«Խեղճերի Արցունքից Եւ Թոյլերի Վախից Են Կործանւում Հայրենիքները». Բանակի Ընդհանուր Հրամանատարը՝ Զինուորներուն

Հայ-ազրպէյճանական պետական սահմանագօտիի հիւսիսարեւելեան հատուածին մէջ ծաւալած գործողութիւններուն ընթացքին Հայաստանի զինուած ուժերու Ընդհանուր հրամանատար, զօր. Օննիկ Գասպարեան մարտական կոչ յղած է հրամանատարներուն եւ զինուորներուն:

Ստորեւ՝ կոչը։

«Հայոց փառապանծ բանակի գեներալներ, սպաներ, սերժանտներ, զինուորներ, իմ զինակից ընկերներ,

Ադրբեջանը, ոգեկոչուելով մեր թշնամիների բազմակողմանի աջակցութիւնից, չի կարողանում հաշտուել Հայաստանի Հանրապետութեան հիւսիս-արեւելքում իր կողմից սադրած մարտական գործողութիւններում ջախջախիչ պարտութիւն կրելու հանգամանքի հետ եւ սպառնում է մեզ լայնածաւալ պատերազմով:

Մենք պէտք է կռուե՛նք եւ յաղթե՛նք, քանզի խեղճերի արցունքից եւ թոյլերի վախից են կործանւում հայրենիքները… Իսկ մեր երակներում հոսում է իսկական մարտիկի արիւն, մարտիկ, որ միշտ կարողացել է մարտնչել քանակով գերազանցող թշնամու դէմ: Ասուածի վառ ապացոյցը Սարդարապատի, Բաշ Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտերն են, ազատագրուած Արցախն ու փառապանծ Շուշին…

Մեր պայքարի անյագ ձգտումով եւ նախնեաց պատգամների խորը հաւատով դարեր շարունակ ոսոխին ցոյց ենք տուել մեր բազկի զօրութիւնը, որն ապացուցեցինք նաեւ այսօր` Չինարիում, Մովսէսում, Այգեպարում… եւ բարձր հայրենասիրութեամբ ու նուիրուածութեամբ աւելացրինք հայոց ազգի ու հայ զօրականի զէնքի փառքը: Իսկ 3-րդ բանակային կորպուսի վարած մարտական գործողութիւնները մտնելու են հայ ռազմարուեստի պատմութեան մէջ եւ դառնալու են որպէս զօրքերի կառավարման արդիւնաւէտութեան, հրամանատարների նախաձեռնողականութեան եւ հմտութեան ցուցաբերման, ինչպէս նաեւ հայ դիրքապահ զինուորների հերոսութեան ու խիզախութեան օրինակ:

Մեր գործն արդար է. մենք պաշտպանում ենք մեր պապերի սուրբ հողը, հայրական տունը, մեր պատիւն ու մեր ժողովրդի ազատ երկրում խաղաղ ապրելու իրաւունքը:

Մենք այլեւս դատապարտուած ենք միա՛յն յաղթելու: Ցոյց տա՛նք դաւադիր ոսոխին մինչեւ վերջ կռուելու մեր վճռականութիւնն ու պատրաստականութիւնը, որ նա այլեւս չփորձի հայեացք նետել Հայաստանի եւ Արցախի ուղղութեամբ:

Հպարտ եմ, որ ձեզանից մէկն եմ եւ պատիւ ունեմ իւրաքանչիւրիդ հետ համատեղ կերտելու զինուած ուժերի յաղթական ուղին` ի փառս հայ ժողովրդի:

Միասին առա՛ջ, դէպի յաղթանա՛կ… Աստուած մեզ զօրաւիգ ու պահապան…»։

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )