ՀՐԱՆՈՒՇ ՅԱԿՈԲԵԱՆ
Ցաւով տեղեկացայ, որ կեանքից հեռացել է Մարզպետ Մարկոսեանը: Մարդ, որ իր գիտակցական կեանքը նուիրեց սերնդի հայեցի դաստիարակութեանը, մարդակերտումի եւ հայակերտումի անչափ կարեւոր գործին: Նա լրջախոհ, այդքան աւիւնով ու գաղափարներով լեցուն անձնաւորութիւն էր: Մտաւորական, հրապարակախօս, գրող ու թարգմանիչ, ում տեսակէտներն ու կարծիքը, աշխատութիւնները մեծապէս ազդում էին նրան ճանաչողների, նրան ընթերցողների հայեացքների ձեւաւորման վրայ: Մարդիկ անհամբերութեամբ էին սպասում «Ազդակ»-ում, «Նայիրի»-ում նրա հրապարակախօսական յօդուածների լոյս ընծայմանը: Մարկոսեան իր ուրոյն ձեռագիրը թողեց նաեւ Լոս Անճելըսի Ֆերահեան դպրոցի ուսումնական, մանակավարժական գործը կազմակերպելիս, իր գիտելիքներն ու փորձն անձնուրաց կերպով նուիրաբերեց հայ երեխաներին օտարութեան մէջ հայ պահելու սրբազան գործին: Դպրոցը ղեկավարելու տարիներին մեծապէս նպաստեց կրթօճախի վարկն ու հեղինակութիւնը բարձրացնելու ուղղութեամբ: Նրա ղեկավարութեամբ Ֆերահեան դպրոցում կազմակերպուած ձեռնարկներ ու միջոցառումները դառնում էին համայնքի սեփականութիւնը, դրանց մասին խօսւում էր երկար-երկար: Մարզպետ Մարկոսեանը հայրենիքի, համայնքի, հայութեան համար դեռ շատ անելիքներ ունեցող, պատրաստակամ, մարդասէր եւ հայրենասէր գործիչ էր:
Իմ վրայ առանձնակի տպաւորութիւն է թողել նրա խելացի եւ բովանդակալից ելոյթները, հրապարակախօսական յօդուածները, որոնք ազգայինի եւ համամարդկային զուգակցում էին: Նա իր մարդկային էութեամբ,հաճելի ներկայութեամբ եւ իր վեհ ու առինքնող նկարագրով խորապէս տպաւորում էր իր ունկնդիրներին:
Մարզպետ Մարկոսեանի մահը ցաւալի կորուստ է հայկական սփիւռքի, համայնքի, լիբանանահայութեան համար: Արժանի հայորդին` Հայ դատի համար մղուող արդարացի պայքարի առաջամարտիկներից մէկը, ապրեց իր կեանքը արժանապատիւ, օտար ափերում ճանաչում, պատիւ ու հեղինակութիւն ձեռք բերեց եւ հայոց պատմութեան հոլովոյթում կը մնայ որպէս Մեծ Հայ, իր հայրենիքի իսկական զինուոր եւ մայր ժողովրդի նուիրեալ զաւակ:
Սիրելի՛ քոյր, ցաւում եմ, այդքա՜ն կեանքով լեցուն, այդքա՜ն ծրագրեր ու գաղափարներ ունեցող, այդքա՜ն հայրենասէր եւ այդչա՜փ մարդասէր հայը, որ ունէր ստեղծագործ միտք եւ պայծառ երեւակայութիւն, անհուն սէր առ իր ժողովուրդն ու հայրենիքը… համազգային հոգսերով ապրող նուիրեալ հայը այսօր մեզ հետ չէ:
Ձեզ հետ միասին սգում եմ Մարզպետի երկրային կեանքի աւարտի առիթով, յայտնում եմ իմ խորին ցաւակցութիւնը եւ կիսում ձեր ծանր վիշտը:
Սեդա՛ ջան,
Գիտեմ, թէ ի՜նչ ծանր է քեզ համար կորցնել սիրասուն եղբօրդ, ընկերոջդ ու զինակցիդ:
Մաղթում եմ հոգու կորով եւ համբերութիւն:
Թող Աստուած հոգին լուսաւորի եւ արժանացնի նրան երկնային արքայութեանը:
Թող լոյս իջնի ազնիւ հայորդի Մարզպետ Մարկոսեանի շիրիմին:
«Յիշատակն արդարոց օրհնութէամբ եղիցի եւ
վաստակն ապրողաց օրհնեալ եղիցի»:
Անկեղծ վշտակցութեամբ`
ՀՐԱՆՈՒՇ ՅԱԿՈԲԵԱՆ


