Առանց Դափնիների Ու Ծափերի… «Ալիք»-ի 90-Ամեակի Առիթով

1931 թ. մարտի 22-ի իր առաջին ԽՄԲԱԳՐԱԿԱՆ-ով նորամուտ «Ալիք»-ը ազդարարում էր հետեւեալ գաղափար-բանաձեւը. «Գիտենք եւ այն, որ ոչ մի հայ հրապարակագիր չի պսակուել մեզանում դափնիներով…»:

Եւ իրաւամբ, 90 տարի անց այդ գաղափար-բանաձեւը չի դադարում արդիական լինելուց, քանզի տասնամեակներ շարունակ ծափեր որսալն ու դափնեպսակներով «զարդարուելը» մեզ մօտ սեպուել են որպէս անինքնանպատակ, անցողիկ ու անհեռանկար թերարժէքներ… Այս վերջիններս, սակայն, փոխարինուել են գերնպատակային արժէքներով` ԱԶԳԱՅԻՆ-ով, որպէս մնայուն ու սեփական ազգի հոգեհարազատ հաւատամք:

90 տարիների իւրաքանչիւր հանգրուանը «Ալիք»-ի համար նշանաւորուել է նոյն ու բացարձակ գաղափարի` ԱԶԳԱՅԻՆ-ի թէեւ յաճախ տատասկոտ, բայց անփոխարինելի ուղղութեամբ շարունակելու իր երթը, անխուսափելի սայթաքումների, բացթողումների ու մինչեւ իսկ սխալների մասին բարձրաձայնելով հարազատ, հաւատարիմ ու գիտակից համայնքի անխտիր բոլոր խաւերի ու ներկայացուցիչների առջեւ: Դժուարին պարտաւորութիւն, սակայն բարոյական պարտքի գիտակցում` որպէս նոյն համայնքի (գէթ վերջին տարիներին) միակ տպագիր օրաթերթի կարգավիճակի հանգամանքով:

Այսօր էլ, ահա, այս 90-րդ հանգրուանի շեմին, «Ալիք»-ի գաղափարային, բովանդակային ու նպատակային առանցքը, անկախ քանակային ու նիւթատեխնիկական անհարթութիւններից, ոչ այլ ինչ է, եթէ ոչ` նոյն փրկարար ԱԶԳԱՅԻՆ գաղափարախօսութիւնը:

Գաղափարախօսութիւն, որն 21-րդ դար մուտք գործած ազգի միջուկի ու հայ պատմաբանի բնորոշմամբ, կոչւում է ՀԱՅ ԴԱՏ, որպէս միակ երաշխիք` հայի ու հայրենիի պահպանման եւ որ դժուարագոյնն է` լիարժէք կայացման:

Իսկ այդ ամբողջի որպէս մի համեստ մասնիկ 90-ամեայ «Ալիք»-ը այսուհետ եւս ջանք չի խնայելու նոյն գաղափարախօսութեան ու միեւնոյն ԴԱՏ-ի ալեկոծումների ընդմիջից լսելի ու հաղորդակից դառնալու իր յանձնառու եւ պատասխանատու առաքելութեան մէջ…:

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )