ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆ
«Սիրոյ եւ հանդուրժողութեան յեղափոխութիւնից» երեք ամիս անց հայաստանեան մթնոլորտը թունաւորուած է ատելութեան եւ անհանդուրժողութեան տրամադրութեամբ: Այս տրամադրութիւնը, եռք տալով ընկերային ցանցերում եւ լրատուամիջոցներում բաժանարար գծեր է ստեղծում հասարակութեան մէջ, ինչն էլ անխուսափելիօրէն յանգեցնելու է հասարակութեան պառակտմանը:
Ազատ, այլընտրանքային տեսակէտ արտայայտելը դարձել է մեղք, որի համար մարդը կարող է ենթարկուել յարձակումների, հայհոյանքների ու պիտակաւորումների:
Ո՞ւր մնացին սէրն ու հանդուրժողութիւնը, ա՞յս ճանապարհն է, որ պէտք է տանի ազգային համերաշխութեան, խթանի ներգաղթն ու նպաստի երկրի շէնացման համար անհրաժեշտ վստահութեան մթնոլորտի ձեւաւորմանը:
Իշխանափոխութիւնից յետոյ նոր կառավարողների առջեւ ծառացած են առաջնային անելիքների ճշգրտման հարցերը:
Բնական են միջոցառումները երկրի զարգացումը կաշկանդող երեւոյթների դէմ, որոնց առկայութեամբ հնարաւոր չէ ապահովել առաջընթացի ազատ, օրինական, հաւասար պայմաններ:
Միաժամանակ անհրաժեշտ է գիտակցել, որ այս արատներն ունեն համակարգային բնոյթ, եւ հիմնական խնդիրը իրաւական դաշտի բարեփոխումն է, հասարակական յարաբերութիւնների առողջացումը եւ, ի հարկէ, երկրի ընկերային-տնտեսական կացութեան բարելաւումը:
Դժուար է վիճարկել, որ այս ճանապարհին անհնար է խուսափել փտածութեան երեւոյթների բացայայտման անհրաժեշտութիւնից, սակայն այս գործընթացը պէտք չէ վերածուի հետապնդումների, հաշուեյարդարների, հանրութեան կենսական խնդիրների լուծման դժուարին աշխատանքին փոխարինող աղմկոտ միջոցառումների:
Նշուած մտահոգութիւներին անդրադարձել էր փորձագէտ` Պիելոռուսիայի եւ Վրաստանի նախկին դեսպան Եալովիցը: Ըստ «Առաւօտ» թերթի յունիսի 28-ի հրապարակման, հարցազրոյց տալով «Ամերիկայի ձայն» ռատիոկայանին` վերջինս ասում է. «Չափազանց գովելի են նոր իշխանութիւնների քայլերն ընդդէմ կաշառակեր զօրավարների ու գործիչների, սակայն անհրաժեշտ է անել աւելին: Դա պէտք չէ դառնայ որոշ գործիչների դէմ պայքար: Անհրաժեշտ է իրականացնել լուրջ բարեփոխումներ` արդարադատութեան, դատական համակարգերում, ինչպէս նաեւ` քաղաքական եւ տնտեսական ոլորտների տարանջատում»:
Զուգահեռներ անցկացնելով Վրաստանի հետ նախկին դեսպանն ասում է. «Սահակաշուիլիի իշխանութիւնը սկսեց հետապնդել օլիկարխներին եւ կաշառակեր գործիչներին, սակայն այդ գործողութիւնները չէին ուղեկցւում բաց, թափանցիկ իրաւական գործընթացներով, այլ ընդամէնը վերջիններից բռնագանձում էին գումարներ: Նրանք դատական համակարգը օգտագործում էին որպէս ճնշման միջոց, որի արդիւնքում շատ մարդիկ յայտնուեցին ճաղերի հետեւում: Կարծում եմ` դա փտածութեան մէկ այլ դրսեւորում էր: Ես կոչ կ՛անեմ Հայաստանի իշխանութիւններին` խուսափել դրանից»:
Հակուած չեմ գերագնահատելու մեր ներքին խնդիրների վերաբերեալ օտարների մօտեցումների նշանակութիւնը, միաժամանակ չենք կարող հաշուի չառնել, որ ներհայաստանեան գործընթացների բնոյթով է պայմանաւորուած երկրի հեղինակութեան հարցը միջազգային ասպարէզում: Չենք կարող ներքին մթնոլորտի լարմանը տանող երեւոյթները չգնահատել նաեւ սահմանային գօտու վրայ դրանց հնարաւոր ազդեցութեան տեսանկիւնից:
Արդեօ՞ք քաղաքական, տնտեսական, ռազմական եւ այլ առումներով երկիրն ունի բաւարար ներուժ` հաւանական լարումների եւ անկայունութեան վիճակները յաջողութեամբ դիմագրաւելու համար: Չմոռանանք նաեւ, որ այսօրուայ կառավարող ուժը իշխանութեան է եկել «փողոցի» ճնշմամբ, եւ հէնց ամուր օրինականութեան պահանջով է պայմանաւորուած հնարաւոր կարճ ժամկէտներում ընտրութիւններ անցկացնելու ծրագիրը:
Այս մարտահրաւէրները պահանջում են, որպէսզի երկիրն ունենայ կայուն եւ կանխատեսելի զարգացում, իշխանութիւնը վայելի ներսի համընդհանուր հաւանութիւնը եւ դրսի վստահութիւնը:
վերջինին նպաստող հանգամանք չէ ի հարկէ, այս պահին, «Մարտի 1-2-ի» գործի վերաբացումը, հանրապետութեան երկրորդ նախագահի ձերբակալութիւնը, ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի դէմ քրէական գործի յարուցումն ու յետկանչի գործընթացը, եւ չի բացառւում, այս գործի մէջ, հնչեղ, նոր անունների ներգրաւումը: Դժուար է ասել, ի՛նչ աւարտ կ՛ունենան այս դատական գործընթացները, բայց գրեթէ վստահ եմ, որ վերջիններիս հասարակական-քաղաքական բացասական հետեւանքները կը լինեն բաւականին զգալի:
Երկրի, թէկուզ` նախկին, նախագահի կալանաւորումը սովորական միջոցառում չէ, դժուար է համընդհանուր համոզում ստեղծել, որ 10 տարի առաջուայ ընտրութիւնների արդիւնքներին այսպիսի ընթացք տալը քաղաքական դրդապատճառներ չունի:
Սովորական միջոցառումներից չէ նաեւ քրէական յանցագործութեան կասկածանքի հիման վրայ ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարին ետ կանչելը: Այս քայլը հարուած է ոչ միայն Հայաստանի, այլեւ ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի հեղինակութեանը: Վերջապէս այս ամէնը Հայաստանի հետ բոլոր գործակցողների աչքում չի կարող կասկածի տակ չդնել հանրապետութեան նոր իշխանութիւնների վարկն ու յուսալիութիւնը` երկարատեւ ժամանակահատուած երկրի ներսում կայունութիւն ապահովելու եւ հեռանկարային գործընկերութեան առումով:
Որ իշխանութեան քայլերը կարող են դուրս գալ սոսկ երկրում օրինականութեան հաստատման նպատակադրումների դաշտից, կարծում եմ, կասկածների տեղիք է տուել ամերիկեան իշխանութիւնների մօտ, որոնք երկրորդ անգամ արդէն գործող պետական հաստատութեան արտաքին գործերի նախարարութեան մակարդակով արուած յայտարարութեամբ, որը տարածուեց յուլիսի 28-ին, նրբօրէն զգուշացրել են. «Միացեալ Նահանգները հետեւողական կոչ է արել Հայաստանի իշխանութիւններին` անցկացնել այդ իրադարձութիւնների լուրջ, վստահելի եւ անկախ քննութիւն: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ին յայտնել է Միացեալ Նահանգների արտաքին գործերի նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչն, ի պատասխան խնդրանքի, մեկնաբանել «Մարտի 1-ի» գործի շրջանակներում Հայաստանի երկրորդ նախագահին առաջադրուած սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը»:
«Մենք շարունակում ենք շեշտել մեր հայաստանեան գործընկերներին, որ կարեւոր է յարգել արդարադատութեան իրականացման միջազգայնօրէն ճանաչուած չափանիշները»,- աւելացրել է արտաքին գործերի նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչը»:
Կարճ ասած` կտրուկ եւ զգացական քայլերով Հայաստանի իշխանութիւններն իրենց եւ իրենց հետ երկիրը կանգնեցնում են սայթաքուն ճանապարհի վրայ:
Հ.Գ. Հեքիաթներում, որոնցում դրսեւորւում է կենսափորձից բխող ժողովրդական իմաստնութիւնը յաճախ ասւում է. «Այս ճանապարհով գնաս, այստեղ կը հասնես, միւս ճանապարհով գնաս այն միւս տեղը կը հասնես»: Ամէն ինչ այս աշխարհում բազմիցս կրկնուել է եւ ենթակայ է որոշակի օրինաչափութեան:
Ցաւօք, նախորդ շրջանների մեր իշխանութիւններին, օրինակ, խաբեց չափից դուրս ինքնավստահութիւնը, այնինչ հէնց այն պահից, երբ յայտարարում էին թէ` «Մեր դէմ խաղ չկայ», «Դեռ երկար ժամանակ մեր գրասենեակից է որոշուելու Հայաստանի ապագան», նոյն պահից նրանք կանգնում էին այն ճանապարհի վրայ, որը տանում էր դէպի իրենց կործանումը: