Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Պաքուն Փորձում Է Քանդել Հակամարտութեան Կծիկը: Ինչպէ՞ս

Սեպտեմբեր 26, 2018
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան

Թելի կծիկը, ինչպէս գիտենք, երկու ծայր ունի, մէկը գնդի ներսում է, միւսը` երեսին: Բնականաբար կծիկը քանդելու համար քաշում են թելի ոչ թէ ներսի, այլ երեսի ծայրից: Հակառակ դէպքում` կծիկը կը խճողուի, եւ այն քանդելու միակ միջոցը կը մնայ թրի մէկ հարուածով առաջացած «գորդեան հանգոյցը» երկու կէս անելու Մակեդոնացու միակ նախադէպը:

Դատելով մեր տարածաշրջանում առկայ ռազմաքաղաքական լարուած իրավիճակից եւ ազրպէյճանա-ղարաբաղեան հակամարտութեան շուրջ իրադարձութիւնների զարգացման ընթացքից, կողմերից մէկը` Ազրպէյճանը, կարծես թէ փորձում է դիմել հէնց այս վերջին եղանակին: Բայց թէ ե՞րբ` երեւի թէ կարելի է փորձել կռահել: Բայց` ընդամէնը կռահել: Ո՛չ աւելին: Աւելի՛ն. կարծում եմ` առայժմ անիմաստ է: Թէկուզ մինչ այդ եւ այս օրերին էլ հակամարտութեան գօտում մթնոլորտը պարբերաբար շիկացւում է պատերազմն ընթացիկ աշնանը վերսկսուելու հաւանականութեան վերաբերեալ, այսպէս կոչուած, փորձագիտական եզրայանգումներով եւ կամ զինծառայող ունեցող ընտանիքների մայրերի  խոհանոցային խօսակցութիւններով: Թէկուզ հակամարտութեան գօտու յարաբերական անդորրի պայմաններում վերջին շրջանում առաւել քան յաճախակի են Պաքուից հնչում բարձրաստիճան պաշտօնեաների հռետորական ճայթիւնները` ի լրումն հակադիր զօրքերի շփման գծում ազրպէյճանական հրաձգութիւնների` դիպուկահար հրազէնից, թէ ականանետներից կամ ծանր հրետանուց, երեւի թէ էական չէ: Էական չէ, թերեւս, առաջին հերթին  միջազգային միջնորդ կազմակերպութեան` ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահութեան եւ փոփոխուող դիտորդական  խմբերի համար, ովքեր բաւարարուելով նախապէս պայմանաւորուած ժամկէտներում ու տեղանքներում իրականացրած դիտարկումների արդիւնքներով, այն է` այդ ժամերին միջադէպերի իրենց արձանագրած բացակայութեան փաստով, ձեռքները թափ են տալիս մինչ այդ եւ շփման գծից իրենց հեռանալուց յետոյ հրաձգութեան վերսկսման իրողութիւնների վրայ` պատճառաբանելով հետաքննութեան թեքնիք միջոցներով ապահովուած չլինելու հանգամանքը: Թէ ո՞ւմ մեղքով` դա նոյնպէս այնքան էլ էական չէ միջնորդների համար: Դուք` հակամարտ կողմերդ վերջնականապէս իրար հետ պայմանաւորուէք դրանց տեղադրման հարցի շուրջ, ասում են նրանք:

Մինչդեռ էականն այն է, որ ամէն անգամ էլ նախայարձակ արձակուած, թէ դրանց պատասխան հնչած կրակոցները եթէ ոչ ամէն օր, ապա յաճախակի նոր մարդկային կեանքեր են խլում` ցաւ ու վիշտ պատճառելով առաջին հերթին մահացու խոցուած զինծառայողների հարազատներին: Սակայն կարելի է ոչ թէ ենթադրել, այլ` հաստատապէս ասել, որ դիրքային փոխհրաձգութիւնների ընթացքում կրած մարդկային կորուստները էական չեն հէնց Ազրպէյճանի  իշխանութիւնների, առանձնապէս` այդ հանրապետութեան ռազմական գերատեսչութեան համար: Բանն այն է, որ ազրպէյճանական զինուժը հայկական կողմի դիրքերի ու բնակավայրերի դէմ սադրիչ նպատակներով սովորաբար կիրառում է այն հրետանային կայանքները, որոնք տեղադրուած են գիւղերի անմիջական մերձակայքում, ընդ որում` այդ բնակավայրերի արեւելեան, այսինքն` թիկունքային հատուածներում, որպէսզի պատասխան կրակի դէպքում առիթ ունենան աշխարհով մէկ աղաղակելու հայկական արկերի պայթիւնից  խաղաղ բնակչութեան շրջանում իր ունեցած զոհերի մասին: Նման դէպք, ինչպէս յիշում էք, տեղի է ունեցել անցեալ տարուայ յուլիսի 4-ին, երբ Արցախի պաշտպանութեան բանակի պատասխան գործողութեան ժամանակ, նախկին Ֆիզուլու շրջանի ներկայիս ազրպէյճանական հատուածի Ալխանլու բնակավայրում, անմիջականօրէն գիւղամիջում տեղակայուած կրակակէտի` Տ-44 տիպի հրետանու ուղղութեամբ արցախեան դիրքերից ի պատասխան արձակուած արկի պայթիւնից զոհուել էին 50-ամեայ մի կին եւ նրա 2 տարեկան թոռնուհին: Ի դէպ, փորձագէտները չեն բացառում, որ այդ սպանութիւնները հէնց ազրպէյճանական կողմի ձեռքի գործն են` հայկական կողմին մեղադրելու եւ համապատասխան քարոզչական վայնասուն բարձրացնելու համար` համաձայն Պաքւում նախօրօք գծուած բեմագրի: Եւ ահա լրահոսը տեղեկացնում է, որ  այս օրերին ազրպէյճանական զինուժը նոյն բեմագրութեամբ կրակի տակ է պահում  Հայաստանի Տաւուշի մարզի բնակավայրերը, մասնաւորապէս` Չինարի, Բաղանիս եւ Կոթի գիւղերը, իսկ Վայոց Ձորի մարզում` Արենի գիւղը, գնդակոծելով դրանք ազրպէյճանական գիւղերում տեղակայուած կրակակէտերից եւ կամ անմիջապէս տարածաշրջանում իշխող բարձրադիր դիրքերից: Անգամ այն հանգամանքը, որ հայ-ազրպէյճանական սահմանը  նաեւ Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան (ՀԱՊԿ) պատասխանատուութեան գօտի է, ամենեւին չի անհանգստացնում Պաքուին: Ասենք` ինչո՞ւ  պէտք է որ անհանգստացնի, եթէ նախորդ բոլոր համարժէք իրավիճակներում ՀԱՊԿ-ն երբեւէ ծպտուն չի հանել` գոնէ սաստելու համար չափն անցած ազրպէյճանական իշխանութիւններին, այսպիսով իսկ` իր անհաղորդ, լռելեայն վերաբերմունքով իրականում խրախուսելով նրանց յարձակողապաշտ պահուածքը: Արդիւնքում, ի հարկէ, ազրպէյճանական զինուժը հայոց բանակից ստանում է համարժէք պատասխաններ ու որոշակի ժամանակ` սկսւում: Յատկանշական է, որ սեպտեմբերի 9-ից 15-ն ընկած ժամանակահատուածում արցախա-ազրպէյճանական հակամարտ զօրքերի շփման գօտում ազրպէյճանական զօրքերը նոյն կամ գրեթէ նոյն եղանակով, այսինքն` ոչ միայն դիրքերից, այլեւ, վտանգի ենթարկելով սեփական բնակչութեան կեանքը,  առանձնապէս բնակավայրերի մերձակայքի կրակակէտերից հրադադարը խախտել են շուրջ 250 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղութեամբ արձակել է աւելի քան 2500 կրակոց: Բնականաբար Հայաստանի զինուած ուժերը եւ Արցախի պաշտպանութեան բանակն անյապաղ վերացնում են թշնամու այդ կրակակէտերը, այդ թւում` բնակավայրերում կամ դրանց հարեւանութեամբ գտնուող ռազմական յենակէտերը` անմիջապէս լռեցնելով հակառակորդին: Միայն վերջին օրերին հայկական կողմի  սաստիչ  հակադարձումների արդիւնքում առնուազն 3-4 ազրպէյճանական զինուորներ են մահացու խոցուել: Այդ մասին Պաքուն խորհրդաւոր սպասողականութեամբ լռում է: Դժուար չէ կռահել, որ նրան հերթական երեխայի դիակն է պէտք, որպէսզի դարձեալ քարոզչական շոուն սփռի աշխարհով մէկ: Եւ քանի որ, բարեբախտաբար, երեխայի նոր դիակ չկայ, ուստի առայժմ բաւարարւում է` յայտարարելով, թէ իբր սեպտեմբերի 15-ից ի վեր հայկական կողմը կրակի տակ է պահում Ազրպէյճանի Թովուզի, Թարթառի եւ Աղդամի (Ակնա) շրջանների խաղաղ բնակավայրերը: Այնպէս որ, հազիւ թէ Պաքուին դոյզն իսկ մտահոգում է սեփական մարդկային կորուստների հաւանականութիւնը իր իսկ բնակչութեան շրջանում, ինչպէս որ բոլորովին չի անհանգստացնում, որ խաղաղ բնակիչներին մարտական գործողութիւնների ներքաշելը միջազգային օրէնքների կոպիտ խախտում է: Նպատակն արդարացնում է միջոցները` ահա այս է ազրպէյճանական ղեկավարութեան ռազմաքաղաքական պահուածքի սկզբունքն ու կարգախօսը:

Վերջին շրջանում ազրպէյճանական ռազմատենչ հռետորաբանութեան, սպառնալիքների եւ իրագործած սադրանքների բարձրակէտ կարելի է համարել այդ հանրապետութիւնում սեպտեմբերի 17-ին մեկնարկած հնգօրեայ լայնածաւալ մարտավարական զօրավարժութիւնները` տարբեր տեսակի եւ կարգի զօրքերի, միաւորումների մասնակցութեամբ: Ըստ Պաքուի պաշտօնական տուեալների, զօրավարժութեան մէջ ներգրաւուած են` 20 հազարից աւելի զինծառայող, աւելի քան 200 միաւոր հրասայլ եւ այլ զրահամեքենաներ, 120-ից աւելի տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի եւ նռնականետների համակարգեր, մինչեւ 10 միաւոր կործանիչներ ու ռմբակոծիչներ, մինչեւ 20 միաւոր տարբեր նշանակութեան բանակային օդուժ: Առաջին անգամը չէ, ի հարկէ, որ ազրպէյճանական զինուժը խոշոր զօրավարժութիւններ է անցկացնում: Սակայն այս անգամ ռազմական միջոցառման առանձնայատկութիւնն այն է, որ դրանում «պայմանական հակառակորդ» եզրի փոխարէն` անմիջականօրէն նշւում է Հայաստանը, իսկ զօրավարժութեան առասպելը Արցախի տարածքում Հայաստանի ստորաբաժանումների, չակերտների մէջ ասած, «ջախջախումն» ու տարածքների «ազատագրումն» է:

Փորձագէտների դիտարկմամբ, այդ զօրավարժութեամբ Ազրպէյճանը փորձում է պատասխանել Հայաստանում անցկացուած հրամանատարական «Շանթ-2018» զօրավարժութեանը, որը ներառում էր ամբողջ պետական կառավարման համակարգը: Ինչպէս յայտնի է, համապետական նշանակութեան «Շանթ-2018»-ը ծրագրային բնոյթ էր կրում եւ նպատակաուղղուած էր պաշտպանութեանը պետութեան անմիջական նախապատրաստութեան եւ յարձակման յետմղման ընթացքում պետական ու ռազմական կառավարման մարմինների զօրահաւաքային նախապատրաստութեան, պատրաստականութեան բարձր աստիճանների բերման ունակութեան վերստուգմանը, փոխգործակցութեան եւ գործողութիւնների ներդաշնակութեան մակարդակի բարձրացմանը: Հաշուի առնելով Հայաստանի շուրջ եւ մերձատարածքում ստեղծուած ռազմաքաղաքական իրադրութիւնը, զօրավարժութեան բեմագրութեան մէջ առկայ մտացածին հակառակորդը եւ իրավիճակն առաւելապէս համապատասխանեցուած են հաւանական արտակարգ իրավիճակին` պատերազմական կացութեանը, այն աստիճան, որ, համաձայն խաղի կանոնների, Հայաստանի կառավարութիւնը նոյնիսկ պայմանականօրէն յատուկ նիստ է գումարել, իսկ Ազգային ժողովն ընդունել է դարձեալ պայմանական «որոշում»` Ազրպէյճանին պատերազմ յայտարարելու մասին:

Շանթ-2018-ին մասնակցում էր նաեւ Արցախի պաշտպանութեան բանակը: Միեւնոյն ժամանակ, համաձայն զօրահաւաքային պատրաստութեան ընթացիկ տարուայ ծրագրի, սեպտեմբերի 13-ից Արցախում մեկնարկել են ուսումնավարժական հաւաքներ` պաշտպանութեան բանակի զօրահաւաքային մարդուժի ներգրաւմամբ: Դրանց ընթացքում մասնակիցների հետ նախատեսւում են իրականացնել տեսական ու գործնական տարաբնոյթ պարապմունքներ, ներդաշնակման միջոցառումներ` նպատակ ունենալով պահեստազօրայիններին նախապատրաստել մարտական հերթապահութեան կրմանն ու հաւանական մարտական գործողութիւնների ժամանակ համապատասխան խնդիրների կատարմանը:

Հնարաւոր է, ի հարկէ, որ Պաքուն փորձում է համարժէք պատասխանել այդ ամէնին: Ինչպէս ենթադրում է քաղաքական մեկնաբան Յակոբ Բադալեանը` «Լայնածաւալ  այդ վարժանքը կարող է ունենալ այլ, գուցէ աւելի առարկայական եւ «գործնական անհրաժեշտութիւն» ենթադրող մոտիւներ: Օրինակ` սեպտեմբերի 25-ին Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Փութինի Ազրպէյճան սպասուելիք այցը»: Փորձագէտի տեսակէտով, ընդհանրապէս, Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձութիւններն Ազրպէյճանում յոյսեր են արթնացրել, որ կարելի է օգտագործել Ռուսաստանի հնարաւոր դժգոհութիւնն այդ իրադարձութիւններից եւ վերականգնել յարաբերութիւնների նախաապրիլեան տրամաբանութիւնը, որի էութիւնը Ռուսաստանի երաշխիքներով Հայաստանի եւ Արցախի դէմ 2016-ի ապրիլեան յարձակումն էր: Բայց սեպտեմբերի 1-ին Սոչիում կայացած Փութին-Ալիեւ հանդիպումը ցոյց տուեց, որ ռուսները յամենայն դէպս այս փուլում մտադիր չեն Հայաստանի հետ յարաբերութիւններում օգտուել Ազրպէյճանի ծառայութիւնից եւ կրկին մտնել նոյն գետը, որը մտան ապրիլին եւ այնուհետեւ իրենց կանգնեցրեց փակուղու առջեւ: Այլ կերպ ասած, Ազրպէյճանը, փաստօրէն,  չստացաւ այն քաղաքական քարտ-պլանշը, որի մասին յայտարարում էր այդ երկրի պաշտպանութեան նախարարը` ռազմական ճանապարհով Արցախի խնդիրը լուծելու համար: Այսինքն, ոչ ոք այլեւս չցանկացաւ ստանձնել ռազմական յարձակման հովանաւորութիւնն ու երաշխիքները:

Ի դէպ, յիշեցման կարգով նշեմ, որ  նախորդ լայնածաւալ զօրավարժութիւնը, որի ժամանակ յայտարարուեց Հայաստանի դէմ յարձակման «քաղաքական պայմանների մասին», կիսատ մնաց Ազրպէյճանում թեքնիք պատճառով ծագած աղէտը: Ինչպէս յիշում էք` խոշոր վթար էր տեղի ունեցել Մինկեչաուրի ջրելեկտրակայանում, ինչի պատճառով Ազրպէյճանի գրեթէ ամբողջ տարածքը, այդ թւում, առանձնապէս, Պաքուն, զրկուել էր ելեկտրական հոսանքից: Բայց, թերեւս առաջնորդուելով «փորձը փորձանք չի բերում» արկածախնդիր սկզբունքով, Պաքուն փորձում է հերթական անգամ մկանների ցուցադրանքով զբաղուել, ինչպէս ի տես Հայաստանի, նոյնպէս եւ ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահ երկրների, այդ թւում, առաջին հերթին` Ռուսաստանի: Մոսկուան, ինչպէս յայտնի է, կուլ չտուեց ՀԱՊԿ անդամակցութեան կամ դիտորդի կարգավիճակի ազրպէյճանական խայծը: Այն փաստօրէն չաշխատեց, եւ ահա այժմ գործի է դրւում շանթաժի տարբերակը, այս անգամ`  Իսրայէլի օգնութեամբ:

Դա ակնյայտ էր առանձնապէս վերջերս, երբ աշխատանքային քննարկումների համար չափազանց  տեւական ժամանակ` 5 օր շարունակ Պաքւում էր գտնւում Իսրայէլի պաշտպանութեան նախարար Աւիկտոր Լիպերմանը: Այդ օրերին Պաքուն սկսեց մէկ ուրիշ երգ երգել` ասելով, որ այլեւս զէնք չի գնի Ռուսաստանից, քանզի, պատկերացնո՞ւմ էք,  իսրայէլականն  աւելի լաւն է եւ նախընտրում է իսրայէլական զէնքը: Թէկուզ սեպտեմբերի սկզբին` Սոչիում, Վլատիմիր Փութինի հետ հանդիպմանն Ազրպէյճանի նախագահը հպարտութեամբ էր զրուցակցին յիշեցնում, որ անցած 10 տարում աւելի քան 5 միլիառ տոլարի սպառազինութիւն է գնել Մոսկուայից: Թէկուզ Ազրպէյճանի զինապաշարի աւելի քան 80 տոկոսը մատակարարուել է հէնց Ռուսաստանից,  որովհետեւ դրա հետ մէկտեղ Պաքուն ձեռք էր բերում նաեւ այդ սպառազինութեան կիրառման քաղաքական իրաւունքը: Եթէ իրաւունքը չկայ, ապա ռուսական զէնքը Պաքուին, բնականաբար,  պէտք չէ: Իսկ Ռուսաստանն այդ իրաւունքը չի տալիս, քանի որ բախուել է դրա լրջագոյն հետեւանքին` ապրիլեան քառօրեայի ընթացքում, գիտակցելով, որ եւս մէկ նման դրսեւորումը կարող է յանգեցնել իր համար Հարաւային Կովկասի վերջնական կորստեան, տարածաշրջան, որտեղ Հայաստանը մնացել է նրա  վերջին յոյսը:

Առածն ասում է` մի բոպիկանայ մինչեւ գետը հասնելը: Բայց ժողովրդական այդ իմաստնութիւնը երեւի թէ այնքան էլ հասու չէ Ազրպէյճանի իշխանութիւններին եւ դրանց  հովանու ներքոյ գործող լրատուամիջոցներին ու տնաբոյս փորձագէտներին: Եւ ահա այն օրերին, երբ նոր-նոր մեկնարկել էին ազրպէյճանական զինուժի հերթական զօրավարժութիւնները,  Պաքուի  լրատուամիջոցներն արդէն հակահայ ծնծղաներ էին հնչեցնում: «Ազրպէյճանական բանակը Ղարաբաղում յարձակման է պատրաստւում», «Լայնածաւալ պատերազմը Հայաստանին լիակատար անհետացում է սպառնում», այսպիսին են ազրպէյճանական մամուլի հրապարակումների ճչացող վերնագրերը: «Զօրավարժութիւնների ընթացքում,- մասնաւորապէս, գրում է հաքքին.ազ ելեկտրոնային լրատուական կայքը,- մշակուելու են թշնամական պաշտպանութեան ճեղքում հրասայլերի միջոցով, հայկական ռազմական խմբաւորումների եւ ուժերի ջախջախում առաջնագծում` Լեռնային Ղարաբաղի տարածքում, ազրպէյճանական հողերի ազատագրում եւ թշնամու ռազմական ու ռազմավարական թիրախների ոչնչացում` հրթիռահրետանային եւ օդուժային հարուածներով»: «Բանակը, եւ դա ակնյայտ է ըստ ամենայնի, պատրաստւում է Հայաստանի զաւթած ազրպէյճանական հողերն ազատագրելու վճռական գործողութեան», իր հերթին գրում է մէկ այլ իշխանամէտ լրատուակայք` մինուալ. ազը:  Հրապարակման հեղինակի տեսակէտով, «Եթէ առաջ նոյն այդ Մինսքի խմբի միջնորդները համոզուած յայտարարում էին, թէ չկայ ղարաբաղեան հակամարտութեան ռազմական լուծում եւ դանդաղաշարժ բանակցութիւնների միակ այլընտրանքը  երկարատեւ արիւնահեղ պատերազմն է, ապա  այսօր  առաւել քան իրական է Ազրպէյճանի տարածքային ամբողջականութեան վերականգնման ռազմական բեմագրութիւնը: Ազրպէյճանցի վայ-փորձագէտի հիւանդ երեւակայութեամբ, «Այսօր մարտական գործողութիւնների նոր բռնկումը Հայաստանի համար կարող է եւ չսահմանափակուել 1992-1993 թուականներին զաւթուած տարածքների կորստեամբ, եւ նա կարող է բախուել աշխարհի քարտէզից առհասարակ չքանալու հեռանկարի հետ, մանաւանդ` հաշուի առնելով իր տնտեսական եւ ժողովրդագրական «միտումները»»:

Չշարունակեմ ազրպէյճանական լրատուամիջոցներից քաղուածքները: Քանզի, որքան էլ խայտաբղէտ են հրապարակումների վերնագրերը, դրանք բոլորն էլ իրենց առանցքում պտտւում են միեւնոյն հալուայի շուրջ, որի անունը յաճախակի կրկնելուց երբեք բերան չի քաղցրանում: Բայց, ինչպէս տեսնում ենք, Պաքւում կարծես թէ գտել են բերան քաղցրացնելու ձեւը: Այո՛, ճիշդ կռահեցիք. երեւակայութեան միջոցով: Ես կ՛աւելացնէի ու կը շեշտէի` զառանցագին երեւակայութեան:

Յատուկ «Ազդակ»-ի համար
Արցախ

Նախորդը

Էրտողանին Նախապայմանը Յստակ Է

Յաջորդը

Արամ Ա. Կաթողիկոս Ընդունեց Գերմանական Լուտերական Եկեղեցիները Ներկայացնող Պատուիրակութիւն Մը

RelatedPosts

Իրան-Իսրայէլ 12-Օրեայ Հակամարտութիւնը Եւ Ազրպէյճանի Հնարաւոր Ներգրաւուածութիւնը
Անդրադարձ

Իրան-Իսրայէլ 12-Օրեայ Հակամարտութիւնը Եւ Ազրպէյճանի Հնարաւոր Ներգրաւուածութիւնը

Օգոստոս 19, 2025
Նոր Գիրքերու Հետ.  ՀՄԸՄ-ի Գործունէութիւնը Մայր Հայրենիքի`  Հայաստանի Հանրապետութեան Մէջ. 1918-1927  (Հեղինակ Յարութ Չէքիճեան)
Անդրադարձ

Նոր Գիրքերու Հետ. ՀՄԸՄ-ի Գործունէութիւնը Մայր Հայրենիքի` Հայաստանի Հանրապետութեան Մէջ. 1918-1927 (Հեղինակ Յարութ Չէքիճեան)

Օգոստոս 19, 2025
Համազգայինի Ուսանողական Հաւաք (Ֆորում) 2025` Նոր Փորձառութիւններ, Հարուստ Ծրագիր
Անդրադարձ

Համազգայինի Ուսանողական Հաւաք (Ֆորում) 2025` Նոր Փորձառութիւններ, Հարուստ Ծրագիր

Օգոստոս 18, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?