Պատերազմի Եւ Խաղաղութեան Պաքուի Ջրբաժանը

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան

Երեւի թէ անզէն աչքի համար էլ յստակ տեսանելի է, որ այդ ջրբաժանը Պաքուին պէտք է ոչ այնքան երկարատեւ կայուն խաղաղութիւն հաստատելու, որքան նոյն այդ ջրբաժանի վրայով հերթական անգամ յովազային ոստիւնի նախապատրաստուելու համար: Ընդ որում, դա բացառապէս Իլհամ Ալիեւի մարտավարական հնարքը կամ պահուածքը չէ: Այդ վարքագիծն էին որդեգրած Ազրպէյճանի նախագահի պաշտօնում նրա առանց բացառութեան բոլոր նախորդները` սկսած Այազ Մութալիպովից մինչեւ աւագ Ալիեւը` իր Հայտար հայրը: Ազրպէյճանա-արցախեան հակամարտութեան ողջ ընթացքում նրանք բոլորն էլ նոյն այդ մարտավարութեամբ էին առաջնորդւում` նեղն ընկած պահին կարճաժամկէտ կամ համեմատաբար երկարաժամկէտ զինադադարի խնդրանքով դիմելով անմիջականօրէն պաշտօնական Ստեփանակերտին եւ կամ խնդրելով այլ պետութիւնների, միջազգային կառոյցների  միջնորդութիւնը:

Անշուշտ  հպանցիկ յետադարձ հայեացքն անգամ բաւական է հաւաստիանալու համար, որ տասնեակներով են հաշուըւում Պաքուի նման խնդրանքները:  Այն ժամանակ էլ պարզ ու հասկանալի էր, որ այդ զինադադարներն ազրպէյճանական իշխանութիւններին պէտք էին առաւելապէս նրա համար, որպէսզի ժամանակ ունենան համալրելու ու վերախմբաւորելու, վերադասաւորելու մարտերի ընթացքում կենդանի ուժի եւ զինատեսակների զգալի  կորուստներ կրած իրենց զօրամասերը, նախապատրաստուելու հերթական յարձակմանը:

Ի դէպ, յատկանշական է, որ ինչպէս վկայում են առկայ փաստաթղթերը, Ստեփանակերտին յղուած իր այդ խնդրագրերում պաշտօնական Պաքուն անպայման նշում էր հասցէատիրոջ զբաղեցրած դիրքը` պետութեան պաշտօնական անուանմամբ, ինչպէս, օրինակ, ԼՂՀ Գերագոյն խորհրդի նախագահ, ԼՂՀ պաշտպանութեան նախարար եւ այլն: Այսինքն Պաքուն ճանաչում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը` որպէս ինքնիշխան պետական կազմաւորում: Ճանաչում էր, ի հարկէ, բացառապէս ճարահատեալ, հասկանալով, որ այլ հնար չկայ հայրենի եզերքի պաշտպանութեանը ելած ու խիզախաբար մարտնչող հայկական զինուժի յարաճուն ճնշումն ու առաջխաղացումը կասեցնելու համար: Աւելի՛ն. ազրպէյճական զօրքերը ժամանակ ու հնար անգամ չունէին մարտադաշտերից հանելու վիրաւոր կամ սպաննուած իրենց հարիւրաւոր ասկեարներին, ինչ մնաց, թէ` հակադարձէին արցախեան զօրքերի յաջորդական գրոհները: Չունէին, քանզի, ռուս յայտնի լրագրող Ալեքսանտր Նեւզորովի վկայութեամբ, որ նա յայտնել է իր նկարահանած «Կեորանպոյի գումարտակը» աղմկայարոյց վաւերագրական ժապաւէնում, ազրպէյճանցի ասկեարները մարտադաշտից փախչում էին, հեղինակի իսկ բնորոշմամբ ասած`  ոչխարի հօտի պէս:

Ի դէպ, որպէս միջանկեալ պատմութիւն նշեմ, որ այդ ժապաւէնը, որքան էլ զարմանալի կամ զաւեշտական թուայ, Պաքուի պատուէրով էր նկարահանուել: Ինչպէս վերջերս Դիմատետրի իր գրառումներից մէկում յայտնել է արցախեան ազատամարտի դաշտային  հրամանատարներից մէկը` ներկայումս Արցախի հերոս, զօրավար Արթուր Աղաբեկեանը, Նեւզորովը դիմել էր արցախեան կողմին` Պաշտպանութեան բանակի մասին չափազանց բարձր պատուեգինով վաւերագրական ժապաւէն նկարահանելու առաջարկութեամբ, սակայն մերժում էր ստացել, ուստի եւ, գումար աշխատելու նպատակով նոյն առաջարկութեամբ ու միեւնոյն, հնարաւոր է եւ աւելի բարձր վարձատրութեան պայմանով  դիմել էր նաեւ ազրպէյճանական կողմին` ստանալով վերջինիս համաձայնութիւնը: Սակայն ստացուել էր այն, ինչ անխուսափելի էր. ռուս վաւերագրողին չի յաջողուել ականատես լինել ազրպէյճանական զօրքերի խիզախութեան ու հերոսականութեան թէկուզեւ մէկ նշոյլի` ժապաւէնում պատկերելու համար: Տեսախցիկը արձանագրել է ազրպէյճանական բանակի բացայայտ անկազմակերպուածութիւնն ու  ասկեարների զանգուածային խուճապահար փախուստը մարտադաշտից, ինչը եւ ռուս լրագրողը ստիպուած է եղել ներկայացնել: Ստացե՞լ է նա Պաքուի խոստացած պատուեգինը յայտնի չէ: Բայց ժապաւէնը, ցուցադրուելով ռուսական հեռուստատեսութեամբ, իսկ ներկայումս էլ տեղադրուած լինելով «Եութիուպ» ելեկտրոնային ծրագրում, սերունդների համար մնացել է որպէս ուշագրաւ վաւերագրական վկայութիւն Արցախի դէմ Պաքուի սանձազերծած պատերազմում ազրպէյճանական զօրքերի կրած խայտառակ պարտութեան մի քանի դրուագի մասին:

Ազրպէյճանական բանակի այդ եւ համանման պարտութիւնների արդիւնքում է, որ Խըրխըզստանի մայրաքաղաք Պիշքեքում կնքուեց 1994 թուականի մայիսեան երկարաժամկէտ հրադադարը, որը, իբրեւ այդպիսին, կարելի է համարել  պատերազմի եւ խաղաղութեան առաջին լայնահուն ջրբաժանն ազրպէյճանա-արցախեան հակամարտութեան գօտում: Այն ժամանակ շատերս միամտաբար կարծում էինք, թէ ահա այդպիսով աւարտուեց պատերազմը, եւ կարելի է հանգիստ սրտով վերադառնալ խաղաղ ստեղծարար կեանքի: Բայց շուտով պարզուեց, որ ինչպէս պատերազմի տարիների զինադադարներն էին` եռօրեայ, մէկշաբաթեայ կամ միամսեայ տեւողութեամբ, Պաքուի համար նոյն հեռագնայ նշանակութիւնն ունէր նաեւ պիշքեքեան երկարատեւ հրադադարը, այն է` աւելի հանգամանալի նախապատրաստուել դադար առած պատերազմը վերսկսելու համար: Այո՛, ընդամէնը դադար առած, բայց ոչ երբեք` աւարտուած պատերազմը: Դրանում մենք իրապէս համոզուեցինք 2016 թուականի ապրիլի սկզբներին, երբ Պաքուն, վստահ իր զինուժի թուաքանակի ու սպառազինութեան գերակշռութեան վրայ, լայնածաւալ ռազմական արկածախնդրութեան դիմեց Արցախի արեւելեան սահմանների ողջ երկայնքով մէկ: Բայց զգալով իր վերահաս պարտութիւնը` շտապեց դիմել Մոսկուայի հաշտարար միջնորդութեանը: Սակայն հերթական անգամ յայտարարուած այդ հրադադարով չաւարտուեց պատերազմը: Այն շարունակւում է ամէն օր ու ժամ: Թէկուզ` սոսկ դիպուկահարների եւ կամ այլ զինատեսակներից ազրպէյճանական ասկեարների արձակած կրակով: Պատերազմը մշտապէս բախում է Արցախի արեւելեան դարպասները, ինչին մենք բնականաբար պէտք է պատրաստ լինենք, այսօր` աւելի լաւ, քան երէկ էր, վաղը` շատ աւելի լաւ, քան այսօր է:

Առհասարակ, Ազրպէյճանի ռազմաքաղաքական վերնախաւի համար հայ ժողովրդի դէմ պատերազմն աւարտ չունի: Ազրպէյճանում չեն ասում պատերազմը ղարաբաղցիների կամ ղարաբաղցի հայերի դէմ, ասում են` հայերի դէմ մեր սրբազան պատերազմը, այսինքն` ժիհատը,  կ՛աւարտուի միայն այն ժամանակ, երբ կ՛ոչնչացուի վերջին հայը, եւ ազրպէյճանական դրօշները հպարտ կը ծածանուեն Ղարաբաղում, Հայաստանում ամէնուրեք: Ահա այս արկածախնդրական գաղափարն է, որով առաջնորդուել եւ առաջնորդւում են անկախութեան շրջանի բոլոր ազրպէյճանական իշխանութիւնները, կրկնում եմ` Մութալիպովից սկսած մինչեւ Հայտար Ալիեւ ու ներկայումս էլ` վերջինիս որդին` Իլհամ Ալիեւը:

Նոյն այդ զառանցական գաղափարով, հայատեացութեան նոյն այդ կարծրատիպից սերուած ոխերիմ թշնամանքի զգացումով է, որ  սերնդէ-սերունդ դաստիարակւում է ներկայիս ազրպէյճանական հանրութիւնը` մանկապարտէզից սկսած մինչեւ չափահաս տարիք, մինչեւ ասկեար ու սպայ: Ազրպէյճանում, ինչպէս ասում են, օրը ցերեկով, ճրագը ձեռքիդ թէ ման գաս անգամ, չես գտնի մի հասարակական կամ քաղաքական կազմակերպութիւն, դիմադիր կամ ընդդիմադիր` էական չէ, որը թշնամանք չի քարոզում հայ ժողովրդի դէմ ու պատերազմի կողմնակից չէ: Ազրպէյճանական մամուլը, ելեկտրոնային լրատուամիջոցները, գրելով կամ հաղորդելով հայերիս մասին,  տակաւին ի սկզբանէ ու երբեք չեն օգտագործում «հակառակորդ» արտայայտութիւնը, այն վաղուց ի վեր անգործութեան է մատնուած ազրպէյճանական ժողովրդի բառապաշարում, իր տեղը հաստատուն զիջելով «թշնամի» արտայայտութեանը: Նոյնն ակնյայտ է նաեւ, այսպէս կոչուած, ազրպէյճանական պատմագրութեան, գեղարուեստական գրականութեան մէջ, որտեղ եթէ բացասական ու թշնամական կերպար է, ապա անպայման ազգութեամբ հայ է:

Ահա այս հանրութեան հետ է, որ  ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահները, այս անգամ արդէն Վիեննայի գագաթնաժողովից յետոյ ընդունած համատեղ յայտարարութեան մէջ մեզ` հայերիս, կոչ են անում նախապատրաստուել խաղաղութեան: Խաղաղութեան ո՞ւմ հետ` ցանկացած պատեհ առիթի մեզ յօշոտելու պատրաստ երկրի՞ ու մեր նկատմամբ մինչեւ ուղն ու ծուծը թշնամանքով ներծծուած ժողովրդի՞ հետ: Արդեօք բաւ չէ՞, ինչքան միամտօրէն, կամայ թէ ակամայ խաբուել ենք խաղաղութեան նման յորդորներին` անցեալ դարի 5 թուի, 18-թուի, 20-թուի, 88-92 թուերի հայկական ջարդերից ու նախճիրներից յետոյ: Արդեօք իրաւո՞ւնք ունենք մոռանալու Շուշիի, Պաքուի, Սումկայիթի, Գանձակ-Կիրովապատի ողբերգութիւնները, ազրպէյճանական գազազած ամբոխի ճիրաններում նահատակուած, մարտիրոսուած մեր հարազատների սուրբ յիշատակները:

Ճիշդն ասած` երբեմն միամտօրէն զարմանում եմ միջազգային միջնորդների անգիտութեան վրայ, որ երեւի թէ առաւելապէս ցուցադրական, առերեւոյթ է, քան իրականում է: Արդեօք նրանք երբեւէ դպրոցում, թէ համալսարանում ժողովուրդների պատմութիւն չե՞ն անցել, չե՞ն կարդացել իրենց հայրենակից պատմաբանների, գրողների, հրապարակախօսների վաւերագրական վկայութիւններն ու գեղարուեստական պատումներն օսմանեան Թուրքիայում իրագործուած Հայոց ցեղասպանութեան մասին, արեւելեան Այսրկովկասում` ներկայիս Ազրպէյճան յորջորջուող պետութեան տարածքում` որպէս ազգային ցեղասպանութեան արտայայտութիւն կազմակերպուած հայ բնակչութեան զանգուածային կոտորածների մասին` ոչ միայն անցած դարասկզբին, այլեւ` նոյն դարավերջին: Արդեօք նրանց ոչինչ չի՞ ասում հայրենազուրկ նախիջեւանահայութեան դառը, անմխիթար ճակատագիրը, ու ոչինչ չե՞ն ասում դարավերջին աշխարհում ամէնուրեք մեծ աղմուկ հանած Սումկայիթ, Պաքու, Մարաղայ անունները: Արդեօք ազրպէյճանական ընդերքի նաւթային հոսքերը նրանց համար աւելի՞ հոգեհարազատ ու թանկ են, քան այդ նոյն տարածքներում` բարբարոսաբար սպանդի ենթարկուած հայ խաղաղ բնակիչների կեանքերը: Լրացուցիչ արեան գետե՞ր են նրանց պէտք: Ախր,  եթէ միջազգային այդ եւ միւս ատեաններն իրօք չեն տառապում հաւկուրութեամբ, պիտի որ տեսնեն, հասկանան, գիտակցեն, որ խաղաղութեան նախապատրաստուելու իրենց յորդորանքը, փաստօրէն, նոր պատերազմի շեփորականչ է Ազրպէյճանի համար, որ` հայկական կողմը երբեք նախայարձակ չի եղել, բռնագրաւում չի իրագործել եւ, առաւել եւս, իր բազմադարեայ պատմութեան ողջ ընթացքում երբեւէ սպանդի չի ենթարկել իր հետ պատերազմող հարեւան երկրի  խաղաղ բնակչութեանը, այլ օտար ասպատակողներից անձնազոհ նուիրումով միայն պաշտպանել է իր ազգային ինքնութիւնը, իր ազգային ու պետական անկախութիւնը, հայրենի բնօրրանում ինքնուրոյն ապրելու եւ խաղաղ արարելու իր բնականոն, սահմանադրական իրաւունքը: Այն իրաւունքը, որ ընթացիկ դարաշրջանում, իբրեւ հրամայական կանոն, սահմանուած է ՄԱԿ-ի կանոնադրութեան մէջ, միջազգային բոլոր հռչակագրերում եւ վերաբերում է աշխարհի առանց բացառութեան բոլոր ժողովուրդներին եւ ազգերին:

Հայ ժողովուրդն իր պատմական ուղու ամբողջ ընթացքում եւ այսօր եւս եղել ու մնում է խաղաղութեան ջատագով, երբեք չի փորձել ուժի կիրառմամբ, այսինքն` պատերազմի միջոցով տիրանալ մէկ ուրիշ ժողովրդի հողին եւ ունեցուածքին, նրա պատմութեանը, քաղաքակրթական արժէքներին, ինչպէս դա տասնամեակներ շարունակ կատարում է Ազրպէյճանը` բռնի ուծացման ենթարկելով երկրի փոքրաթիւ ժողովուրդներին ու ազգութիւններին, յափշտակելով, իւրացնելով կամ ոչնչացնելով նրանց պատմամշակութային արժէքները, փորձելով արմատահիլ անել նրանց ազգային ինքնութիւնը, նրանց գիտակցութիւնից ջնջելով ու դեն շպրտելով ազգային պատկանելիութեան զգացողութիւնը: Հարցրէք ներկայիս Ազրպէյճանի տարածքում վաղեմի ժամանակներից ապրող լեզգիներին, թալիշներին, աւարներին, ցախուրներին, միւս ազգային փոքրամասնութիւններին, նայէք նրանց անձնագրերը, որոնց հինգերորդ տողում նշուած է ազրպէյճանցի ազգութիւնը:  Բացէք ազրպէյճանական բանտերի ծանր դարպասներն ու տեսէք, թէ այդ ազգութիւնների քանի՜ քանի՛ արժանաւոր զաւակներ են յայտնուած ճաղերի ետեւում, ինչ-ինչ` նրանք համարձակուել են Ազրպէյճանում պահպանել ու պաշտպանել իրենց եւ իրենց հարազատների ազգային ինքնութիւնն ու ազգային արժանապատուութիւնը: Վերջերս էր` համալրելով տառապեալների ստուար թիւը, բանտային խոշտանգումների նոյն այդ դժոխային պայմաններում է յայտնուել թալիշ ժողովրդի արժանաւոր զաւակ, անուանի գիտնական ու հասարակական գործիչ Ֆախրէտտին Ապոսզոտան: Արդեօք ազգամիջեան հաշտութեան ու խաղաղութեան, մարդու հիմնարար իրաւունքների եւ ազատութիւնների պահպանման կոչերով մշտապէս հանդէս եկող միջազգային կառոյցները հետեւողական եղա՞ն թալիշ հայրենասէրի ճակատագրի հարցում: Միջազգային ո՞ր հարթակներում են այսօր բարձրաձայնում նրա անունը, թէ՞ բաւական էր թիթեռնիկի կեանքի տեւողութեամբ, ասել է թէ` մէկօրեայ լրատուական աղմուկն այդ կապակցութեամբ:

Պատերազմի ու խաղաղութեան ջրբաժանը, որ առաջարկում է միջազգային միջնորդական առաքելութիւնը` ԵԱՀԿ Մինսքի խմբի եռանախագահութիւնը, համոզուած եմ, ամենեւին էլ խաղաղութեան յուսալի երաշխիք չէ հայ ժողովրդի, առանձնապէս նրա արցախեան հատուածի համար: Այդ ջրբաժանն առաւելապէս պէտք է Ազրպէյճանին` լրացուցիչ ժամանակ շահելու եւ սպառազինութեան մրցավազքում Հայաստան-Արցախից շատ աւելի առաջ անցնելու համար, որպէսզի  յարմար պահի կատարի գիշատիչ գազանի իր հերթական ոստիւնը: Այսօր նա ընդամէնը ժանիքներն է կրճտացնում` բաւարարուելով առայժմ ռազմաշունչ  հռետորաբանութեամբ  ու զէնքեր է շաչեցնում Հայաստանի եւ Արցախի սահմաններում` մոռացած ոչ հեռաւոր անցեալում իր կրած դառը դասերը, չմտածելով դրանք կրկնուելու հաւանականութեան մասին:

Ասում են` պատմութեան դասերը երբեք չեն մոռանում սեփական պատմութիւն ունեցող քաղաքակիրթ պետութիւնները, ժողովուրդներն ու ազգերը: Ազրպէյճանը, ազրպէյճանական հանրութիւնը հաստատապէս չկայ  այդ հեղինակաւոր ցուցակում: Բայց դա արդէն մեր` հայերիս, մեղքը չէ:

Արցախ
Յատուկ «Ազդակ»-ի համար

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )