Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Դաշնակցութեան Միտքը, Կամքն Ու Խիղճը. Ռոստոմին Յիշելիս (Մահուան 100-ամեակին Առիթով)

January 22, 2019
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

Եթէ դժուար է պատկերացնել հայ ժողովրդի ազգային-ազատագրական, յեղափոխական պայքարն առանց Հայ յեղափոխական դաշնակցութեան, ապա Հայ յեղափոխական դաշնակցութեանն անհնար է պատկերացնել առանց Ստեփան Զօրեանի, նոյն ինքը` Ռոստոմի:

1867 թուականին յունուարի 18-ին Գողթան գաւառի Ցղնա գիւղում ծնուած Ռոստոմը հէնց դպրոցական տարիքից ներգրաււում է ժամանակի ազգային-հասարակական կեանքում, ապագայում` ուսանողական տարիներին դառնալով համառուսական յեղափոխական շարժման ամենագործունեայ մասնակիցներից մէկը, յայտնուելով ցարական ոստիկանութեան ուշադրութեան կենտրոնում:

Նա մի քանի անգամ ձերբակալւում է ուսանողական ցոյցեր կազմակերպելու, հրահրելու եւ դրանց մասնակցելու մեղադրանքով: Սակայն դրանք երիտասարդ Ստեփանի ընկրկման պատճառը չեն դառնում: Նա արդէն ընտրել էր յեղափոխական իր ուղին եւ մտադիր չէր հրաժարուել դրանից:

1889 թուականին Մոսկուայում ուսանողական ցոյցեր կազմակերպելու մեղադրանքով Ռոստոմը ձերբակալւում եւ աքսորւում է հայրենի Գողթն գաւառ:

Այս աքսորը ճակատագրական է դառնում նրա համար: Ռոստոմը չի կարողանում մասնակցել 1890 թուականի ամրանը Թիֆլիսում ընթացող ՀՅԴ հիմնադիր ժողովներին:

Այդուհանդերձ, նրա անունը յիրաւի ներառուած է Դաշնակցութեան հիմնադիր երրորդութեան մէջ, եւ դա պայմանաւորուած է այն հսկայական աւանդով, որ Ռոստոմն ունեցել է ՀՅԴ կազմաւորման, նրա գաղափարախօսութեան ձեւաւորման եւ կուսակցութեան գործունէութեան աշխարհագրութեան ընդլայնման, տարածման, ինչպէս նաեւ ամրապնդման գործում:

Այս կապակցութեամբ բաւական է նշենք մի քանի փաստ.

Ա.- Իր անուան համար Հայ յեղափոխական դաշնակցութիւնը մեծապէս պարտական է Ռոստոմին: Հիմնադիր ժողովում ռուսական «ՌՈՒՍ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹԻՒՆ» յեղափոխական կազմակերպութեան օրինակով, նորաստեղծ կուսակցութիւնը կոչւում է ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ: 1892 թուականին, ելնելով առկայ քաղաքական իրականութիւնից, Ռոստոմի առաջարկով սրբագրում է այն` դարձնելով ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ:

Բ.- Ռոստոմն է նաեւ ՀՅԴ զինանշանի ստեղծողը, որը մինչ օրս պահպանուել է նոյնութեամբ:

Այս երկու փաստերը թերեւս երկրորդական են այն ահռելի ներդրման համեմատութեամբ, որ Ռոստոմն ունեցել է Դաշնակցութեան գաղափարախօսութեան եւ աշխարհահայեացքի ձեւաւորման գործում:

1892 թուականին, ՀՅԴ առաջին Ընդհանուր ժողովի նախօրէին, Ռոստոմն է կազմում կուսակցութեան առաջին ծրագիրը, նոյն ինքը` «Ընդհանուր տեսութիւնը», որը ժողովից առաջ արժանանալով նաեւ Քրիստափոր Միքայէլեանի եւ Սիմոն Զաւարեանի հաւանութեանը` ընդունւում է ժողովի կողմից եւ դառնում ՀՅԴ հետագայ բոլոր ծրագրերի առանցքն ու հիմնաքարը:

ՀՅ Դաշնակցութիւնն իր գաղափարախօսութեան ընկերվարական սկզբունքի համար մեծապէս պարտական է հէնց Ռոստոմին: Արեւմտեան Հայաստանի ազատագրման, արեւմտահայոց դատի պաշտպանման կողքին, հիմնականում Ռոստոմի ջանքերով է, որ ընկերվարութիւնն ամրագրւում է ՀՅԴ ծրագրում եւ դրա միջոցով հայութեան ընկերային ամբողջական ազատագրման հասնելու գաղափարը դառնում ծրագրի հիմնական նպատակներից մէկը:

Սրանից բացի` Դաշնակցութիւնն իր երկաթէ կարգապահութեան համար նոյնպէս մեծապէս պարտական է Ռոստոմին:

Նրա համար կուսակցական յանձնարարութեան կատարումը սրբութիւն սրբոց էր: Դրա համար նա պահպանում էր երկաթեայ կարգապահութիւն եւ խստապահանջօրէն նոյնն էր պահանջում նաեւ ուրիշներից: Ինչպէս ինքն է ասել` նրա համար չկային կարեւոր ու անկարեւոր, մեծ ու փոքր, առաջնային կամ երկրորդական գործեր, կային միայն գործեր, որոնք պէտք էր կատարուէին: Ի զուր չէ, որ նրան համարում են ՀՅԴ կամքը:

Կարծում ենք, որ վերը նշուած փաստերից մէկն ընդամէնը բաւարար է ոեւէ անձի անունը պատմութեան մէջ յաւերժացնելու համար: Ռոստոմն այս բոլորն ունէր մէկտեղ, միաժամանակ:

Ի հարկէ այս բոլորը Ռոստոմի բեղմնաւոր գործունէութեան փոքրիկ հատուածն է միայն, խիստ նեղ` ներկուսակցականը:

Յեղափոխական գործի արդիւնաւորման համար նա կարեւորել է լուսաւոր եւ կիրթ երիտասարդութեան գործօնը: Այս իսկ պատճառով, ուր էլ որ եղել է նա` Թաւրիզ, Կարին կամ Ֆիլիպէ (Պուլկարիա), զբաղուել է ուսուցչութեամբ` մատաղ սերնդին կրթելու սուրբ գործով:

1903-1905 թթ.-ին նա նախ Ամենայն Հայոց կաթողիկոս Խրիմեան Հայրիկի հետ ղեկավարեց ցարական կառավարութեան դէմ պայքարը` Հայ առաքելական եկեղեցու ունեցուածքի բռնագրաւման եւ հայկական դպրոցները փակելու դէմ, իսկ յետոյ` հայ-թաթարական կռիւների ժամանակ ստանձնեց հայոց ինքնապաշտպանութեան ընդհանուր ղեկավարումը:

Ռոստոմը հաւատացած էր, որ հայ ժողովրդի ամբողջական ազատագրումը հնարաւոր է, երբ շրջապատի միւս ժողովուրդները եւս կ՛ապրեն ազատ եւ արդար պայմաններում: Հէնց այդ պատճառով էլ նա ապահովեց ՀՅԴ աշխուժ գործակցութիւն պալքան յեղափոխականների հետ, իսկ աւելի ուշ նաեւ կուսակցութեան մասնակցութիւնը` Իրանի սահմանադրական յեղափոխութեանը:

1914 թուականին, Ա. Աշխարհամարտի մեկնարկից յետոյ, Ռոստոմը դարձաւ հայոց կամաւորական գնդերի ձեւաւորման եւ ղեկավարման առանցքն ու ոգին:

1918 թուականին նա զէնքը ձեռքին կռւում էր Պաքուի պաշտպանների կողքին եւ միայն քաղաքի անկումից յետոյ էր, որ հեռացաւ Պաքուից եւ տեղափոխուեց Թիֆլիս:

Հայաստանի Հանրապետութեան հռչակումից յետոյ Ռոստոմը Թիֆլիսից հետեւում էր նորանկախ Հայաստանում կառավարութեան ձեւաւորման գործին, հետեւում էր Ռուսաստանի զարգացումներին եւ, միեւնոյն ժամանակ, օգտագործելով իր կապերը Վրաստանում իշխանութեան եկած վրաց մենշեւիկների հետ, ինչպէս նաեւ` նրանց մօտ իր բացառիկ հեղինակութիւնը, ամէն ինչ անում էր կարգաւորելու եւ ամրապնդելու հայ-վրացական յարաբերութիւնները, որոնք կենսական նշանակութիւն ունէին նորանկախ Հայաստանի համար:

Ռոստոմի կեանքի հաւատամքն էր. «Յեղափոխութիւնը նախ գործ է, յետոյ` գաղափար, սա է ճշմարտութիւնը: Աւելի ճիշդ` յեղափոխութիւնը գործ է գաղափարի համար»:

Իր ողջ գիտակցական կեանքը Ռոստոմն ապրեց հաւատարիմ այս հաւատամքին:

Նա ապրեց ու գործեց հէնց այդպէս. անուշադիր սեփական առողջութեանն ու կենցաղին: Ռոստոմը հիւանդ էր թոքախտով, ինչն էլ երկար տարիներ հիւծում էր նրա առողջութիւնը: 1919 թուականի յունուարին նա վարակուեց Թիֆլիսում եւ Երեւանում մոլեգնող բծաւոր տիֆով: Նրա յոգնած մարմինն ու հիւծուած առողջութիւնն այլեւս ի վիճակի չէին դիմանալու ծանր հիւանդութեանը: Ռոստոմը մահացաւ 1919 թուականի յունուարի 18-ի` լոյս 19-ի գիշերն իր ծննդեան 52-ամեակին: Նրա մահը մեծ կորուստ էր Հայ յեղափոխական դաշնակցութեան, նորանկախ Հայաստանի եւ ողջ հայութեան համար:

Ռոստոմի ամենաամբողջական եւ կատարեալ բնութագիրը երեւի թէ տուել է Սիմոն Վրացեանը. «Եթէ Քրիստափորը եղաւ ՀՅ Դաշնակցութեան միտքն ու կամքը, եւ Զաւարեանը` նրա սիրտն ու խիղճը, Ռոստոմը ե՛ւ միտքն էր, ե՛ւ կամքն ու խիղճի` Դաշնակցութիւնը ինքն իր բովանդակ էութեամբ»:

 

 

Նախորդը

Պաքուի Եւ Սումկայիթի Ջարդերի Դատապարտումը Միջազգային Կառոյցների Կողմից

Յաջորդը

«Հայ Մամուլի Տարի»

RelatedPosts

Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողովի Կլոր Սեղաններու Համառօտագիրներ (Գ.)
Անդրադարձ

Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողովի Կլոր Սեղաններու Համառօտագիրներ (Դ.)

October 8, 2026
Երբ Օրէնքը Զէնքի Կը Վերածուի
Անդրադարձ

Երբ Օրէնքը Զէնքի Կը Վերածուի

October 8, 2026
Համեստ Նուիրատուութիւն Մը` Ազգային Պարտաւորութեան Մեծ Ճամբուն
Անդրադարձ

Համեստ Նուիրատուութիւն Մը` Ազգային Պարտաւորութեան Մեծ Ճամբուն

October 7, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.