«Առաջին Լրատուական»Ի Հարցարզրոյցը Ամերիկայի Հայ Դատի Գրասենեակի Գործադիր Տնօրէն Արամ Համբարեանի Հետ

«Եթէ Արցախի Ականազերծման Ծրագիրը Չեղարկուի՝
Կը Վճարենք Մարդկային Կեանքերով. Մենք Դա Թոյլ Չենք Տայ»

«Միակ ուժը, որը շահագրգռուած է Արցախի մարդասիրական օգնութեան դադարեցմամբ, Բաքուն է: ԱՄՆ կառավարութիւնը բնական թշնամանք չունի Արցախի ականազերծման դէմ: Ականազերծումը երկար տարիներ եղել է Միացեալ Նահանգների գլոբալ առաջանահերթութիւններից մէկը: Պարզ տրամաբանութիւն է. եթէ ընդհանուր բանաձեւից հանենք Ադրբեջանի դիրքորոշումը՝ օգնութիւնը կը շարունակուի, քանի որ այն շատ ուժեղ աջակցութիւն ունի Կոնգրէսում»:

Վերջին օրերին հայկական մամուլում շատ է քննարկւում այն տեղեկութիւնը, որ ԱՄՆ կառավարութիւնը որոշել է դադարեցնել Արցախի տարածքում իրականացուող ականազերծման աշխատանքների ֆինանսաւորումը: Իրականում այս տեղեկութիւնը վերապահումներով կարելի է նորութիւն անուանել, քանի որ այս որոշման մասին Ամերիկայի Հայ Դատի Գրասենեակը, հայ փորձագէտները ահազանգել են դեռեւս նախորդ տարուայ ամրանը: Այժմ խօսքն, ըստ երեւոյթին, աւելի պաշտօնական բնոյթի տեղեկութեան մասին է: Բայց այժմ էլ պէտք է ընդգծել, որ որոշումը դեռեւս վերջնական չէ: Այս մասին յայտարարել է Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը: «Առաջին Լրատուական»ի խնդրանքով նա պատասխանել է թեմային առնչուող մի շարք կարեւոր հարցերի:

Խօսքը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան` USAID-ի կողմից ֆինանսաւորուող եւ երկար տարիներ «The HALO Trust» կազմակերպութեան կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացուող մարդասիրական ականազերծման ծրագրի մասին է, որի շրջանակներում բազմաթիւ մարդկանց կեանքեր են փրկուել: Հարկ է նկատել, որ Միացեալ Նահանգները Հայաստանի Հանրապետութիւնից յետոյ աշխարհում միակ պետութիւնն է, որն ուղիղ ֆինանսական օգնութիւն է յատկացնում Արցախին, եւ այս առումով ամերիկեան ֆինանսաւորման դադարեցումն, ի հարկէ, լաւ լուր չէ, եթէ հաշուի առնենք, որ ըստ Արցախի արտգործնախարարութեան մեկնաբանութեան՝ մարդասիրական ականազերծման աշխատանքներն Արցախում դեռեւս աւարտուած չեն, եւ պահպանւում են բնակչութեան համար ականներով պայմանաւորուած վտանգները:

Թրամփի վարչակազմի այս որոշումը տարատեսակ ենթադրութիւնների ու սպեկուլեացիաների (գուշակութիւններ-Խմբ.) առիթ դարձաւ՝ հարցին տալով նաեւ քաղաքական երանգներ: Ամերիկացի հեղինակաւոր վերլուծաբան, Վաշինգտոնի Միջազգային խաղաղութեան Քարնեկի հիմնադրամի «Ռուսաստան եւ Եւրասիայ» ծրագրի առաջատար գիտաշխատող Փոլ Սթրոնսկին (Paul Stronski) դեռ նախորդ տարուայ Օգոստոսին «Առաջին Լրատուական»-ի հարցազրոյցում առաջ էր քաշել այն վարկածը, որ Արցախի ֆինանսական աջակցութեան կասեցումը Թրամփի պատասխանն է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ Սիրիա մարդասիրական առաքելութիւն ուղարկելու որոշմանը: Նա ընգծել էր, թէ Հայաստանը ռուսական առաքելութեան շրջանակներում Սիրիա է ուղարկել ԱՄՆի կողմից եւ «ամերիկացի հարկատուների փողերով մարզուած» ականազերծողներին:

Եղել են նաեւ պաշտօնական մեկնաբանութիւններ: Կոնգրէսականների հարցումներին ի պատասխան՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Մերի Թէյլորն ու USAID-ի տնօրէնի օգնական Ռիչարդ Փարկերը պատասխան նամակում նշել են, որ 2017 թուականից ի վեր Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչութեան շրջանում ականներից որեւէ զոհ չի եղել, եւ այժմ քննարկւում է օժանդակութեան նոր հնարաւորութիւն, մասնաւորապէս՝ բնակչութեան նախապատրաստումը խաղաղութեան:

Աւելի վաղ՝ Մարտի 11-ին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 75 անդամ նամակով դիմել էին Արտաքին յատկացումների հարցերով ենթայանձնաժողովի ղեկավարութեանը՝ կոչ անելով 2021 թ. բիւջէում նախատեսել ֆինանսական միջոցներ՝ Արցախում ականազերծման եւ ռէաբիլիտացիոն (վերականգնման-Խմբ.) աշխատանքների շարունակականութիւնն ապահովելու, ինչպէս նաեւ Հայաստանին յատկացուող օգնութիւնն ընդլայնելու համար: Արցախի համար ամերիկացի կոնգրէսականները 1.5 մլն. դոլար են խնդրում լիազօր մարմիններից:

Իսկ Արամ Համբարեանն ասել է, որ Արցախի ականազերծման ծրագրին վերաբերող որոշումը դեռեւս վերջնական չէ. «Վերջնական որոշումը կը կայացուի իշխանութեան գործադիր եւ օրէնսդիր ճիւղերի փոխգործակցութեան արդիւնքում: Վերջնական որոշումն ի յայտ կը գայ առաջիկայ շաբաթներին, ամիսների ընթացքում, երբ սկսուի 2021թ. «Օտարերկրեայ Պետութիւններին Օգնութեան» տրամադրման մասին օրինագծի (Foreign Aid Bill) մշակումը»:

Թեմայի շուրջ «Առաջին Լրատուական»ի զրուցակիցն է Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը:

«ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՈՒԱԿԱՆ».-  Պարոն Համբարեան, այս թեմայի առնչութեամբ մեզ առաջին հերթին հետաքրքրում է այն հարցը, թէ ինչու՞ Միացեալ Նահանգների կառավարութիւնը որոշեց դադարեցնել Արցախի օգնութեան ծրագիրը: Որ՞ն է պատճառը:

ԱՐԱՄ ՀԱՄԲԱՐԵԱՆ.-  Վերջին երկու տասնամեակների ընթացքում՝ թէ՛ Քլինթօնի, թէ՛ Բուշի, թէ՛ Օբամայի հիմա էլ՝ Թրամփի օրօք, Միացեալ Նահանգների գործադիր իշխանութիւնը միշտ էլ ընդդիմացել է Արցախին ամերիկեան օգնութիւն տրամադրելու ծրագրին: Այս ծրագիրը սկսուել է 1998 թուականին եւ դրա նպատակը մարդասիրական օգնութիւնն էր, օրինակ՝ նիւթական օգնութիւն առողջապահական ոլորտին, մաքուր ջրի խնդրի լուծում, իսկ արդէն այսօր՝ ականազերծման աշխատանքներ: Իշխանութեան գործադիր ճիւղը միշտ էլ ընդդիմացել է այս ծրագրին, եւ Կոնգրէսն է, որ սկսել է այն ու ապահովել դրա շարունակականութիւնը աւելի քան 20 տարի: Այս իմաստով սա նոր զարգացում չէ:
Նորութիւնն այն է, որ Թրամփի օրօք գործադիր ճիւղի յարձակումը, ճնշումները ծրագրի վրայ աւելի ծանր են, քան նախորդ վարչակազմերի օրօք: Եւ բոլոր պատճառները տանում են դէպի Բաքու, Արցախի մարդասիրական օգնութիւնը կանգնեցնելը Բաքուի քաղաքական առաջնահերթութիւնն է: Տարիներ շարունակ ԱՄՆ կառավարութիւնը դիմակայել է Ադրբեջանի ճնշումներին՝ ընդդէմ այս մարդասիրական ծրագրի օգուտների ու նաեւ խաղաղութեան մէջ արուող այն ներդրումների, որոնք բխում են այդ ծրագրից:

«ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՈՒԱԿԱՆ».- Նկատի ունէք՝ սրա պատճառը կարող է Ադրբեջանի կառավարութեան ճնշումը՞ լինել:

ԱՐԱՄ ՀԱՄԲԱՐԵԱՆ.-  Ես նկատի ունեմ, որ միակ ուժը, որը շահագրգռուած է Արցախի մարդասիրական օգնութեան դադարեցմամբ, Բաքուն է: Միացեալ Նահանգների կառավարութիւնը բնական թշնամանք չունի Արցախի ականազերծման դէմ: Ականազերծումը երկար տարիներ եղել է Միացեալ Նահանգների գլոբալ առաջանահերթութիւններից մէկը: Պարզ տրամաբանութիւն է. եթէ ընդհանուր բանաձեւից հանենք Ադրբեջանի դիրքորոշումը, Ադրբեջանի շահը՝ օգնութիւնը կը շարունակուի, քանի որ այն շատ ուժեղ աջակցութիւն ունի Կոնգրէսում: Յիշէք, որ 2017ին եւ 2019ին երկու օրէնսդրական ուղղում է անցկացուել, նախորդ տարի Ներակայացուցիչների պալատի եւ Սենատի (Ծերակոյտ- Խմբ.) 100 անդամներ իրենց աջակցութիւնն են յայտնել Արցախի ականազերծման ծրագրին USAID-ին ուղղուած նամակում, իսկ այս ամիս նամակով հանդէս եկաւ 70ից աւելի կոնգրէսական՝ կոչ անելով շարունակել ծրագիրը: Այնպէս որ, ծրագիրը շատ մեծ աջակցութիւն ունի, եւ միակ դիմադրութիւնը Բաքուի կողմից է: Թրամփի վարչակազմը կարող էր գտնել այդ մի քանի միլիոն դոլարը, եթէ խնդիրը զուտ փողը լինէր: Բայց սա փողի խնդիր չէ, սա քաղաքական խնդիր է:

 «ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՈՒԱԿԱՆ».- Քարնեկի հիմնադրամի փորձագէտ Փոլ Սթրոնսկին նոյնպէս քաղաքական դրդապատճառներ է նշում՝ ասելով, թէ Թրամփի այս որոշումը կապուած է Սիրիա հայկական հումանիտար առաքելութիւն ուղարկելու որոշման հետ:

 ԱՐԱՄ ՀԱՄԲԱՐԵԱՆ.-  Կան նաեւ այլ վարկածներ՝ կապուած Իրանի հետ, կապուած Ադրբեջանի հետ եւ դրանք կարող են ճշմարիտ լինել: Բայց այն, ինչ հաստատ ճիշտ չէ, Թրամփի պաշտօնական բացատրութիւնն է, թէ պատճառը բիւջէտային կամ վարչական փոփոխութիւններն են, եւ այդ գումարը պիտի յատկացուի այլ առաջնահերթութիւնների: Եթէ պատճառը ձեր ասածն է կամ մէկ այլ վարկած, ապա Թրամփի վարչակազմը պէտք է բացատրի իր որոշման պատճառները եւ ոչ թէ ձեւացնի, թէ սա պարզապէս բիւջէտային խնդիր է: Դա լուրջ չէ: Գումարը, որի մասին խօսում ենք, այնքան փոքր է, որ այդ բացատրութիւնը չի կարող համոզիչ լինել:

«ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՈՒԱԿԱՆ».- Իսկ ունե՞նք արդեօք իրական շանսեր փրկելու Արցախի ականազերծման ծրագիրը կոնգրէսականների աջակցութեան միջոցով կամ այլ ճանապարհներով:

 ԱՐԱՄ ՀԱՄԲԱՐԵԱՆ.-  Մենք անելու ենք ամէն ինչ այս ծրագիրը փրկելու համար: Սա կեանքեր փրկող ծրագիր է, սա ներդրում է խաղաղութեան մէջ եւ եթէ այն չեղարկուի՝ մենք կը վճարենք խաղաղ բնակիչների՝ գիւղացիների եւ երեխաների կեանքերով: Մենք դա թոյլ չենք տայ:

 «ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՈՒԱԿԱՆ».- Դուք ասել էք, որ որոշումը դեռ վերջնական չէ: Այսինքն՝ դուք հաւատում էք, որ կարելի է ինչ-որ բան փոխել:

ԱՐԱՄ ՀԱՄԲԱՐԵԱՆ.- Կարծում եմ՝ դուք ծանօթ էք մեր համակարգին. Կոնգրէսն ընդունում է ֆինանսական յատկացումների օրինագիծը, յետոյ նախագահը հաստատում է այն: Այս գործընթացում կողմերից իւրաքանչիւրը մեծ իշխանութիւն եւ ուժ ունի եւ միաժամանակ՝ կողմերից ոչ ոք 100 տոկոսանոց իշխանութիւն չունի: Գործադիր իշխանութիւնը շատ յստակ ցոյց է տուել իր դիրքորոշումը եւ հիմա պարտաւոր է նոյն յստակութեամբ բացատրութիւն տալ: Սա բաւական բարդ պրոցես (գործընթաց-Խմբ.) է, որը դեռ չի աւարտուել: Հարկաւոր է մի շատ կարեւոր բան հասկանալ՝ գործադիր իշխանութիւնը միշտ էլ դէմ է եղել օգնութեան ծրագրին եւ եթէ նրանք կարողանային սպանել այն, ապա դա կ’անէին 20 տարի առաջ: Նրանք միշտ էլ դէմ են եղել: Սա բաւական ծանր յարձակում է, բայց նրանք նախկինում էլ են դէմ եղել, սա նորութիւն չէ:

 «ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՈՒԱԿԱՆ».- Եթէ ականազերծման ֆինանսաւորումը դադարեցուի՝ պէ՞տք է արդեօք ակնկալենք մարդասիրական այլ ծրագրեր Միացեալ Նահանգների կողմից:

ԱՐԱՄ ՀԱՄԲԱՐԵԱՆ.- Դա այն կարեւոր հարցերից է, որը մենք այժմ քննարկում ենք, բայց այս պահին մեր գլխաւոր նպատակը Արցախը ականներից ազատելն է:

 

 

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )