ՎԱՀԱՆ ԶԱՆՈՅԵԱՆ
«Ջնջէ՛ք ժողովրդի անցեալը, եւ դուք կը վերահսկէք նրա ապագան»
ՃՈՐՃ ՕՐՈՒԵԼ
Պատմութեան հաւաքական ընկալումը միշտ էլ առանցքային է եղել հայ ազգի գոյատեւման համար: Անցեալը կարեւոր է: Պատմութիւնը կռում եւ ամրապնդում է ազգային ինքնութիւնը: Այն ոչ միայն լոյս է սփռում ներկայ իրողութիւնների վրայ, այլեւ հիմք է ստեղծում` ազգային ինքնութեան հետ համատեղելի ապագայ կառուցելու համար: «Անցեալը» խեղաթիւրելը, նենգափոխելն այն, թէ ինչպէս է ազգն ընկալում, իր յիշողութեան մէջ պահում եւ նոյնանում սեփական պատմութեան հետ, պարզապէս ապացոյցների վրայ հիմնուած պատմական ռեւիզիոնիզմի (վերանայման) անհետեւանք վարժանք չէ: Այն թուլացնում է ազգի երազանքներն ու ձգտումները եւ աղճատում է նրա ապագայի տեսլականը:
«Ջնջէ՛ք ժողովրդի անցեալը, եւ դուք կը վերահսկէք նրա ապագան» արտայայտութիւնն այսօր աւելի այժմէական է, քան երբեւէ` հաշուի առնելով ներկայ պահին Հայաստանում տեղի ունեցող իրադարձութիւնները: Այս նախադասութիւնը վերագրւում է Ճորճ Օրուելին, բայց այն նրա կողմից արուած մէկ այլ արտայայտութեան մեկնաբանումն ու վերաձեւակերպումն է: Իրականում Օրուելն ասել է հետեւեալը. «Նա, որ վերահսկում է անցեալը, վերահսկում է ապագան: Նա, որ վերահսկում է ներկան, վերահսկում է անցեալը» («1984», գիրք 1, գլուխ 3, էջ 34):
Եթէ որեւէ քաղաքական ուժ, որը վերահսկում է ներկան, ցանկանում է, կարիք ունի, կամ ստիպուած է փոխել ազգի երազանքներն ու ձգտումներն իր ապագայի հանդէպ, այն նախ պէտք է փոխակերպի այդ ազգի ընկալումներն իր անցեալի վերաբերեալ: Նման փոխակերպումը կարող է ընթանալ երկու ուղղութիւններով` կա՛մ չափազանց փառաբանել անցեալը եւ ազգի իղձերի ու ձգտումների նշաձողը հասցնել անիրատեսականօրէն բարձր մակարդակի, կա՛մ կասկածի տակ դնել ազգային պատմական իրաւունքների հիմքերը եւ նշաձողը իջեցնել անիրատեսականօրէն ցածր մակարդակի: Հայաստանի հարեւան երկրներն անյագ ախորժակ են դրսեւորել առաջին տարբերակի նկատմամբ` լինի դա Օսմանեան կայսրութեան փառքին վերադառնալու Թուրքիայի նկրտումների, թէ Ազրպէյճանի յարձակողապաշտ եւ ծաւալապաշտ «Արեւմտեան Ազրպէյճան» հռետորաբանութեան տեսքով: Այս դասի մէջ են մտնում նաեւ «ծայրայեղական» հայերը, որոնք երազում են վերականգնել Տիգրան Մեծի կայսրութիւնը:
Այսօրուայ պաշտօնական Երեւանը միանշանակ պատկանում է երկրորդ դասին: Այն կասկածի տակ է դնում եւ ժխտում է ազգի` սեփական պատմութիւնը ճիշդ ընկալելու կարողութիւնը` նպատակ ունենալով անյոյս ապագայի տեսլականը դարձնել աւելի տանելի, քան ազգը պատրաստ կը լինէր հանդուրժել, եթէ պահպանէր սեփական ինքնութեան զգացումը:
Բազում օրինակներ վկայում են այն մասին, որ Հայաստանի իշխանութիւնները փորձում են փոխել անցեալը` ապագայի նոր քարտէզ գծելու համար: Նրանք, որոնք ապրում են Հայաստանում կամ հետեւում են պետական պաշտօնեաների հայերէն հարցազրոյցներին եւ յայտարարութիւններին, հաւանաբար տեղեակ են, թէ ի՛նչ օրինակների մասին է խօսքը (իսկ նրանք, որոնք Հայաստանում չեն ապրում կամ հայերէն հարցազրոյցներ չեն կարդում, հաւանաբար լիովին չեն ըմբռնի, թէ ի՛նչ տողատակում են շարադրուած այս յօդուածի գլխաւոր կէտերը եւ նոյնիսկ կարող են չհասկանալ, թէ ի՛նչ կարիք կայ այսքան մեծ աղմուկ բարձրացնելու):
Հայ ազգի հաւաքական ընկալմանը հասցուած հարուածներից վերջինը եղաւ յունուարի 24-ին` Ցիւրիխում Զուիցերիա համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ Հայաստանի վարչապետի հանդիպման ժամանակ, երբ վերջինս կասկածի տակ դրեց Հայոց ցեղասպանութեան պատմական եղելութիւնը` անխոհեմ կերպով յայտարարելով. «Մենք պէտք է վերադառնանք մեր ճշմարտութիւններին, [հարցնենք]` այն, ինչ համարում ենք ճշմարտութիւն, իրականում ճշմարտութի՞ւն է, թէ՞ ոչ: [Որպէս] մեր ինքնութեան ամենակարեւոր մաս` մենք պէտք է վերադառնանք նաեւ Հայոց ցեղասպանութեան պատմութեանը եւ հասկանանք, թէ ի՛նչ է տեղի ունեցել, ինչո՛ւ է տեղի ունեցել… ինչպէս ենք մենք դա ընկալել եւ ում միջոցով ենք ընկալել: Ինչպէ՞ս պատահեց, որ 1939 թուականին չկար Հայոց ցեղասպանութեան օրակարգ, եւ ինչպէ՞ս 1950 թուականին յայտնուեց Հայոց ցեղասպանութեան օրակարգը»:
Մի պահ մոռանանք, որ «ցեղասպանութիւն» եզրոյթը ստեղծել է Ռաֆայէլ Լեմքինը 1944 թուականին, եւ որ` 1939 թուականին այն չէր կարող լինել որեւէ օրակարգում, թէեւ լաւ չեմ հասկանում, թէ ինչո՛վ է յատկանշական այդ տարեթիւը: Մոռանանք նաեւ, որ Հայոց ցեղասպանութիւնը լաւագոյնս փաստագրուած պատմական իրադարձութիւններից մէկն է` հաշուի առնելով այդ ժամանակ առկայ միջոցները: Թէ՛ օտարազգի (այդ թւում` թուրք), թէ՛ հայ պատմաբանների, իրաւապաշտպանների, դիւանագիտական կառոյցի ներկայացուցիչների, միսիոնարների փաստարկներն ու վկայութիւնները, թուրքական արխիւներում պահպանուած տեղեկութիւնները, բազում դատավարութիւնների հետ կապուած ապացոյցները, Ցեղասպանութիւնից փրկուածների անթիւ-անհամար պատմութիւնները կասկածի տեղիք չեն տալիս, թէ «ի՛նչ է տեղի ունեցել եւ ինչո՛ւ է տեղի ունեցել»: Վարչապետը հեշտութեամբ կարող էր իր բոլոր հարցերի պատասխանները գտնել հէնց Երեւանում` Ծիծեռնակաբերդի ցեղասպանութեան թանգարան-հիմնարկում:
Աւելի կարեւոր է այն փաստը, որ Հայաստանի Հանրապետութեան ղեկավարի կողմից Ցեղասպանութիւնը կասկածի տակ դնելն այն դէպքում, երբ այն պաշտօնապէս ճանաչել են 32 երկրներ, չի կարող բացատրուել այլ կերպ, քան` Հայաստանի Հանրապետութեան ապագայի այնպիսի օրակարգ առաջ քաշելու նպատակ ունենալը, որը բանադրանքի կ՛ենթարկի հայոց ազգին առնչուող կարեւորագոյն հարցերից մէկը:
Սոյն յօդուածի հրապարակումից առաջ վարչապետը հրաժարուել է/բացատրել է իր մեկնաբանութիւնները Ցեղասպանութեան վերաբերեալ, սակայն դա որեւէ կերպ չի փոխում յօդուածում տեղ գտած փաստարկները, վերլուծութիւնները եւ եզրակացութիւնները: Ցիւրիխում արուած յայտարարութիւնը հանրային յայտարարութիւնների երկար շղթայի ընդամէնը մէկ օղակ է, որը մարտահրաւէր է նետում հայ ազգի` սեփական պատմութեան եւ ինքնութեան հաւաքական ընկալմանը: Այդ յայտարարութիւնները հանրայնօրէն հասանելի են, իսկ դրանցից մի քանիսը ներկայացուած են ստորեւ:
Այս քաղաքականութեան ամենատարածուած հիմնաւորումը (որը յաճախ ընդունում են շատերը) ազգային անվտանգութիւնն է. մի՛ զայրացրէք թշնամուն, մի՛ կերէք խայծը, երբ թշնամին փորձում է սադրել ձեզ, տարածքային պահանջներ մի՛ ներկայացրէք ձեր հարեւաններից ոեւէ մէկին, յայտարարէ՛ք, որ չէք փորձի ռազմական ուժով յետ բերել ինքնիշխան Հայաստանի 200 քմ2 տարածքը, որը գրաւուել է Ազրպէյճանի կողմից, մի՛ պահանջէք ազատ արձակել բանտարկեալներին, որոնք պահւում են Պաքուի բանտերում, մի՛ ներառէք նրանց ազատ արձակման հարցը որեւէ բանակցային օրակարգում, մի՛ խօսէք Արցախի բնակչութեան` իրենց տները վերադառնալու իրաւունքի մասին, ժխտէ՛ք պատմական Արեւմտեան Հայաստանի գոյութիւնը, նոյնիսկ Արարատ լեռը հանէ՛ք պետական զինանշանից, որպէսզի Թուրքիայի կողմից այն սխալմամբ չմեկնաբանուի որպէս տարածքային պահանջ:
Հաշուի առնելով տարածաշրջանում ռազմական ուժերի ներկայիս հաւասարակշռութիւնը` վաղաժամ անհաւասար պատերազմ չհրահրելը խելամիտ որոշում է: Հայաստանը շրջապատուած է յարձակողապաշտ եւ թշնամաբար տրամադրուած հարեւաններով, որոնք այժմ, առաւել քան երբեւէ, կարող են անպատիժ ռազմական գործողութիւններ իրականացնել: Պատերազմից խուսափելը խելամիտ է նաեւ այն պատճառով, որ այդ որոշումը ողջունւում է պատերազմից յոգնած, բարոյալքուած եւ ապաքաղաքականացուած հասարակութեան շրջանում:
Սակայն անվտանգութեան ապահովման դրօշակի ներքոյ շատ աւելին է զիջւում, քան անհրաժեշտ է` պատերազմ հրահրելուց խուսափելու համար: Այս զիջումները աղէտալի անմիջական եւ երկարաժամկէտ հետեւանքներ կ՛ունենան թէ՛ Հայաստանի բնակչութեան, թէ՛ ողջ հայութեան համար: Ցեղասպանութիւնը կասկածի տակ դնելը չի կարող ազգային անվտանգութեան ապահովման գործիք լինել: Ճիշդ է` Հայաստանի Հանրապետութիւնն այսօր չունի այն ուժն ու հզօրութիւնը, որպէսզի Թուրքիայից պահանջի ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը, եւ Զուիցերիայի հայ համայնքի հետ հանդիպումը նման պահանջ ներկայացնելու տեղը չէր: Աւելի՛ն. այս թեման երեւան բերելու որեւէ պատճառ չկար: Այն առաջ է քաշուել, քանի որ հնարաւորութիւն էր տալիս կասկածի տակ դնել Ցեղասպանութեան եղելութիւնը:
Պաքուի բանտերում պահուող Հայաստանի քաղաքացիներին լքելը նոյնպէս չի կարող լինել ազգային անվտանգութեան ռազմավարութեան մաս: Ճիշդ հակառակը, դա աւելի է քաջալերում թշնամուն եւ հաստատում, որ նրա անօրինական գործողութիւնները շարունակելու են անպատիժ մնալ: Յայտարարել, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարեւաններից, մի բան է, իսկ «Արեւմտեան Հայաստանի» պատմական իրողութիւնը Ալիեւի` «Արեւմտեան Ազրպէյճանի» մասին բարբաջանքների հետ նոյնացնելը` բոլորովին այլ բան: Հազարամեակների պատմութիւն ունեցող ազգային խորհրդանիշը որեւէ առնչութիւն չունի տարածքային պահանջների հետ: «Ազգային» բառը պետական մշակութային հաստատութիւնների անուանումներից հեռացնելը, ինչպիսիք են` Հայաստանի Ազգային գրադարանը կամ Օփերայի եւ պալէի ազգային ակադեմական թատրոնը, որեւէ առնչութիւն չունի պատերազմից խուսափելու հետ:
Ազգային անվտանգութեան փաստարկը քննադատութեան չի դիմանում: Մենք յայտնուել ենք օրուելեան աշխարհում, որտեղ նսեմացւում են` մեր անցեալը, ազգային ինքնութիւնը եւ պատմութիւնը, ու այս ամէնի նպատակը ազգի ձգտումներն ու իղձերն այնպիսի մակարդակի իջեցնելն է, որ ազգային դիմագծից զուրկ եւ նուաստ ապագան թուայ բնական եւ ընդունելի:
Այս քաղաքականութեան ամենախորը եւ վտանգաւոր հետեւանքներից (իրականում` նպատակներից) մէկը ազգի եւ պետութեան միջեւ սեպ խրելն է: Պաշտօնական Երեւանին այս երկուսի տարանջատման խնդիրը չի յուզում: Ցիւրիխում տեղի ունեցած հանդիպման եւ այլ հարցազրոյցների ընթացքում արուած յայտարարութիւնները միանգամայն պարզ են: Հայ ժողովրդի հայրենիքը միայն ներկայիս պետութիւնն է: Հայ ժողովուրդը Հայաստանի քաղաքացիներն են: Հայ ազգը այն էթնիկ հայերն են, որոնք Հայաստանի Հանրապետութեան քաղաքացի չեն, եւ պետութիւնը նրանց հետ կապ չունի: Հայ ազգի պատմութիւնն ու ձգտումները Հայաստանի Հանրապետութեան պատմութիւնն ու ձգտումները չեն: Հայոց պատմութիւնը կապ չունի այսօրուայ Հայաստանի պատմութեան հետ: Այլ կերպ ասած` Հայաստանի Հանրապետութիւնը պարզապէս պետութիւն է, ոչ թէ` ազգային պետութիւն:
Այս քաղաքականութիւնը ոչ միայն չի երաշխաւորում ազգային անվտանգութիւն, այլեւ չի կարող համարուել հայկական քաղաքական օրակարգի մաս` լինի դա ազգային, թէ պետական մակարդակով: Լեմքինի հիմնարկը յունուարի 30-ին յայտարարութիւն տարածեց` վարչապետի խօսքերը որակելով «թուրքական ժխտողական խօսոյթի» հերթական արձագանգ: Ոչ միայն Հայոց ցեղասպանութեան ժխտումը, այլեւ` հայկական պետութեան անջատումն իր ազգային եւ պատմական բովանդակութիւնից, Հայաստանի Առաջին Հանրապետութիւնից ի վեր եղել է ու կայ Թուրքիայի տարածաշրջանային քաղաքական օրակարգի մի մաս:
Մէկ այլ յօդուածում (https://www.aravot.am/2024/02/03/1397756/) արդէն խօսել եմ այն մասին, որ հայ ժողովրդին պարզապէս պետութիւն պէտք չէ: Հայ ժողովուրդը կարիք ունի ազգային պետութեան: Հայաստանի ներկայիս շատ քաղաքացիներ եւ հայկական սփիւռքի ներկայացուցիչներ իրենց կեանքը հանգիստ դասաւորելու եւ ապրուստ վաստակելու համար աւելի բարեկեցիկ երկրներ կարող են գտնել, քան Հայաստանի Հանրապետութիւնն է. վերջինիս գլխաւոր առաւելութիւնը ազգային պետութիւն լինելն է: Եթէ հայկական պետութիւնը որոշի ազատուել իր ազգային բովանդակութիւնից, այն այլեւս ոչինչ չի ունենայ առաջարկելու հայ ժողովրդին` ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ ամբողջ աշխարհում: Այս առումով, հայ ազգին լքելն առաջին քայլն է պետութեան կործանման ճանապարհին, նոյնիսկ եթէ վերջինս ինչ-որ կերպ կարողանայ պահպանել իր ֆիզիքական սահմանները:
Առաջնորդուելով նոյն սկզբունքով` կարելի է ասել, որ Հայաստանի Հանրապետութիւնը չի կարող պաշտպանել ինքն իրեն` առանց իրեն ծնած ազգի պաշարների: Սա ակնյայտ է իւրաքանչիւրի համար, որ ուշադիր նայում է քարտէզին եւ ուսումնասիրում է հայ ժողովրդի պատմութիւնը: Ազգային եւ պետական շահերը միմեանց չեն բացառում: Ընդհակառակը, չի կարելի ծառայել մէկին` առանց միւսին ծառայելու:
Այսօրուայ կառավարութիւնը բացայայտօրէն մերժում է այդ նախադրեալը, եւ ակնյայտ է, որ այս թեմայով բանավէճը շարունակելը որեւէ արդիւնքի չի յանգեցնի: Մտքերս կրկնելու ռիսքի դիմելով` ես կը վերաձեւակերպեմ որոշ փաստարկներ, որոնք բերել եմ հայկական սփիւռքի մասին մէկ այլ յօդուածում (https://www.aravot.am/2024/02/29/1403266/օ): «Ազգը», լայն իմաստով, որը ներառում է հայ ազգի տարրերն ու պաշարները թէ՛ Հայաստանում, թէ՛ ամբողջ աշխարհում, պէտք է վերակազմաւորուի` հետապնդելու ինչպէս ազգային, այնպէս էլ պետական շահեր: Նպատակը Հայաստանի իշխանութիւնների հետ մրցակցութիւնը չէ, թէեւ պաշտօնական Երեւանի քաղաքականութեան որոշ տարրեր եւ յայտարարութիւններ հարկ կը լինի շրջանցել: Նպատակը փոխլրացումն է, քանի որ ժողովուրդն այլեւս չի կարող ապաւինել պետութեանը` իր շահերը պաշտպանելու համար, էլ չասած` ազգային շահերի մասին: Աւելի՛ն. հայ ազգը հայկական պետութեան օրինական շահագրգիռ կողմն է, անկախ նրանից` այսօրուայ կառավարութիւնը դա ընդունո՞ւմ է, թէ՞ ոչ:
Ազգի վերակազմաւորումն առանց պետութեան անմիջական մասնակցութեան եւ համագործակցութեան` ահռելի մարտահրաւէր է, յատկապէս, հաշուի առնելով այն, որ շատերը շարունակում են անհիմն յոյսեր փայփայել, թէ ապաւինելով պետութեանը` ի վերջոյ կը հասնեն նոյն արդիւնքին: Դրա համար պահանջւում է բացառիկ համագործակցութիւն եւ անաչառ ազգային տեսլական: Սփիւռքի աւանդական կառոյցներն ունակ չեն լուծել այս խնդիրը: Պէտք է ստեղծել նոր նախաձեռնութիւն, որը կը ներառի աւանդական կառոյցները, բայց միեւնոյն ժամանակ դուրս կը գայ դրանց սահմաններից` հանդէս բերելով գործնական տեսլական ու գործողութիւնների ծրագիր, եւ որը աշխարհասփիւռ հայ ազգի պաշարները կ՛օգտագործի պարզորոշ եւ միասնական նպատակի համար:
Նման նախաձեռնութեան նպատակն է`
1) Խթանել Հայաստանի տնտեսական զարգացումը եւ բարելաւել անվտանգային ենթակառուցուածքները,
2) Ստեղծել հայկական պետութեան մարտահրաւէրներին համարժէք համաշխարհային քաղաքական լծակներ,
3) Երաշխաւորել, որ Հայաստանը կը զարգանայ եւ կը բարգաւաճի որպէս ազգային պետութիւն` բառի լայն իմաստով:
Այս նպատակներին հասնելու համար անհրաժեշտ են մի քանի փոխկապակցուած գործողութիւններ, որոնք պետութիւնը չի կարող կամ չի ցանկանում իրականացնել, մինչդեռ ազգը կարող է: Դրանք են (այս յօդուածի ամփոփիչ մտքերից)`
– Վերականգնել եւ ամրապնդել ազգային ինքնութեան եւ ընդհանուր պատմութիւն ունենալու զգացումը` վերակենդանացնելով եւ աշխուժացնելով հայկական կրթական հաստատութիւններն ամբողջ աշխարհում, որտեղ իրականացւում է «ընդհանուր» ազգային հայկական կրթութիւն` ի լրումն ժամանակակից մրցունակ կրթութեան:
– Տեղ զբաղեցնել համաշխարհային տնտեսական շահերի սեղանի շուրջ` ստեղծելով համաշխարհային արդիւնաւէտ հայկական պիզնես ցանց:
– Խօսք ու ազդեցութիւն ունենալ ամբողջ աշխարհում քաղաքական մտածողութեան ձեւաւորման հարցում` միջազգային կարեւոր ՀԿ-ների եւ ուղեղային կենտրոնների հետ մասնագիտական եւ դիւանագիտական յարաբերութիւններ զարգացնելու միջոցով:
– Մասնակցութիւն ունենալ եւ յետ չմնալ ամբողջ աշխարհում արհեստագիտական եւ արհեստական բանականութեան հետ կապուած զարգացումներից:
– Սկսել արհեստավարժ ու հետեւողական տեղեկատուական արշաւ` փափուկ ուժի միջոցով Հայոց պատմութիւնն ու մշակոյթը ամբողջ աշխարհում տարածելու նպատակով:
– Վերոնշեալ գործողութիւնների իրագործումը դիւրին դարձնելու համար` ստեղծել տեղեկութեան հաւաքագրման եւ վերլուծութեան համաշխարհային համակարգ, որն ընդգրկում է ինչպէս հայկական համայնքները, այնպէս էլ Հայաստանի վրայ մեծ ազդեցութիւն ունեցող ոչ հայկական կազմակերպութիւնները:
Կատարեալ պայմաններում նման մեծութեան ջանքերը համակարգելու պատասխանատուութիւնը պէտք է ստանձնի պետութիւնը` հանդէս գալով որպէս ազգային պաշարները կենտրոնացնող ուժ, եւ դրանք օգտագործի ընդհանուր տեսլականի համար: Հայաստանի Երրորդ Հանրապետութեան չորս կառավարութիւններն էլ ապացուցել են, որ ի վիճակի չեն ընդունել այս մարտահրաւէրը, իսկ ներկայիս իշխանութիւնը հերքում է անգամ նման առաքելութեան նախադրեալը, էլ չասած` դրա պատասխանատուութիւնը ստանձնելու մասին:
Ներկայիս իրողութիւնների լոյսի ներքոյ, որքան էլ բարդ թուայ վերը նշուած մարտահրաւէրը, հայ ազգն ունի անհրաժեշտ բոլոր պաշարները, կարողութիւնները եւ համաշխարհային հասանելիութիւնը այն իրագործելու համար: Հարկ է միայն ձեռք բերել` քաղաքական կամք, ձեւաւորել միասնական տեսլական եւ դրսեւորել կազմակերպչական ունակութիւն` նախաձեռնութիւնը սկսելու համար: