Հայաստան-Արցախ Ռազմաքաղաքական Դաշինք` «Պատեհ Առիթի՞»

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան

Մի ուրուական է շրջում հայ քաղաքական մտքի երկնակամարում: Քա՛ւ լիցի, ամենեւին էլ նկատի չունեմ Մարքսի ասած «կոմունիզմի ուրուականը», որ, ըստ նրա «Կապիտալ» աշխատութեան, հեռաւոր 19-րդ դարի երկրորդ կէսին շրջում էր Եւրոպայում: Խօսքս Հայաստան-արցախ ռազմաքաղաքական դաշինքի մասին է, մի պայմանագիր, որ վերջին տարիներս ուրուականի յանգոյն պարբերաբար յայտնւում, անհետանում եւ, ի շրջանս իւր, դարձեալ` յայտնւում է մեզ համար տեսանելի հորիզոնում` ամէն անգամ դառնալով քաղաքական քննարկումների  առարկայ:

Արդեօք իրապէ՞ս անհրաժեշտ ու հրատապ է նման մի իրաւական փաստաթղթի առկայութիւնը մեր ժողովրդի առջեւ ծառացած տարածաշրջանային, թէ միջազգային մարտահրաւէրները դիմագրաւելու, հայոց զուգապետութեան անվտանգութիւնը, նաեւ իրաւական դաշտի  ուժով, լիարժէք, յուսալի ապահովելու  համազգային խնդրում: Արդեօք  մինչ այդ հարկ եղած  չափով լիարժէք, յուսալի չէի՞ն ու չե՞ն այդ խնդրում մեր համահաւաք ջանքերը` ուղղուած ինչպէս Հայաստանի, նոյնպէս եւ Արցախի սահմանների պաշտպանութեանը: Արդեօք դաշինքի մասին պայմանագրի ընդունումն այս կամ այն կերպ ու չափով չի՞ խոչընդոտի ազրպէյճանա-արցախեան հակամարտութեան բանկցային  կարգաւորման գործընթացին եւ, անկախ նրանից, որ, քարը գլուխը,  այն սուիններով կը դիմաւորի  մեր հակառակորդը` Ազրպէյճանը, արդեօք, հարկ եղած ըմբռնում կը գտնի՞ միջազգային հանրութեան, առանձնապէս, հակամարտութան խաղաղ կարգաւորման նպատակով միջնորդական առաքելութիւն ստանձնած ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահութեան շրջանում: Եւ վերջապէս, ե՞րբ եւ ինչպէ՞ս կեանքի կոչել այդ գաղափարը, սպասել պատեհ առիթի՞, թէ՞ իրագործել անյապաղ` որպէս առկայ ռազմաքաղաքական իրավիճակից ելքի ուղենիշ-հրամայական:

Սրանք հարցեր են, որոնք մտահոգում են, կարելի է ասել, մեր  գրեթէ բոլոր քաղաքական ուժերին, ընդհանուր առմամբ, ողջ հայ հանրութեանը` Հայաստանում լինի, Արցախում, թէ սփիւռքում: Ժամանակագրական առումով, այդ մտահոգութիւնն առաւել սաստկացել է առանձնապէս, 2016-ի ապրիլեան պատերազմից յետոյ, երբ թերահաւատների, ինչո՞ւ չէ, նաեւ մեր տնաբոյծ խաղաղասէրների համար անգամ վերջնականապէս պարզ դարձաւ, որ 1994թ. մայիսեան հրադադարի մասին եռակողմ ստորագրուած համաձայնագիրն Ազրպէյճանի համար մշտապէս եղել ու մնում է առ ոչինչ, եւ որ Պաքուն, տակաւին վստահ չլինելով իր զինական ուժի վրայ,  այն օգտագործել եւ օգտագործում է անհամեմատ սպառազէն ու մարտունակ բանակ կառուցելու  եւ իր համար  ցանկացած յարմար պահի Հայաստանի եւ Արցախի դէմ յարձակումը նոր թափով վերսկսելու համար:

Այնուամենայնիւ, խնդրոյ առարկայ հարցի առնչութեամբ ի՞նչ դիրքորոշման են հայ քաղաքական դաշտի ներկայացուցիչները` պաշտօնատար անձինք, քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ: Փորձենք պարզել ԶԼՄ-ների 2016 եւ հետագայ տարիների հրապարակումներից կատարուած լրաքաղի միջոցով:

Վիտալի Բալասանեան, ԱՀ ԱԽ քարտուղար.- «Արցախի եւ Հայաստանի միջեւ ռազմաքաղաքական դաշինքի մասին պայմանագրի կնքումը խիստ հրատապ է: Մայիսին (2016թ.- հեղ.) Հայաստանի իշխանութիւններին նման առաջարկ է արուել, եւ առաջարկն ընդունուել է: Մենք պէտք է ունենանք այդ փաստաթուղթը, որտեղ նշուած կը լինի, որ Հայաստանը հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգութեան երաշխաւորը: Այստեղ կարեւոր է «ժողովրդի անվտանգութեան երաշխաւոր», այլ ոչ թէ «տարածքային ամբողջականութեան երաշխաւոր» ձեւակերպումը, քանի որ այսօր մենք Ազրպէյճանի հսկողութեան տակ ունենք տարածքներ»:

Մասիս Մայիլեան, ԱՀ ԱԳ նախարար.- «Հայաստանի եւ ԱՀ միջեւ  ռազմաքաղաքական  դաշինքի կնքումն  անհրաժեշտութիւն  է: Դաշինքը զուտ Արցախի անվտանգութեան ապահովման տեսանկիւնից չէ կարեւոր: Հայաստանի Հանրապետութիւնը եղել եւ մնում է Արցախի անվտանգութեան երաշխաւորը: Երկու հայկական հանրապետութիւնների միջեւ եղած համագործակցութիւնը տարբեր ոլորտներում պէտք է դնել իրաւական հիմքերի վրայ` շրջանակային փաստաթղթի տեսքով»:

Դաւիթ Բաբայեան, ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, տեղեկատուութեան գլխաւոր վարչութեան պետ.- «Առանց այդ պայմանագրի էլ Հայաստանի եւ Արցախի միջեւ պաշտպանական ոլորտում տէ ֆաքթօ համագործակցութիւնը բաւական սերտ է: Հայաստանն Արցախի անվտանգութեան երաշխաւորն է: Այդ փաստաթուղթը կարող է նոր մակարդակի վրայ դնել մեր համագործակցութիւնը»:

Արարատ Միրզոյեան, ՀՀ ԱԺ նախագահ.-  «Մենք ունենք համազգային օրակարգում մէկ գերխնդիր, այն է` Արցախի հարցի արդարացի լուծումը: Այս հարցի լուծմանը պէտք է ծառայեցնել երկու խորհրդարանների ուժերը: Թէ այդ նպատակին հասնելու համար ինչքանով օգտակար կը լինի ռազմաքաղաքական դաշինքի կնքումը կամ էլ Արցախի ճանաչումը, ցոյց կը տայ ժամանակը: Ժամանակ առ ժամանակ այդ հարցը գալիս է օրակարգ: Ինչպէս նախկինում, այնպէս էլ այսօր, հարցի լիարժէք պատասխանը մենք չենք կարող տալ: Ճանաչմանը կամ դաշինքի ստորագրմանը պէտք է յանգենք համատեղ քննարկման արդիւնքում»:

Կիրօ Մանոյեան, ՀՅԴ Բիւրոյի անդամ, Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու.- «Մենք գտնում ենք, որ այդ պայմանագիրը պէտք է հիմա ստորագրենք: Դա մի կողմից կը լինի մէկ քայլ դէպի Հայաստանի կողմից ճանաչում, միւս կողմից` պէտք եղած պատգամը կ՛ուղարկի միջազգային հանրութեանը, ինչպէս նաեւ` Ազրպէյճանին, որ առյաւէտ մենք չենք կարող մնալ Ազրպէյճանի քմահաճոյքին, որ երբ ուզենայ բանակցի, երբ չուզենայ` չբանակցի: Մեր` Դաշնակցութեան կարծիքով, այդ պատեհ առիթը հէնց ապրիլեան պատերազմն էր, եւ անհրաժեշտ էր արդէն այդ պայմանագիրը ստորագրել` որպէս զսպիչ մեքանիզմ Ազրպէյճանի դէմ»:

Աղուան Վարդանեան, ՀՀ ԱԺ նախկին պատգամաւոր.- «Այդ պայմանագիրը, ըստ էութեան, Ղարաբաղի անկախութեան ճանաչման «կէս քայլ է»: Դա եթէ ԼՂՀ-ի լիարժէք ճանաչում չէ, ապա ճանաչման կէս քայլն է»:

Արմէն Աշոտեան, ՀՀԿ փոխնախագահ.- «Պայմանագրի մշակումն աւարտական փուլում է: Ինչ վերաբերում է դրա կնքմանը, ապա այստեղ դեռ յստակութիւն չկայ, դա կը լինի պատեհ պահին»:

Արման Մելիքեան,  ԱՀ ԱԳ նախկին նախարար.- «Ես գտնում եմ, որ այս փուլում նման կարգի ցանկացած երկկողմ փաստաթուղթ, որն արտաքին աշխարհի համար ընդգծելու է Արցախի կախուածութիւնը Հայաստանից, մարտավարական առումով օգտակար չի կարող լինել: Կարծում եմ, որ այս հարցում հայեցակարգային եւ, անգամ, աշխարհայեացքային լուրջ խնդիրներ կան»:

Արմէն Սարգսեան, ԱՀ ԱԺ պատգամաւոր, «Դաշնակցութիւն» խմբակցութեան ղեկավար.- «Մեր  երկու հայկական պետութիւնների միջեւ կնքուելիք պայմանագիրն աւելի լայն իմաստ պէտք է ունենայ: Դա պէտք է ռազմավարական դաշինք լինի»:

Արթուր Թովմասեան, ԱՀ ԱԺ պատգամաւոր, «Հայրենիք» խմբակցութեան ղեկավար.- «Ես համոզուած եմ, որ առաջիկայում ռազմական փոխօգնութեան պայմանագրի կնքումը ճիշդ քայլ կը լինի»:

Շահան Գանտահարեան, Պէյրութ, «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր.- «Կրնայ հարց ծագիլ այստեղ, թէ Երեւանը ինչպէ՞ս կրնայ պայմանագիր կնքել երկրի մը հետ, որ չէ ճանչցած: Ճանաչումը համազօր կ՛ըլլա՛յ բանակցութիւններէն դուրս գալուն. իսկ նման դաշինք մը կը հիմնաւորուի գլխաւոր երաշխաւոր ըլլալու հանգամանքով, մանաւանդ երբ Երեւանը պաշտօնապէս յայտարարած է այդ մասին»:

Վահրամ Բալայեան, ԱՀ ԱԺ փոխնախագահ.- «Որպէսզի երկու երկրների միջեւ համագործակցութիւնն իրաւական հիմքերի վրայ դրուի, կարծում եմ, որ նման պայմանագրի անհրաժեշտութիւն կայ: Ի հարկէ, սա չի նշանակում, որ Հայաստանի եւ Արցախի միջեւ այսօր համագործակցութիւն չկայ, բայց կարծում եմ, որ նման պայմանագիրը նոր լիցք կը հաղորդի մեզ»:

Ռուբէն  Մելիքեան,  Արցախի Մարդու իրաւունքների նախկին պաշտպան.- «Ես ողջունում եմ  ՀՅԴ Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական պայմանագիր կնքելու ուղղութեամբ ջանքերը: Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական պայմանագիրն Արցախի բնակչութեան իրաւունքների պաշտպանութեան օգտագործելի տարբերակներից մէկն է»:

Հայկ Խանումեան, ԱՀ ԱԺ պատգամաւոր, ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցութեան նախագահ.- «Կարծում եմ` սա միջազգային ճանաչման հարց չի, որ մտածենք` ինչ-որ արտաքին ճնշումներ կարող են լինել, սա այն հարցն է, որտեղ նման մտահոգութիւնները բացակայում են, եւ հնարաւորինս շուտ պէտք է իրաւական հիմք ստեղծել երկու երկրների միջեւ: Խիստ կասկածում եմ, որ պայմանագիրը կը կնքուի, թէեւ յուսով եմ: Եթէ Հայաստանի նախագահի յայտարարութիւնից յետոյ պայմանագիրը չկնքուի, ապա դա անլրջութիւն կը լինի»:

Յիշեցման կարգով նշեմ, որ Հայաստանի ներկայումս նախկին նախագահ Սերժ Սարգսեանը խնդրի առնչութեամբ հրպարակաւ հանդէս էր եկել հէնց ապրիլեան մարտերի օրերին` ապրիլի 4-ին, ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ, յայտարարելով, որ արտաքին գործերի նախարարութեանը հրահանգել է աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնութեան պայմանագիր կնքելու ուղղութեամբ: Խնդրոյ առարկայ հարցը տարբեր ձեւաչափերով լայն քննարկումների առարկայ դարձաւ հայ քաղաքական կառոյցների եւ փորձագիտական կեդրոնների օրակարգում: Մասնաւորապէս արժէ յիշատակել  խնդրի շուրջ ծաւալուած քննարկումները հէնց նոյն 2016-ի մայիսի 26-ին Ստեփանակերտում կայացած  Քաղաքական կուսակցութիւնների երկրորդ ֆորումում, որին մասնակցում էին Հայաստանի եւ Արցախի քաղաքական ուժերի ներկայացուցիչները,  մէկ տարի անց` 2017-ի մայիսի 5-ին Երեւանում Ռազմավարական եւ ազգային հետազօտութիւնների հայկական կեդրոնի անցկացրած «Կլոր սեղան»-ի սեմինար-քննարկումը` «Ապրիլեան պատերազմից մէկ տարի անց. բանավէճեր արցախեան սթաթիւս քուոյի շուրջ» թեմայով, ապրիլեան պատերազմի դասերին նուիրուած «Կլոր սեղանը», որ միանգամայն վերջերս` 2019-ի ապրիլի 11-ին,  տեղի է ունեցել  Ստեփանակերտում` ԱՀ ԱԺ «Դաշնակցութիւն» խմբակցութեան եւ ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան համատեղ կազմակերպական ջանքերով: Ի լրումն նշեմ նաեւ, որ ինչպէս յայտնի էր դարձել լրահոսից,  պայմանագրի նախագիծը վաղուց ի վեր պատրաստ էր հանրային քննարկումների եւ վերջնական տեսքով կողմերի ստորագրութեանը ներկայացնելու համար: Սակայն անսպասելի սպառուեց այդ ամենապատեհ առիթը, աւարտուեցին ապրիլեան կռիւները, եւ պատրաստի նախագիծը նետուեց պաշտօնական մարմինների գզրոց` մնալով, ինչպէս ասում են, եօթը փակի տակ: Թէկուզ գրեթէ մինչեւ մայիսի կէսերը տեւած մարտական գործողութիւնների շրջանը շարունակում էր մնալ որպէս այդպիսին` նման փաստաթղթի ընդունման համար իրապէս պատեհ առիթ:

Արդեօք իրականում պատրա՞ստ էր այդ փաստաթուղթը, ինչպէս դա հաւաստիացւում էր ամենատարբեր մակարդակներով. դժուար է ասել: Բանն այն է, որ  քաղաքական գործիչներից ու քաղաքական վերլուծաբաններից ոչ մէկն էլ խնդրի շուրջ իր դատողութիւններում թէկուզ մեն մի տող քաղուածք չի ներկայացրել փաստաթղթից: Էլ չեմ ասում, որ փաստաթղթի նախագիծը հանրային քննարկման չի դրուել:

Ուստի Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինքի շուրջ հանրային հրապարակումները, փաստօրէն, դրանց հեղինակների անձնական կամ կուսակցական տեսլականներն են ու բուն խնդրի նկատմամբ նրանցից իւրաքանչիւրի վերաբերմունքն է, որոնք, անկախ նրանից, թէ ռազմաքաղաքական եւ իրաւաքաղաքական առումներով ի՛նչ աստիճան արժէքաւոր են, նոյնիսկ եթէ փորձենք ի մի բերել ու համահաւաք ներկայացնել, բնականաբար, դարձեալ նոյնիսկ «սեւագիր» գրութեան կամ, այլ կերպ` «հում» փաստաթղթի արժէք չեն կարող ունենալ: Թէկուզ, կարծում եմ, քաղաքական ուժերի` հրապարակում առկայ որոշ դատողութիւններ կարող են որոշակի հացակարգային նախադրեալ հանդիսանալ Հայաստանի եւ Արցախի ներկայիս իշխանութիւնների համար` երկու հայկական հանրապետութիւնների միջեւ ռազմաքաղաքական դաշինքի նախագծի մշակման  նպատակով: Ի հարկէ, եթէ նրանք նման նպատակ ունեն եւ, իրօք, նոյնպէս հրատապ անհրաժեշտութիւն են համարում այդ փաստաթղթի ընդունումը:

Կարծես թէ բոլորիս համար էլ` որպէս հաստատուն ճշմարտութիւն,  տեսանելի է այն իրողութիւնը, որ անկախ հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացի վերջնական արդիւնքից ու միջազգային հանրութեան խաղաղարար ջանքերից ու երաշխիքներից, թուրք-ազրպէյճանական զոյգը երբեւէ չի հաշտուելու դէպի Մեծ Թուրան տանող իր արկածախնդրական ճանապարհին գլխաւոր պատմական խոչընդոտի` հայ ժողովրդի թէկուզ եւ ֆիզիքական գոյութեան, ուր մնաց թէ` հայ անկախ պետականութեան «բարիդրացիական» ներկայութեան հետ: Հետեւապէս, հաշուի առնելով այդ վտանգայարոյց ներկան ու հեռանկարը,  անշուշտ,  որեւէ հարցականի տեղիք պիտի չտայ, որ Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինքի մասին պայմանագրի կնքումը, ինչի  մասին ապրիլեան «քառօրեայից» ի վեր  քանիցս բարձրաձայնում էին եւ են քաղաքական ուժերը, առանձնապէս, խնդրի դրական լուծմանը սկզբունքօրէն ու հետեւողականօրէն հետամուտ ՀՅԴ-ն,  փաստօրէն, ռազմավարական ուղենիշ է հայոց զուգապետութեան ու ժողովրդի առաջընթացի ապահովման եւ անվտանգ, խաղաղ ապագայի կառուցման համար:

 

Արցախ

CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )