Ինչպէս մեր նախորդ յօդուածի սկզբնամասում էինք ակնարկել, 2020 թ. պատերազմի աղէտալի հետեւանքներն ու մեր ժողովրդին շարունակապէս պատուհասող դժբախտութիւնները Հայ դատի յանձնախմբերին ու գրասենեակներին ստիպեցին եթէ ոչ ռազմավարական, ապա գոնէ մարտավարական հիմնարար փոփոխութիւնների ենթարկել Հայ դատի համակարգի ներկայիս քաղաքական առաջնահերթութիւններն ու գործունէութեան հիմնական ուղղութիւնները:
Որպէս կանոն` վերջին 30 տարիներին Հայ դատի համակարգի երեք հիմնական քաղաքական առաջնահերթութիւնները վերաբերել են արցախեան հիմնահարցին, Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման ու հատուցման գործընթացին եւ Հայաստանի Հանրապետութեան քաղաքական ու տնտեսական աջակցութեանը: Այս երեք ուղղութիւններն էլ իրենց հերթին ունեցել են բազմաթիւ ենթաուղղութիւններ: Օրինակ, արցախեան հիմնահարցի մասով, Հայ դատի յանձնախմբերն ու գրասենեակներն աշխատում էին` Արցախի Հանրապետութեան անկախութեան ճանաչման միջազգային գործընթացի առաջմղման, Արցախի անկախութեան միջազգային ապակեդրոն ճանաչման, տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում միջազգային համագործակցութեան խթանման, Արցախի Հանրապետութեան միջազգային միջխորհրդարանական յարաբերութիւնների զարգացման, արտասահմանեան քաղաքական եւ լրագրողական պատուիրակութիւնների դէպի Արցախ այցերի կազմակերպման, Արցախի պաշտօնեաների արտասահմանեան այցերի ու քաղաքական բարձրաստիճան հանդիպումների իրականացման, տարբեր խորհրդաժողովների կազմակերպման, լրատուական եւ այլ աշխատանքներով միջազգային հասարակական-քաղաքական շրջանակների մօտ իրազեկուածութեան բարձրացման, ի նպաստ Արցախի որոշումների ու բանաձեւերի ընդունման եւ այլ ուղղութիւններով:
2020 թ. պատերազմը, 2021 եւ 2022 թթ. Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքի նկատմամբ թշնամական յարձակումը եւ տարբեր հաշուարկներով աւելի քան 200 քառ. քմ-ի բռնազաւթումը, ապա 2023 թ. սեպտեմբերին Արցախի հայաթափումը Հայ դատի համակարգի առջեւ դրել են նոր մարտահրաւէրներ ու քաղաքական առաջնահերթութիւններ, ինչպիսիք են, օրինակ, գերիների ազատ արձակումը, ազրպէյճանական հերթական ռազմական յարձակման կանխումը, Արցախի Հանրապետութեան բնակավայրերի բռնագրաւումից ազատելը, ՀՀ որոշ տարածքների բռնագրաւումից ազատելը, հայկական մշակութային ժառանգութեան պաշտպանութիւնը, ազրպէյճանական բազմաբնոյթ ռազմական յանցագործութիւնների բարձրաձայնումը, Ազրպէյճանի ու դրա ռազմաքաղաքական ղեկավարութեան նկատմամբ պատժամիջոցների կիրառումը եւ այլն:
Անցնող երեք տարիների ընթացքում Հայ դատի համակարգում մշտապէս տեղի են ունեցել` հրապարակային եւ ոչ հրապարակային տասնեակ խորհրդակցութիւններ, գրեթէ ամէնօրեայ քննարկումներ ու մի քանի խոշոր խորհրդաժողովներ, որոնց բոլորի նպատակն է քաղաքական ճշգրիտ վերանայումների ենթարկել Հայ դատի յանձնախմբերի ու գրասենեակների քաղաքական առաջնահերթութիւններն ու ճշդել դրանց հետապնդման գործուն եւ արդիւնաւէտ մեքանիզմներ` յատուկ ուշադրութիւն դարձնելով յանձնախմբերի ու գրասենեակների կարողականութիւնների զարգացմանը:
Նախ 2021 թ. նոյեմբերի վերջին եւ դեկտեմբերի սկզբին ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի Կեդրոնական գրասենեակը Գորիսում եւ Ստեփանակերտում հիւրընկալեց Հայ դատի յանձնախմբերի ու գրասենեակների համաշխարհային խորհրդաժողովը, 2022 թ. դեկտեմբերին տեղի ունեցաւ Հայ դատի Եւրոպայի յանձնախմբերի, 2023 թ. ապրիլին Միջին Արեւելքի յանձնախմբերի, իսկ 2023 թ. հոկտեմբերին` Ամերիկաների, Քանատայի ու Աւստրալիայի յանձնախմբերի խորհրդաժողովը: Նման խորհրդաժողովների` տարածաշրջանային քննարկումների անցկացումը կարեւորւում է նրանով, որ Հայ դատի մի շարք առաջնահերթութիւններ ունեն մօտեցումների ու շեշտադրումների տարբերութիւններ` կախուած այն քաղաքական համակարգերից ու քաղաքական մշակոյթներից, որտեղ մեր յանձնախմբերը գործում են:
Ուստի, բացի ընդհանուր առաջնահերթութիւններից, անհրաժեշտ է իւրաքանչիւր տարածաշրջանի համար էլ առանձնացնել խիստ տեղական աշխատանքային ուղղութիւններ: Ուստի Հայ դատի համակարգի ներկայ առաջնահերթութիւնները կարելի է բաժանել երկու հիմնական խմբերի` ընդհանուր առաջնահերթութիւններ, որոնք նոյնական են մեր բոլոր յանձնախմբերի համար, եւ որոնց մասին վերն ակնարկեցինք, եւ կան իւրաքանչիւր տարածաշրջանի համար յատուկ քաղաքական առաջնահերթութիւններ: Սոյն յօդուածում առաջարկում ենք, ըստ տարածաշրջանների, անդրադառնալ Հայ դատի համակարգի մարտավարական փոփոխութիւններին ու դրանով պայմանաւորուած գործունէութեան առաջնահերթութիւններին:
Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Ազրպէյճանին իր կատարած ցեղասպան գործողութիւնների համար պատասխանատուութեան ենթարկում եւ պատժամիջոցների կիրառում:
Նոյեմբերի կէսերին ԱՄՆ ծերակոյտի կողմից «Հայկական պաշտպանութեան մասին աքթ»-ի (S.3000) միաձայն ընդունումից յետոյ, որն արգելափակում է ԱՄՆ ռազմական օգնութիւնն Ազրպէյճանին 2024 եւ 2025 ֆինանսական տարիների համար, յանձնախումբն աշխատում է, որպէսզի ԱՄՆ Քոնկրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովն անյապաղ քննարկի, ի թիւս այլնի, 907-րդ բանաձեւի վերջնական եւ անդարձ կիրարկում ապահովող օրինագծերը: Յանձնախմբի նպատակն է, որ Սպիտակ տունը անյապաղ, անվերապահօրէն եւ մշտական սկզբունքով կիրառի «Ազատութեան աջակցութեան աքթ»¬ի 907-րդ յօդուածի պահանջները, ինչպէս նաեւ Ազրպէյճանի ռազմաքաղաքական ղեկավարութեան նկատմամբ կիրառի ԱՄՆ օրէնսդրութեամբն նախատեսուած` «Մագնիտսկու գլոբալ պատժամիջոցներ», որոնք ենթակայ են կիրառման` պատերազմական յանցագործութիւններում եւ մարդու իրաւունքների աղաղակող խախտումներում ներգրաւուած օտարազգի պաշտօնեաների նկատմամբ:
Հայաստանին մարդասիրական օժանդակութեան տրամադրում
Ի պատասխան ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան` վերջերս արցախցի բռնի տեղահանուածներին շուրջ 11,5 միլիոն տոլար մարդասիրական օգնութիւն տրամադրելու մասին յայտարարութեան, Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը առաջ է քաշել յաւելեալ օժանդակութեան վերաբերեալ հիմնաւորումներ` մասնաւորապէս խօսելով այնպիսի ծախսային ուղղութիւնների մասին, ինչպիսիք են հոգե-ընկերային աջակցութիւնը, բժշկական օգնութիւնը, հաշմանդամութիւն ունեցող անձանց կարիքների հոգալը, բնակարաններով ապահովումը, ինչպէս նաեւ` կրթական, մասնագիտական օժանդակութիւնը, մարդկանց վերապատրաստումը, զարգացումը եւ աշխատանքով ապահովումը:
Ազրպէյճանական հերթական յարձակման կանխում եւ Հայաստանի պաշտպանութեանն օժանդակութիւն
Ներկայումս Հայ դատի քաղաքական առաջնահերթութիւնների մէջ է մտնում Հայաստանին ԱՄՆ ռազմական օժանդակութեան տրամադրումը` 10.000.000 ԱՄՆ տոլարի սահմաններում` անվտանգութեան կարիքները որոշակիօրէն բաւարարելու եւ Ազրպէյճանի հետագայ յարձակումը կանխելու համար: Թուրքիայի վերաբերեալ յանձնախումբը կոչ է արել հետաքննել զէնքի արտահանման օրէնսդրութեան եւ վերջնական օգտագործման համաձայնագրերի հնարաւոր խախտումները` կապուած 2020 թուականի արցախեան պատերազմին Թուրքիայի մասնակցութեան հետ, եւ կոչ է արել դադարեցնել F-16-երի վաճառքն ու փոխանցումը Անգարային:
Ինչ վերաբերում է Հայաստանի սահմանային անվտանգութեան ամրապնդմանը, յանձնախումբը կողմ է արտայայտուել, որ ԱՄՆ-ը, ինչպէս` Քանատան, մասնակցի Հայաստանում Եւրոմիութեան դիտորդական առաքելութեանը եւ միանայ Ֆրանսային` Սիւնիքում հիւպատոսութիւն բացելու հարցում:
Արցախի հայութեան միջազգայնօրէն երաշխաւորուած վերադարձի ապահովում
Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը, միջազգային իրաւունքի համաձայն վկայակոչելով փախստականների վերադարձի իրաւունքը, կոչ է արել ԱՄՆ իշխանութեանը աշխուժօրէն աջակցել հայերի Արցախ վերադառնալու իրաւունքին` անվտանգութեան ամուր երաշխիքներով` միջազգային հովանու ներքոյ: Յանձնախումբը Միացեալ Նահանգներին մասնաւորապէս առաջարկում է աշխատել միջազգային գործընկերների հետ` ստեղծելու միջազգային դիտարկումի մեքանիզմ` ՄԱԿ-ի Ապահովութեան խորհրդի բանաձեւի ընդունմամբ, որը կ՛ապահովի Արցախում հայ ժողովրդի անվտանգութիւնը եւ վերադառնալ ցանկացողների իրաւունքների անխոչընդոտ իրացումը:
Մարդու իրաւունքների խախտումների ուսումնասիրութիւն
Հայ դատի յանձնախումբը ԱՄՆ Քոնկրեսին մանրամասներ է ներկայացրել Ազրպէյճանի կողմից մարդու իրաւունքների կոպտագոյն ոտնահարումների վերաբերեալ, ներառեալ` «բանտարկեալների եւ պատանդների մահապատիժը, դպրոցների, բժշկական հաստատութիւնների, տների եւ եկեղեցիների դիտաւորեալ թիրախաւորումը եւ արգելուած զէնքի օգտագործումը, ներառեալ` տարանջատուող զինամթերքը եւ սպիտակ ֆոսֆորը: Յանձնախումբը Քոնկրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովին կոչ է արել «անյապաղ ընդունել օրէնսդրական ընթացակարգերում գտնուող համապատասխան բանաձեւը հետաքննելու Ազրպէյճանում մարդու իրաւունքների պաշտպանութեան վիճակը` համաձայն 1961 թ. «Արտաքին աջակցութեան աքթ»-ի հաստատել իր վերահսկողական դերը, քանի որ ԱՄՆ-ն Ազրպէյճանի կողմից ռազմական օժանդակութիւն էր ստանում: Այս պարունակում, յանձնախումբը նաեւ աշխատում է, որ ԱՄՆ-ն մեծացնի իր ներգրաւուածութիւնը Ազրպէյճանի կողմից ապօրինի պահուող հայ ռազմագերիների անյապաղ ազատ արձակման եւ Արցախի քաղաքական ղեկավարութեան անօրինական կալանաւորուած անդամների ազատ արձակումն ապահովելու ուղղութեամբ:
Եւրոպա (Համաեւրոպական մակարդակ)
«Եւրոպացիները` յանուն Արցախի»
2022 թ. կէսերից, Հայ դատի Եւրոպայի գրասենեակի աշխուժ ներգրաւմամբ, Եւրոպայում ձեւաւորուեց «Եւրոպացիները` յանուն Արցախի» (Europeans for Artsakh) շարժումը, որը գործունէութեան հէնց սկզբում կարողացաւ ապահովել շուրջ 500 եւրոպական կազմակերպութիւնների միացումը ԵՄ գործադիր իշխանութիւնից որոշակի գործողութիւնների պահանջի մասին գրութեանը: Այնուհետեւ հոկտեմբերի 1-ին, Կրանատայում ենթադրուող բանակցութիւններին ընդառաջ, այս շարժման միջոցով եւրոպական առաւել քան 25 մայրաքաղաքներում անցկացուեցին բողոքի բազմամարդ ցոյցեր, իսկ հիմնական խոշոր հանրահաւաքն անցկացուեց Պրիւքսելում: Ներկայումս ծրագրաւորման գործընթացի մէջ են շարժման հետագայ ծաւալումն ու նոր նախաձեռնութիւնները: Այսինքն Հայ դատի Եւրոպայի յանձնախումբը էական աշխատանք է տանում Եւրոպայի հայ համայնքների քաղաքական աշխուժացմանը նպաստելու ուղղութեամբ:
Խորհրդաժողովների անցկացում
Եւրոպական խորհրդարանում Արցախի հիմնախնդրի վերաբերեալ խորհրդաժողովների անցկացումը մշտապէս եղել է եւ շարունակում է մնալ Հայ դատի Եւրոպայի գրասենեակի գործունէութեան հիմնական ուղղութիւններից մէկը: Եւրոպական խորհրդարանի կիպրացի պատգամաւոր Քոսթաս Մաւրիտեսի հրաւէրով, ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակի ու «Եւրոպացիները` յանուն Արցախի» նախաձեռնութեան համագործակցութեան արդիւնքում նոյեմբերի 7-ին Եւրոպական խորհրդարանում անցկացուել է «Արցախահայութեան իրաւունքները եւ Եւրոպական միութիւնը» խորագրով խորհրդաժողով: Իբրեւ բանախօսներ` խորհրդաժողովին հրաւիրուած են եղել միջազգային ճանաչում վայելող նշանաւոր անձինք: Մասնաւորապէս` Միջազգային քրէական դատարանի նախկին գլխաւոր դատախազ Լուիս Մորենօ Օքամփոն, Ցեղասպանութեան կանխարգելման Լեմքինի հիմնարկի համահիմնադիր եւ իրաւական հարցերով տնօրէն Վիքթորիա Մասիմինոն եւ միջազգային իրաւունքի հայազգի մասնագէտ Գառնիկ Քերքոնեանը: Խորհրդաժողովի ընթացքում նրանք անդրադարձել են Արցախում տեղի ունեցած վերջին զարգացումներին եւ Արցախի բնիկ հայ բնակչութեան իրաւունքներին: Խորհրդաժողովի նպատակն էր քննարկել ստեղծուած իրավիճակի յաղթահարման ուղիները, 2020 թ. պատերազմից յետոյ Արցախում տեղի ունեցած իրադարձութիւնները` միջազգային իրաւունքի, առհասարակ մարդու իրաւունքների տեսանկիւնից, ինչպէս նաեւ` անդրադառնալ միջազգային հանրութեան, յատկապէս հակամարտութեան բանակցային գործընթացում ներգրաւուած ուժերի քաղաքական վարքին` յատուկ ուշադրութիւն դարձնելով ԵՄ քաղաքական դերին:
Պատժամիջոցներ
Եւրոպական միութիւնը, համաձայն իր օրէնսդրութեան, մարդու իրաւունքների կոպիտ խախտումների պարագայում, պէտք է կիրառի թիրախային պատժամիջոցներ` ուղղուած տուեալ պետութեան ռազմաքաղաքական ղեկավարութեան եւ յանցագործութիւններում ներգրաւուած անձանց դէմ: Նման որոշումներն ընդունւում են Եւրոպական միութեան խորհրդի կողմից` հիմնականում հաշուի առնելով արտաքին գործողութիւնների Եւրոպական ծառայութեան դիրքորոշումը: Ներկայումս Հայ դատի Եւրոպայի գրասենեակն աշխատում է, որպէսզի հնարաւոր լինի Ազրպէյճանի նկատմամբ կիրառել օրէնսդրութեամբ սահմանուած եւ արդէն իսկ մի շարք պետութիւնների պարագայում նախադէպային պատժամիջոցներ:
Գործադիր իշխանութեան դիրքորոշման փոփոխութիւն, համապատասխանեցում ԵԽ տեսակէտներին
Եւրոպական խորհրդարանը, նաեւ` Հայ դատի Եւրոպայի գրասենեակի աշխատանքի արդիւնքում, Արցախի հարցում ներկայումս թերեւս ամենաառարկայական միջազգային կառոյցն է, որի աշխատանքից ու քաղաքական դիրքորոշումներից Ազրպէյճանի ղեկավարութիւնը, այդ թւում` Ալիեւը, բազմաթիւ անգամներ հրապարակայնօրէն դժգոհել է: Հայ դատի Եւրոպայի գրասենեակը անցնող երկու տարիների ընթացքում խորհրդարանական մի շարք պատուիրակութիւնների այցեր է նախաձեռնել դէպի Հայաստան, որոնց արդիւնքում մեծացել է խորհրդարանականների իրազեկուածութիւնը Հայաստանում եւ Արցախում ստեղծուած իրավիճակի վերաբերեալ: Ամէն դէպքում, Եւրոպական միութեան գործադիր իշխանութեան դիրքորոշումը Հայաստանին ու Արցախին վերաբերող հարցերում շարունակում է խնդրայարոյց մնալ, ուստի գործադիր իշխանութեան դիրքորոշումների համապատասխանեցումը Եւրոպական խորհրդարանի դիրքորոշումներին Հայ դատի Եւրոպայի գրասենեակի կարեւոր քաղաքական առաջնահերթութիւններից մէկն է:
Ասուածը վերաբերում էր համաեւրոպական մակարդակին, իսկ եւրոպական առանձին երկրներում գործող Հայ դատի յանձնախմբերը, որոնցից մի քանիսը շատ աշխուժ են, օրինակ` Յունաստան, Կիպրոս, Ֆրանսա, Մեծն Բրիտանիա եւ այլն, շարունակում են իրենց աշխատանքը ինչպէս սեփական, այնպէս էլ համաեւրոպական քաղաքական առաջնահերթութիւնների շրջանակում:
Մերձաւոր Արեւելք
Հաշուի առնելով Մերձաւոր Արեւելքի երկրների քաղաքական մշակոյթն ու ցեղային լոպիինկի հաստատութեան ընկալումը, Հայ դատի տեղի յանձնախմբերն առաւելաբար աշխատում են` տեղի ակադեմական, մտաւորական, լրագրողական հանրոյթների հետ, իրականացնում տարբեր խորհրդաժողովներ, քննարկումներ, տարբեր գրքերի հրատարակութիւններ ու շնորհահանդէսներ: Միաժամանակ փորձ է արւում Մերձաւոր Արեւելքի երկրների հասարակութիւններին ու քաղաքական շրջանակներին փոխանցել առարկայական իրավիճակ Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումների, առկայ դժուարութիւնների եւ Ազրպէյճանի ցեղասպան քաղաքականութեան վերաբերեալ:
Քանատա
Հայ դատի Քանատայի յանձնախումբը Հայ դատի համակարգի ամենաազդեցիկ յանձնախմբերից մէկն է, որի քաղաքական առաջնահերթութիւնների հետապնդման գործում վերջին տարիների ընթացքում կարեւոր արդիւնքներ են գրանցուել: Մասնաւորապէս` Ազրպէյճանին քանատական զէնքի եւ ռազմական նշանակութեան արտադրանքի վաճառքի արգելքը, Հայաստանի ու Արցախի վերաբերեալ առարկայական եւ Հայաստանին սատարող դիրքորոշումները, Հարաւային Կովկասում քանատական առաջին դեսպանատունը Հայաստանում բացելու փաստը, Եւրոպական միութեան դիտորդական առաքելութիւնում քանատական ներգրաւումը, մարդասիրական օժանդակութիւնը, միջազգային տարբեր կազմակերպութիւններում Հայաստանին սատարելը եւ առհասարակ երկկողմ յարաբերութիւնների շարունակական խթանումը Հայ դատի Քանատայի յանձնախմբի այն քաղաքական առաջնահերթութիւններից էին, որոնք այսօր մեծ հաշուով իրականացուած են, ուստի յանձնախումբը մի կողմից աշխատում է ստացուած արդիւնքը պահպանելու, միւս կողմից` հայ-քանատական յարաբերութիւններն աւելի զարգացնելու եւ մի շարք այլ առաջնահերթութիւնների կատարմանը հասնելու ուղղութեամբ, ինչպիսին է, օրինակ, Քանատայի կողմից Ազրպէյճանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը:
Աւստրալիա
Հայ դատի Աւստրալիայի յանձնախումբն իր հերթին ունի քաղաքական առաջնահերթութիւններ, որոնք յատուկ են Հայ դատի համաշխարհային ցանցին եւ ունի աւստրալիական քաղաքական իրականութեամբ պայմանաւորուած աշխատանքային ուղղութիւններ, որոնցից մէկն, օրինակ, հայկական, ասորական եւ յունական համայնքների կողմից ստեղծուած «Joint justice initiative» (Արդարութեան միացեալ նախաձեռնութիւն) հարթակն է, որը հետապնդում է Աւստրալիայում դաշնակցային մակարդակում երեք ժողովուրդների ցեղասպանութիւնների ճանաչումը: Հայ դատի Աւստրալիայի յանձնախումբը կարեւոր յաջողութիւններ է գրանցել նահանգային մակարդակներում, եւ պատահական չէ, որ սեպտեմբերեան ծանր օրերին Հայաստանում էր գտնւում աւստրալիական նահանգային խորհրդարանականների բաւական ներկայացուցչական պատուիրակութիւն` Հայ դատի Աւստրալիայի յանձնախմբի հրաւէրով: Հայ դատի Աւստրալիայի յանձնախմբի աշխատանքի դէմ մեծ հակազդեցութիւն կայ տեղի թուրքական համայնքի եւ թուրքական դեսպանատան կողմից:
Հայ դատի Աւստրալիայի յանձնախմբի աշխատանքների արդիւնքում, վերջերս, պատմութեան մէջ առաջին անգամ, աւստրալիական կառավարութիւնը ֆինանսական օժանդակութիւն տրամադրեց Հայաստանին:
Այսպիսով, Հայ դատի Աւստրալիայի յանձնախմբի աշխատանքները կեդրոնացած են` երկկողմ յարաբերութիւնների խթանման, զարգացման, Հայաստանի եւ Արցախի նկատմամբ աւստրալիական պատշաճ դիրքորոշումների ընդունման, Հայոց ցեղասպանութեան ճանաչման եւ հասարակական քաղաքական ու լրատուական շրջանակներում հայկական հարցերի նկատմամբ իրազեկուածութեան բարձրացման վրայ:
Հայկական իրաւական կեդրոն
Պայմանաւորուած Հայ դատի ներկայ նպատակների հետապնդման գործում իրաւական բաղադրիչի շեշտակի մեծացմամբ` գործունէութեան աւելի աշխուժ փուլ է թեւակոխել Հայ դատի համակարգում գործող եւ Ուաշինկթընում հաստատուած Հայկական իրաւական կեդրոնը, որը համագործակցաբար Հայաստանում գործող Համեմատական եւ միջազգային իրաւունքի հայկական կեդրոնի հետ, Եւրոպական խորհրդարանում ներկայացրել է աւելի քան 130 հայ ռազմագերիների շահերի պաշտպանութիւն, իսկ բոլորովին վերջերս էլ աշխուժօրէն ներգրաւուած էր ՄԱՆ-ում Ազրպէյճանի համընդհանուր յարաբերական դիտարկման առարկայականութեան ապահովման աշխատանքներում:
Այսպիսով, վերոշարադրեալի միջոցով փորձեցինք ընդհանուր եւ համախմբուած տեղեկատուութիւն ապահովել Հայ դատի խոշոր յանձնախմբերի ու գրասենեակների ներկայ առաջնահերթութիւնների վերաբերեալ, որոնք մարտավարական որոշակի վերանայումների արդիւնք են, եւ որոնց մասին Հայ դատի համակարգի տարբեր ներկայացուցիչներ վերջին շրջանում պարբերաբար բարձրաձայնում են:



