ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Իրաւացի են իմաստունները, որ` ազգի արժանաւոր զաւակները չեն մեռնում, քանզի նրանք յաւերժի ուղեկիցներն են, եւ ֆիզիքական մահն ու պատմութեան անգամ հաստ փոշին անզօր են երբեւէ մոռացութեան մատնելու ժողովրդի յիշողութեան մէջ անմահացած ու սրբացած նրանց անունն ու գործը: Յիրաւի, հայոց երանելիների այդ փաղանգին է պատկանում տակաւին պատանութեան տարիներից մինչ վերջին շունչ Հայ յեղափոխական դաշնակցութիւն կուսակցութեան նուիրեալ անդամ, հայ ժողովրդի անցած դարասկզբի ազգային-ազատագրական պայքարի անձնուէր կազմակերպիչ, Վանի հերոսական ինքնապաշտպանութեան քաջազուն ու հմուտ ղեկավար, հայոց նորագոյն պետականութեան հիմնադիր, Հայաստանի Ա. Հանրապետութեան ներքին գործերի նախարար, պետական, ռազմական ու հասարակական գործիչ Արամ Մանուկեանը: Միով բանիւ` Մեծ հայը, որի վերադարձը հայրենի եզերք` Շուշի բերդաքաղաք, տեղի ունեցաւ օրերս` սեպտեմբերի 11-ին: Աւա՜ղ, մահկանացուն կնքելուց գրեթէ հարիւր տարի անց, հաստափոր հատորի մէջ ամփոփուած իր նամականիի ու նրա շնորհահանդէսի տեսքով: Սիրելի որդին տուն է դարձել անհունների իր դեգերումներից: Դրանից չէ՞ արդեօք, որ աշնան օրն այդ սովորականից արեւոտ էր, եւ հինաւուրց Շուշին` առաւել լուսաշաղախ ու պայծառ:
«Արամ Մանուկեան, նամականի»: Այս վերտառութիւնն է կրում գիրքը, որ նուիրուած լինելով Հայաստանի Ա. Հանրապետութեան պանծալի 100-ամեակին, ներառում է Արամ Մանուկեանի շուրջ 400 նամակներ, որոնք նա կուսակցական ընկերներին է յղել խոր ընդյատակից` 1904-1915թթ., եւ որոնք անգնահատելի վաւերագրեր են ժամանակաշրջանի իրադարձութիւնների վերաիմաստաւորման եւ իրատեսական վերագնահատման հրամայականով` որպէս գիտահետազօտական նշանակութեան հարուստ փաստական նիւթ ներկայ եւ գալիք պատմաբանների, այլ ոլորտների ուսումնասիրողների համար: Միեւնոյն ժամանակ այդ նամակները հայրենասիրութեան եւ ազգանուիրումի իւրօրինակ ուսանելի դասեր են մերօրեայ եւ ապագայ սերունդների համար` որպէս խթանիչ օրինակ աչքի առաջ ունենալով դրանց հեղինակի ողջ գիտակցական կեանքի սխրալի դրուագները:
Գիրքը հրատարակել է Երեւանի պետական համալսարանի հրատարակչութիւնը` 1000 օրինակ տպաքանակով, լիբանանահայ անուանի պատմաբան ու հայագէտ, մանկավարժ, խմբագրապետ, ՀՅԴ կուսակցական գործիչ Երուանդ Փամպուքեանի աշխատասիրութեամբ:
Շնորհահանդէսը, որ հաճելի անակնկալ էր Արցախի մշակութային կեանքում, կազմակերպուել է Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակի եւ Արցախի Հանրապետութեան մշակոյթի, երիտասարդութեան հարցերի եւ զբօսաշրջութեան նախարարութեան համատեղ նախաձեռնութեամբ ու կազմակերպական ջանքերով` Շուշիում, նախարարութեան հանդիսասրահում: Երկրորդ անակնկալը, առանձնապէս, տողերիս հեղինակի համար, միջոցառմանը գրքի հեղինակի` իմ անմոռաց բարեկամ Երուանդ Փամպուքեանի մասնակցութիւնն էր, ում հետ պատիւ ու բախտ եմ ունեցել ծանօթանալ անցեալ տարուայ մարտին` Պէյրութում, եւ ով Արցախ է ժամանել Երեւանից, որտեղ մասնակցում էր Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան 90-ամեակին նուիրուած յոբելենական հանդիսութեանը:
Հանդիսասրահում Ստեփանակերտի եւ Շուշիի մտաւորականութեան սերուցքն էր` գրողներ, պատմաբաններ, նախարարութեան պատասխանատուներ, ինչպէս նաեւ` սփիւռքահայ գործիչներ: Ներկայ էին` Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայեանը, նախարար Լեռնիկ Յովհաննիսեանը, Արցախի Գրողների միութեան նախագահ, բանաստեղծ Վարդան Յակոբեանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, Ազգային ժողովի պատգամաւոր Դաւիթ Իշխանեանը, այլ պատգամաւորներ, արժանթինահայ երգահան Ժան Ալմուխեանը կնոջ` Երուանդ Փամպուքեանի քոյր Նուարդի հետ, Պերլինի Ազատ համալսարանի փրոֆեսէօր, հայագէտ եւ ցեղասպանագէտ Ժիրայր Քոչարեանը եւ այլք:
Շնորհահանդէսին բացման խօսքով հանդէս եկաւ նախաձեռնող կառոյցներից մէկի` Համազգայինի Արցախի գրասենեակի ղեկավար Հերմինէ Աւագեանը` հակիրճ ներկայացնելով խնդրոյ առարկայ գիրքն ու ողջունելով նրա հեղինակին: Ապա ողջոյնի խօսք ասաց նախարար, մասնագիտութեամբ պատմաբան Լեռնիկ Յովհաննիսեանը` արժանուոյնս գնահատելով Արամ Մանուկեան անհատականութեանն ու նրա նամականու հաւաքածուն, Երուանդ Փամպուքեանի ծաւալուն աշխատանքը, որ նա իրականացրել է հետազօտող գիտնականին վայել յամառութեամբ ու անդադրում հետեւողականութեամբ` տասը տարի շարունակ ուսումնասիրութիւններ կատարելով տարբեր արխիւներում, առանձնապէս ՀՅԴ Պոսթընի կենտրոնական արխիւում: Նրա խօսքով` Արամ Մանուկեանն իր անձնուրաց գործունէութեամբ, հայոց պետականութեան կորստից դարեր անց ՀՅԴ կուսակցութեան առաջադրանքով կարողացել է վերականգնել այն, ստեղծել նոր` այլեւս պետականակիր հայրենիք, որը մեծ դեր խաղաց հայութեան հետագայ առաջընթացում: «Բաւականին երկար ժամանակ հայութիւնը զրկուած էր անկախ պետականութիւնից, բայց հայոց պատմական հայրենիքի հիւսիսարեւելեան նահանգներում` յանձինս Արցախի, Սիւնիքի մելիքութիւնների, դեռեւս երկար ժամանակ պահպանւում էին պետականութեան սաղմերը», նշել է նա: Անդրադառնալով օսմանեան Թուրքիայում Հայոց ցեղասպանութեան մեկնարկի տարում` 1915 թուականին Վանի ինքնապաշտպանութեան շրջանին, նա բարձր գնահատեց այն ղեկավարած Արամ Մանուկեանի կազմակերպական ջանքերը` ընդգծելով, որ իբրեւ ազգային-ազատագրական շարժման գործիչ` նա կարողացել է Վան-Վասպուրականում 72 օրուայ ընթացքում ստեղծել պետական կառավարման կուռ ու գործուն համակարգ, իսկ այդ տարիների փորձը հետագայում կիրառել` Հայաստանի Ա. Հանրապետութեան ներքին գործերի նախարարութիւնում աշխատելու տարիներին:
Խօսելով իր կազմած գրքի մասին` Երուանդ Փամպուքեանը վստահութիւն յայտնեց, որ հրատարակութեան մէջ ներկայացուած նամակները նոր շունչ կը հաղորդեն ու կը վկայեն այն բախտորոշ դերակատարութեան մասին, որ Արամ Մանուկեանն ունեցել է ազգային-ազատագրական պայքարում` յատկապէս յաղթանակով պսակուած Վան-Վասպուրականի հայութեան ինքնապաշտպանութեան գործում: «Գրքում զետեղուած շուրջ 400 նամակները վերաբերում են ամենատագնապալի ու բախտորոշ մի ժամանակաշրջանի, երբ հայ ժողովուրդը պայքար էր մղում իր ապագայի համար: Գիրքը հրատարակուել է 10 տարիների քրտնաջան աշխատանքի արդիւնքում: Այդ տարիների ընթացքում ես մանրակրկիտ ուսումնասիրել եմ այն բոլոր թղթածրարները, որտեղ հնարաւոր էր գտնել Արամ Մանուկեանի գրչին պատկանող գրութիւններ: Արամ Մանուկեանի առաջին նամակները թուագրուած են 1904 թուականի նոյեմբերին, այն ժամանակ, երբ նախքան Վան անցնելը` նա ժամանակաւորապէս մնում էր Իրանի Ատրպատական նահանգում: Սովորաբար նրա ձեռագրերի ընթերցումը, որոնք հիմնականում պահւում էին Հայ յեղափոխական դաշնակցութեան կենտրոնական արխիւում, մասնաւոր դժուարութիւն չի ներկայացրել: Այն ձեռագրերն են միայն եղել դժուար ընթեռնելի, որոնք խոնաւութեան պատճառով խունացել ու խամրել են», նշել է գրքի հեղինակը: Նրա հաղորդմամբ, իրեն յաջողուել է վերծանել դրանց պարունակած ծածկագրութիւններն ու ծածկանունները, բացայայտել նամակներում արձանագրուած առարկաների, բնակավայրերի, անձանց իրական անունները, որոնք ներկայացուած են հանգամանալի ծանօթագրութիւնների տեսքով:
Իր հերթին, Արցախի պետական համալսարանի պատմութեան ամպիոնի դասախօս, փրոֆեսէօր Արարատ Վարդանեանը, նշելով, որ Արամ Մանուկեանը, յեղափոխական գործունէութիւնը սկսած լինելով տակաւին Շուշիի թեմական դպրոցում ուսանելու տարիներին, փաստօրէն, իր ողջ կեանքը նուիրաբերել է հայ ժողովրդի պայքարի գործին, շեշտեց. «Նա մեծ հայրենասէր էր, հայրենիքի ու ժողովրդի արժանաւոր զաւակ, ազնիւ, հեռատես քաղաքական գործիչ»: Փրոֆեսէօրի համոզմամբ, ընթերցողները, ուսումնասիրելով այս գիրքը, անպայման դասեր կը քաղեն մեծ նուիրեալի` Արամ Մանուկեանի կեանքից ու գործունէութիւնից:
Շնորհահանդէսը եզրափակուեց միջոցառման մասնակիցներին հեղինակի ընծայագրերով «Արամ Մանուկեան, նամականի» գրքի օրինակների նուիրմամբ: Այն, անշուշտ, 20-րդ դարասկզբի հայոց պատմութեան եւ նրա ողբերգական ու բեկումնային շրջանում Արամ Մանուկեանի անգնահատելի դերակատարութեան մասին իւրայատուկ բաց դաս էր` իր հայրենի Շուշիում: Ի լրումն նշեմ, որ միջոցառումը լայնօրէն լուսաբանուել է Արցախի հեռատեսիլով եւ ձայնասփիւռով, պարբերական մամուլում, ելեկտրոնային լրատուամիջոցներում:
Արցախ
Յատուկ «Ազդակ»-ի համար
Արամ Մանուկեան, Արամ կամ Արամ փաշա (Սարգիս (Սերգէյ) Յարութիւնի Յովհաննիսեան մարտի 19, 1879, Սիւնիքի մարզ, Հայաստան – յունուարի 29, 1919, Երեւան, Հայաստանի Ա. Հանրապետութիւն, ծնունդով Զէյվա, այժմ` գիւղ Դաւիթ Բէկ կամ պատմաբան Արմէն Ասրեանի տուեալներով, Արցախի Շուշի քաղաք), Հայաստանի Ա. Հանրապետութեան պետական, հասարակական գործիչ, հայոց նորագոյն պետականութեան հիմնադիր, ներքին գործերի նախարար, Հայ յեղափոխական դաշնակցութիւն կուսակցութեան անդամ: Ղեկավարել է Վանի ինքնապաշտպանութիւնը, եղել է Վանի նահանգապետ, Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան անդամ: