ԳԷՈՐԳ ՂՈՒԿԱՍԵԱՆ
Քաղաքական գիտութիւնների թեկնածու, ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի
կեդրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու
Գաղտնիք չէ, որ Հայ դատի յանձնախմբերի ու գրասենեակների համաշխարհային ցանցը` որպէս հայկական սփիւռքի ազգային լոպինկի հիմնական գործառնող, մշտապէս ազրպէյճանական ու թուրքական ամենատարբեր սադրանքների, սպառնալիքների ու հակաքարոզչութեան թիրախում է: Այդ ամբողջ արշաւը ուղղորդւում է պետական ու պաշտօնական մակարդակով` թշնամական երկրների բարձրագոյն ղեկավարութեան անմիջական ներգրաւուածութեամբ: Բաւական է յիշել 2020 թ. մայիսը, երբ Թուրքիայի նախագահը, «Քորոնա»-ի համավարակին նուիրուած ելոյթում յատուկ տեղ գտաւ ու յայտարարեց, թէ հայկական եւ յունական լոպիստական կառոյցները սատանայական ուժեր են: Էրտողանի խօսքի աւելի լայն բովանդակութիւնը վերաբերում էր առհասարակ այն ուղղութիւններին, որտեղ` «Թուրքիան շարունակելու է իր կռիւը, այդ թւում ահաբեկչութիւնն ու արտաքին թշնամիները», որոնց շարքում էլ յիշատակուել են յունական ու հայկական ազգային լոպիները(1) :
Դրանից մէկ ամիս յետոյ Թուրքիայի նախագահականի բարձրագոյն խորհրդակցական մարմինը, որը հիմնականում բաղկացած է երկրի ամենաառանցքային պաշտօնաթող գործիչներից, Էրտողանի նախագահութեամբ աւելի քան 5 ժամ քննարկել է հայկական սփիւռքի գործողութիւններին հակազդեցութեան ուղիները, ինչի ընթացքում, համաձայն Թուրքիայի նախագահի այն ժամանակուայ մամլոյ խօսնակ Ֆահրէտտին Ալթունի, Էրտողանը յայտարարել է, թէ` «Թուրքիան թոյլ չի տայ «թշնամութեան սերմեր ցանել խեղաթիւրուած պատմական իրադարձութիւնների միջոցով(2)»:
Հայկական սփիւռքի դէմ եւ դրա քաղաքական գործունէութեան հիմնական դերակատար` Հայ դատի համակարգի դէմ թշնամական հակաքարոզչութիւնը հարիւրամեակից աւելիի պատմութիւն ունի եւ զիկզակաձեւ դրսեւորումներով ուժեղանում ու թուլանում է ըստ անհրաժեշտութեան` կախուած հայկական պետութեան դէմ նախապատրաստուող հերթական սադրանքներից: 2020 թ. առաջին կէսը հէնց այդ ժամանակն էր, ինչին յաջորդեց 44-օրեայ պատերազմը, եւ դեռեւս շարունակւում է այն հոլովոյթը, երբ թշնամական ուժերը Արցախի բռնազաւթումից յետոյ փնտռում են Հայաստանի Հանրապետութեան անվտանգային համակարգի ամբողջական կազմաքանդման ուղիները:
Ամերիկացի աշխարհահռչակ քաղաքագէտ Սամուէլ Հանթինկթոնը, իր «Ո՞վ ենք մենք» յայտնի աշխատանքում նկատում է. «…հայրենի կառավարութիւնների հետ սփիւռքի մօտ յարաբերութիւնները եւ համագործակցութիւնը ժամանակակից միջազգային յարաբերութիւնների առանցքային երեւոյթներից են»(3): Հայկական սփիւռքի քաղաքական ազդեցութեան մասին հարեւան երկրում շատ լաւ են պատկերացնում, եւ անգամ հայրենիք-սփիւռք յարաբերութիւնների այս պատմական վատագոյն վիճակում անհանգստանում են սփիւռքի գործունէութեամբ: Բանն այն է, որ մասնագէտները, անդրադառնալով սփիւռքագիտական հետազօտութիւններին, յաճախ կիրառում են քաղաքական հետազօտութեան սիներգետիկակակն մեթոտը, քանի որ այլեւս ակնյայտ է, որ սփիւռքը, եւ հայկական սփիւռքը յատկապէս, ինքնակառավարուող եւ ինքնազարգացող երեւոյթ է, իր գործունէութիւնը չի պայմանաւորում ՀՀ իշխանութիւնների դիրքորոշումներով, ուստի հակառակորդ ուժերի համար յաճախ աւելի բարդ ու անկանխատեսելի գործօն է, քան Հայաստանի իշխանութիւնները, յատկապէս` գործող թուլակամ իշխանութիւնը:
Արժի նաեւ յիշատակել 2022 թ. յուլիսին Ազրպէյճանի նախագահի հանդիպումը Եւրոպական խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ Տէյվիտ ՄքԱլլիսթերի հետ, երբ Ալիեւը մի կողմ դնելով դիւանագիտական բարոյագիտութեան բոլոր կանոնները` յայտարարեց. «Անկեղծ ասած, ես նոյնիսկ մի փոքր զարմացայ, երբ իմացայ, որ դուք ծրագրում էք այցելել Ազրպէյճան: Թերեւս գիտէք պատճառը… Ես նոյնիսկ մոռացել եմ Եւրախորհրդարանի կողմից տարբեր ժամանակներում ընդունուած հակաազրպէյճանական բանաձեւերի ընդհանուր թիւը: Խօսքը, թերեւս, 10-ից աւելի բանաձեւերի մասին է… կայ հայկական լոպիստական խմբի որոշակի ազդեցութիւն»(4): Ակնյայտ է, որ այս վերջին նախադասութեամբ Ալիեւը ուղղակիօրէն ակնարկում է Հայ դատի Եւրոպայի գրասենեակին:
Հիմա անդրադառնանք Հայ դատի համակարգի նկատմամբ ազրպէյճանական արդէն մերօրեայ սադրանքներին, որոնք յատկապէս սրուել են այն պայմաններում, երբ Հայ դատի համաշխարհային ցանցը տարբեր ուղղութիւններով աշխատում է` բացայայտելու ՔՈՓ 29-ը հերթական քարոզչական շոուի վերածելու եւ պատերազմական յանցագործութիւններից ինքնամաքրուելու ազրպէյճանական քաղաքականութիւնը, ինչպէս նաեւ` սեփական դէմքը փրկելու, մարդու իրաւունքների խնդիրները ծածկադմբոցի ենթարկելու նպատակները: Միաժամանակ շեշտւում է այն զաւեշտալի իրավիճակը, երբ Պաքուն, հանածոյ վառելիքից կախեալ տնտեսութեամբ ու բնապահպանական խայտառակ պատկերով, իրեն դիրքաւորում է որպէս բնապահպանութիւնը իբրեւ առաջնահերթութիւն դասող երկիր:
Հայ դատի համակարգի կողմից իրականացուող աշխատանքները նպատակ ունեն բարձրացնել Պաքւում պահուող գերիների, այդ թւում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան անյապաղ ազատ արձակման, Արցախի մշակութային ժառանգութեան պահպանութեան, արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրացման, Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազաւթման եւ այլ խնդիրներ, որոնց շուրջ իրականացւում է միջազգային իրազեկուածութեան բարձրացում: Այս աշխատանքը, որի արդիւնքների մի մասին ստորեւ կ՛անդրադառնանք, սպառնում է ձախողել կամ նուազագոյնը էական վնաս հասցնել ազրպէյճանական պետական քարոզչամեքենայի եւ անձամբ Ալիեւի կողմից ծրագրաւորուած այս արշաւին, որի վերջնանպատակը Ազրպէյճանի` որպէս ցեղասպան պետութեան, դիմագծի հնարաւորինս շտկումն է: Հայ դատի համակարգի կողմից իրականացուող աշխատանքների արդիւնքում կարելի է ակնկալել, որ բացի Ազրպէյճանի իրական էութեան միջազգային հանրահռչակումը, էապէս կը մեծանայ ՔՈՓ-29-ը պոյքոթող միջազգային իրաւապաշտպան ու բնապահպանական կազմակերպութիւնների եւ առանձին քաղաքական գործիչների, յատկապէս ընտրուած պաշտօնեաների (խորհրդարանականներ, քաղաքապետներ) թիւը, ինչպիսին, օրինակ, Փարիզի քաղաքապետ Ան Իտալկոն է, որ պոյքոթի իր որոշման մասին յայտնել էր ամիսներ առաջ: Կատարուող լայնածաւալ իրազեկման աշխատանքների արդիւնքում, բացի առկայ եւ նախատեսուող պոյքոթները, Պաքուի վարչակարգը, շուրջ տասնօրեայ խորհրդաժողովի ընթացքում կարող է բախուել իր համար խիստ անյարմար թեմաների վերաբերեալ հրապարակային հարցադրումների, եւ նոյնիսկ` քաղաքական շեշտադրումների:
Հաշուի առնելով այն փաստը, որ ՔՈՓ 29-ը ՄԱԿ-ի շրջանակում անցկացուող միջոցառում է, իրատեսական չէ ակնկալել, որ մեծ թուով պետութիւններ հանդէս կը գան ամբողջական պոյքոթով: Իրատեսական ակնկալիքն այս պարագայում աւելի շատ պետութիւնների` բարձրագոյն եւ բարձր մակարդակով մասնակցելուց հրաժարուելն է, առանց պետութիւնների ու կառավարութիւնների ղեկավարների, առանցքային նախարարների:
Ամէն դէպքում նոյնիսկ այսօր արդէն իսկ ակնյայտ է, որ այս 29-րդ ՔՈՓ-ը նման չի լինելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխութեան շրջանակային հռչակագրի նախկին որեւէ խորհրդաժողովի:
Ինչպէս իւրաքանչիւր անյաջողութեան կամ խնդիրների հիմքում, այս անգամ եւս թշնամական պետական քարոզչամեքենան փնտռել ու գտել է հայկական սփիւռքի հետքը եւ վերջին շրջանում Հայ դատի համակարգի դէմ, քարոզչական ու ֆինանսական հսկայական միջոցների ներգրաւմամբ, սանձազերծել է ստի ու կեղծքի հերթական արշաւը, յատկապէս` Եւրոպայում եւ Ամերիկայում:
Ամերիկայում այն արտայայտւում է ազրպէյճանցիների պատուէրով շինծու քրէական գործ յարուցելու ձախողուած փորձով, ինչի արդիւնքում փորձում էին Հայ դատի Ամերիկայի յանձնախմբից կորզել 5 միլիոն տոլարի չափ գումար: Եւրոպայում ազրպէյճանական քարոչամեքենան վերջին ամիսների ընթացքում շրջանառութեան մէջ է դնում եւ աշխուժօրէն տարածում է Հայ դատի Եւրոպայի գրասենեակի գործունէութիւնը եւ նախագահ Գասպար Կարապետեանի անունն ու համբաւը պախարակող երկլեզու ժապաւէն, որտեղ յանձնախմբին ու դրա նախագահին են վերագրւում զաւեշտի հասնող մեղադրանքներ: Այնուամենայնիւ, անկախ զաւեշտից, նման ժապաւէններն ու քարոզչական բնոյթի այլ նիւթեր նպատակ ունեն Հայ դատի յանձնախմբերի համար ստեղծել գործունէութեան դժուարութիւններ:
Վերջին շուրջ տասն օրուայ ընթացքում պետական ֆինանսաւորմամբ գործող ազրպէյճանական մի շարք լրատուականներ Հայ դատի համակարգի դէմ աշխուժ հակաքարոզչութիւն են անում` խեղաթիւրուած ներկայացնելով այն աշխատանքը, որն արւում է խորհրդաժողովին ընդառաջ: Ազրպէյճանական պետական քարոզչամեքենայի հիմնական խուսափողներից համարուող «Caliber» գործակալութիւնը, օրինակ, պատրաստել է Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի աշխատանքը քննադատող ծաւալուն յօդուած եւ ժապաւէն:
2024 թ. հոկտեմբերի 3-ին, «Արմէնփրես» լրատուական գործակալութիւնը հետեւեալ վերտառութեամբ նիւթ էր հրապարակել` «Հայ դատի գրասենեակը ՔՈՓ 29-ին ընդառաջ եւրոպացի գործիչներին իրազեկում է Ազրպէյճանում բնապահպանական եւ մարդու իրաւունքներին առնչուող խնդիրների մասին»(5) : Այս նիւթը հրապարակուել էր Երեւանի ժամով առաւօտեան 10:09-ին: Դրանից ընդամէնը մէկ ժամ յետոյ`ժամը 11:11-ին, ազրպէյճանական «Մինուալ» լրատուականը հրապարակեց յօդուած` «Ապացուցուած է Հայաստանի պաշտօնական մասնակցութիւնը ՔՈՓ 29-ից առաջ զրպարտութեան քարոզարշաւին(6)», որտեղ ազրպէյճանցի քարոզիչները անդրադարձել են «Արմէնփրես»-ի յիշեալ նիւթին` մասնաւորապէս նշելով. «COP29-ի նախօրէին հայկական լոպին շարունակում է Ազրպէյճանի դէմ «սեւ PR» արշաւը: Համաժողովի նախօրէին ՀՅԴ Հայ դատի» եւրոպական գրասենեակի նախաձեռնութեամբ Եւրախորհրդարանի անդամներ, աւելի քան ութ հարիւր միջազգային կազմակերպութիւններ, համալսարաններ եւ ակադեմական շրջանակներ կը տեղեկացուեն Ազրպէյճանում առկայ խնդիրների մասին` կապուած մարդու իրաւունքների եւ շրջակայ միջավայրի հետ»: Այս յօդուածը նոյնպէս հիմնուած է կեղծիքի վրայ: Հայ դատի համակարգում այլեւս ոչ ոք Հայաստանի իշխանութիւններից չի սպասում մեր քաղաքական առաջնահերթութիւնների սպասարկում, այդ թւում` ՔՈՓ 29-ին ընդառաջ, յատկապէս այն պարագայում, երբ Հայաստանի իշխանութիւնները նոյնիսկ ո՛չ հերքել եւ ո՛չ էլ հաստատել են իրենց մասնակցութիւնը բնապահպանական միջոցառման շղարշով ազրպէյճանական այդ շոուին: Իսկ պետական «Արմենփրես» գործակալութեան կողմից յիշեալ յօդուածի հրապարակումը շատ քիչ է պնդելու համար, որ Հայաստանի իշխանութիւնները ներգրաւուած են ՔՈՓ 29-ին ընդառաջ Ազրպէյճանի վերաբերեալ միջազգային առարկայական իրազեկուածութիւնը բարձրացնելու աշխատանքներին:
Այսպիսով ակնյայտ է, որ ազրպէյճանական քարոզչամեքենան Հայ դատի համաշխարհային ցանցի նկատմամբ իրականացնում է կեղտոտ հակաքարոզչութիւն` փորձելով կաշկանդել վերջինիս գործունէութեան դաշտը: Այնուամենայնիւ, հայկական սփիւռքի եւ յատկապէս դրա քաղաքական գործունէութեան հիմնական գործառնողի` Հայ դատի ցանցի դէմ պայքարում ազրպէյճանաթուրքական ուժերը պէտք է լաւ հասկանան, որ ի տարբերութիւն այլ երկրներում իրենց շահերը հետապնդող վարձու լոպիստական կառոյցների` Հայ դատի համակարգը զբաղւում է դասական համայնքային ազգային լոպինկով, ինչն այլ պետութիւնների համար անհամեմատ աւելի ընդունելի է, քան` վարձու լոպիստական կառոյցների պահանջներին տուրք տալը: Որովհետեւ համայնքային ազգային լոպինկի դէպքում պետութիւնները գործ ունեն իրենց քաղաքացիների, նրանց ազգային պահանջների բաւարարման եւ դրանք ժողովրդավարական միջոցներով իրենց պաշտօնեաների ներկայացնելու հետ: Դրանով է նաեւ պայմանաւորուած, որ չնայած հսկայական ֆինանսական միջոցների գործադրմանը` Հայ դատի համակարգի դէմ ազրպէյճանական սադրանքները որեւէ շօշափելի արդիւնքի չեն յանգեցրել: Եւ պատահական չէ, որ գոնէ այսօրուայ դրութեամբ, օրինակ, Եւրոպայում եւ Ամերիկայի Միացեալ Նահանգներում լոպիստական հիմնական թիրախներում` Եւրոպական խորհրդարանում ու Ամերիկայի Միացեալ Նահանգների Քոնկրեսի երկու պալատներում ազրպէյճանական լոպին գլխովին ջախջախուած է եւ չի կարողանում մոլորեցնել այդ պալատների քաղաքական դիրքորոշումները: Ի դէպ, նոյն իրավիճակն է նաեւ Քանատայի եւ Ֆրանսայի խորհրդարաններում: Ի հարկէ առարկայական պատճառներով Եւրոպական Միութեան եւ առանձին պետութիւնների գործադիր իշխանութիւններ դրսեւորում են այլ` օրէնսդիր իշխանութեան քաղաքական դիրքորոշումներին անհամապատասխան քաղաքական վարք, բայց դա արդէն քննարկման մէկ այլ թեմայ է:
———–
Ծանօթագրութիւններ
1.- https://en.armradio.am/2020/05/12/erdogan-lashes-out-at-armenian-greek-lobbies/
3.- Huntington Samuel P., “Who are we”, New York, p. 277։
4.- https://www.aravot.am/2022/07/19/1281006/
5.- https://armenpress.am/hy/article/1201362
6.- https://minval.az/news/124421672