Կիրակի օր Նետերլանտներու մէջ տեղի ունեցաւ Զանտվորթի կրան փրին, որ այս տարուան 15-րդն էր, եւ տակաւին 9 կրան փրիներ կան:
Դասաւորման առաջին դիրքը գրաւող աւստրալիացի Օսքար Փիասթրի 25 կէտեր եւս աւելցուց իր «Մաքլարեն»-ով, եւ դժուար թէ մրցակցութեան հանդիպի յաջորդ կրան փրիներուն, մանաւանդ որ իր ինքնաշարժը շատ աւելի առաւելութիւն ունի մրցակիցներուն վրայ, մինչ իր մրցակից-խմբակիցը` Լանտօ Նորիս 34 կէտով ետ կը մնայ:
Աւելի՛ն Նորիս, որ յոյս ունէր աւելի մօտենալու Փիասթրիի, ինքնաշարժի խանգարում ունեցաւ եւ կիսատ ձգեց կրան փրին:
Կիրակի օր «Ֆեռարի»-ներուն համար ձախող օր մըն էր, ուր Շարլ Լըքլեր աւարտէն 20 շրջան առաջ, իսկ Լուիս Համիլթըն մրցումի 22-րդ շրջանին լքեցին մրցումը:
Օրուան հերոսն էր ֆրանսացի Իզաք Հաժժար, որ իր «Ռէյսինկ Պուլզ»-ով գրաւեց 3-րդ դիրքը` 20 տարեկանին բարձրանալով «փոտիում» ասպարէզին ընթացքին առաջին անգամ ըլլալով:
«Աներեւակայելի օր: Անակնկալ էր ինծի համար` գիտնալով, որ Ճորճ Ռասըլ եւ երկու «Ֆեռարի»-ները ետեւս էին», ըսաւ Հաժժար, որ Աւստրալիոյ մէջ իր առաջին կրան փրիին արկած ունեցած էր առաջին շրջանի պատրաստութեան պահուն: «Վստահ կարծեցի, որ այդ օրը կեանքս վերջ գտաւ, բայց աւելի ուշ կը զգաս, թէ ատկէ կրնաս դուրս գալ: Արդէն 4-րդ դիրքը գրաւելը մեծ բան էր: Բայց 3-րդ դիրքը գրաւելը իմ «հերոս»-իս կողքին (Վերշթափընի մասին է խօսքը)… լուսին հասնելու նման էր», ըսաւ Հաժժար:
Վերջին 4 տարիներու աշխարհի ախոյեան Մաքս Վերշթափըն իր «Ռետ Պուլ»-ով 2-րդ դիրքը գրաւեց, 4 ապարդիւն կրան փրիներէ ետք առաջին անգամ ըլլալով բարձրանալով փոտիում: Վերշթափըն իր երկրի այս կրան փրիներուն միշտ ալ առաջին երկու դիրքերը գրաւած է:
Նշենք, որ 16-րդ կրան փրին տեղի կ՛ունենայ Իտալիոյ մէջ այս շաբաթ:
Ստորեւ` Նետերլանտներու կրան փրիին արդիւնքները.
| ԿԷՏ | |
| 1.- Օսքար Փիասթրի («Մաքլարեն») | 25 |
| 2.- Մաքս Վերշթափըն («Ռետ Պուլ») | 18 |
| 3.- Իզաք Հաժժար (Ռէյսինկ Պուլզ») | 15 |
| 4.- Ճորճ Ռասըլ («Մերսետես») | 12 |
| 5.- Ալեսանտր Ալպոն («Ուիլիամս») | 10 |
| 6.- Օլիվըր Պերման («Հաաս») | 8 |
| 7.- Լանս Սթրոլ («Ասթոն Մարթին») | 6 |
| 8.- Ֆեռնանտօ Ալոնսօ («Ասթոն Մարթին») | 4 |
| 9.- Եուքի Ցունոտա («Ռետ Պուլ») | 2 |
| 10.- Էսթեպան Օքոն («Հաաս») | 1 |
| ՎԱՐՈՐԴՆԵՐՈՒ ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Փիասթրի (Աւստրալիա) | 309 |
| 2.- Նորիս (Բրիտանիա) | 275 |
| 3.- Վերշթափըն (Նետերլանտներ) | 205 |
| 4.- Ռասըլ (Բրիտանիա) | 184 |
| 5.- Լըքլեր (Մոնաքօ) | 151 |
| 6.- Համիլթըն (Բրիտանիա) | 109 |
| ԽՄԲԱՅԻՆ ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | |
| 1.- «Մաքլարեն» | 584 |
| 2.- «Ֆեռարի» | 260 |
| 3.- «Մերսետես» | 248 |
| 4.- «Ռետ Պուլ» | 214 |
| 5.- «Ուիլիամս» | 80 |


