Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Խոհեր` Ցեղասպանութեան 110-րդ Տարելիցի Առիթով

Մայիս 19, 2025
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալութիւնից յետոյ Թուրքիայում սկսուեցին լայնածաւալ հանրահաւաքներ: Այդ հանրահաւաքների ժամանակ ցուցարարների վեր պարզած պաստառների շարքում էին Հայոց ցեղասպանութեան գլխաւոր կազմակերպիչներ Թալէաթի, Ճեմալի, Էնվերի լուսանկարները: Ակնյայտ է, որ թուրք հասարակութեան համար այսօր էլ երիտթուրք առաջնորդները կենդանի կուռքեր են, ինչն էլ նշանակում է, որ այդ հասարակութեան համար դրական օրինակներ են նրանց կատարած գործերը, այդ թւում` հայ ժողովրդի դէմ իրականացուածը: Յետադարձ հայեացք նետելով մինչեւ 1915 թուական եւ դրանից էլ առաջ` համիտեան արիւնալի ժամանակներ, տեսնում ենք, որ կայսրութեանը մաս կազմած ժողովուրդների նկատմամբ թուրքական պետական քաղաքականութիւնը եւ հասարակական տրամադրութիւնները յաջորդող տասնամեակների ընթացքում չեն փոխուել: Չնայած 1923 թ. Լոզանի պայմանագրով ազգային փոքրամասնութիւնների համար Թուրքիայի ստանձնած պարտաւորութիւններին` այս երկիրը չի հեռացել իր ֆաշիստական էութիւնից, այսօր էլ այնտեղ փոքրամասնութիւնների համար վտանգաւոր են ազգային ինքնութեան զանազան դրսեւորումները` 1915 -23 թուականներից յետոյ էլ, տարբեր ժամանակներում դրանց հետեւել են` հալածանքները, բանտարկութիւնները, սպանութիւնները, ցեղային խմբերի զանգուածային տեղահանումներն ու տեղափոխութիւնն այլ բնակավայրեր, ինչպէս եւ` սահմանափակ տարածքներում իրականացուած ջարդերը: Նոյն ժամանակ հետեւողականօրէն շարունակուել են ոչ թուրք ժողովուրդների մշակութային ու հոգեւոր արժէքների եւ սրբավայրերի ոչնչացումն ու թուրքացումը:

Հայ խմբագիր եւ հասարակական գործիչ Հրանդ Տինքը 2007 թուականին թուրք ազգայնամոլի կրակոցից օրը ցերեկով սպաննուեց Պոլսի կենտրոնում այն պատճառով, որ բարձրաձայնում էր Հայոց ցեղասպանութեան մասին: Հրանդ Տինքին չփրկեց այն հանգամանքը, որ Թուրքիայի օրինապաշտ քաղաքացի էր եւ հաւատում էր, որ  ժողովրդավարացման ճանապարհով Թուրքիան կը վերափոխուի: Նոյն կերպ Թուրքիայում հալածւում են նաեւ այն հատուկենտ թուրք մտաւորականները, որոնք փորձում են անցեալի մասին ճշմարտութիւններ ասել իրենց ժողովրդին: Իրենց կեանքի դէմ ֆիզիքական սպառնալիք զգալով` Թուրքիայից փախուստ են տուել` պատմաբան Թաներ Աքչամը, հասարակական գործիչ, հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուն, գրող Օրհան Փամուքը եւ ուրիշներ: Պետական մակարդակով թուրքական պատմագրութիւնը մշտապէս խեղաթիւրել ու գլխիվայր է շուռ տուել պատմական իրողութիւնները:

Վերջին տասնամեակներին, կարծես գնահատելով իրենց թոյլ տեղը, Թուրքիան ու նրա հետ նաեւ Ազրպէյճանը, պետական քաղաքականութեան մաս են դարձրել Հայ դատի ուղղութեամբ աշխատանքների դէմ լայնածաւալ պայքարի կազմակերպումը արտերկրում: Չեն խնայւում միջոցներ` գնելու համար քաղաքական գործիչների, պատմաբանների ու լրագրողների, Հայոց ցեղասպանութեան ճանաչման ու դատապարտման, հայ ժողովրդի իրաւունքների վերականգնման համար պայքարի դէմ կազմակերպւում են սադրանքներ, աւերւում եւ պղծւում են յուշարձաններ եւ այլն: Արցախեան շարժմանը նախորդող տասնամեակներում էլ թուրք, ինչպէս եւ ազրպէյճանական քարոզչամեքենան չի դադարել սեփական հասարակութիւններին սնելը հակահայկականութեան թոյնով եւ ատելութեամբ: Մի՞թէ դրա դրսեւորումները չեն եղել` Նախիջեւանի եւ Դաշտային Ղարաբաղի հայաթափումը, յուշարձանների ոչնչացումը, հալածանքների ու սպանութիւնների բազմաթիւ փաստերը, եւ ի հարկէ, նոյնը տեղի է ունեցել Թուրքիայում: Իսկ երբ որեւէ հասարակութեան համար գաղափարախօսութիւնը վերածւում է հաւատոյ հանգանակի, ապա այդ հանրոյթը մշտապէս ծնելու է համապատասխան իշխանութիւն: Էրտողանի իշխանութեան գալով` Թուրքիան որդեգրեց Օսմանեան կայսրութեան վերածնութեան` նէոօսմանիզմի գաղափարախօսութիւնը: Դրան հետեւեց թուրքական աշխուժ գործունութիւնը` Ղրիմում, Կենտրոնական Ասիայում, Սիրիայում, Լիբանանում, Լիպիայում եւ առհասարակ ափրիկեան մայրցամաքում ու Պալքաններում: Թուրքիան այսօրուայ դրութեամբ յաջողել է Ռուսաստանի ազդեցութեան դաշտից պոկել եւ իր ազդեցութեանը ենթարկել Ազրպէյճանը: Նոյն քաղաքականութեան դրսեւորումն էր Արցախի ցեղասպանութեան հարցում Թուրքիայի ունեցած կարեւորագոյն դերակատարութիւնը:

Հետեւելով փանթուրքիզմի ու փանթուրանիզմի իտէալներին` այսօրուայ թուրքական իշխանութիւնների գլխաւոր խնդիրներից մէկն է «Զանգեզուրեան միջանցք»-ին տիրելը, եւ առհասարակ` հայկական գործօնի ոչնչացումը: Պէտք չէ զարմանալ, որ այլ տարածաշրջաններում յաճախ շատ յարձակողապաշտ Թուրքիան Զանգեզուրին ու ողջ Հայաստանին վերաբերող իր ծրագրերի հարցում զգուշաւոր է, չի դրսեւորում Հայաստանի իշխանութիւնների հետ ունեցած իր պայմանաւորուածութիւնները եւ գերադասում է դրանք առաջ մղել Ազրպէյճանի, որպէս թէ Հայաստանի կողմից յարձակման ենթարկուած պետութեան անունից:

Պատճառն այն է, որ, ի տարբերութիւն Հայաստանի տգէտ ղեկավարութեան, թուրքերը հասկանում են, որ Ռուսաստանն այդպէս հեշտօրէն չի հրաժարուելու իր երկուհարիւրամեայ ազդեցութեան գօտուց: Թուրքերն, ի հարկէ, Ազրպէյճանի հրապարակային եւ իրենց քուլիսային ջանքերով կը շարունակեն Հայաստանի իշխանութեանը վերջնական անձնատուութիւն պարտադրող ճնշումը: Միաժամանակ չի բացառւում, որ Արցախի կամ Սիրիայի օրինակով տարածաշրջանային կամ աշխարհաքաղաքական նպաստաւոր պահը ճիշդ գնահատելով` անակնկալ հարուածով լուծեն իրենց հետապնդած հիմնական խնդիրները:

Թուրքերը իրենց նուաճողական քաղաքականութեան գործիքակազմի շարքում յաճախ յենուել են հակառակորդի ամբողջականութիւնը պառակտելու, նրա ներսում իրենց հինգերորդ շարասիւնը ստեղծելու գործելակերպին:

Անգամ Բիւզանդական կայսրութիւնը չփլուզուեց առանց իր ներսում եղած թուրքամէտ հոսանքի դերակատարութեան:

Հայ ժողովրդին վերջին հարիւր տարում ոչինչ այնպէս չէր միաւորել, ինչպէս` Ցեղասպանութեան եւ հսկայակայն տարածքային կորուստների զաւթման պատճառով ձեւաւորուած հակաթուրքականութեան գաղափարը: Այդ գաղափարը հայրենիքում կենդանի էր անգամ խորհրդային վերազգային, ամբողջատիրական գաղափարախօսութեան շրջանում, երբ Հայ դատի ուղղութեամբ գործունէութիւնը, անգամ որեւէ հրապարակային խօսք կ՛ենթարկուէին հետապնդումների:

Հայաստանի անկախացումն ու Արցախի ազատագրումն աւելի ինքնավստահ դարձրին հայութեանը, միաւորեցին հայրենիքն ու սփիւռքը` ազգային ինքնութեան եւ ընդհանուր հեռանկարի շուրջ, Հայ դատի գաղափարախօսութիւնը դարձաւ ազգային ռազմավարութեան կարեւոր բաղկացուցիչներից մէկը: Հայութիւնը թւում էր միասնական ու ամուր ամբողջութիւն, եւ համարժէք սթափութիւն չդրսեւորուեց ներս թափանցող զանազան հոսանքների, արտաքին ֆինանսաւորմամբ Հայաստանում գործունէութիւն ծաւալող բազմազան հասարակական կազմակերպութիւնների, ինչպէս եւ այն երիտասարդութեան նկատմամբ, որը երկրից դուրս էր գալիս տարբեր հաստատութիւններում կրթուելու, դասընթացների կամ այլ միջոցառումների մասնակցելու նպատակով:

Կարելի է պարզապէս յիշել Հայաստանում ներքին դժգոհութիւնների շահագործման եւ իշխանափոխութեան հարցում բոլոր այդ կազմակերպութիւնների ու անհատների ունեցած դերակատարութեան մասին, որոնք բոլորը յետոյ տեղ ունեցան նոր իշխանութեան մէջ, եւ Հայաստանում արդէն եօթ տարի ոչ ոք չի լսում այդ իրաւապաշտպանների, բնապահպանների ձայները:

Այնքան աներեւակայելի էր տեղի ունեցածը, որ հայ հասարակութիւնը երկար ժամանակ չէր կարողանում հաւատալ, որ Հայաստանում իշխանութեան է եկել թուրքական շահերին ծառայող քաղաքական հոսանքը:

Թուրք-արեւմտեան շահառուների եւ ՀՀՇ-ական նախորդների սնուցած գաղափարախօսութեան համաձայն թուրքամէտների այս խմբակը համոզուած էր, որ հայ-ազրպէյճանաթուրքական թշնամանքի պատճառն Արցախի ազատագրումն է, հայութեան պատմական յիշողութիւնն ու Հայ դատի գաղափարախօսութիւնը եւ, ի հարկէ, ռուսների ներկայութիւնը` տարածաշրջանում: Ըստ վերջինի, ռուսներն են հայերի մէջ բորբոքել հակաթրքականութիւնը, նրանք են մղել թշնամանքի, ինչի հետեւանքն էլ եղել է

Ցեղասպանութիւնը: Հայոց պատմական յիշողութեան ու պահանջների հրահրողն էլ նոյն ռուսներն են (դէպի այս գաղափարախօսական ծուղակն է ցանկանում հայութեանը մղել Նիկոլ Փաշինեանը, երբ ակնարկում է Ցեղասպանութեան եւ դրա իրականացման ու հետեւանքների ճանաչման պայքարի պատճառները փնտռելու անհրաժեշտութեան մասին): Իրականացնելով գաղափարաքաղաքական ծրագիրը` Հայաստանի իշխանութիւնը զիջեց Արցախը, հրաժարուեց պատմական հայրենիքից եւ նրա դատից` ճանաչելով հայրենիքը Հայաստանի Հանրապետութեան սահմաններում, թուրքական տեսութեան համաձայն, վերանայում է Հայոց պատմութիւնն ու պատմագրութիւնը, առհասարակ ոչնչացման է տանում աւանդական հայագիտութիւնը, որդեգրել է հակառուսական քաղաքականութիւն, կապերը խզել է ՀԱՊԿ ռազմական դաշինքի հետ եւ պատրաստւում է ռուսական ռազմական սահմանափակ ուժերը դուրս բերել Հայաստանից, սակայն իր բոլոր զիջումների դիմաց ազրպէյճանաթուրքական կողմը չի կատարում նրա միակ խնդրանքը` չի համաձայնում կնքելու «Խաղաղութեան պայմանագիր»:

Նիկոլ Փաշինեանը եւ նրա քիչ թէ շատ մտածելու ունակ խմբակիցներն արդէն հասկացել են, որ ամբողջովին ձախողուել են` յայտնուելով գաղափարաքաղաքական փակուղում: Արցախի յանձնումը ոչ թէ բերեց Ազրպէյճանի հետ հաշտութեան, այլ աւելի յարձակողապաշտ դարձրեց վերջինին: «Զանգեզուրի միջանցք»-ի պահանջի հետ Ազրպէյճանը ողջ Հայաստանի Հանրապետութիւնն է այսօր անուանում Արեւմտեան Ազրպէյճան, ռազմականօրէն ամրապնդում է Հայաստանից գրաւած տարածքները, պահանջում է ԵԱՀԿ Մինսքի խմբի լուծարման նախաձեռնութեամբ վերջնականապէս խաչ քաշել Արցախի հարցի վրայ, Հայաստան վերադարձնել 300.000 փախստական ազրպէյճանցիների եւ այլ պահանջներ է ներկայացնում, որոնց ցանկը գնալով աւելի է ընդլայնւում: Հայաստանի իշխանութիւնը տեսնում է նաեւ, որ իր բոլոր զիջումների դիմաց ոչ մի դրական տեղաշարժ չկայ հայ-թուրքական յարաբերութիւններում:

Մեծ գումարներ ծախսելով` Փաշինեանը Երեւան հրաւիրեց թուրք լրագրողների, որպէսզի նրանց միջոցով Թուրքիայ յատուկ ուղերձ ուղարկէր այն մասին, որ Հայոց ցեղասպանութեան հարց իր համար գոյութիւն չունի, այնինչ թուրքերը դուրս եկան նրա մօտից եւ յայտարարեցին, թէ Երեւանը թուրքական քաղաք է, իրենց տեղեկագրութիւններում հեգնեցին Հայաստանի ղեկավարին: Հայաստանի ղեկավարն իր արեւմտեան հովանաւորների միջնորդութիւնն է խնդրում` կորզելու «Խաղաղութեան պայմանագիր» կոչուած թղթի կտորը, ինչը կը դարձնի իր գլխաւոր խաղաքարտը գալիք ընտրութիւններում, այնինչ Արեւմուտքը տէր չէ ո՛չ իր պարտադրած գաղափարաքաղաքական ծրագրին, ո՛չ հաշտութեան հասնելու երաշխաւորութեանը: Արեւմուտքը շարունակում է ողջունել Հայաստանի, այսպէս կոչուած, խաղաղասիրական ջանքերը եւ չնկատելու է տալիս թուրքազրպէյճանական ծաւալուող յարձակողապաշտութիւնն ու անվերջանալի պահանջները: Նիկոլ Փաշինեանը տեսնում է, թէ ինչպէ՛ս է հաւաքական Արեւմուտքն օգտագործուած իրի պէս պատրաստւում հրաժարուել Զելենսքուց եւ հասկանում է, որ իր բախտակցի ճակատագիրը սպասում է իրեն: Իսկ ամենագլխաւորն այն է, որ կատարեալ ձախողման մատնուեց թուրքամէտութեան գաղափարախօսութիւնը` իր հետ կործանման սպառնալիքի առջեւ կանգնեցնելով Հայաստան պետութիւնը:

Հայոց ցեղասպանութիւնից մէկ դար անց հայութիւնը, եւ ոչ միայն նա, ականատես եղան, թէ  ինչպէ՛ս արեւմտաթուրքական ազդեցութեան ուժը Հայաստանում հրաժարուեց հայութեան ազգային-պետական աւանդական ռազմավարութիւնից եւ, գաղափարաքաղաքական շրջադարձ կատարելով, փորձեց հայութեան ու հայոց պետութեան համար բացել բարիդրացիութեան նոր ռազմավարական հեռանկար: Անփորձ եւ արտաքին թելադրանքի ենթակայ քաղաքական ուժն իր տնային հաշուարկներով ուզեց համաշխարհային շուկայում առեւտուր անել եւ կորցրեց ամէն ինչ, ընդհուպ` իր հեղինակութեան հետ պետութեան վարկը եւ անվտանգութեան երաշխիքները:

Կեանքը եւս մէկ անգամ փաստեց, որ ազգերն ու պետութիւնները կարող են ունենալ մարտավարական վրիպումներ, բայց ոչ` դարերով կրկնուող ռազմավարական ձախողումներ: Հետեւաբար, նոր բան անելուց առաջ, ինչպէս ամէն ասպարէզում, նախ անհրաժեշտ է իւրացնել այն, ինչ եղել է քեզնից առաջ: Առաւել եւս պատմական մեծագոյն պատասխանատուութեան գիտակցութիւն է պահանջւում մի ղեկավարութիւնից, որը ցանկանում է յարաբերութիւնների շրջադարձի հասնել իր ժողովրդին ցեղասպանած եւ ցեղասպանութիւնների գաղափարաքաղաքական գործելակերպից չհրաժարուած հարեւանների հետ: Այսօր ոչ միայն հայերը, այլեւ շատ օտարներ են խօսում այն մասին, որ Նիկոլ Փաշինեանը Հայաստանը հասցրել է կործանման եզրին: Մեր ասելիքն աւարտենք` որպէս օրինակ ներկայացնելով Իսրայէլի հետախուզական ծառայութիւններից մէկի նախկին ղեկավար Եաքով Քետմիի կարծիքը: Զերծ մնալով որեւէ մեկնաբանութիւնից` ասենք պարզապէս, որ աւելորդ է Եաքով Քետմիին կասկածելը հայամէտութեան կամ հայկական որեւէ ուժի նկատմամբ կանխակալ վերաբերմունքի մէջ:

«Նիկոլ Փաշինեանն իշխանութեան գալով` ամենաուժեղ հարուածը հասցրեց հայերի ազգային ինքնագիտակցութեանը: Նոյնիսկ պատերազմից յետոյ շարունակում է այդ հարուածները եւ պնդում, թէ առեւտուրը, բաց սահմանները խաղաղութիւն կը բերեն: Հայաստանը տարիներ շարունակ ունեցել է ազգային նպատակներ, իսկ հիմա հայերին ձեռք են առնում, ծաղրում են` ազգային նպատակները բերել-մտցնելով առեւտրի տիրոյթ: Իսկ մէկը հարցրե՞լ է Փաշինեանին` Թուրքիան եւ Ազրպէյճանը ցանկանո՞ւմ են խաղաղութիւն: Ինչպէ՞ս է Ազրպէյճանը ցանկանում խաղաղութիւն, երբ նոյնիսկ, ձեր պնդմամբ, ձեր իսկ ռազմագերիներին չի վերադարձնում: Ինչպէ՞ս է ցանկանում խաղաղութիւն, երբ Հայաստանի տարածքները հռչակում է իր պատմական տարածքներ: Կամ` Ազրպէյճանն այդ ամէնը ասում եւ անում է առանց Թուրքիայի համաձայնութեա՞ն: Նիկոլ Փաշինեանի պարզամիտ պատկերացումները բնութագրում են իր թշուառ քաղաքականութիւնը»:

Ակնյայտ է, որ թէ՛ ռազմական, թէ՛ քաղաքական ասպարէզներում լիովին ձախողուած իշխանութիւնը սեփական անվտանգութիւնն ապահովելու ինքնանպատակ քայլերով միայն ողբերգութիւններ է բերելու հայութեան գլխին, եւ ազգային գաղափարախօսութեամբ առաջնորդուող ուժերի կողմից հայոց ընկղմուող նաւի կառավարումը ստանձնելը փրկութեան միակ երաշխիքն է: Այս մասին է մեզ յուշում նաեւ 110 ամեայ փորձութեան ճանապարհին բիւրեղացած Ցեղասպանութեան յիշողութեան խորհուրդը:

«Դրօշակ» թիւ 4, 2025-թ.

 

Նախորդը

Արտաշատի Պետական Թատրոնի Հիւրախաղերը Պէյրութի Մէջ

Յաջորդը

Թայքուանտօ. Ալեակ Սարգիս 2-րդ Դիրքը Գրաւեց

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Նոր Աշխարհակարգին Ընդառաջ

Մայիս 21, 2025
Հաւաքական Յաղթանակ
Անդրադարձ

Հաւաքական Յաղթանակ

Մայիս 21, 2025
Դաշնակցութիւնը Յաղթեց
Անդրադարձ

Դաշնակցութիւնը Յաղթեց

Մայիս 21, 2025

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?