Արցախցիների բռնի տեղահանութիւնը 2023-ի սեպտեմբերին դարձաւ Հարաւային Կովկասի վերջին տասնամեակների ամենածանր աղէտներից եւ մի պետութեան կողմից միւսի նկատմամբ ցեղասպան քաղաքականութեան դրսեւորումներից մէկը: Մի քանի օրուայ ընթացքում աւելի քան 100.000 արցախահայեր, ենթարկուելով ցեղասպանութեան եւ բռնի տեղահանութեան, լքեցին իրենց պատմական բնակավայրերը` ապաստան գտնելով հիմնականում Հայաստանի Հանրապետութիւնում: Այս գործընթացը ոչ միայն մարդկային ողբերգութիւն էր, այլեւ միջազգային իրաւունքի, տարածաշրջանային քաղաքականութեան եւ անվտանգային հաւասարակշռութեան պահպանման լուրջ խնդիրների առջեւ կանգնեցրեց տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային ուժերին:
Ազրպէյճանի կազմակերպուած ցեղային զտումը, որը հիմնուած էր երկարատեւ շրջափակման եւ ռազմական բռնութեան վրայ, եւ յանգեցրել էր ողջ հայ բնակչութեան բռնի տեղահանմանը պատմական հայրենիքից, միջազգային կազմակերպութիւնների կողմից ճանաչուել է որպէս մարդու իրաւունքների կոպիտ խախտում: Օրինակ, «Ֆրիտըմ Հաուզ»-ի 2024-ի զեկոյցը հաստատում է, որ Ազրպէյճանը կանխամտածուած արշաւ է իրականացրել Արցախը հայերից դատարկելու համար, ներառեալ` շրջափակումը, որը յանգեցրել է սովի եւ մարդկային ճգնաժամի: Այս աղէտը ոչ միայն խախտել է միջազգային իրաւունքը, այլեւ ցոյց է տուել Ազրպէյճանի իշխանութեան ազգայնամոլ եւ ցեղասպան բնոյթը, որը շարունակում է անպատիժ մնալ` հիմնուած նաւթային շահերի եւ աշխարհաքաղաքական խաղերի վրայ:
Հիմնական հարցերից մէկը, որ օրակարգում է մնում մինչ օրս, վերաբերում է արցախահայութեան վերադարձի հնարաւորութեանը: Արդեօ՞ք նրանք կը կարողանան վերադառնալ իրենց տները, ի՞նչ պայմաններում եւ ի՞նչ երաշխիքներով: Ինչպիսի՞ն է Ազրպէյճանի պաշտօնական դիրքորոշումը այս հարցում, եւ ինչպէ՞ս են արձագանգում միջազգային կազմակերպութիւնները: Այս հարցադրումները պահանջում են համակարգուած եւ խորքային վերլուծութիւն, քանի որ դրանք առնչւում են ինչպէս մարդկային իրաւունքին, այնպէս էլ տարածաշրջանային կայունութեան հեռանկարին: 2025-ի դրութեամբ, չնայած խաղաղութեան մասին խօսակցութիւններին, Ազրպէյճանը շարունակում է խոչընդոտել վերադարձը` ոչնչացնելով հայկական մշակութային ժառանգութիւնը եւ կալանաւորելով հայկական առաջնորդներին: Օրինակ, Ազրպէյճանը դատավարութիւններ է իրականացնում Արցախի ռազմաքաղաքական վերնախաւի, ներառեալ` Ռուբէն Վարդանեանի դէմ, ինչը «Հիումըն ռայց ուոչ»-ը որակել է որպէս քաղաքական հետապնդում: Այս ամէնը ցոյց է տալիս Պաքուի իշխանութեան հակահայկական քաղաքականութիւնը, որը ոչ միայն խախտում է միջազգային իրաւունքը, այլեւ խոչընդոտում է տարածաշրջանային խաղաղութեանը:
Միջազգային իրաւունքի շրջանակում «վերադարձի իրաւունքը» հանդիսանում է հիմնարար սկզբունք: Մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագրի 13-րդ յօդուածը յստակ ամրագրում է իւրաքանչիւրի իրաւունքը` վերադառնալու իր երկիր: Բացի այդ` ՄԱԿ-ի Փախստականների կարգավիճակի մասին 1951-ի համաձայնագիրը եւ մի շարք միջազգային իրաւական փաստաթղթեր պահանջում են, որ պետութիւններն ապահովեն տեղահանուածների անվտանգ եւ կամաւոր վերադարձը: Արցախի դէպքում այս իրաւունքը յատկապէս կարեւոր է, քանի որ տեղահանումը տեղի է ունեցել որպէս ցեղային զտման հետեւանք: Միջազգային քրէական դատարանը եւ ՄԱԿ-ի յանձնաժողովները բազմիցս դատապարտել են նման գործողութիւնները, ինչպէս, օրինակ, արուել է 2023-ի ՄԱԿ-ի առաքելութեան զեկոյցով, որով արձանագրուել է, որ գրեթէ ամբողջ հայկական բնակչութիւնը ստիպուած է եղել մազապուրծ փախչել Ազրպէյճանի սպառնալիքների ներքոյ:
Արցախի դէպքում հարցը բարդանում է երկու սկզբունքների հակադրման պարագայում: Մի կողմից Ազրպէյճանը յայտարարում է տարածքային ամբողջականութեան սկզբունքի գերակայութիւնը` շեշտելով, որ Արցախն իր անբաժան տարածքն է: Միւս կողմից` արցախահայերն իրենց պայքարը հիմնաւորել են ինքնորոշման իրաւունքով, որը եւս ամրագրուած է միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունքների շարքում: Այս երկու սկզբունքների բախումը յանգեցրել է միջազգային հարթակներում երկակի մօտեցումների. միջազգային կազմակերպութիւններն արձանագրում են տեղահանման փաստը եւ իրաւունքի խախտումը, սակայն խուսափում են Ազրպէյճանի նկատմամբ պարտադրանքից` ելնելով տարածաշրջանային լայն քաղաքական հաշուարկներից: Ազրպէյճանի դիրքորոշումն այստեղ յատկապէս քննադատելի է, քանի որ այն հիմնուած է ոչ թէ իրաւունքի, այլ ուժի վրայ` անտեսելով հայկական ինքնորոշման պատմական եւ իրաւական հիմքերը: Օրինակ, 2024-ի զեկոյցներում «Հիումըն ռայց ուոչ»-ը նշում է, որ Ազրպէյճանը շարունակում է խախտել հայերի իրաւունքները, ներառեալ` կտտանքներն ու անօրինական կալանքները: Այս բոլորը ապացուցում են Պաքուի հակաժողովրդավարական վարչակազմի բնոյթը, որը տարածքային ամբողջականութիւնն օգտագործում է որպէս ծածկոյթ` ցեղասպան քաղաքականութեան համար:
Ինչ վերաբերւում է Ազրպէյճանի ղեկավարութեանը, ապա նա 2020-ից ի վեր մշտապէս շեշտում է, որ Արցախը եւ յարակից բոլոր շրջանները վերադարձուել են Պաքուի լիակատար վերահսկողութեան ներքոյ, իսկ իրականում անժխտելի փաստ է, որ Արցախի Հանրապետութիւնը եւ Հայաստանի Հանրապետութեան պատկանող տարածքի որոշ հատուածներ բռնազաւթուել են թուրք-ազրպէյճանական լծակից զոյգի կողմից:
Արդէն 2023-ի սեպտեմբերեան գործողութիւններից յետոյ ազրպէյճանական իշխանութիւնները յայտարարեցին, որ Արցախում իբր թէ «վերականգնուել է սահմանադրական կարգը»: Այս դիրքորոշման հիմքում ընկած է այն համոզմունքը, որ Ազրպէյճանի սահմանադրական եւ իրաւական դաշտում այլեւս որեւէ բացառութիւն կամ ինքնավար կարգավիճակ չի կարող լինել: Սակայն այս յայտարարութիւնները մեծ կեղծիք են, քանի որ Ազրպէյճանը շարունակում է պնդել, որ հայերի տեղահանումը «կամաւոր» է եղել, չնայած միջազգային ապացոյցներին, որոնք հակառակն են փաստում: Օրինակ, 2025-ի յուլիսին Ազրպէյճանը դարձեալ կրկնել է այս պնդումը` անտեսելով 100.000-ից աւելի տեղահանուածների վկայութիւնները:
Ազրպէյճանական պաշտօնական յայտարարութիւններում շեշտադրւում է «Մեծ վերադարձ» ծրագիրը, սակայն այն վերաբերում է հիմնականում Ազրպէյճանի կողմից բռնազաւթուած տարածքներում ազրպէյճանցիների վերաբնակեցմանը: Իսկ հայերի վերադարձը Պաքուի կողմից չի դիտարկւում առանձին քաղաքական օրակարգում: Թէեւ յայտարարութիւններում նշւում է, որ իւրաքանչիւր քաղաքացի կարող է ապրել Ազրպէյճանի սահմաններում հաւասար իրաւունքներով, գործնականում որեւէ քայլ չի ձեռնարկուել հայ բնակչութեան վերադարձի ուղղութեամբ: Միեւնոյն ժամանակ պետական քարոզչական խօսոյթում յաճախ շեշտադրւում է, որ Արցախի տարածքը պէտք է համարկուի ազրպէյճանական հասարակական եւ մշակութային միջավայրին: Սա փաստում է, որ Պաքուն հայկական ինքնութեան պահպանմամբ վերադարձի որեւէ տարբերակ չի նախատեսում: Աւելի՛ն. Ազրպէյճանն աշխուժօրէն ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգութիւնը. օրինակ` 2024-ի ապրիլին արբանեակային լուսանկարները ցոյց են տուել Քարինտակ գիւղի եւ Սուրբ Յովհաննէս եկեղեցու ամբողջական ոչնչացումը: Այս գործողութիւնները ոչ միայն խախտում են ԵՈՒՆԵՍՔՕ-ի համաձայնագիրները, այլեւ ցոյց են տալիս Ազրպէյճանի ցեղասպան մտադրութիւնները` ջնջել հայկական հետքը Արցախից: Ազրպէյճանի նախագահ Ի. Ալիեւի յայտարարութիւնները, ինչպէս` «Մեծ վերադարձ» ծրագրի մասին, որտեղ նա խօսում է ազրպէյճանցիների վերաբնակեցման մասին, բայց` անտեսում հայերին, հաստատում են այս ազգայնամոլ քաղաքականութիւնը:
Ասուածի պարունակում հետաքրքիր է միջազգային կառոյցների արձագանգը, որը բազմաշերտ է եւ հիմնականում, մարդասիրական բնոյթի, սակայն` անօգուտ: ՄԱԿ-ի փախստականների գերագոյն յանձնակատարի գրասենեակն արձանագրել է զանգուածային տեղահանման փաստը եւ մեկնարկ է տուել յատուկ ծրագրի` աջակցելու տեղահանուածներին Հայաստանում: Եւրոպական Միութիւնը եւ մի շարք պետութիւններ` Ֆրանսան, Գերմանիան, Նետերլանտները, յայտարարել են ֆինանսական եւ մարդասիրական աջակցութեան ծրագրերի մասին: Միջազգային իրաւապաշտպան կազմակերպութիւնները, ինչպիսիք են «Հիումըն ռայց ուոչ»-ը եւ «Ամնեսթի ինթըրնէշընըլ»-ը, իրենց զեկոյցներում ընդգծել են, որ տեղի ունեցածը յանգեցրել է ցեղային զտման եւ զանգուածային իրաւունքների խախտման: Օրինակ` Եւրոպական Միութիւնը 2023-ից ի վեր տրամադրել է աւելի քան 17.5 միլիոն եւրօ մարդասիրական օգնութիւն տեղահանուածներին, իսկ Ֆրանսան` 7 միլիոն եւրօ 2023-ին` աջակցելով հասարակական կազմակերպութիւններին եւ ՄԱԿ-ի գործակալութիւններին: Ամերիկան եւս դատապարտել է տեղահանումը, բայց Ազրպէյճանի դէմ խիստ պատժամիջոցներ չի կիրառել:
Այնուամենայնիւ, քաղաքական մակարդակում արձագանգը զուսպ է: Արեւմտեան պետութիւնների մեծ մասը խուսափում է ուղղակի պարտադրանքից Ազրպէյճանին եւ առաջնահերթ է համարում տարածաշրջանային խաղաղութեան ընդհանուր օրակարգը: Այդ պատճառով արցախահայութեան վերադարձի հարցը չի դառնում միջազգային ճնշման առարկայ, այլ թողնւում է կողմերի երկկողմ բանակցութիւնների եւ միջնորդաւորուած գործընթացների դաշտում: Սակայն այս զուսպ մօտեցումը քննադատելի է, քանի որ այն թոյլ է տալիս Ազրպէյճանին` շարունակելու իր ցեղասպան քաղաքականութիւնը: Օրինակ` 2025-ի օգոստոսին ամերիկեան միջնորդութեամբ ստորագրուած համաձայնագիրը բացառում է հայերի վերադարձի իրաւունքը, ինչը ցոյց է տալիս, որ միջազգային հանրութիւնը, չնայած մարդասիրական օգնութեանը, չի կատարում իր պարտաւորութիւնները` թոյլ տալով Ազրպէյճանին խուսափել պատասխանատուութիւնից:
Արցախահայութեան վերադարձը ներկայում պայմանաւորուած է մի շարք բարդ խոչընդոտներով: Նախ եւ առաջ բացակայում են անվտանգութեան երաշխիքները. Արցախի տարածքում տեղակայուած են ազրպէյճանական զինուած ուժերը, եւ տեղահանուած բնակչութիւնը գիտի, որ վերադառնալու դէպքում իր կեանքը եւ գոյքը պաշտպանուած չեն լինի: Բացի այդ` Ազրպէյճանի քաղաքական օրակարգում հայկական բնակչութեան վերադարձի ուղղութեամբ քայլեր ձեռնարկելու մտադրութիւն չկայ:
Խորն է նաեւ վստահութեան ճգնաժամը. տասնամեակների հակամարտութիւնը, սեպտեմբերեան իրադարձութիւնների ծանր հետեւանքները եւ բռնաճնշումների վախն արցախահայութեանը զրկում են վերադարձի հարցում վստահութիւնից: Հետագայ խոչընդոտ է տնտեսական եւ ենթակառուցուածքային իրավիճակը. բազմաթիւ բնակավայրեր վնասուել են, իսկ իրականացուող վերակառուցման ծրագրերը նախատեսուած են հիմնականում ազրպէյճանցի վերաբնակիչների համար: Վերջապէս, առկայ է նաեւ մշակութային ու ինքնութեան հարց. Պաքուն որեւէ երաշխիք չի տալիս լեզուի, կրօնի եւ մշակութային ինքնութեան պահպանման համար, ինչն Արցախի հայերի վերադարձը վերածում է ոչ թէ իրաւունքի իրացման, այլ միատարրացման քաղաքականութեան բաղադրիչի: Ազրպէյճանի կողմից եկեղեցիների եւ գերեզմանոցների ոչնչացումը, ինչպէս 2023-ի զեկոյցներում նշուած է, հաստատում է այս մտադրութիւնները, ներառեալ` հարիւրաւոր մշակութային յուշարձանների ոչնչացումը: Այս խոչընդոտները ստեղծուած են Ազրպէյճանի կողմից, որպէսզի կանխեն հայերի վերադարձը եւ ամրապնդեն իրենց բռնազաւթումը:
Եթէ արցախահայութեան վերադարձի իրաւունքը չիրացուի, ապա տարածաշրջանում կարող է ձեւաւորուել նոր իրավիճակ, որտեղ պատմական հայկական բնակչութիւնը լիովին բացակայում է: Սա կը նշանակի Հարաւային Կովկասի բազմազանութեան կորստի խորացում եւ երկարաժամկէտ լարուածութեան պահպանում: Միեւնոյն ժամանակ Ազրպէյճանի կողմից իրականացուող վերաբնակեցման քաղաքականութիւնը, որը ենթադրում է ազրպէյճանցիների տեղափոխում բռնազաւթուած հայկական բնակավայրեր, կարող է միջազգային իրաւունքի տեսանկիւնից գնահատուել որպէս բնակչութեան փոխարինում մէկը միւսով: Նման գործընթացները պատմութեան ընթացքում յաճախ յանգեցրել են նոր հակամարտութիւնների եւ խորացրել անվստահութիւնը: Օրինակ` 2025-ի, այսպէս կոչուած, «խաղաղութեան» համաձայնագրերը, որոնք անտեսում են վերադարձի իրաւունքը, կարող են յանգեցնել նոր լարուածութեան, ինչպէս նշւում է «Նիուզուիք»-ի յօդուածում` առանց արդարութեան խաղաղութիւնը միայն ամրապնդում է ողբերգութիւնը:
Տարածաշրջանային տէրութիւնների շահերը եւս մեծապէս ազդում են խնդրի վրայ: Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը եւ Արեւմուտքը փորձում են առաջ մղել իրենց ռազմավարական օրակարգերը, ինչի պատճառով արցախահայութեան վերադարձի հարցը յաճախ վերածւում է քաղաքական առեւտրի գործիքի: Եթէ միջազգային հանրութիւնը չձեւաւորի միասնական մօտեցում, ապա խնդիրը կը մնայ չլուծուած` շարունակելով լարուածութիւն սերմանել: Ամենաթողութիւնը Ազրպէյճանին հնարաւորութիւն կը տայ շարունակելու բռնարարքները, ինչը սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ տարածաշրջանի կայունութեանը:
Ըստ էութեան, արցախահայերի վերադարձի հարցը շարունակում է մնալ տարածաշրջանի ամենախնդրայարոյց հարցերից մէկը: Թէեւ միջազգային իրաւունքը յստակ ամրագրում է տեղահանուածների վերադարձի իրաւունքը, սակայն դրա իրագործումը կախուած է ոչ միայն Ազրպէյճանի քաղաքական կամքից, այլեւ` միջազգային հանրութեան ճնշումից եւ ներգրաւուածութիւնից: Առանց անվտանգութեան երաշխիքների, միջազգային դիտորդական գործիքակազմերի եւ մշակութային ինքնութեան պահպանման ուղիների՛ վերադարձը գործնականում անհնար է: Ազրպէյճանի ներկայիս քաղաքական դիրքորոշումը ցոյց է տալիս, որ Պաքուն չի դիտարկում հայկական բնակչութեան յատուկ իրաւունքները եւ չի նախաձեռնում նրանց վերադարձի գործընթաց: Աւելի՛ն. Ազրպէյճանի գործողութիւնները, ինչպէս` մշակութային ժառանգութեան ոչնչացումը եւ Արցախի ռազմաքաղաքական վերնախաւի կալանքը, պահանջում են միջազգային պատժամիջոցներ, որպէսզի կանխուի հետագայ բռնարարքները:
Հետեւաբար խնդիրը մնում է ոչ միայն մարդասիրական, այլեւ քաղաքական ու իրաւական օրակարգի առանցքում: Այն լուծելու համար անհրաժեշտ է համապարփակ մօտեցում` միջազգային միջնորդների գործնական մասնակցութեամբ, իրաւական պարտաւորութիւնների յստակեցմամբ եւ անվտանգութեան նոր համակարգերի ձեւաւորմամբ: Առանց այդ քայլերի` արցախահայութեան վերադարձը կը մնայ տեսական իրաւունք, բայց` ոչ գործնական իրողութիւն: Արցախի հայերը, որոնք պահպանում են իրենց ինքնութիւնը եւ պայքարը, արժանի են արդարութեան, եւ միջազգային հանրութիւնը պէտք է վերջ դնի Ազրպէյճանի անպատժելիութեանը` ապահովելով արցախահայութեան անվտանգ վերադարձը: