Տղոց թենիսի միջազգային դասաւորման երրորդ դիրքը գրաւող սպանացի Ռաֆայէլ Նատալ նախորդ շաբաթավերջին տիրացաւ Աքափուլքոյի (Մեքսիքա) միջազգային մրցաշարքին տիտղոսին, երբ 6-3 եւ 6-2 արդիւնքով յաղթեց ամերիկացի Թէյլըր Ֆրիցին:

33 տարեկան Նատալ, որ այսպիսով իր արհեստավարժ ասպարէզին ընթացքին տիրացաւ իր 85-րդ տիտղոսին (ան 122 անգամ հասած է աւարտական հանգրուան), այժմ կը գրաւէ չորրորդ դիրքը:
Առաջին դիրքին վրայ է ամերիկացի Ճիմի Քանըր (109): Անոր կը յաջորդէ զուիցերիացի Ռոժէ Ֆետերեր (103), իսկ լաւագոյն եռեակը կ՛ամբողջացնէ չեխ Իվան Լենտըլ (94):

Ինչ կը վերաբերի Տուպայի (Արաբական Միացեալ Էմիրութիւններ) միջազգային մրցաշարքին, անիկա աւարտեցաւ աշխարհի թիւ 1 դասուած սերպ Նովաք Ճոքովիչի յաղթանակով, որ աւարտականին 6-3 եւ 6-4 արդիւնքով յաղթեց Սթեֆանոս Ցիցիփասին (Յունաստան):


