ՅԱՍՄԻԿ ՀՐԱՉԻ ԿԻՐԱԿՈՍԵԱՆ
Օրերը դարձան բախտակիցներ…
Բախտակից հայի` վշտաբեկ, կորստաբեր,
ցաւատանջ ու ցաւաբեկ…
1988թ. դեկտեմբերի 7…
2020 թ. օգոստոսի 4…
Մեծն եղեռնի պէս անընդհատ ծխացող, սրտի մրմուռի պէս մխացող…
Լուրը սահմռկող էր, ահաբեկող…
Անգամ պայծառատեսի համար մթաբեր, սրատեսի համար էլ` խաւար, անհաւատալի ու օտար:
Հեռուստացոյցը մթագնում ու սեւանում էր աչքերս, մոռանում էի բառերը…
Լիբանան ու Սիրիա պետութիւնները շղթայակապուել ու դարձել են մարդու բախտի նման…
Միշտ սգոյ թատերաբեմ, կարծես չեն ուզում, որ մարդիկ ուրախ ու խաղաղ ապրեն:
Այդքան էլ` չա՜ր…
Մրմուռ շշուկներ. «Ո՞ւր գնանք, ո՞ւր մնանք, ո՞ւր ապրենք»…
– Գտէ՛ք, այրե՛ր, խաղաղ մի տեղ, ուր երկրածին մարդիկ անգործութեան մէջ կ՛ապրեն, կ՛ապրեն անխռով ու անվրդով…
Գիտեմ, որ բարի լոյսը բարի է լինում, ու ինչի՞ օրը մարդու սրտի պէս փոթորկւում է մերթ: Օրը` հիւանդանում է ու չի դիմանում մարդու սրտի պէս:
Մի պահ երեւի ինձ կշտամբէք` այսքա՜ն ժամանակ է անցել…
Կը ներէ՜ք, սիրելի՛ մարդիկ, վշտից կարկամ էի դարձել, մոռանում էի բառերը, գրիչս ինձնից էլ վշտոտ էր դարձել:
Ցաւաբեր օրը` 2020 օգոստոս 4-ը, ինձ տարաւ դէպի հեռուներ, չարագոյժ օրը` 1988 թ. դեկտեմբերի 7-ը ցնցեց ողջ երկրագունդը…
Մէկը ճչում էր` կռի՜ւ է, միւսը լրացնում ճիշդը` ժա՜ժք է, ժա՛ժք…
Ու երկրաշարժը հայերիս սիրտը քանդեց, մէկ կողմից գաղթականներ, վախեփախ, Արցախի գոյակռիւը, տանկերի դէմ` որսորդական հրացաններ, միւս կողմից յոյսը չկորցրած մարդիկ, մի գուցէ փլատակներից դուրս բերեն կենդանի մարդկանց… Ու տարիներ անց` 1988 թ. դեկտեմբերի 7 եւ 2020 թ. օգոստոսի 4-ը դարձան լուռ բախտակիցներ…
Գալիս էին ու գալիս, ինքնաթիռների ձայները չէր լռում, ճգնում էին, ցաւը` մեզ հետ կիսում, բայց օտար էին, գնում էին… Գնում էին հեռուներ ու մեզ չէին մոռանում…
Ժողովուրդը իր մէջ ուժ գտաւ, սեւը պահեց ներսում, որ թշնամին չուրախանայ. վրանների մէջ անգամ տուն ու տեղ դրեց: Իսկ յետոյ հասկացաւ.
– Հայաստա՛ն, քո ցա՛ւը տանեմ, իմ տունն ես դու…
Օտարի երկիրն իմ քարերից էլ գուցէ սիրուն է, բայց իմը չէ: Իմը` մամռոտ, ուլունք-ուլունք քարերն են ու վայրի, անուշաբոյր խոտն ու ծաղիկները:
Սիրելի՛ լիբանանահայեր ու սիրիահայեր, գիտեմ որտեղ որ ծնուել էք, այդ երկիրը քո տունն է դարձել…
Ձեր հայեացքը դէպի Հայաստան, բայց էլի ձեր ծննդավայրը ձեզ պահում է այդ հնամենի հողում:
Դուք դարձել էք մէկ փիւնիկ թռչուն ու մէկ էլ` բունն աւեր գտած սեւաթեւ կռունկ…
Աշխարհում կայ իմաստուն մի խօսք` հայի բախտ: Ու չգիտեմ ո՞վ է մեզ կնքել այդպէս ու դրոշմել մեր բախտի ճակատին ու մեր փլուող սրտին: Բայց հայը կերտող, կառուցող, ստեղծող ու յօրինող է արեամբ, նրան` դարերի չարագոյժ շունչը որքա՜ն էլ փորձեց այրել ու խատել, էլի չի դիմացել հայի բարու տեսակին:
Սիրտս փլւում էր քանդուած տները տեսնելով ու մարդկանց, որ արդէն չկան…
Այդքա՜ն զոհեր… Անդառնալի, աւերակ սրտեր… Անմեղ, լոյս ու բարին շատ սիրող մարդիկ, որ հիմա արդէն երկնքի սրտում են ապրում:
Ապրելու տարիներին ո՞վ է մահուան դռները լայն բացում.
– Բարո՜վ ես եկել,- ասելով:
– Չարագոյժ մահ, հեռացի՛ր, ես քո մահն եմ բերել:
Այսպէս, մարդը երբե՛ք բարի խօսքերով Գաբրիէլ հրեշտակին իր մօտ չի կանչում:
Իսկ նա` այդ դեւը, սեւը, նենգը, նեռն ի՞նչ երեսով է գալիս, շողոմաբար, քսու ու կեղծաւոր, գալիս ու իր ոտքի տեղն է անում:
Խաղաղութիւն ձեզ, կեանքն ու մարդկանց այնքան շատ սիրող անմեղ զոհեր… Խնկելի է ձեր ճանապարհն, ու դուք լոյսերի մէջ էք ապրում:
Աստուած ինչքա՜ն բարի սրտով պէտք է ձեզ գգուէր…
Պատմութիւնը երբեք չի մոռացւում, յիշէ՛ք, ինչքա՜ն ծանր օրեր ենք տեսել մենք` հայերս. ու յաղթել ենք չարին, կրկնապատկելով ապրելու ուժերը…
Սիրելի՛ լիբանանցիներ եւ սիրիացիներ, ձեր մարդասէր ու բարեսիրտ տեսակը ողջ տիեզերքին է յայտնի:
Օգնել էք անտուն, բունը` տանն ու տեղը կորցրած հայերին, թեւ ու ուժ տուել իմ գաղթական, աստուածավախ ժողովրդին, թուրքի եաթաղանից մի կերպ փրկուած ու ձեր բնօրրանում ապրելու, արարելու յոյսը չկորցրած` բարի ու հաւատարիմ ազգիս:
Աստուած ինչքա՜ն բարի սրտով ու լոյս աչքերով պէտք է ձեզ փարուէր…
Հազարամեակների մէջ անգամ ձեր գորովագութ պատմութիւնը երբեք չի մոռացուի: Փիւնիկ թռչունի նման վեր էք յառնելու մոխիրներից բարձր ձայնով` ի լուր աշխարհի, բարձրալուր գոչելու էք` ապրելու մէջ` յարատեւելու ենք…
Բոլոր ժամանակներում էլ դուք յաղթելու էք չարին, ձեր մարդասէր տեսակն` Ազգ տեսակն է մեծատառով:
Թո՛ղ արնախում թշնամիի հասկանայ, յարատեւող ազգը չի անհետանայ:
Ու միշտ ձեր սրտում պահէ՛ք լոյսի ցոլքերն` ապրում ենք ու յարատեւում…
15-16 սեպտեմբեր 2020
Սիրով` Հայաստանից-Լիբանան` Պէյրութ-Սիրիա