ՎԱՀԷ ԹՈՐՈՍԵԱՆ
Արամ Մանուկեանի կինը, երբ հեռանում էր այս կեանքից, իր դստերը` Սեդա Մանուկեանին ասաց. «Ես չտեսայ, բայց դու անպայման կը տեսնես այն օրը, երբ մարդիկ կը յիշեն ու կը գնահատեն քո հօրը: Ես վստահ եմ, որ հայ ժողովուրդը չի մոռանայ նրան»:
Շատ ժողովուրդներ են երազել ունենալ Արամի նման ազգային հերոս, իսկ հայ ժողովուրդը բախտ է ունեցել վայելելու այդպիսի անձնաւորութեան ներկայութիւնն ու նուիրական գործունէութիւնը` յօգուտ հայրենիքի եւ ազգի վերելքի. գործունէութիւն, որի համար նա արժանի է իր հայրենակիցների յաւերժական յարգանքին ու մեծարանքին:
Այս տարի լրացաւ հայկական պետականութեան վերականգնման 100-ամեակը, եւ այս առիթով Հայաստանում ու սփիւռքում կազմակերպուեցին բազմաթիւ յոբելենական միջոցառումներ, որոնցով յարգանքի տուրք մատուցուեց հանրապետութեան հիմնադրման ճանապարհին դերակատարութիւն ունեցած եւ իրենց կեանքը նուիրաբերած հայորդիների յիշատակին:
Քաջ գիտակցում ենք, որ եթէ չլինէր Հայաստանի Ա. Հանրապետութիւնը, չէին լինելու այսօրուայ ազատ ու անկախ Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնները. ներկայի մեր կայուն պետականութեան համար պարտական ենք Ա. հանրապետութեան հիմնադիր սերնդին` Արամին, Ռոստոմին, Դրոյին եւ ուրիշների:
Հայոց նորագոյն պետականութեան կերտման գործում կարեւորագոյն դեր զբաղեցրեց յատկապէս Արամ Մանուկեանը, ով միշտ էլ յիշուել է որպէս Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր եւ երկրի անկախութեան վերակերտող:
Արամը ազգօգուտ դերակատարութիւն ունեցաւ հայ ժողովրդի ամենաօրհասական փուլերում` սկսած ազգային ազատագրական շարժումներին իր մասնակցութիւնից մինչեւ Վանի ինքնապաշտպանութեան կազմակերպումը եւ այդ շրջանների հայութեանը ցեղասպանութիւնից փրկելը, Վանի նահանգապետի պաշտօնում ժողովրդին ծառայելն ու Հայաստանի անկախ պետութեան հիմնադրումը, իսկ աւելի ուշ` որպէս նորանկախ Հայաստանի ներքին գործերի նախարար գործունէութիւն ծաւալելը: Նա ոչ մի անգամ իր դիրքն ու պաշտօնը չի ծառայեցրել իր անձնական շահերին, եղել են պահեր, որ Արամը սովորական ժողովրդի պէս անգամ հաց չի ունեցել ուտելու: ժողովրդի ցաւով ապրող ու նրա հետ անմիջականօրէն շփուող այս վեհանձն մարդը ի վերջոյ վարակուեց հէնց սովորական ժողովրդի մէջ տարածուած հիւանդութեամբ եւ իր մահկանացուն կնքեց 1919 թուականի յունուարի 29-ին:
Արամ Մանուկեանի մահը հայ ժողովրդին մեծ վիշտ պատճառեց: Նրա յուղարկաւորութիւնը համաժողովրդական սգի վերածուեց, որտեղ ներկայ էր ամբողջ Երեւանը` սկսած շարքային քաղաքացուց մինչեւ բարձրաստիճան պաշտօնատարը:
Արամ Մանուկեանն իր կենդանութեան օրօք վայելեց հայ ժողովրդի սէրն ու յարգանքը: Հայ ժողովուրդն իր հերոսին յուղարկաւորեց Կոմիտասի անուան պանթէոնում, եւ ժամանակի Ամենայն Հայոց կաթողիկոսը աղօթքով հրամայեց, որ ազգի մեծ զաւակի գերեզմանն անշարժ մնայ: Հետագայում, 1930-ական թուականներին Երեւանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտէի որոշմամբ փակուեց նշուած գերեզմանատունը եւ այդ տարածքում հիմնադրուեց զբօսայգի, ինչի պատճառով էլ Արամի աճիւնը սկզբում վերաթաղուեց Կոզեռնի, ապա Թոխմախի գերեզմանատանը` ուրիշ ընտանիքի գերեզմանատարածքում: Անշուշտ այս տեղափոխութիւնների պատճառը հերոսի գործն ու յիշատակը մոռացութեան ենթարկելը միայն կարող էր լինել, քանի որ նա Հայ յեղափոխական դաշնակցութեան անդամ էր եղել:
Հարիւր տարի է անցել Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման օրից, եւ մէկ դար անց նոյնիսկ հայ ժողովուրդը ոչ միայն չի մոռացել իր արժանի զաւակին, այլեւ վերջերս Երեւանի կենտրոնում նրա արձանի կանգնեցմամբ ու այդ արձանի հանդիսաւոր բացման արարողութեամբ փաստեց, որ ցանկանում է արժանավայել կերպով գնահատել հայ ազգին մատուցած Արամի անգնահատելի ծառայութիւնը, ի հարկէ եթէ հաշուի չառնենք մի շարք անհատների, ովքեր ջանք չխնայեցին խոչընդոտելու արձանի տեղադրման գործընթացը` զանազան պատրուակներ առաջ քաշելով:
Արամն ամենասկզբում որպէս արժանաւոր մարդ եւ հայորդի, ապա որպէս սկզբունքային ու գաղափարական գործիչ, արժանի է յարգանքի ու մեծարման` անկախ իր կուսակցական պատկանելիութիւնից:
Արամի արձանի կանգնեցումը պատեհ առիթ է, որպէսզի մեր պետական պաշտօնեաները մի անգամ եւս վերյիշեն իրենց պատասխանատու առաքելութիւնը, յիշեն եւ փորձեն ապրել այնպէս ինչպէս` Արամը, Քաջազնունին, Վրացեանը եւ այն բոլոր նուիրեալ գործիչները, ովքեր եղան ժողովրդի հետ, ապրեցին նրա ցաւով եւ վաստակեցին ժողովրդի յարգանքն ու վստահութիւնը:
Թող երբեք չմոռացուի Նիկոլ Աղբալեանի այն խօսքը, որն ասաց Արամ Մանուկեանի յուղարկաւորութեան ժամանակ. «Երբ գիշերը գայ, մտէք ձեր հոգու սենեակն ու խօսէք ձեր խղճի հետ եւ ասէք` արդեօք աշխատե՞լ էք հայ ժողովրդի համար, ինչպէս Արամը, եղե՞լ էք անձնազոհ, որքան Արամը, տուե՞լ էք ձեր ամբողջ կեանքը հայ ժողովրդին, ինչպէս Արամը…»:



