Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ղարաբաղեան Հակամարտութեան Ներկայ Հանգրուանի Միջազգայնացումը

Հոկտեմբեր 5, 2024
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԳԷՈՐԳ ՂՈՒԿԱՍԵԱՆ
Քաղաքական գիտութիւնների թեկնածու, ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի
կեդրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու

Ղարաբաղեան հակամարտութեան շուրջ ներկայումս ձեւաւորւում է միջազգային խօսոյթի որոշակիացման մի նոր շրջափուլ, որը, ի դէմս վերջին մէկ ամսուայ զարգացումների, արժանի է յատուկ անդրադարձի, արժեւորման եւ ըստ հարկի օգտագործման:

Ղարաբաղեան հակամարտութեան լուծուած չլինելու փաստին բազմաթիւ անգամներ ենք անդրադարձել, ուստի սոյն յօդուածում կը քննարկենք ոչ թէ դրա տեսական ու կիրառական հիմնաւորումները, այլ` վերջին շրջանի միջազգային այն արձագանգները, որոնք գալիս են ապացուցելու, որ ղարաբաղեան հակամարտութիւնը ոչ միայն լուծուած չէ, այլեւ նշմարւում է հակամարտութեան, դրա հետեւանքների ու դրանց յաղթահարման հետ կապուած խնդիրների որոշակի միջազգայնացում` միջազգային յարաբերութիւնների առանձին դերակատարների կողմից:

Վերջին մէկ ամսուայ ընթացքում ղարաբաղեան հիմնախնդրի վերաբերեալ առարկայական եւ կարեւոր ուղերձներ են հնչել տարբեր կեդրոններից, բայց, մեր կարծիքով, առանձնակի ուշադրութեան ու վերլուծման են արժանի Քանատայից, Ամերիկայի Միացեալ Նահանգներից, Հոլանտայից, Զուիցերիայից ու Աւստրալիայից ստացուած ուղերձները:

Հայաստանի շուրջ ստեղծուած ներկայ իրավիճակում իրապէս բացառիկ էր Քանատայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի` տեղահանութեան առաջին տարելիցի առթիւ հրապարակուած ուղերձը, որին նախորդել էր Հայ դատի յանձնախմբի հետ պաշտօնական շփումներ:

Մասնաւորապէս հրապարակուած ուղերձում, ի թիւս այլնի, նախարար Ժոլին համերաշխութիւն է յայտնում, որ իր երկիրն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային քաղաքական լուծմանը, ինչպէս նաեւ աջակցում է ուժի չկիրառման, տարածքային ամբողջականութեան յարգման սկզբունքներին եւ ինքնորոշման իրաւունքին` այս տարածաշրջանի ժողովրդի համար արդար ու տեւական խաղաղութեան հասնելու բանակցութիւններում: Ըստ Ժոլիի, ասուածը պէտք է ենթադրի` հայ խաղաղ բնակիչների վերադարձի անվտանգ եւ արժանապատիւ իրաւունքը, երաշխաւորի մարդու իրաւունքների եւ քաղաքացիական կենսամիջոցների պաշտպանութիւնը եւ տարածքում հայկական մշակութային ու պատմական վայրերի պահպանումը: Նախարարը նաեւ կոչ է անում ազատ արձակել Ազրպէյճանից կամայականօրէն ձերբակալուած բոլոր հայերին:

Նախարար Ժոլիի կարեւոր յայտարարութեան երկու կէտեր պահանջում են յատուկ անդրադարձ ու արժեւորում: Մասնաւորապէս` հակամարտութեան բանակցային քաղաքական լուծման անհրաժեշտութեան շեշտադրումը: Այստեղ քանատական կողմի դիրքորոշումը աւելի քան յստակ է, հակամարտութիւնը քաղաքական կարգաւորում չի ունեցել, այն չի կարող ռազմական լուծում ունենալ: Ի դէպ, հակամարտութեան քաղաքական լուծում գտնելու նպատակը ընկած է հէնց ԵԱՀԿ (այն ժամանակ` ԵԱՀԽ) Մինսքի խմբի գործունէութեան բովանդակութեան հիմքում: Միւս խիստ ուշագրաւ նկատառումը ինքնորոշման իրաւունքին յղումն էր` որպէս հակամարտութեան քաղաքական կարգաւորման հիմքերից մէկը:

Կրկին առաջին տարելիցի առթիւ ԱՄՆ Քոնկրեսում անցկացուեցին մի շարք ներկայացուցչական ձեռնարկներ` բազմաթիւ քոնկրեսականների մասնակցութեամբ: Նախ` Քոնկրեսի Թիմ Լանթոսի անուան մարդու իրաւունքների յանձնաժողովում անցկացուեց Արցախում մարդու իրաւունքների խախտումների վերաբերեալ հանրային լսում-քննարկում, որին, ի թիւս այլոց, հրաւիրուած էր մասնակցելու Արցախի Հանրապետութեան մարդու իրաւունքների պաշտպանը: Քոնկրեսում հայկական շահերի պաշտպանութեան ուղղութեամբ ձեռնարկուած աշխատանքները ընդգրկում էին նաեւ պատերազմի ու շրջափակման մասին նկարների ցուցադրութիւն ԱՄՆ Քոնկրեսում, ինչպէս նաեւ` Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի կողմից, համայնքային շուրջ ութսուն գործիչների ներգրաւմամբ հայկական շահերի պաշտպանութեան երկօրեայ ծրագիր Քոնկրեսի տասնեակ անդամների գրասենեակներում, որտեղ ներկայացուել են ամերիկահայ համայնքի համար քաղաքական առաջնահերթութիւն ներկայացնող այնպիսի խնդիրներ, որոնց բախւում է հայ ժողովուրդը: «Հաշուետուողականութիւն» խորագիրը կրող այդ ձեռնարկի ընթացքում ելոյթ են ունեցել Դադիվանքի վանահայր տէր Յովհաննէսը, Հայ դատի Արցախի գրասենեակի նախկին աշխատակից, ներկայումս Հայ դատի Ուաշինկթընի գրասենեակի համայնքային գործերի տնօրէն Քեւ Իսկաջեանը, որ մինչեւ Արցախի հայաթափումն այնտեղ էր, Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանեանը եւ այլն: ԱՄՆ Քոնկրեսի անդամներից կարեւոր էին Կրէյս Մենկի, Ճուտի Չուի, Կէյպ Ամոյի, Ան Էշուի, Պրետ Շերմանի, Ճիմ ՄըքՔաւերնի, Թոմ ՄըքԷլինթոքի, Ռաշիտա Թլայւպի ելոյթները: Ձեռնարկին ներկայ էին նաեւ Քոնկրեսի հայկական յանձնախմբի համանախագահ Տէյվիտ Վալատաուն, ինչպէս նաեւ` Նիւ Ճըրզիից ընտրուած ներկայացուցիչ Ճոշ Քոթհայմերը:

Ձեռնարկի ընթացքում արցախցի լուսանկարիչ Դաւիթ Ղահրամանեանի նկարների ցուցադրութիւնը հովանաւորուել էր ծերակուտական Շելտոն Ուայթհաուսի կողմից եւ իրականութիւն էր դարձել Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի ու Համազգային հայ կրթամշակութային հիմնադրամի աշխատանքների արդիւնքում:

Այս ձեռնարկի ընթացքում ԱՄՆ քոնկրեսականներն իրենց ելոյթներում կարեւորել են 907-րդ բանաձեւի վերականգնմամբ` Ազրպէյճանին ամերիկեան ռազմական օժանդակութեան դադարեցումը, պատերազմական յանցագործութիւնների համար պատասխանատու` ազրպէյճանցի պաշտօնեաների նկատմամբ «Մակնիցքու» ամբողջական պատժամիջոցների կիրառումը, ԱՄՆ արտաքին օժանդակութեան աքթի 502-րդ յօդուածի համապատասխան կէտերի շրջանակում Ազրպէյճանում մարդու իրաւունքների խախտումների ուսումնասիրութիւնը (ինչը հետագայում կը յանգեցնի Ազրպէյճանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման եւ օժանդակութեան դադարեցման), միջազգային երաշխաւորութեամբ` արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրացման ապահովումը: Քոնկրեսի բազմաթիւ անդամներ խօսել են ազրպէյճանական յարձակման պատճառով տեղահանուած հայութեան համար պատշաճ կենսապայմանների ապահովման անհրաժեշտութեան, ինչպէս նաեւ COP 29-ին ընդառաջ` մարդու իրաւունքների խայտառակ վիճակը ծածկադմբոցի ենթարկելու ազրպէյճանական նպատակադրման մասին:

Եթէ այս ամէնին գումարենք այն, որ 2023 թ. դեկտեմբերին, S.3000 բանաձեւի միաձայն ընդունմամբ, ԱՄՆ ծերակոյտը նպատակ է հետապնդել վերացնել 907-րդ բանաձեւի ամէնամեայ նախագահական շրջանցման արտօնութիւնը, ապա ակնյայտ է, որ գոնէ ԱՄՆ օրէնսդիր իշխանութեան մակարդակով ղարաբաղեան հակամարտութիւնը ոչ միայն լուծուած չէ, այլեւ առանձին ձեռնարկներով ամերիկեան օրէնսդիրները փորձում են քննարկման առարկայ դարձնել հակամարտութեան նոր հանգամանքներ, որոնք առաջացել կամ խորացել են պատերազմական յանցագործութիւններով զուգորդուող ազրպէյճանական յարձակման արդիւնքում:

ՀՀ անկախութեան օրուայ առթիւ ԱՄՆ նախագահի դեմոկրատական թեկնածու, երկրի գործող փոխնախագահ Քամալա Հարիսը հրապարակել է ուղերձ` ուղղուած ամերիկահայութեանը: Դրանում Հարիսը աջակցութիւն է յայտնել «Լեռնային Ղարաբաղից տեղահանուած հայերի` իրենց տներն անվտանգ վերադառնալու իրաւունքին»: Դեմոկրատական թեկնածուն նաեւ նկատել է. «Մենք երբեք պէտք չէ մոռանանք Հայոց ցեղասպանութիւնը», ինչպէս նաեւ` յանձնառու է «Հայաստանի եւ իր հարեւանների միջեւ ինքնիշխանութիւնը, անկախութիւնը եւ տարածքային ամբողջականութիւնը յարգող կայուն խաղաղութեանը հասնելուն»:

Այս յօդուածը գրեթէ պատրաստ էր, երբ Հայ դատի Ամերիկայի գրասենեակը յայտնեց, որ ԱՄՆ Քոնկրեսի շուրջ 60 անդամներ` երկու պալատներից, միացել են Քոնկրեսի հայկական հարցերով յանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնի եւ ծերակուտական Էդ Մըրքիի նամակին` կոչ անելով ԱՄՆ իշխանութիւններին COP 29-ին ընդառաջ պատասխանատուութեան ենթարկել Ազրպէյճանին ռազմական յանցագործութիւնների կատարման, ապօրինի պատանդառութեան, Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնագրաւման համար:

Սեպտեմբերի երկրորդ կէսին Զուիցերիայի խորհրդարանի թուով 16 պատգամաւորներ երկրի գործադիր իշխանութեան առաջ հարց են բարձրացրել Արցախի հայութեան վերադարձի իրաւունքի եւ տեղում ինքնորոշման իրաւունքի իրացման վերաբերեալ` պահանջելով կառավարութեան դիրքորոշման արտայայտութիւնը: Զուիցերիական կառավարութեան առջեւ օրէնսդիրները նաեւ հարց են բարձրացրել կապուած COP 29-ին զուիցերիական պատուիրակութեան կողմից յիշեալ հարցերը բարձրացնելու անհրաժեշտութեան վերաբերեալ:

Արցախի հայաթափման առաջին տարելիցը համընկաւ Հոլանտայի կառավարութեան քոալիսին  համաձայնագրի հրապարակմանը, կառավարութեան ծրագրի ներկայացմանը, որի արտաքին քաղաքականութեան բաժնում յստակ նշուած է, որ` «Ազրպէյճանը գրաւել է Լեռնային Ղարաբաղը»: Սա նոյնպէս իր բնոյթով նախադէպը չունեցող ձեւակերպում է, որի տրամաբանութիւնն առհասարակ վիճարկում է Ազրպէյճանի գերիշխանութիւնը Արցախի հանդէպ, ինչը որպէս «անքննելի իրականութիւն» ներկայացւում էր ազրպէյճանական իշխանութիւնների կողմից` որպէս միջազգային ընկալում, եւ ցաւօք սրտի, ղարաբաղեան հիմնախնդրի էութիւնն ու առարկայական իրականութիւնն աղճատող այդ քաղաքականութիւնը որդեգրուեց նաեւ Հայաստանի իշխանութիւնների կողմից:

Արցախի խնդրի ներկայ իրավիճակի վերաբերեալ քննարկումներ են անցկացւում ոչ միայն դաշնային կամ միջազգային կազմակերպութիւնների մակարդակներում, այլ նաեւ` նահանգային:

Սեպտեմբերի վերջին Նոր Հարաւային Ուելսի (New South Wales) խորհրդարանի երեք պատգամաւորներ, որոնք Հայ դատի Աւստրալիայի յանձնախմբի աշխատանքների արդիւնքում 2023 թ. սեպտեմբերի վերջերին Հայաստանում էին, եւ այցելելով Սիւնիք` ուղղակիօրէն ականատեսն էին եղել բռնի տեղահանութեանը, խորհրդարանում աւստրալիացի պաշտօնեաներին կոչ են արել պոյքոթել Պաքւում նախատեսուած COP 29-ը: Երեք պատգամաւորներն էլ` Թիմ Ճէյմսը, Հիու ՄըքՏերմոթը եւ Մեթ Քրոսը, որոնք «Արցախի աւստրալիացի բարեկամներ» ցանցի անդամներ են, դատապարտել են Ազրպէյճանի անօրինական ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք, հայկական կրօնական եւ մշակութային ժառանգութեան պղծումը, հայերի անօրինական բանտարկումը, այդ թւում` Արցախի պետական պաշտօնեաների: Կարեւորուել է միջազգային երաշխիքների ներքոյ արցախցի փախստականների վերադարձի իրաւունքի իրացումը»: Հաշուի առնելով ազրպէյճանական կողմի յանցագործ քաղաքականութիւնը` պատգամաւորները աւստրալացի խորհրդարանականներին կոչ են արել մնալ տանը եւ չմասնակցել COP 29-ին Նոր Հարաւային Ուելս նահանգի խորհրդարանի այս քննարկումն էլ, իր հերթին, մէկ այլ փաստի ցուցիչ է, որ ղարաբաղեան հիմնախնդրի միջազգայնացումը սահմանափակուած չէ այն տարածաշրջաններով, որոնց քաղաքականութիւնն ուղղակի է առնչւում մեր տարածաշրջանին, կամ` այն երկրներով, որոնք աւանդաբար մեր հետ ունեն բարեկամական յարաբերութիւններ:

Վերը ներկայացուած օրինակները փորձենք գնահատել Հայ դատի համաշխարհային ցանցի հիմնական քաղաքական առաջնահերթութիւնների դիտանկիւնից: Բազմաթիւ առիթներով անդրադարձել ենք Հայ դատի համակարգի քաղաքական առաջնահերթութիւններին, որոնք յանգում են` վերադարձի իրաւունքի ապահովմանը, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան ազատ արձակմանը, Ազրպէյճանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը, Հայաստանի նկատմամբ միջազգային զօրակցութեան ապահովմանը, Արցախի պատմամշակութային ժառանգութեան պաշտպանութեանը եւ այլն:

Կարող ենք նաեւ պնդել, որ Հայ դատի ներկայ քաղաքական առաջնահերթութիւնները համահաւաքութեան մէջ կարելի է ձեւակերպել այսպէս` ղարաբաղեան հիմնախնդիրը պահել միջազգային օրակարգի վրայ: Դա թոյլ կը տայ միջազգային յարաբերութիւնների ներկայ փոթորկոտ ժամանակաշրջանի աւարտից, մեզ համար անբարենպաստ քաղաքական դասաւորուածութիւնների մեղմացման եւ Հայաստանի գործող իշխանութիւնների հեռացումից յետոյ աւելի արդիւնաւէտ կերպով իրականացնել արցախեան հիմնախնդրի սպասարկումն ու այն վերադարձնել երկկողմ եւ միջազգային բանակցային օրակարգ:

Ակնյայտ է, որ նոյնիսկ ներկայ դժուարագոյն պայմաններում Արցախեան հիմնահարցը որոշակիօրէն գտնւում է միջազգային օրակարգի վրայ: Այս պայմաններում հակամարտութեան լուծուած լինելու վերաբերեալ ազրպէյճանական պնդումները ամբողջութեամբ անհիմն են, իսկ Հայաստանի իշխանութիւնների վախւորած եւ ուրացման քաղաքականութիւնը` ուղղակի քստմնելի: Հակամարտութեան միջազգային օրակարգի վրայ լինելու փաստը արդէն իսկ լաւագոյն ապացոյցներից մէկն է, որ միջազգային հանրութեան առանձին դերակատարներ չե՛ն ընդունում ուժի կիրառման գործելաոճը որպէս հակամարտութիւնների լուծման գործիք: Միջազգային յարաբերութիւնների միւս դերակատարներն էլ, որոնք դեռեւս լուռ են ազրպէյճանական պատերազմական յանցագործութիւնների, ցեղասպանութեան ու ցեղային զտումների որպէս այդպիսին որակման ու դրանից բխող համապատասխան քայլերի ձեռնարկման գործում, լռում են ոչ թէ այն պատճառով որ ընդունում են ուժի կիրառման եւ միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունքերի ոտնահարումը, այլ նրա համար, որ միջազգային յարաբերութիւնների ներկայ փուլում առանձին պետութիւնների ազգային շահերը դա են պահանջում: Սակայն այս իրավիճակը, որի վրայ մասամբ հիմնւում է ազրպէյճանական սանձարձակ քաղաքականութիւնը, երաշխաւորուած չէ յարատեւութեամբ, աւելի՛ն, Մերձաւոր Արեւելքում եւ առաւել լայն տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներն արդէն իսկ նախանշում են «ազրպէյճանական ոսկէ ժամանակաշրջանի» մօտալուտ աւարտն ու ապշերոնեան բռնապետութեան արտաքին քաղաքական խուսանաւելու կարողութեան անկումը:

Ակնյայտ է, որ 21-րդ դարում պատերազմական յանցագործութիւններով ու ցեղասպանական գործողութիւններով զուգորդուող ազրպէյճանական յարձակման միջազգային դատապարտումը, մեղմ ասած, հեռու է բաւարար լինելուց: Այս պայմաններում հաւաքական առումով միջազգային հանրութիւնը, որը պատեհ առիթին սեփական դէմքը փրկելու խնդիր պէտք է լուծի, ղարաբաղեան հիմնախնդիրը չլուծուած համարելով` իր համար երաշխաւորում է այդ հնարաւորութեան առկայութիւնը:

Ո՞րն է մեր անելիքը: Ստեղծուած ներքին ու արտաքին խիստ անբարենպաստ իրավիճակում մեր նպատակը պէտք է լինի առկայ դիրքորոշումները պահպանելն ու զարգացնելը: Պատահական չէ, որ ազրպէյճանական կողմը, ֆինանսական ու քարոզչական հսկայական միջոցների ներգրաւմամբ, կատաղի հակազդեցութիւն է դրսեւորում ղարաբաղեան հիմնախնդրի վերաբերեալ ցանկացած հայամէտ-առարկայական դիրքորոշման առիթով: Ազրպէյճանական թիրախում, որպէս կանոն, յայտնւում են առաջին հերթին եւ հիմնականում Հայ դատի յանձնախմբերն ու գրասենեակները, յատկապէս` Եւրոպայում եւ Ամերիկայի Միացեալ Նահանգներում:

Միջազգային յարաբերութիւնների պատմութեան մէջ վայրիվերումները որոշակի պարբերականութեամբ կրկնուելու միտում ունեն եւ հանդիսանում են իրարայաջորդ աշխարհակարգերի նախապատրաստական ժամանակահատուած: Մեր խնդիրը դիմանալն է մինչեւ աշխարհում կարգ ու կանոնի վերստին որոշակիացումն ու մեր իրաւունքների հետապնդումն արդէն նոր իրավիճակում, իսկ ստեղծուած իրավիճակում պէտք է անել հնարաւորը` հետագայում մեկնարկային աւելի լաւ դիրքերում գտնուելու համար:

Հորիզոն

Նախորդը

Աղեղնաբառ – 175

Յաջորդը

Յայտարարութիւններ (5 Հոկտեմբեր 2024)

RelatedPosts

Ընդդիմութիւնը Պէտք Է Նուազագոյն Ազգային Համաձայնութիւնը Ձեւակերպէ
Անդրադարձ

Ընդդիմութիւնը Պէտք Է Նուազագոյն Ազգային Համաձայնութիւնը Ձեւակերպէ

Յուլիս 14, 2025
Տարեփակի Խոհեր  Ա. –   Պիտի Վերականգնենք Մեր Երթը` Պատմութեան Եւ Աշխարհագրութեան Մայրուղիներուն Վրայ
Անդրադարձ

Լուրջ… Երգիծանք. Ուղեղի Բորբոսը Դարմանելու Ձեւ Կա՞յ

Յուլիս 14, 2025
«Դրօշակ»-ի Առաջնորդող.  Լինել Նախաձեռնող, Չգնալ Թելադրուած Օրակարգերի Ետեւից
Անդրադարձ

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Լինել Նախաձեռնող, Չգնալ Թելադրուած Օրակարգերի Ետեւից

Յուլիս 14, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?