Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Նուիրում, Ծանրակշիռ Ու Անկորնչելի Վաստակ. «Տէրզօրեան Երգերի Մէկ Քառատողն Անգամ Շառաչուն Ապտակ Է Հայակերներին…»

Յունիս 17, 2022
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՅԱԿՈԲ ՍՐԱՊԵԱՆ

Ինքնամոռաց նուիրումի, մարդկային կարողութիւնների մասին մտորելիս երբեմն ապշում ես` մի՞թէ հնարաւոր է… Բայց երբ մօտիկից ես շփւում նմանների հետ, ծանօթանում նրանց սխրալից գործունէութեանը, վաստակին, համոզւում ես, որ, այո՛, հէնց այսօր կողքիդ ապրում են մարդիկ, որոնք համընդհանուր երախտագիտութեան են արժանի, անսակարկ մեծարման ու հիացումի: Նրանցից է բանահաւաք, ցեղասպանագէտ, բանասիրական գիտութիւնների դոկտոր, փրոֆեսէօր, գիտութեան վաստակաւոր գործիչ Վերժինէ Սվազլեանը, որ վեց լեզուով աշխարհի ու մարդկութեան դատին է ներկայացրել Ցեղասպանութեան ականատես-վկաների պատմութիւնները, որոնք անհերքելի փաստական ապացոյցնէր են եւ մեծ դերակատարութիւն ունեցան Հայոց ցեղասպանութեան ճանաչման հարցում: «Հայոց ցեղասպանութիւն. ականատես վերապրողների վկայութիւններ» գրքում ոչ միայն ամփոփուած են Ցեղասպանութեան ականատեսների յուշ-վկայութիւնները, այլեւ, նրա շնորհիւ, կորստից փրկուած Արեւմտեան Հայաստանի, Կիլիկիայի, Անատոլիայի հայութեան բանահիւսութիւնը, աւանդութիւններն ու աւանդոյթները, երգերը, բառուբանը: Նշեալ տարածաշրջանների 150 տեղավայրերից 700 վկայութիւններ են ընդգրկուած. զարմանայարոյց աշխատանք, որին, թերեւս, քչերն են ունակ…

Եւ ահա օրերս «Հայաստանի Հանրապետութիւն» օրաթերթի «Հիւրասրահ» նախագծի շրջանակներում կայացաւ հանդիպում մեծավաստակ հայուհու հետ: Հանդիպասրահը, սակայն, խմբագրութիւնում չէր, այլ` իր իսկ համեստ բնակարանում, իր իսկ հոգեզաւակ-գրքերի «ընկերակցութեամբ»:

Որպէս երախտագէտ ժառանգ` Վերժինէ Սվազլեանն իր ասելիքն սկսեց հօր` գրող, ծաղրանկարիչ, հասարակական գործիչ Գառնիկ Սվազլեանին անդրադառնալով. «Մեծ է հօրս դերակատարումն իմ հոգեգիտակցական աշխարհի ձեւաւորման գործում: Տակաւին մանուկ հասակից ես միշտ ներկայ եմ եղել, մասնակցել եմ նրա կազմակերպած բոլոր միջոցառումներին, հասարակական-քաղաքական ձեռնարկումներին, ինչպէս մայր հայրենիքում Յովհաննէս Թումանեանի հիմնադրած Հայաստանի օգնութեան կոմիտէին աջակցելը` հայրս ՀՕԿ-ի մասնաճիւղի նախագահն էր Ալեքսանդրիայում. նա դրամահաւաքներ էր կատարում եւ ուղարկում հայրենիք` նպաստելով երկրի վերաշինութեանը: Նոյնիսկ Լենինականի հիւսուածեղէնի գործարանի  առաջին դազգահները 1930-ականներին հայրս է ուղարկել Եգիպտոսից: Բ. Աշխարհամարտի ժամանակ հիմնադրել է մշակութային «Սեւան» միութիւնը, որը նպատակ ունէր նպաստելու նոր սերնդի աշխարհայեացքի ձեւաւորմանը` նոր խորհրդային հասարակարգում: Միութեան ուժերով կազմակերպւում էին մշակութային տարբեր միջոցառումներ: Յիշում եմ` բեմականացուեց հօրս գրած գործը` «Ներգաղթը», որից ստացուած ողջ հասոյթը նոյնպէս ուղարկեց ՀՕԿ-ին»:

1934-ին Ալեքսանդրիայում ծնուած հայուհին վերյիշեց իրենց հայրենադարձութիւնը, ուսումնառութեան տարիները մանկավարժական հիմնարկում, երբ ուսմանը զուգահեռ աշխուժօրէն թղթակցում էր պարբերականներին, հանդէս գալիս ռատիոյով, աւելի ուշ նաեւ հեռուստատեսութեամբ` առաւելապէս ներկայացնելով հայրենադարձ մտաւորականներին, նրանց կեանքն ու կենցաղը, մտորումները, համարկումը հայրենի հողի վրայ: Իսկ 1955-ից արդէն վճռում է իր բուն անելիքը` գրի առնել մեր զաւթուած երկրի` Արեւմտեան Հայաստանի եւ Կիլիկիայի, Անատոլիայի հայութեան բանաւոր ողջ մշակոյթը: Բայց երկիրն ամայացած էր, ո՞վ էր անելու այդ գործը, ումի՞ց էր լսելու: Եւ դիմեց Եղեռնից մազապուրծ հայրենադարձներին` նրանցից գրի առնելով տարբեր բնոյթի ժողովրդական ստեղծագործութիւններ` իրենց բարբառներով, նաեւ` Ցեղասպանութիւնը վերապրածների յուշեր, յիշողութիւններ, նաեւ` տէրզօրեան թուրքալեզու երգեր, որոնք իրենց մէջ պարունակում են շատ կարեւոր փաստական իրողութիւններ: Եւ` երգեր, քառատողեր թուրքերէնով: Յետոյ մեկնաբանում է. «Անապատում հայերն են մորթւում, իսկ թուրք սպաները մսագործ են դարձել, հայերն են զոհւում հաւատքի համար…»:

Երբ դրան ծանօթանում են գործընկերները, զարմանում են` ի՞նչ գործ ունես թուրքերէնի հետ: Բայց չէ՞ որ դրանք արժէքներ էին, մասունքուած արժէքներ, որոնց գինը ինքը լաւ գիտէր: «Դրանց մէկ քառատողն անգամ շառաչուն ապտակ է հայակերներին», ասում է ցեղասպանագէտը եւ յիշում Երեւան եկած այն թուրք ամուսիններին, որոնք տեղեակ էին իր առաքելութեանը եւ տէրզօրեան երգերից մէկ քառատող լսելուց յետոյ փշաքաղւում, յետոյ գրկում են իրեն` ասես ամաչելով ու ներողութիւն հայցելով իրենից:

«Թուրքերը, համացանցում ծանօթանալով այդ երգերի տողերին, անպարկեշտ խօսքեր, հայհոյախառը գրութիւններ են թողնում, չարանում են, սպառնում,- ասում է գիտնականը եւ շարունակում,- բայց երբ գրքերս հրատարակուեցին, շատ թուրքեր ներողութիւն խնդրեցին…»: Այնուհետեւ վերյիշում է իր ասպիրանտուրական տարիները, երբ մի անգամ մեծավաստակ Կարապետ Մելիք Օհանջանեանը, տեսնելով իր գրառումները, Մուսա Լերան խրթին բարբառով եւ երեք ենթաբարբառներով, զարմանքով հարցնում է, թէ ո՞վ է իրեն սովորեցրել այդ ամէնը: Իսկ այդ բոլորը նրան սովորեցրել էին ինքը` հարցնողը, եւ Մանուկ Աբեղեանը, որոնք հէնց այդ բարբառներով էին գրառել մեր սքանչելի դիւցազնավէպը: Այդուհետ Մելիք Օհանջանեանի` Պարոյր Սեւակից յետոյ վերջին ասպիրանտն ինքն էր դառնալու` լիարժէքօրէն արդարացնելով իր դասախօսի ակնկալիքները:

Հետագայում Վերժինէ Սվազլեանը համագործակցելու էր Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի հետ, որտեղ նրան տրամադրելու էին տեսանկարահանման սարքաւորումներ, ապահովելու նկարահանողով`  հեշտացնելով իր առաքելութեան շարունակական գործը: Հնագիտութեան հիմնարկում աշխատելու ընթացքում պաշտպանում է թեկնածուական թեզ` նուիրուած Սարգիս Հայկունու կեանքին ու գործին: 19-րդ դարի այս գործիչը գրառել է Արեւմտեան Հայաստանի հայ ժողովրդական եւ քրտական բանահիւսութեան մեծարժէք նմուշները եւ Կոմիտասի հետ հրատարակել դրանք:

Յետոյ զբաղուելու էր Արցախ-Ուտիքի, Տարօն-Տուրուբերանի, Վան-Վասպուրականի հեքիաթների գրառմամբ, կազմմամբ ու խմբագրմամբ: Դրանք երեք հատորեակով տեղ էին գտնելու հայ ժողովրդական հեքիաթների բազմահատորեակներում: Հեքիաթներին յաջորդելու էին Մուսա Լերան բանաւոր աւանդոյթների գրառման 30-ամեայ տքնաջան աշխատանքը, պատմաբանասիրական ուսումնասիրութիւնները` նուիրուած նրանց բարբառներին: Այդ աշխատանքը հրատարակելուց յետոյ ծնունդով մուսալեռցի պատմաբանը համբուրելու էր հեղինակի ճակատը, նրան արժանացնելու էին ոսկէ մետալի եւ պատուաւոր մուսալեռցու կոչման…

Հիւրասրահի վաստակաշատ հայագէտն անդրադարձաւ իր հերթական` Կիլիկիայի արեւմտահայոց բանաւոր աւանդոյթները ներկայացնող գրքին. «Ես նրանց, ինչպէս մուսալեռցիներին, գտայ այստեղ` հայրենիքում: Գտայ դժուարութեամբ, որովհետեւ չէին ապրում համահաւաք, ցիրուցան էին»: Իսկ գրքում ամփոփուած են ազգագրական նիւթեր, աղօթքներ, տարաբնոյթ երգեր, յուշ-վկայութիւններ` Ցեղասպանութեան վերաբերեալ: Այս գիրքը նաեւ բարբառագիտական արժէք ունի, աշխատութիւն, որի համար հեղինակն արժանանալու էր դոկտորի կոչման:

1996-ին Վերժինէ Սվազլեանը հրաւէրով մեկնում է Պոլիս` պատրիարքարանի 535-ամեակի տօնակատարութեան շրջանակներում կազմակերպուած գիտական նստաշրջանին, որտեղ հանդէս է գալիս զեկոյցով: Եւ այդ հրաւէրը արգասաբեր էր լինելու. թէեւ դժուարութեամբ, հիւանդ ձեւանալու, անգամ վիրահատուելու գնով կարողանում է մուտք գործել հայկական ծերանոց` հանդիպել-զրուցելու, գրառելու Եղեռնից մազապուրծ արիւնակիցների պատմութիւնները: Այդ նիւթերը, երգերը հրատարակւում են առանձին գրքով, հետագայում թարգմանւում նաեւ թուրքերէնով: Ապա հրատարակւում է նաեւ Պոլսի հայոց բանահիւսութիւնը` գրի առնուած շատ սուղ ժամանակամիջոցում: Անքուն գիշերների, 20-օրեայ տառապագին աշխատանքի արդիւնք:

«2000 թուականին լոյս տեսաւ իմ «Հայոց ցեղասպանութիւն. ականատես ապրողների վկայութիւններ» գիրքը: Վեց հարիւր վկայութիւններ են այստեղ, երգեր, նաեւ` զրոյցներ: Սա կարեւոր գիրք է, որովհետեւ առաջին փորձն է իր բնոյթով, դեռ ոչ մէկը չէր գրել այս թեմայով», ասում է հիւրընկալը եւ անցնում յաջորդ գրքին` 2000-ին հրատարակուած «Հայոց ցեղասպանութիւնը եւ ժողովրդի պատմական յիշողութիւնը» ստուարածաւալ աշխատութեանը` վեց լեզուով, նաեւ` թուրքերէն: Դրա համար հեղինակը դիմել էր նախադէպը չունեցող քայլի` վաճառել էր հարսանեկան մասունք ոսկեղէնը, հայրական թանկարժէք նուիրատուութիւնները` գորգեր, այլ պարագաներ, եւ ծնուել էր վեցլեզուեայ գիրքը: Բարեբախտաբար այն գնահատուելու էր` արժանանալով նախագահական եւ այլ մրցանակների, մետալների, պարգեւների, մեծարման:

Վերժինէ Սվազլեանը երախտագիտութեամբ է տալիս իր դստեր` Քնարիկի անունը, որ մշտապէս եղել է իր կողքին, կիսել իր աշխատանքային դժուարութիւնները` որպէս պատմաբան:

Երեսուն գրքերի հեղինակը խոստովանում է, որ իւրաքանչիւր գրքից յետոյ առողջական վիճակը վատանում է, սթրեսներ է տանում, երբեմն էլ ընկնում հիւանդանոց: Մեղուաջան աշխատանքի, ապրումների հետեւանք է: Բայց դա չի կարեւորում, որովհետեւ քաջ գիտի իր տառապանքների գինը: Յիշում է թուրք գրող Կարաքօղլուին, որը թուրքերէնով հրատարակել է Ցեղասպանութեանը վերաբերող իր գիրքը, մասնակցել երեւանեան շնորհահանդէսին, խօսք ասել, ողջունել, որ վերջապէս իր հայրենակիցները կը կարողանան տեղեկանալ ճշմարտութեանը, ամաչել իրենց նախորդների գազանաբարոյ արարքներից: Ամաչել եւ մեղանչել:

«2015 թուականին, Մուսա Լերան հարիւրամեակի օրերին լոյս ընծայեցի «Մուսա Լերան հերոսամարտը ականատես վերապրողների վկայութիւններով» գիրքը: Այն նոյնպէս թարգմանուել է անգլերէն, որպէսզի աշխարհին ասենք, որ 1915-ին ոչ միայն հլու-հնազանդ զոհուել ենք, այլեւ հերոսաբար պայքարել` պաշտպանելով ապրելու մեր իրաւունքը: Դրա ապացոյցն էր նաեւ արցախեան առաջին պատերազմում մեր տարած յաղթանակը, որը, համոզուած եմ, դարձեալ է արձանագրուելու…», լաւատեսութեամբ ասում է ժողովրդագէտ մտաւորականը:

Վերջերս էր լոյս տեսել հեղինակի «Ռուսահայոց բանահիւսութիւնը» աշխատանքը` նուիրուած Նոր Նախիջեւանի հիմնադրման 240-ամեակին: Պատմւում է, թէ ինչպէս Եկատերինա թագուհու օրօք, Սուվորովի ջանքերի շնորհիւ Ղրիմից մեծաքանակ հայեր տեղափոխուեցին Ռուսաստան եւ հիմնադրեցին Նոր Նախիջեւան քաղաքը` իր շրջակայ վեց գիւղերով: Գրքում նրանց բանահիւսութիւնն է` Ղրիմի բարբառով: Գրքի կէս մասն էլ նուիրուած է Փեաթիկորսքի հայութեանը, որը գաղթել է 1905 թ. Արցախից` խոյս տալով թուրք-ազրպէյճանական գազանութիւններից:

Խօսելով առայժմ իր վերջին` «Ամերիկահայոց բանաւոր աւանդոյթը ժամանակի հոլովոյթում» ստուարածաւալ հատորեակի մասին, որն ամփոփում է քառասուն տարուայ աշխատանք, Վերժինէ Սվազլեանը յիշեց. «Ամերիկայում առաջին անգամ եղել եմ դստերս` այն ժամանակ տասը տարեկան Քնարիկի հետ, 1979 թուականին: Դա ճանաչողական ճամբորդութիւն էր, որը, սակայն, հետեւանք ունեցաւ. փրոֆեսէօր Ռիչըրտ Յովհաննիսեանն ինձ հրաւիրեց գիտաժողովի, որպէսզի խօսեմ պոլսահայոց եւ Մուսա Լերան բանահիւսութեան մասին: Հետագայ տարիներին ունեցանք հինգ ուղեւորութիւն եւս, որոնց արդիւնքում կաթիլ առ կաթիլ հաւաքուեցին ե՛ւ այս գրքի, ե՛ւ Քնարիկի գրքի նիւթերը: Իմ գրքում ոչ միայն Ցեղասպանութիւնը վերապրողների յուշերն են: Այստեղ նաեւ Գրիգոր Զոհրապի դստեր յուշերը կան այն մասին, թէ ինչպէս է հայրը գիշերը վերջին հրաժեշտը տուել իր զաւակներին»:

Այս գիրքը նոյնպէս, թէեւ` կիսով չափ, թարգմանուած է անգլերէն, քանի որ Ամերիկայում ապրող հայութեան նոր սերնդի մեծ մասը չի կարողանում կարդալ մայրենի լեզուով. «Այստեղ կարեւորն այն է, որ կարողացել եմ ներկայացնել ոչ միայն ամերիկահայոց բանահիւսութիւնը, այլեւ` պատմութիւնը, երաժշտական նիւթերը: Ներկայացնում եմ, թէ ինչպէ՛ս է գոյացել ամերիկահայ գաղթօճախը ի սկզբանէ` ցեղասպանութիւն, Կիլիկիայի հայաթափում, Բ. Աշխարհամարտ, կայացման դժուարութիւններ, նիստուկաց: Այս ամէնը մատուցում եմ իրենց խօսքերով, իրենց փաստարկումներով, վկայութիւններով: Խօսեցրել եմ նաեւ վերջին տասնամեակներում մայր հայրենիքից մեկնածներին, անդրադարձել նրանց կենսակերպին, երազանքներին»:

Հանդիպման աւարտին հայրենաշունչ գիտնականը ցաւով խօսեց այն մասին, որ օտարութեան մէջ ապրող հայութեան զանգուածները քիչ-քիչ հեռանում են իրենց արմատներից, լեզուն մոռացւում, օտարանում է նրանց շուրթերին, տագնապալի քանակի են հասել խառն ամուսնութիւնները, ահագնացել է ուծացման վտանգը: Բայց անկախ տխրախօս այս վերջաբանից, չմերժելով «ՀՀ»-ի գլխաւոր խմբագրի խնդրանքը` Վերժինէ Սվազլեանը երգեց իր հօր սիրած հայրենաշունչ երգերից մէկը ու նաեւ Բարսեղ Կանաչեանի` ամենասիրուած ու տարածուած «Օրօրը»: «Դուք գիտէ՞ք, թէ ինչ է գրուած այս մեծ երգահանի շիրմաքարին. «Օրօր, իմ բալա…»:

Վերջում յաւելենք, որ անկախ առաջացած տարիքից, հանրայայտ ցեղասպանագէտը վայր չի դրել մեղուաջանի իր գրիչը: Մաղթենք, որ լրումին հասցնի այն ամէնը, ինչի առաքելութիւնն ստանձնել է իր ու Աստծոյ կամօք…

Երեւան 9 յունիսի, Հայաստանի Հանրապետութիւն/«Արմէնփրես»

Նախորդը

«Ազդակ»-ի Ֆոնտին

Յաջորդը

Մանրապատումներ

RelatedPosts

«Խաղաղութեան Օրէնք»-ը` Խորհրդանշական Քայլ, Ոչ Իրական Պատասխանատուութիւն
Անդրադարձ

«Խաղաղութեան Օրէնք»-ը` Խորհրդանշական Քայլ, Ոչ Իրական Պատասխանատուութիւն

Հոկտեմբեր 20, 2025
Միասնականութեան Ազգապահպան Ուժը
Անդրադարձ

Փաշինեան Կը Սխալի. Ո՛չ 4-րդ, Ո՛չ Ալ 3-րդ Հանրապետութիւն Կայ. Կան Միայն 1918 Եւ 1991 Թուականներու Երկու Հայկական Հանրապետութիւնները

Հոկտեմբեր 20, 2025
Դոկտ. Աբէլ Մանուկեանի «Մարդասիրութեան Վկանե՞րը», Թէ՞ «Մարդասիրութեան Վկայագիր» Գրքի Մասին
Անդրադարձ

Թիֆլիսի Սուրբ Ստեփանոս Կուսանաց Վանքը – Հայոց Հոգեւոր Ժառանգութիւնը, Խորհրդային Վայրագութիւններն Ու Հետագայ Վրացականացումը

Հոկտեմբեր 20, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?