Սեւր-100. Վաղեմութեան Ժամկէտ Չունեցող Պայմանագիր

Սեւրի պայմանագիրը դարձաւ 100 տարեկան:

1920 թուականի օգոստոսի 10-ին Փարիզի արուարձանում՝ Սեւրում, Հայաստանի Հանրապետութեան անունից Սեւրի պայմանագիրը ստորագրեց Աւետիս Ահարոնեանը։

Ստորագրուած փաստաթուղթը Անտանտի երկրների եւ Օսմանեան կայսրութեան հաշտութեան պայմանագիրն էր, որը պաշտօնապէս հաստատում էր կայսրութեան բաժանումը Եւրոպայի եւ Մերձաւոր Արեւելքի միջեւ:

Մասնաւորապէս պայմանագրի 88-93-րդ յօդուածները վերաբերում էին Հայկական հարցին: Թուրքիան Հայաստանը ճանաչում էր որպէս ազատ ու անկախ պետութիւն։ Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Բիթլիսի նահանգներում երկու պետութիւնների միջեւ սահմանազատումը թողնել Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահ Վուդրօ Վիլսոնի որոշմանը եւ ընդունել ինչպէս նրա որոշումը, նոյնպէս եւ բոլոր առաջարկները՝ Հայաստանին դէպի ծով ելք տալու եւ յիշեալ սահմանագիծին յարող Օսմանեան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերեալ։

Բացի այդ, Սեւրի պայմանագիրը նախատեսում էր նաեւ Քրդական պետութեան ձեւաւորում: Անկախ Քուրդիստանի առումով նախատեսւում էր, որ նրա սահմանները համատեղ կը որոշեն Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Թուրքիան:

Բոլորին յայտնի այն օրերի աշխարհաքաղաքական իրադարձութիւնները, սակայն, թոյլ չտուեցին որպէսզի կեանքի կոչուի Սեւրի պայմանագիրը: Սեւրին փոխարինման եկաւ 1923 թուականի յուլիսի 24-ին կնքուած Լօզանի պայմանագիրը, որի արդիւնքում Արեւմտեան տէրութիւնները ճանաչեցին Մուսթաֆա Քեմալի կառավարութիւնը եւ նրա իրաւունքը Արեւելեան Թրակիայի, Իզմիրի, Կիլիկիայի նկատմամբ, ինչպէս նաեւ՝ բոլոր այն տարածքների, որոնք անցել էին Հայաստանին Սեւրի հաշտութեան պայմանագրով։ Աւելին՝ նրանք ճանաչեցին Թուրքիայի նոր սահմանները, որոնք ընդգրկում էին Արեւելեան Հայաստանի նախկին շրջանները՝ Կարսը, Արդահանը, Սուրմալուն (1921 թւականին կնքւած Կարսի եւ Մոսկւայի պայմանագրերի արդիւնքում)։

Ինչ խօսք, Լօզանի պայմանագիրը կատարեալ յաղթանակ էր Թուրքիայի համար, որն էլ փաստացի վճռեց Թուրքիայի սահմանների հարցը մինչ օրս: Այդուհանդերձ, Սեւրի պայմանագիրը երբեք չկորցրեց իր նշանակութիւնն ու կարեւորութիւնը: Եւ իզուր չէ, որ դեռեւս 1920-ական թուականներից մինչ օրս թուրքական հասարակութեան զգալի մի հատուածը, մասնաւորապէս քաղաքական վերնախաւը տառապում է Սեւրի սինդրոմով, որը թափառական ուրուականի պէս հետապնդում է նարնց արդէն 100 տարի: Ըստ նրանց՝ կան ուժեր, որոնք շարունակաբար ձգտում են ոչնչացնել եւ մասնատել Թուրքիան, «փորձելով Թուրքիային վերադարձնել պայմանագրի պայմաններին», եւ որ պէտք է պաշտպանել թուրքական պետութիւնը այսօրինակ վտանգներից:

Թուրքական ահսարակութեան եւ վերնախաւի նմանօրինակ մտահոգութիւնը բնաւ էլ Conspirancy Theory-ի ժանրից չէ: Վերջին 10-ամեակի ընթացքում տարածաշրջանում ընթացող իրադարձութիւնները եւ խմորումները յատկապէս վկայում են այն մասին, որ Մերձաւոր Արեւելքի աշխարհաքաղաքական գործընթացների հորիզոնում կրկին նշմարւում է «Սեւրի ստւերը», որն էլ եթէ ոչ կարճաժամկէտում, ապա՝ երկարաժամկէտում կարծես, թէ անխուսափելի է դարձնում տարածաշրջանի քաղաքական քարտէզի վերագծումը:

Այնպէս որ՝ Սեւրը մեռած չէ, ցանկացած պահի այն կարող է երկրորդ շնչառութիւնը ստանալ, եւ այդ պատմական պահին է, որ մենք պէտք է պատրաստ լինենք, որպէսզի բաց չթողնենք մեր մեծ տեսլականի՝ ՄԻԱՑԵԱԼ ՀԱՅԱՍԱՏՆԻ նուիրագործման հնրաւորութիւնը: Դա մեր անժամանցելի պարտաւորութիւնն է:

alikonline.ir

 

CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )