաղաքական Համակարգի Մը Դէմ Յանդիման (Լիբանանի Անկախութեան 83-Ամեակ)

November 21, 2026
Պարտութենէն Անդին` Պատմութիւնը Ուրանալու Վտանգը
Անդրադարձ

Լիբանանի Անկախութիւնը. Տօնակատարութիւններ Եւ Իրականութիւն

November 21, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.