(Վ. Տէրեանի Աւագ Եղբայր, Անուանի Մտաւորական Ջաւախեցու Մտորումները ՀՅԴ-ի Մասին)
Ուսուցիչ, հայ մամուլի երկարամեայ թղթակից, քահանայ, հայ հասարակական-մտաւորական շրջանների անուանի ներկայացուցիչ Ջաւախեցին` Ղազարոս Տէր Գրիգորեանը (1874-1937 թթ.), բանաստեղծ Վահան Տէրեանի աւագ եղբայրն է: Հայրենի Ջաւախքի Գանձայի գիւղական դպրոցն աւարտելուց յետոյ պատանի Ղազարոսը շարունակում է իր ուսումը եւ աւարտում Թիֆլիսի Ներսիսեան դպրոցը:
Ջաւախեցին ապրեց ծանր, դժուարին ու անհանգիստ կեանքով: Հայկական կամ օտար վայրեր` Ախալքալաք, Շչիկրի, Մոզտոք, Անտիժան, Թաշքենդ եւ այլն, տեղափոխուելուց կարճ ժամանակ անց նա դառնում էր տեղի կրթական եւ հրատարակչական կեանքի կազմակերպիչն ու առաջնորդողը: Նրա պատմուածքներում, իրապատումներում, հրապարակումներում, յօդուածներում, նամակներում, թղթակցութիւններում եւ ակնարկներում արտացոլուած են 20-րդ դարասկզբի հայ գաւառական, գիւղական միջավայրը, հայ դպրոցին, ուսուցչին, մտաւորականին, եւ, ընդհանրապէս, տուեալ գաւառում ապրող հայութեանը յուզող խնդիրները: Իրաւահաւասարութեան եւ արդարութեան գաղափարները Ջաւախեցու կեանքի ուղենիշն էին, որոնց տարածումը մեծ մտաւորականի համար դարձել էր ժամանակի հրամայական:
Ջաւախեցու գործերը ժամանակին լոյս են տեսել ինչպէս առանձին գրքոյկներով, այնպէս էլ ցրուած են մի քանի տասնեակ անուն թերթերի եւ ամսագրերի էջերում («Մշակ», «Մուրճ», «Արշալոյս», «Յառաջ», «Անկախ Մամուլ», «Ժամանակ», «Աշխատանք», «Հորիզոն», «Հասկեր», «Սուրհանդակ», «Աղբիւր», «Ջաւախք», «Արեգ», «Արեւ», «Մոլութ», «Մարտակոչ», «Գրական Շաբաթ», «Գործ» եւ այլն): Ջաւախեցին հանդիսացել է ժամանակի մտաւորական շրջանակների վառ ներկայացուցիչը, առանձնակի ջերմ են եղել վերջինիս եւ Յովհ. Թումանեանի միջեւ ձեւաւորուած բարեկամական յարաբերութիւնները, որոնք առանձին քննարկման նիւթ են:
Ելնելով Ջաւախեցու պատկառելի ժառանգութիւնն ամբողջացնելու եւ սերունդներին նորովի մատուցելու կարեւորութիւնից` կատարուած տեւական պրպտումների, ժամանակի մամուլի եւ զանազան ժողովածուների էջերում երկարատեւ փնտռտուքի արդիւնքում տողերիս հեղինակը կազմեց եւ 2016 թ. հրատարակութեան ներկայացրեց Ջաւախեցու երկերի ժողովածուն: 864 էջ ծաւալով հաստափոր այդ հատորի առաջաբանում գիտական հենքի վրայ առաջին անգամ ամբողջացուեց նաեւ Ջաւախեցու անցած փոթորկուն ուղին:
Ջաւախեցին իր գաղափարական հայեացքներով յարել է Հայ յեղափոխական դաշնակցութեանը: 1918 թ. ՀՅԴ-ի կողմից Թիֆլիսում հրատարակուող ռուսալեզու «Մոլոթ» թերթում ջաւախեցին տպագրում է Միջին Ասիայից ուղարկած մի քանի հեռագրեր, որոնցից երկուսում տեղեկացւում են ՀՅԴ Աշխապատի մարզային ժողովի եւ անդրկասպեան քաղաքներում ՀՅԴ-ի ծաւալած գործունէութեան մասին: Հեռագրերից երրորդը ներկայացնում է ՀՅԴ Թիֆլիսի կառոյցի համագումարը, քննարկուած հարցերն ու ընդունած որոշումները («Մոլոթ» 3.I.1918, 18.II.1918): Ջաւախեցին հանդէս է գալիս որպէս թերթի սեփական թղթակից: Հեռագրերից դժուար է պարզել, թէ ջաւախեցին թիֆլիսեան կուսակցական ժողովին անձա՞մբ է մասնակցել, թէ՞ ժողովի վերաբերեալ տեղեկութիւնը ստացել է մէկ ուրիշից:
1915-1917 թթ. Անտիժանից ջաւախեցին աշխուժօրէն թղթակցում է Պաքուի «Արեւ» օրաթերթին: 1915 թ. երկու համարում հրատարակւում է «Տխուր խոհեր» ակնարկաշարը, որի երկրորդ մասում հեղինակի մտորումներն են ՀՅԴ-ի մասին: Չընդունելով կուսակցութեան հասցէին արուած քննադատութիւնները` ջաւախեցին վերջինիս համեմատում է Քոռ Դաւիթենց տան ծառայի` Կիրակոսի հետ, որին տեղի-անտեղի ամէն բանում մեղադրում են:
Ստորեւ ներկայացնում ենք մեծ մտաւորականի ապրումները լաւագոյնս բնութագրող «Տխուր խոհեր» փոքրիկ ակնարկաշարը:
Պ.գ.թ. ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ
ՏԽՈՒՐ ԽՈՀԵՐ
I
ՄԱՐԴԸ
«Մի մարդ է մեռել», եւ ամէնքը ողբում են այդ մահը:
Ի՞նչ է արել հանգուցեալը, որ իր մահով ամէնքին լացացնում է:
Դպրոցն աւարտելուց յետոյ, փոխանակ ըստ սրբագործուած սովորութեան ինքզինքը «ազգային անկելանոց» նետելու` հայ դպրոցում վարժապետ դառնալու, Պաքուի նաւթահանքերում ծառայութեան է մտնում եւ 15-20 տարի ծառայելուց յետոյ ընկերութեան կառավարիչ է դառնում:
Եւ այդ ամբողջ ժամանակի ընթացքում գիտէ՞ք ինչ է անում հանգուցեալ Գրիգոր Աղաջանեանը…
– Մարդ բանուորների հետ մարդավարի է վարւում…
Եւ մարդ բանուորները ողբում են մարդ կառավարչի մահը…
Խե՜ղճ բանուորներ… Էնքան մարդ չեն տեսել իշխանաւորի, կառավարչի պաշտօնում, էնքան զուրկ են եղել մարդավայել վերաբերմունքից, որ հարկաւ հարազատի պէս պիտի ցաւէին ու ողբային հազուագիւտ մարդ կառավարչի մահը…
Խե՜ղճ բանուորներ…
II
ՀԱՅ ՄԱՐԴԸ
Մեծ քաղաքներում շատ թէ քիչ աչքի ընկնող ծառայողներին սովորաբար տարին մի անգամ արձակուրդ է տրւում ֆիզիքապէս ու «հոգեպէս» հանգստանալու համար…
Պաքւում մի ծառայող էլ ամառս մի ամսեայ արձակուրդ է ստանում:
Եւ գիտէ՞ք ի՞նչ է անում այդ «տարօրինակ» ծառայողը…
Փոխանակ Կիսլաւօդսկ կամ Պեատիգօրսկ գնալու ֆիզիքապէս ու հոգեպէս «հանգստանալու», իբրեւ հայ մարդ Էջմիածին է գնում` իր անտերունչ, վտարանդի ազգակիցներին խնամելու…
Ու մեռնում է իր պարտքը կատարելիս…
Եւ ահա հայոց ազգը ողբում է հայ մարդու մահը…
Խե՜ղճ հայոց ազգ…
Այնքան հայ մարդ չէ տեսել, որ երբ մի հայ մարդ է մեռնում, սուգ ու շիւան է բարձրացնում… ազգովին սգում…
Խե՜ղճ հայոց ազգ…
III
«ԿԻՐԱԿՈՍԸ»
Քոռ Դաւիթենց տանն ամէն բանի պատճառը ծառան` Կիրակոսն էր ու ամէն բանի մէջ մեղաւորը` նոյն Կիրակոսը:
Արտի ճամբին սայլի սեռն էր կոտրւում` Կիրակոսն էր քոթակ ուտողը – ախր ինչո՞ւ քիչ չէին բարձում, որ չկոտրուէր… թէեւ Կիրակոսը հօտաղ էր միայն, ու սայլ բարձողները տանտիրոջ հարազատ տղայքն էին միշտ…
Ապուրը թափւում էր թոնրի վրայ շատ եփուելուց, տանտիկինը շերեփը Կիրակոսի գլխին էր քոթտացնում, թէ` «Քօ՞ռ ես, չե՞ս տեսնում ապուրը թափւում է…», թէեւ ապուր եփողը Կիրակոսը չէր բնաւ:
Մի օր էլ դրանը նստած` հոնգուր-հոնգուր լալիս էր Կիրակոսը:
– Ինչո՞ւ ես լալիս,- հարցնում եմ,- Կիրակո՛ս, ի՞նչ է պատահել:
– Էլ ի՞նչ պատահի… Աղիս նորահարսը աղջիկ է բերել…- պատասխանում է Կիրակոսն ու հոնգուր-հոնգուր հեկեկում:
– Լա՛ւ, բերել-բերել, քեզ ի՞նչ կայ, որ լալիս ես, յիմար տղա՜յ…
– Լա՜ւ ես ասում` քեզ ի՛նչ կայ որ… չէ՞ որ դրա մէջ էլ ինձ պիտի մեղադրեն…
Ու հոնգուր-հոնգուր հեկեկում է խեղճ Կիրակոսը…
IV
Հայոց ազգի մէջ մի կուսակցութիւն է եղել, անունը` «Դաշնակցութիւն»:
Կուսակցութիւններ եղել են ու կան ամէն ազգի մէջ, ամէն ժամանակ ու ամէն ուղղութեան:
Կան եւ հայերիս մէջ ու «Դաշնակցութիւնը» դրանցից ո՛չ առաջինն է եւ ո՛չ էլ վերջինը:
Բայց էդ «քեամբախտ» կուսակցութիւնը կարծես չար աստղի տակ է ծնուել ու որոշ թայֆայի, որոշ մարդոց համար «Կիրակոս» դառել…
Հայաստանն իր աշխարհագրական դիրքի ու քաղաքական պայմանների շնորհիւ` հազար-հազար տարիներից ի վեր ենթակայ է եղել ու ենթակայ է զանազան ազգերի արշաւանքին ու աւերածին:
Հայ երկիրն անցեալում աւերել են` յոյնն ու պարսիկը, արաբն ու սելճուկը, թիւրքն ու քուրտը…
Սակայն ոչ ոքի մտքովն անգամ չէ անցել մեղադրել սրան կամ նրան:
Բայց հիմա հէնց որ «մի հաւի քիթ արիւնի» Հայաստանում թէ Հայաստանից դուրս, մեղաւորը «Դաշնակցութիւնն» է…
Ինչո՞ւ:
Որովհետեւ… «Դաշնակցութիւնը» Կիրակոս է…
Մէկիկ-մէկիկ տաճկական ահարկու լծից ազատւում են հպատակ քրիստոնեաները, ազատւում են կեանքի գնով, արիւնլուիկ, բզկտուած… Մնում են մեն-միայն հայերը, որ նոյնպէս ձգտում են ազատութեան: Ու տաճիկ կառավարութիւնը թէ՛ անձամբ եւ թէ՛ քրտերի միջոցով կոտորում է հայերին, ինչպէս կոտորում էր յոյներին, պուլկարներին, սերպերին…
«Բայց հայերի կոտորածի պատճառը Դաշնակցութիւնն է»…
Ախր ինչո՞ւ: Չէ՞ որ յեղափոխական կուսակցութիւններ ունեցել են ե՛ւ միւս ազգերը, ունեցել են ե՛ւ հայերը «Դաշնակցութիւնից» առաջ էլ, յետոյ էլ…
Այնուամենայնիւ մեղաւորը «Դաշնակցութիւնն» է…
Որովհետեւ Դաշնակցութիւնը «Կիրակոս» է…
Ապտիւլ Համիտի հրամանով ու դիւային ծրագրով Սասունում կոտորած է տեղի ունենում…
Պատճառը «Դաշնակցութիւնն» է:
Ատանայում հայերին ջարդում են…
Մեղաւորը «Դաշնակցութիւնն» է:
Նուիրական մարտիկների կեանքի գնով կռւում էր «Դաշնակցութիւնը» Կարմիր Սուլթանի դէմ…
Մեղաւոր էր:
«Սահմանադրական» Թուրքիայի հետ հաշտուեց ու դաշն կապեց «Դաշնակցութիւնը»…
Մեղաւոր է:
Համաշխարհային պատերազմի ժխորում թոփ ու թուանքի, թագ ու թագաւորութեան տէր ազգեր են ոտի տակ գնում:
Կոտորւում են ե՛ւ հայերը…
Մեղաւորը «Դաշնակցութիւնն» է:
Բայց ամէնից զարմանալին այն է, որ երբ Դաշնակցութեան կազմակերպած Վանի ինքնապաշտպանութիւնը փառաւոր յաջողութեամբ է պսակւում ու տասնեակ հազարաւոր կեանքեր փրկում…
«Դաշնակցութիւն» թութ նի փրի չեմ (ռուսերէն)… Ինքնապաշտպանութեան ղեկավար ու զինուորական շտաբի կառավարիչը «Սահմանադիր-Ռամկավար» Արմենակ Եկարեան է դուրս գալիս…
Բայց հէնց որ խուճապն է սկսւում ու ճանապարհին փախստականները քրտի գնդակներից մեռնում են…
Մեղաւորը «դաշնակցական» Արամն է:
Գաղթականների անունով յատկապէս նրանց կերակրելու համար փող են հաւաքում ամէնքը (բացի «Դաշնակցութիւնից») ու ամէնից շատ ղալմաղալով ու վայնասունով «Սահմանադիր-Ռամկավար» Համբարձում Առաքելեանը…
Բայց երբ գաղթականները ճանապարհին քաղցից մեռնում են…
Պատճառը «Դաշնակցութիւնն» է, մեղաւորը միշտ նոյն «Դաշնակցութիւնը»…
Որովհետեւ Դաշնակցութիւնը «Կիրակոս» է…
«Արեւ», 1915 թ., 29 սեպտեմբերի, N 159, 3 նոյեմբերի, N 189