Արժանապատիւ հայի պարտքը Հայաստանում իշխանութիւնների փոփոխութեան հարցը մտել է վճռորոշ փուլ:
Ձախողումների, ստորաքարշութեան, ստի խորհրդանիշ դարձած վարչախումբը, Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ, ապրում է իր վերջին օրերը: Հոգեվարքի այս պահին անգամ յոխորտանքն ու պոռոտախօսութիւնը չեն դադարել եւ կարծես օրէցօր թափ են ստանում, որն աւելի շատ նման է տենդի մէջ հնչող զառանցանքի:
Սպասելի է, որ Հայաստանում տեղի ունենալիք ընտրութիւնների նախօրէին` քարոզարշաւի ընթացքում եւս աներեսաբար կը հնչեն բարբաջանքներ «նախկիններին» փնովելու եւ Սեւանայ լճի ջրի մակարդակի բարձրացման «աննախադէպ» նուաճումների մասին: Թշնամու առաջ ծնկի եկածը, մի ամբողջ պետական համակարգ փոշիացնողը, անվտանգութեան ու հայրենիքի սահմանները պաշտպանելու անընդունակը, մսխումների մէջ թաղուած յանցագործը ոչ միայն ամօթից գետինը չի մտնում, այլեւ յոխորտում է «աննախադէպութեան» ցուցանիշներ ապացուցելու կեղծ փաստերով:
Հայաստանում 2018թ. իշխանափոխութիւնից յետոյ յանցագործ վարչակարգի կառավարման օրուանից առարկայականօրէն ամենաշատը տուժել է Արցախն ու արցախցին: Հազարաւոր նահատակներ, հազարաւոր վիրաւորներ, հարիւրաւոր գերիներ, հայրենիքի մեծ մասի կորուստ, տասնեակ հազարաւոր բռնագաղթուածներ, ահա այն, ինչ Արցախն իր մաշկի վրայ զգաց այս ընթացքում: Սուտը, վիրաւորանքը, ապագայի նկատմամբ մշուշոտ հեռանկարը, անվստահութիւնն ու անհեթեթ պարծենկոտութիւնը այն երեւոյթներն են, որոնք այսօր տիրական են Արցախի մթնոլորտում:
Հայաստանի Հանրապետութեան անկախութիւնից յետոյ արցախեան հիմնախնդրի նկատմամբ կեցուածքն ու քաղաքական դիրքորոշումը միշտ էլ որոշիչ նշանակութիւն են ունեցել Հայաստանի իշխանութիւնների ձեւաւորման հարցում:
Արցախի գլխին իջած այս արհաւիրքից եւ այս բոլորը իր մաշկի վրայ զգալուց յետոյ ոչ մի արցախցի չի կարող անտարբեր մնալ եւ իր ժխտական կեցուածքը չցուցաբերել Հայաստանում իշխանութեան եկած դաւադիրների նկատմամբ: Դեռ աւելի՛ն. ովքեր փորձեն քծնել եւ արդարացնել ապիկար իշխանութիւններին, նրանց ճակատին եւս կը դաջուի դաւաճանի խարանը:
Արցախի բնական դաշնակից Հայ յեղափոխական Դաշնակցութեան, Սիւնիքում ձեւաւորուած «Վերածնուող Հայաստան» կուսակցութեան եւ Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարեանի համախմբմամբ ձեւաւորուած «Հայաստան» դաշինքը յայտ է ներկայացրել առաջիկայ ընտրութիւններին ստանձնել պատասխանատուութիւն եւ հայրենիքի փրկութիւնն իրականացնել առողջ, պատասխանատու եւ յաղթանակի հեռանկարով օժտուած գաղափարական ուժերի միասնութեամբ:
Այսօր իւրաքանչիւր արժանապատիւ հայի պարտքն է իր լուման ներդնել հայրենի պետութեան վերականգնման, ազգային յաղթական գաղափարախօսութեամբ զինուելու եւ հայրենիքի զարգացման ուղղութեամբ ոչ մի ջանք չխնայելու գործում:
Հայրենիքի փրկութիւնն իրականանալի կը դառնայ միայն դաւադիր վարչախմբի հեռացմամբ:
17 մայիս, 2021թ.