Լոյս Է Տեսել ՀՅԴ Պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի Ութերորդ Համարը

Օգոստոսի 1-ից համացանցի վրայ է ՀՅԴ Բիւրոյի պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 8-րդ համարը: Ամսագիրը թերթելով նկատելի է, որ վերջինիս էջերում հիմնականում ներկայացուած են Սեւրի պայմանագրի թեման եւ երիտասարդութեանը նուիրւած հրապարակումներ:

Երիտասարդութեան թեման է տեղ գտել նաեւ Վաչէ Բրուտեանի հեղինակած առաջնորդողում, որն ուշագրաւ անդրադարձ է 1970-ականներին Սփիւռքում տեղի ունեցած վերազարթօնքի շարժմանը եւ ազգային իրաւունքների համար պահանջատիրական նորօրեայ պայքարին, որի առանցքում, մասնաւորապէս, քաղաքականացուած երիտասարդութեան ներգրաւումն էր հին պայքարի նոր ասպարէզ: Գաղափարական այս կազմակերպուած շարժման փուլից սկսելով Վ. Բրուտեանը անցում է կատարում ժամանակակից աշխարհի հիմնահարցերին եւ այն մարտահրաւէրներին, որոնք ծառացած են այսօրուայ հայ երիտասարդութեան առջեւ: Ոչ պատահականօրէն «Դրօշակ»-ի ներկայ թուի հեղինակների մի մասը նոյնպէս երիտասարդներ են:

Սեւրի դաշնագրի հարիւրամեակը, որը լրանում է սոյն թուականի օգոստոսի 10-ին, «Դրօշակ»-ը կարեւորել է մի քանի հետաքրքրական յօդուածներով, որոնց խորագրերը արդէն իսկ պատկերացում կը ստեղծեն տուեալ հրապարակումների ասելիքի վերաբերեալ. Սեդօ Պոյաճեան. «Սեւրի դաշնագիրը Հայոց ազգային ուխտին պատուանդանն է», Արամ Սայիեան. «Սեւրը եւ քրդերը», Մելինէ Անումեան. «Թուրքիայի մղձաւանջը. Սեւրի պայմանագրի շուրջ թուրքական «գիտական» շրջանակների նոր մօտեցումները» եւ ՎՐԷԺ-ԱՐՄԷՆ. «Սեւրէն մինչեւ Տաւուշ»:

«Դրօշակ»-ը չէր կարող չանդրադառնալ նախորդ ամսուայ ընթացքում Տաւուշի սահմանագծում տեղի ունեցած ռազմական բախմանը: Տուեալ իրադարձութիւնները ներկայացրել ու մեկնաբանել է ռազմական վերլուծաբան Արթուր Եղիազարեանը:

Օգոստոսեան համարում տեղ է գտել նաեւ 124 տարի առաջ այս նոյն ամսին տեղի ունեցած պատմական կարեւորագոյն իրադարձութեանը արձագանքող. «Բանկ Օտոմանի գրաւումը եւ «զուգակցուած հարուածների» մարտավարութիւնը Հայկական Հարցի եւ ազատագրական պայքարի համատեքստում» հետաքրքրական յօդուածը, որի հեղինակը «Դրօշակ»-ի ընթերցողներին ծանօթ, պատմաբան, Անի Մելքոնեանն է:

Հերթական այս համարով «Դրօշակ»-ը փաստում է, որ կարեւորում է բնապահպանութեան թեման կեդրոնանալով իհարկէ Հայաստանի բնապահպանական խնդիրների վրայ: ՀՅ Դաշնակցութեան Հայաստանի Գերագոյն մարմնի շրջակայ միջավայրի պահպանութեան եւ բնական ռեսուրսների յանձնախմբի նախագահ Արեգ Ղարաբեգեանը «Դրօշակ»-ի ընթերցողին այս անգամ ներկայացրել է «Կենսոլորտային պահպանավայր. էութիւնն ու կիրառման անհրաժեշտութիւնը Հայաստանում» յօդուածը:

«Տարածաշրջանային» խորագրի ներքոյ կարելի է կարդալ Միքայէլ Հաջեանի. «Բարեփոխումներ» Ադրբեջանում՝ ընտանեկան միապետութեան ամրապնդման հեռանկարով» յօդուածը, որում ուշագրաւ տեղեկութիւններ են ներկայացուած ազրպէյճանական բռնապետական ընտանիքի եւ այս խոհանոցում հնարաւոր առաջիկայ փոփոխութիւնների վերաբերեալ:

«Դրօշակ»-ի համարը համացանցում կարող էք գտնել droshak.am հասցէի ներքոյ:

Ներբեռնել համարը Դրօշակ թիւ 8, 2020

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )