ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆ
2020 թուականի մեծ ողբերգութեան նախօրէին էր: «Անուշ» նստած էինք իրար հետ` ես, Շառոյեան Ռադիկը եւ Սահակ Սահակեանը: Սահակի ներկայութեամբ, բնականաբար, խօսակցութեան թեման երաժշտութիւնն էր: Խօսում էինք այն մասին, թէ ազգային-յեղափոխական երգը որքա՛ն դերակատար եղաւ եւ ի՛նչ ազդեցութիւն ունեցաւ արցախեան ազատամարտի, ազատամարտիկների ոգու բարձրացման եւ հայրենասիրական դաստիարակութեան գործում: Սահակն ինձ ասաց, թէ` «Ա՛յ, էս թեմայով մի բան գրիր»: Մօտ երեք շաբաթ անց գրուած պատմուածքը ներկայացրի ընկերների դատին: Յետոյ տեղի ունեցան աներեւակայելի իրադարձութիւնները, եւ մենք մեզ մոռացանք, ուր է թէ ուրիշ բաների մասին յիշէինք: Սահակի հեռանալուց յետոյ յիշեցի այդ ամէնը եւ որոշեցի պատմուածքը հրապարակել` նկատի ունենալով, որ երգչի նախատիպը Սահակն է եւ պատմուածքն էլ նուիրուել է սիրելի ընկերոջը:
Ա. Շ.
***
Երգը քեֆի սեղանով տարածուեց լաւաշ հացի հետ: Բազմաձայն երգը սենեակ խուժեց` տղերքի խուռներամ բազմութեան, յատակին քսուող աթոռների աղմուկի, դանակ-պատառաքաղի, ափսե-բաժակի չխկչխկոցի հետ միաժամանակ: Սեղանի գլխին կանգնած Հրամանատարը փորձում էր յաղթական բազուկների պէս դէպի վեր պարզել բեղի ծայրերը, բայց մազը չէր ենթարկւում: «Էս ձեւով չենք յաղթի, ամէն մէկը մի երգ է երգում` անսլուխ-անկանոն, բարձ ու ցածր, տեղին ու անկապ` անկազմակերպ: Անկազմակերպ, աներգ զօրքը ո՞նց կը յաղթի: Ա՜խ երգիչ, հէնց հիմա՞ դու պիտի ցաւ ու հոգսի բեռան տակ այսպէս տկարանայիր, ախր յոյսս քո երգն էր»:
Վերջում սեղանին մօտեցաւ երգիչը, դանդաղ քաշեց աթոռը, զգուշ, ասես ամէն շարժում ցաւ էր պատճառում մարմնին, ինքնամփոփ տեղաւորուեց տղերքի կողքին:
– Որտե՞ղդ է ցաւում,- հարցրեց կողքին նստած խոհարարը:
– Հոգի՛ս, եղբայր, հոգիս,- տնքաց երգիչը:
– Չէ՛, այսպէս չենք յաղթի,- հաստատեց մտքում Հրամանատարը` մատների մէջ մտազբաղ տրորելով բեղի ծայրը, ինչպէս կը խաղար համրիչի քարերի հետ,- խեր, շառ, Աստուած, խեր, շառ Աստուած, Աստուած, Աստուած, Աստուած` կարող է այնպէս պատահել, որ էս պատերազմը յաղթենք, երկիրն ազատագրուի, էս երկրի վրայ իշխի հայի շունչը, մանուկների անհոգ խաղը, սիրահարների երջանիկ ծիծաղը: Ամէն առաւօտ, գետի պէս, փողոցներ հորդան համազգեստաւոր դպրոցականների խմբերը, իսկ նրանց ուղեկցի շինարարների մուրճերի ու հատիչների համերգը, յետոյ մետալները կրծքերին շարած զինուորականները` իրենց պճնուած կանանց հետ, երեխաների ձեռքները բռնած հպարտ-հպարտ գնան շքերթի, ու ամէն տարի ազգը շքերթ անի` հպարտ ու ձիգ զինուորներով, թանկերով ու հրանօթներով` բարձրում կանգնած ազգային իշխանութեան ղեկավարութեամբ: Բայց, Աստուա՛ծ, դեռ կռիւը չսկսուած` ես էս ինչ ցնորքների մէջ եմ: Յոյսս մեզ վրայ դնելու փոխարէն` Քո ամենակարողութեանն եմ ապաւինում…
Հրամանատարը սթափուեց, որովհետեւ տղերքը ծամելն ընդհատել հայեացքները յառել էին իր կողմը: Հրամանատարը վերցրեց օղիով լի բաժակը, մէկ անգամ էլ վեր ձգեց բեղի ծայրն ու մաքրեց կոկորդը. ականջիս շշուկներ են հասնում, իբր որոշները շատ խիստ թերագնահատում են թշնամուն, իբրեւ թէ խաղ ու պար անելու պէս յաղթելու ենք: Պաշտօնապէս յայտարարում եմ, որ դատապարտում եմ նման թեթեւամիտ խօսակցութիւնները: Եթէ թշնամին իրենից բան չներկայացնէր ու զանազան հանգամանքներից օգտուելու հունար չունենար, այսօր նստած չէր լինի մեր հողերի վրայ, ու չէր պատահի այն, ինչ պատահել է: Մենք այս պատերազմը յաղթելու ենք, բայց ուրիշ պատճառով, յաղթելու ենք, որովհետեւ չենք կարող պարտուել` այլեւս չենք կարող պարտուել, մեր պարտութիւնների լիմիտը սպառուել է: Կա՛մ մենք կը յաղթենք ու սա կը դառնայ մեր յաղթանակների սկիզբը, կա՛մ կը պարտուենք, ու պարտութիւնը կը դառնայ մեր վերջի սկիզբը: Խմում ենք յաղթանակի համար:
Տղերքը ոտքի կանգնեցին ու կնճռոտուելով` կուլ տուեցին խաղողի թանձր օղին: Հրամանատարը միացաւ հացկերոյթին, որովհետեւ տղերքին անհանգստութեամբ վարակել չէր կարելի. յաջորդ օրը տեղի էր ունենալու առաջին մարտը:
Սեղանի վրայ իշխում էր քչփչոցների, շարժուող դանակ-պատառաքաղի խուլ ժխորը: Այս ժխորից զատուեց տխուր-մեղրածոր երգը.
Ով կամաւոր է գրւում, այն օրից հերոս է նա,
Իր ազգի ազնիւ կռւում ամենամեծ յոյսն է նա,
Սիրայօժար, մահն աչքերին է գնում,
Առիւծի պէս է կռւում:
Չի երազում ո՛չ անուն, ո՛չ ոսկի, ո՛չ գանձ,
Հայրենիքն է իր հոգում սրբազան նախանձ,
Կռիւներ է մղում նա բոցերում անշէջ,
Սխրանքները չի պատմում, պահում է իր մէջ:
– Երգի՛չ,- յուսահատ-թախանձագին կանչեց Հրամանատարը, առանց այն էլ իր կենացը մի բան չէր, հիմա էլ երգիչն էր ծանրացնում մթնոլորտը: Երգիչն ընդհատեց երգն ու լուռ-հարցական նայում էր Հրամանատարին: Յետոյ նա դողացող ձեռքը երկարեց, վերցրեց օղու շիշը, լցրեց բաժակն ու մօտեցրեց այն շուրթերին, բայց, միտքը փոխելով, ետ դրեց բաժակը, անձեռոցիկով սրբեց բերանն ու բազուկներին ուժ տալով ոտքի կանգնեց.
– Բարի, գեղեցիկ, առաքինի ընկերը մարդուն,
փայլեցնում է արեւի պէս պատկերը մարդուն…
Տղերքն աշխուժացան, ընկերների կենացը, մեր ընկերութեան կենացը, կանչեցին այս ու այն կողմից, նրանց միացաւ եւ Հրամանատարը: Խմիչքը քաշեցին գլխներին` բաժակներն աղմուկով զարկելով իրար: Տրամադրութիւնը մի քիչ փոխուեց, տղերքը բարձրաձայն կատակում էին: Հրամանատարը հերթով նայում էր նստածներին ու զարմանում. «Էս քսան օրում ոնց փոխուեցին տղերքը, անհոգ դէմքերին մտահոգութիւնը ակօսներ գծեց, լրջացան: Նորածիլ բեղ-մօրուքը, խռիւ մազափնջերին խառնուած ալիւրի նման փոշին խոհուն տեսք հաղորդեցին երէկուայ արհեստաւորին, ուսանողին ու դպրոցականին. Ճու՛տ, ճուտը որտե՞ղ է, ձայն տուեց հրամանատարը:
– Արջի թիկունքի ետեւում եմ, Հրամանատա՛ր, տնաշէնի թիկունքն էնքան լայն է, որ կողքին նստած չեմ երեւում,- ասաց Ճուտը, ափով շփփացրեց արջի թիկունքին ու ոտքի կանգնեց` պատանեկան չարաճճի ժպիտը երկնքի պէս ջինջ աչքերում: Հրամանատարի ասելիքը կատակից հեռու էր. եկեղեցին լրիւ մաքրուե՞ց, աղբը հեռացրի՞ք տարածքից:
– Ոնց որ հրամայել էս, ընկե՛ր Հրամանատար, մտնես եկեղեցի կը հիանաս` իւղ շաղ տաս` իւղ կը հաւաքես:
– Լաւ՛,- պահպանելով դէմքի լրջութիւնը արձագանգեց հրամանատարը, միաժամանակ ականջից չվրիպեց Լոլոզի քրթմնջոցը,- չեմ հասկանում կռուելո՞ւ ենք եկել, թէ՞ բարեգործական աշխատանքների, մի շաբաթ է եկեղեցի ենք բարեկարգում:
Հրամանատարի ներսում կուտակուած տագնապներն ու մտահոգութիւնները կարծես միանգամից պրկուեցին ու վերածուեցին շիկացած զսպանակի: Նա ծառս եղաւ տեղից ու գոչեց. Լոլո՛զ, եթէ կարծում ես թէ էս պատերազմը ձեռքիդ խաղալիքով էս յաղթելու, իմացիր, որ խորը մոլորութեան մէջ ես: Ես քեզ խնդրում եմ, չէ՛, պահանջում եմ, որ այսուհետեւ, պատերազմական ժամանակներին համապատասխան վերաբերմունք դրսեւորես բոլոր հրամանների նկատմամբ եւ շուրջդ սադրիչ մտքեր չտարածես: Հակառակ դէպքում` քաղաքի շորերդ կը հագնես ու հայդա որտեղից եկել ես:
Լոլոզը դժգոհ սկսուեց, մի պահ շփոթմունք տիրեց սենեակում, միայն ժպիտն էր ժպտալով նայում շուրջբոլորը: Տեղին միջամտեց երգը.
Երազ իմ երկիր հայրենի,
Հոգսերդ շատ, յոյսդ մեծ,
Քարքարոտ երկիր:
Ես մի բուռն եմ քո հողի,
Ես մի ծիլն եմ քո արտի,
Ես մի թերթն եմ քո ծաղկի,
Հայրենի երկիր, Հայաստան:
Կէսից բոլորը միացան երգին, հրամանատարի աչքերը կայծկլտացին, դէմքի ամպերը սկսեցին ցրուել:
– Տղե՞րք, բա չխմե՞նք մի բաժակ,- երգիչը խրոխտ ոտքի էր կանգնել, մեծ ափի մէջ, ականի պէս թափահարում էր օղու շիշը:
Յետոյ երգիչը բազուկը գցեց Արջի թիկունքին ու իր հետ տարաւ սրահի կենտրոն: Մէկ մարդու պէս տղերքը շարուեցին կողք-կողքի, ամուր շղթայ կազմեցին, անխոցելի բերդապարսպի նման, եւ երգի թնդիւնի հետ սենեակը լցուեց յատակին զարնուող ոտքերի դոփ-դոփիւնով, պարողների գոռում-գոչիւնով: Պարի հրամանատարը երգը դրօշի պէս առաջ պարզած երգիչն էր: Երգիչը ձգուել էր, թաւ գլուխը ետ գցել` կծկուած ուսերը բացել լայն, դարձել էր ճկուն, շարժումը հաստատուն, ոտքերն ամուր` ինչպէս նախկինում: Ոգեւորութեան լիցքերից սենեակը թնդում էր, երգի ու կանչերի ձայները դուրս էին թռչում բանտող պատերի միջից եւ թեւածում էին դէպի լուսնի արծաթ շղարշով պատուած լեռնալանջերը: Գիշերային միւս ձայները սկսուել էին: Հեռուից ականջ դնողին կարող էր թուալ, թէ կռիւն արդէն սկսուել է:
Երգիչը, քրտինքը սրբելով, մօտեցաւ Հրամանատարին. ընկե՛ր, ինձ զէնք կը տաս` առաւօտեան ես էլ եմ գալու:
– Եղբա՛յր, դու կազդուրուիր, առանց քեզ էլ մի բան կ՛անե՛նք:
– Հիմա արդէն լաւ եմ, երգը մտաւ ոսկորներիս մէջ, միտքս զուլալուեց, երբ չեմ երգում, հիւանդանում եմ: Յետոյ, ասեմ քեզ, առանց երգի կռուելը ճիշդ չէ: Հրամանատարը ցցուած բեղի տակ թաքցրեց խորամանկ ժպիտը ու երգչի հետ մտաւ պարի շրջանի մէջ:
Արարատն առա՛ջ հայ զինուորը քաջ,
Վրէժ մեր սրտում` գնանք աննահանջ…
Արեան ընդվզումից ծայր առած ոգեւորութիւնը դուրս էր յորդում երգի ու պարի հետ, ինչպէս փրփրացող գինին` լիքը կարասից: Պատերը հարբել, շորորում էին թունդ երգից, յատակի փայտերը թմբկահարում էին տղերքի պարին համահունչ: Խոհարարը օղին բերեց, Արջը լիքը բաժակները բաժանում էր պարողներին: Հրամանատարը խանդավառութեան այդ պահին ընդհատեց ուրախութիւնը եւ բոլորին հրաւիրեց սեղանի մօտ:
– Հիմա սթափուէք, լսէք` ի՛նչ եմ ասում: Ամէն ինչից երեւում է, որ էս խմորը շատ ջուր է վերցնելու, պատերազմը երկար կը տեւի: Այդ պատճառով առաջին մարտից առաջ ես ձեզ հրամայում եմ` պիտի դիմանաք, կը կռուէք խելքով, չլքէք մարտական շարքերը:
Հրամանատարը հանդիսաւորութիւն հաղորդեց ձայնին, ինչպէս արած պիտի լինէր իր պաշտելի հերոսը, ձեռքը տարաւ բեղին. ո՛վ զարկուի` դաւաճան է:
Յետոյ նորից հանդարտուեց. որպէսզի ատելութեան թոյնը չկուրացնի ու չմթագնի ուղեղներդ, մարտի դաշտում կ՛առաջնորդուէք ոչ թէ թշնամու նկատմամբ ատելութեամբ, այլ կը մտածէք բոլոր էն մարդկանց մասին, ում սիրում էք, կը խորհէք, թէ էս յաղթանակը քանի սերնդի անկատար երազանքը պիտի իրականութիւն դարձնի: Կը մտածէք էս հողուջրի մասին: Առաւօտ վաղ ենք վեր կենալու, արեւը դաշտ ու անտառին համբուրեց մարտը սկսելու ենք, դրա համար հիմա գնացէք քնէք, որ ուժներդ տեղը լինի, ու շատ խմելուց ձեռքներդ չդողայ: Բայց, մինչեւ գնալը, ամէն մէկս իր համար թող կրկնի երդումը. «Երդւում եմ պատուովս եւ հայրենիքովս» ու միասին բարձրաձայն արտասանենք. «Իսկ եթէ հարկ լինի, նաեւ կեանքիս գնով…»:
(Շար. 1)