Հեղինակ։ ՎԱԼԻ ՔՈՒԶԵՀԳԱՐ ՔԱԼԵՋԻ*
Պարսկերէնից թարգմանեց։ ՍԱՐԳԻՍ ՄԿՐՏՉԵԱՆը
Կատալիզատորը քիմիական նիւթ է, որը արագացնում է քիմիական ռեակցիայի ընթացքը, համակարգում հաւասարակշռութիւն ստեղծելու նպատակով, բայց ինքը չի ծախսւում եւ չի մտնում ռեակցիայի արդիւնքում առաջացած նոր նիւթի մէջ:
Քաղաքական ոլորտում եւս որոշ քաղաքական եւ ընկերային շարժումներ իրենց իւրայատուկ դերի ու ազդեցութեան պատճառով գործնականում այդպիսի դեր են կատարում: Հայ յեղափոխական դաշնակցութիւնը, որն Իրանում ճանաչւում է գլխաւորաբար որպէս հայկական ազգայնական շարժում եւ սովորաբար նրա ձախ համայնավարական (1) էութիւնը աւելի քիչ է ուշադրութեան արժանանում, այն կուսակցութիւնների եւ քաղաքական շարժումների շարքում է, որ Հայաստանի Հանրապետութեան քաղաքական բեմում, ընդ որում` այդ երկրի քաղաքական վերջին զարգացումների ընթացքում, գործնականում կատալիզատորի դեր է կատարել:
Դա բխում է անցեալ ունեցող հայկական քաղաքական այս շարժման իւրայատուկ ու տարբեր վիճակից: Իրականութիւնն այն է, որ աւելի քան մէկդարեայ անցեալ ունենալով հանդերձ, Դաշնակցութիւնը Հայաստանի քաղաքական զարգացումներում չի համարւում գլխաւոր ու որոշիչ դերակատարը, եւ այս քաղաքական շարժման ընկերային ու քաղաքական հիմնական յենարանը գտնւում է Հայաստանից դուրս ու հայկական սփիւռքի համայնքներում:
Հիմնականում երկու ձախ կուսակցութիւնները` Հայ յեղափոխական դաշնակցութիւնը եւ Սոցիալ-դեմոկրատ հնչակեան կուսակցութիւնը, Ռամկավար-արմենական լիպերալ կուսակցութեան հետ, համարւում են Հայաստանում սփիւռքի երեք քաղաքական կուսակցութիւնները, որի պատճառը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւնների Միութեան հաստատումից յետոյ (1920 թ.) Հայաստանից քաղաքական այս երեք կուսակցութիւնների ղեկավարների ու բարձրաստիճան անդամների հեռացումն ու արգելափակումն է: Խորհրդային եօթանասունամեայ շրջանի ընթացքում, գործնականում Դաշնակցութիւն, Հնչակեան եւ Արմենական-Ռամկավար կուսակցութիւնների ընկերային ու քաղաքական յենարանը տեղափոխուեց Հայաստանից դուրս, յատկապէս` այնպիսի երկրներ, ինչպիսիք են` Սուրիան, Լիբանանը, Յունաստանը, Ֆրանսան եւ Ամերիկայի Միացեալ Նահանգները:
Թէեւ Խորհրդային Միութեան փլուզումից ու Հայաստանի անկախացումից յետոյ այս երեք կուսակցութիւնների պաշտօնական գործունէութիւնը եօթանասուն տարի անց` Հայաստանում կրկին վերսկսուեց, սակայն Դաշնակցութիւն, Հնչակեան եւ Արմենական-Ռամկավար կուսակցութիւնները այլեւս չկարողացան Հայաստանի քաղաքական զարգացումների բեմում տասնիներորդ դարի վերջերի ու քսաներորդ դարի սկզբների իրենց տիրական ու ազդեցիկ դերակատարութիւնն ունենալ եւ գործնականում Հայոց համազգային շարժումը` Լեւոն Տէր Պետրոսեանի ղեկավարութեամբ եւ, Հանրապետական կուսակցութիւնը` Ռոպերթ Քոչարեանի (2) եւ Սերժ Սարգսեանի ժամանակաշրջանում վերածուեցին այդ երկրի քաղաքական բեմահարթակի տիրական ու իսկական խաղացողների:
Դաշնակցութեան սաստիկ տարակարծութիւնները եւ բացայայտ դիմակայութիւնները Լեւոն Տէր Պետրոսեանին, որն իր գագաթնակէտին հասաւ 1994 թ. Ղարաբաղում հրադադարի պայմանագրի ընդունումից յետոյ եւ պատճառ դարձաւ կուսակցութեան արգելափակման եւ այդ կուսակցութեան անդամների ու ղեկավարներից շատերի ձերբակալման, ընդ որում` Վահան Յովհաննիսեանի ու Հրանդ Մարգարեանի եւ նաեւ Հրայր Մարուխեանի (կուսակցութեան այն ժամանակուայ ղեկավարը) վտարմանը Հայաստանից, ինչպէս նաեւ Հայաստանի տարբեր իշխանութիւնների կողմից սփիւռքահայերին երկքաղաքացիութիւն եւ քուէարկութեան իրաւունք չշնորհելը պատճառ դարձան, որ հայկական սփիւռքի դասական երեք կուսակցութիւնները, յատկապէս Դաշնակցութիւնը իրականում չկարողանան Հայաստանի քաղաքական զարգացումների ոլորտում տիրական ու որոշիչ դերակատար լինել եւ նրանց իսկական յենարանը շարունակի մնալ Հայաստանից դուրս եւ հայկական սփիւռքի համայնքներում` Քոչարեանի իշխանութեան կողմից կուսակցութեան արգելափակման չեղարկմամբ եւ ղեկավարների ազատ արձակմամբ հանդերձ:
Սակայն այս հանգամանքները վերոյիշեալ քաղաքական շարժումների, մասնաւորապէս Դաշնակցութեան, Հայաստանի անցեալ 25 տարիների քաղաքական տարբեր ու կարեւոր ժամանակահատուածներում ազդեցութիւն չունենալու իմաստով չեն նշւում, եւ այս քաղաքական վաստակաւոր կուսակցութիւնը «համախոհութիւն առաջացնելու» կամ «համախոհութիւնից դուրս գալու» երկու ձեւով` Հայաստանում տարբեր իշխանութիւնների իշխանութեան գալու կամ իշխանութիւնից հեռանալու գործընթացի արագացմանն ու հեշտացմանն է նպաստել, որը յստակօրէն վկայում է Դաշնակցութեան կատալիտիկ դերի մասին:
Դաշնակցութեան առաջին կարեւոր կատալիտիկ դերը Լեւոն Տէր Պետրոսեանի իշխանութեան կողմից 1994 թ. Ղարաբաղի պատերազմի հրադադարի ընդունմանը ու նաեւ 1995 թ. սահմանադրութեան հանրաքուէում նախագահական կառավարման համակարգի հաստատմանը դէմ լինելն էր: Դաշնակցութիւնը Ղարաբաղի պատերազմում հրադադարի ընդունումը եւ Ազրպէյճանի Հանրապետութեան հետ խաղաղութեան բանակցութիւնների սկսումը համարում էր մի տեսակ հաշտուողականութիւն եւ նահանջ Հայաստանի իշխանութեան կողմից եւ նախագահական կառավարման համակարգի հաստատումը համարում էր համայնավարական շրջանի բռնատիրական մոտելների շարունակութիւնը, ինչպէս եւ` ժողովրդավարութեան թուլացման պատճառ: Թէեւ Տէր Պետրոսեանի իշխանութիւնը այդ ժամանակահատուածում յաջողեց առաջ տանել իր նպատակները երկու հարցերում էլ, սակայն Դաշնակցութեան խիստ ընդդիմութիւնը, որը հասցրեց մինչեւ կուսակցութեան արգելափակման եւ ղեկավարների ձերբակալման ու հեռացման հետեւանքին, կարեւոր դեր ունեցաւ Տէր Պետրոսեանի իշխանութեան դիրքերի թուլացման գործընթացում, որն ի վերջոյ յանգեց նախագահութիւնից նրա հրաժարականին` 1998 թ.:
Այս գործընթացը Ռոպերթ Քոչարեանի եւ Սերժ Սարգսեանի իշխանութիւնների օրերին այլ տեսք ու դրսեւորում ստացաւ, եւ Դաշնակցութիւնը այդ երկու իշխանութիւնների հետ քոալիսիոն կազմելով` կարողացաւ մշտապէս մի քանի նախարար ունենալ տարբեր կառավարութիւններում: Ընդդիմութեան կարգավիճակից փոխադրուելով դիմութեան կարգավիճակի եւ, ամենակարեւորը, Քոչարեանի եւ Սարգսեանի իշխանութիւնների հետ քոալիսիոն կազմելով` Դաշնակցութիւնը հնարաւորութիւն ստեղծեց, որ բազմատեսակ քաղաքական թեւեր կառավարութեան կազմում տեղ գրաւեն եւ Դաշնակցութեան ընկերային ու քաղաքական դիրքը, հայկական սփիւռքի համայնքներում նկատի ունենալով, այս քաղաքական կուսակցութիւնը գործնականում կարողացաւ որպէս շաղկապող կամուրջ կարեւոր դեր կատարել Հայաստանի իշխանութիւնների եւ Հայաստանից դուրս ապրող հայերի միջեւ: Թերեւս Դաշնակցութեան ամենակարեւոր կատալիտիկ դերն այդ ժամանակահատուածում կարելի է համարել աջակցութիւնը Սերժ Սարգսեանին եւ Հանրապետական կուսակցութեանը` 2008 թ. մարտի նախագահական դժուարին ընտրութիւններում, որի արդիւնքների դէմ ժողովրդական բողոքի ալիք բարձրացաւ` Լեւոն Տէր Պետրոսեանի գլխաւորութեամբ, ով ղեկավարում էր Հայ ազգային քոնկրեսը (իշխանութեանն ընդդիմադիր քաղաքական 18 կուսակցութիւններից բաղկացած), բողոքի արդիւնքը եղաւ աւելի քան տասը զոհ ու հարիւրաւոր վիրաւորներ եւ ձերբակալուածներ: Այդպիսի պայմաններում, դրանով հանդերձ, որ Վահան Յովհաննիսեանը նախագահական ընտրութիւններում Դաշնակցութեան թեկնածու որպէս Սերժ Սարգսեանի հետ մրցակցելով չորրորդ տեղը գրաւեց, սակայն իշխանութեան կազմաւորման գործընթացում Դաշնակցութիւնը մէկ անգամ նորից իշխանութեան կողքին կանգնեց եւ այդ ժամանակահատուածի ճգնաժամային պայմաններում մաս կազմելով քոալիսիոնին` կարեւոր դեր ունեցաւ Սարգսեանի առաջին շրջանի իշխանութեան հաստատման գործում:
Հայաստանի եւ Թուրքիայի յարաբերութիւնների բնականոնացման գործընթացի սկզբնաւորումով, որը տեղի ունեցաւ երկու երկրների արտաքին գործերի նախարարների համաձայնութեամբ, 2009 թ. ապրիլի 24-ին, Դաշնակցութիւնը այդ քայլի դէմ յայտարարութիւն անելով` Սարգսեանի իշխանութեան հետ քոալիսիոնից` դուրս եկաւ, եւ այդ կուսակցութեան նախարարները հրաժարական տուեցին կառավարութիւնից, եւ վերադառնալով ընդդիմութեան դիրքեր` կուսակցութիւնը ամբողջութեամբ դուրս եկաւ Ցիւրիխի համաձայնագրի (2009 թ. հոկտեմբերի 10) եւ Հայաստանի ու Թուրքիայի յարաբերութիւնների բնականոնացման արձանագրութիւնների դէմ:
Իրականում Դաշնակցութիւնը հայկական սփիւռքի համայնքներում ընկերային ու քաղաքական լայն յենարան ունենալով, որոնք իրենց համարում են զանգուածային կոտորածների ուղղակի եւ անմիջական ժառանգները, հակառակ էր երկու երկրների յարաբերութիւնների բնականոնացմանը, մինչեւ հայոց զանգուածային կոտորածները չճանաչուեն որպէս ցեղասպանութիւն, եւ այս տեսակէտից շատ ծանր ճնշում գործադրեց Սարգսեանի իշխանութեան վրայ: Ուշադրութեան արժանի էր հայ բողոքարարների կազմակերպումն ու ուղղորդումը` Սարգսեանի դէպի Պէյրութ, Փարիզ, Լոս Անճելըս եւ Ռուսաստանի Տոնի Ռոստով ճամբորդութիւնների ընթացքում: Այս ճնշումների ամբողջութիւնը ի վերջոյ յանգեցրեց Հայաստանի եւ Թուրքիայի յարաբերութիւնների բնականոնացման արձանագրութիւնների կասեցմանը, թէեւ հակառակ կողմում առկայ Թուրքիայի ազգայնական շարժումների եւ Ազրպէյճանի Հանրապետութեան հակառակորդները (Հայաստանի եւ Թուրքիայի յարաբերութիւնների բնականոնացման դէմ` մինչեւ Ղարաբաղի տագնապի իրավիճակի յստակեցում) եւս Հայաստանի եւ Թուրքիայի յարաբերութիւնների բնականոնացման կասեցման գործում կարեւոր դեր խաղացին:
Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների բնականոնացման ծրագրի կապակցութեամբ Դաշնակցութեան եւ Հանրապետական կուսակցութեան տարակարծութիւնների վերացումով` դաշնակցականները կրկին Սարգսեանի երկրորդ իշխանութիւնում վերադարձան կառավարութեան կազմ եւ իշխանութեանն ընդդիմութեան վիճակից դուրս եկան: Այս կուսակցութեան կարեւոր եւ կատալիտիկ դերը ուշադրութեան արժանի էր 2015 թ. աշնանը նախագահականից խորհրդարանական Հայաստանի քաղաքական կառուցուածքի փոփոխութեան հանրաքուէի ընթացքում: Դաշնակցութիւնը իր նախկին ու աւանդական քաղաքականութեան շարունակութեան մէջ Հայաստանում խորհրդարանական համակարգի ստեղծման գործում, որին հետեւում էր 1990 թ. սկզբներից, Հանրապետական եւ Բարգաւաճ Հայաստան կուսակցութիւնների կողքին կանգնեց` ընդդէմ ընդդիմադիր այնպիսի կուսակցութիւնների, որոնք էին Ժառանգութիւն կուսակցութիւնը` հայկական լիպերալ կուսակցութիւններից մէկը, եւ Հայ ազգային քոնկրեսը: Նիկոլ Փաշինեանն էլ` Հայաստանի վերջին զարգացումներին ընդդիմադիր ղեկավարը եւ ներկայիս վարչապետը, կանգնեց այնպիսի մարդկանց կողքին, ինչպիսիք էին` Րաֆֆի Յովհաննիսեանը, Արմէն Մարտիրոսեանը, Պետրոս Մակեանը եւ Անդրիաս Ղուկասեանը, որոնք համարւում էին ընդդիմութեան ակնառու դէմքերից:
Հայկական սփիւռքի համայնքներում Դաշնակցութեանը պատկանող լայնածաւալ զանգուածային լրատուամիջոցների ցանցը կարեւոր դեր խաղաց նախագահականից խորհրդարանական Հայաստանի քաղաքական կառուցուածքի փոփոխութեան ծրագրի դէմ առկայ մթնոլորտի մեղմացման ու հաւասարակշռման գործում: Մի ծրագիր, որը Հայաստանի ժամանակի իշխանութեան ընդդիմադիր կուսակցութիւնների տեսանկիւնից ոչ թէ իրաւական քայլ էր, այլ քաղաքական քայլ եւ ուղղուած` Սերժ Սարգսեանի եւ Հանրապետական կուսակցութեան դիրքի ամրապնդմանը: Դաշնակցութիւնն առնուազն կարողացաւ հայկական սփիւռքի համայնքներում այն յարաբերական յոյսը առաջացնել, որ այդ փոփոխութիւնների իրականացումը յանգելու է Հայաստանի հասարակութիւնում աւելի խորը քաղաքական բարենորոգումների եւ ժողովրդավարական գործընթացների արմատաւորմանը եւ երկարատեւ ժամանակահատուածում ստեղծելու է ենթահող` Հայաստանի Հանրապետութեան ընկերային ու քաղաքական զարգացումների գործընթացներում հայկական սփիւռքի համայնքների քաղաքական ներգրաւուածութեան եւ ազդեցիկ ներկայութեան գործում:
Այդպիսով, Դաշնակցութիւնը մէկ անգամ կրկին իրականացնելով կատալիտիկ եւ միջնորդի դեր` կարողացաւ Սարգսեանի իշխանութեան դիրքի կայունացմանը եւ նախագահականից խորհրդարանականի Հայաստանի քաղաքական կառուցուածքի փոփոխութեան ծրագրի վերջնական վաւերացմանը օգնել: Այդ հիմամբ, Դաշնակցութիւնը` 2017 թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրութիւններին (սահմանադրութեան փոփոխութիւնից յետոյ առաջին խորհրդարանական ընտրութիւնները) մասնակցեց եւ ստանալով միայն 6,7 տոկոս քուէ (չորրորդ տեղը իշխող Հանրապետական կուսակցութիւնից, Ծառուկեան դաշինքից եւ Նիկոլ Փաշինեանի ղեկավարած Ելք դաշինքից յետոյ)` կարողացաւ Սերժ Սարգսեանի վարչապետ հռչակուելուց յետոյ երեք նախարարով մուտք գործել խորհրդարանական քաղաքական կառուցուածքով Հայաստանի նոր կառավարութեան կազմ:
Հայաստանում ժողովրդական բողոքների սկզբնաւորման եւ դրա արագ տարածման հետ Հանրապետական կուսակցութեան հետ կազմած քոալիսիոնից դուրս գալով եւ նախարարների հրաժարականով Դաշնակցութիւնը մէկ անգամ եւս ընդդիմութեան դիրքում յայտնուեց եւ կատալիտիկ դեր կատարելով` գործնականում Սարգսեանի հրաժարականի գործընթացն արագացրեց: Դաշնակցութիւնը ընդդիմութեան, յատկապէս Նիկոլ Փաշինեանի հետ, իշխանութեան եւ Հանրապետական կուսակցութեան բանակցութիւնների գործընթացում միջնորդի դերում աշխատանքի լծուեց: Դաշնակցութեան ակնառու եւ կատալիտիկ դերը ամէն ինչից աւելի իրեն ցոյց տուեց Փաշինեանի` Հայաստանի վարչապետ դառնալու գործընթացում: Փաշինեանը, որ խորհրդարանում առաջին քուէարկութեան ժամանակ 45 կողմ քուէ ստանալով չկարողացաւ նուազագոյն 53 անհրաժեշտ քուէն ձեռք բերել, երկրորդ քուէարկութեան ժամանակ, Դաշնակցութեան վճռորոշ 7 քուէի շնորհիւ, կարողացաւ 59 կողմ քուէով ընդդէմ 42 դէմ քուէի դառնալ Հայաստանի վարչապետ: Այդ իսկ պատճառով, Դաշնակցութիւնը, քոալիսիոն սկզբունքով, երկու նախարարով ներկայ է Փաշինեանի կառավարութեան կազմում: Արծուիկ Մինասեանը` տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար եւ Արթուր Խաչատրեանը` գիւղատնտեսութեան նախարար, այն երկու նախարարներն են, ովքեր Դաշնակցութեան կողմից Նիկոլ Փաշինեանի կառավարութեան կազմում են: Այս խնդրի կարեւորութիւնն այն է, որ 1998 թ. յետոյ (Ռոպերթ Քոչարեանի իշխանութեան հասնելու ժամանակահատուած) առաջին անգամուայ համար Հանրապետական կուսակցութիւնից եւ ղարաբաղցիներ կոչուող թեւից (Արցախի թեւ) ոեւէ մէկը Հայաստանի կառավարութեան կազմում ներկայութիւն չէ, եւ այդ երկրի քաղաքական դասաւորումները ուշադրութեան արժանի փոփոխութիւններ են արձանագրել:
Վերոյիշեալ հարցերի հանրագումարը ցոյց է տալիս, որ Հայ յեղափոխական դաշնակցութիւնը նրանով հանդերձ, որ Հայաստանի խորհրդարանում եւ կառավարութիւնում երբեք մեծամասնութեան դիրքում չի եղել եւ Հայաստանի ներքաղաքական հարցերում Հայոց համազգային շարժման եւ Հանրապետական կուսակցութեան համեմատութեամբ տիրական ու որոշիչ խաղացող չի եղել, սակայն իր պատմութեան եւ երկարատեւ անցեալի, կազմակերպական համախմբուածութեան եւ հայկական սփիւռքում քաղաքական, ընկերային ու զանգուածային լրատուամիջոցների լայնածաւալ յենարանի շնորհիւ` կարողացել է գործնապաշտական մօտեցման որդեգրմամբ Հայաստանի քաղաքական պատմութեան կարեւոր ու զգայուն ժամանակահատուածներում կատալիտիկ ու ազդեցիկ դերակատարութիւն ունենալ, ինչի ամենացայտուն օրինակը, ինչպէս նշուեց, Հայաստանի վերջին զարգացումների ընթացքում, Սերժ Սարգսեանի հրաժարականի արագացումը եւ Նիկոլ Փաշինեանի իշխանութեան հասնելը, ակնյայտօրէն տեսանելի են:
Հետեւաբար, դրանով հանդերձ, որ Դաշնակցութիւնը անցեալ 25 տարիների ընթացքում մշտապէս Հայաստանի խորհրդարանում եւ կառավարութիւնում փոքրամասնութեան դիրքում է եղել, սակայն մուտք գործելով կամ դուրս գալով քաղաքական քոալիսիոններից` իւրայատուկ ազդեցութիւն ու կարողութիւն ունի Հայաստանում հաստատուած իշխանութիւնների, իշխող ու տիրապետող կուսակցութիւնների դիրքերի կայացման կամ տկարացման գործում եւ համարւում է շատ կարեւոր կապի միջոց` Հայաստանի եւ հայկական սփիւռքի համայնքների միջեւ, եւ այս նկատառումները Հայաստանի քաղաքական ղեկավարների ու գործիչների, այդ թւում` Նիկոլ Փաշինեանի, ուշադրութեան կենտրոնում են: Յատկապէս որ Փաշինեանը Հայաստանի տնտեսութիւնում կառուցուածքային բարենորոգումների նպատակով, փտածութեան հովանաւորչութեան ու կաշառակերութեան, օլիկարխիական ցանցի դէմ պայքարի եւ արտաքին ներդրումների գրաւման համար առանձնայատուկ ուշադրութիւն է դարձնում հայկական սփիւռքի համայնքների մարդկային ու նիւթական կարողութիւններին, մանաւանդ` Հիւսիսային Ամերիկայի եւ Արեւմտեան Եւրոպայի: Քալիֆորնիայի Կլենտէյլի քաղաքապետ Զարեհ Սինանեանի ներկայութիւնը Հայաստանի ընդվզումների ընթացքում եւ Փաշինեանի հրաւէրը Էմ. Այ. Թի. համալսարանի ակնառու տնտեսագէտ Տարօն Աճեմօղլուին (3)` Հայաստանի տնտեսութեան մէջ կառուցուածքային բարենորոգումներում օժանդակելու եւ խորհրդատուութիւն տալու համար, ցայտուն օրինակներ են հայկական սփիւռքի համայնքների կարողութիւնների նկատմամբ Հայաստանի նոր ղեկավարի ուշադրութեան:
Այս գործընթացում Դաշնակցութիւնը, երկարատեւ անցեալի եւ կազմակերպական ներուժի շնորհիւ, որ ունի այնպիսի հաստատութիւններում, ինչպիսիք են Ամերիկայի Հայկական ազգային կոմիտէն (4), կարող է այդ գործընթացը Փաշինեանի իշխանութեան համար հեշտացնել: Թէեւ նկատի պիտի ունենալ, որ Փաշինեանը եւ Հայաստանում իշխող քաղաքական ու տնտեսական նոր խմբակը, շատ դժուար ճանապարհ ունեն արեւմտեան երկրների, ֆինանսական եւ դրամատնային միջազգային հաստատութիւնների, ինչպէս նաեւ Հիւսիսային Ամերիկայի եւ Եւրոպայի հայկական սփիւռքի համայնքների վստահութիւնը շահելու գործում: Միայն փտածութեան, հովանաւորչութեան եւ օլիկարխիայի լայնածաւալ ցանցի դէմ (ինչպիսին Վրաստանի յաջողած փորձն է) իրական ու գործնական պայքարի դէպքում է, որ այդ վստահութիւնը կարող է ձեւաւորուել եւ, արտաքին ներդրումների մուտքով պակասեցնել Հայաստանի տնտեսական դժուարութիւնների չափը` յատկապէս անգործութեան եւ Հայաստանից գաղթի բարձր տոկոսը, ինչպէս եւ` Ռուսաստանի Դաշնութիւնից այս երկրի կախուածութեան շարունակումն ու խորացումը:
————————-
(*).- Վալի Քուզեհկար Քալեճին Իրանի եւ Եւրասիայի հետազօտութիւնների հաստատութեան (ԻՐԱՍ) գիտական խորհրդի անդամ է:
(1).- ՀՅ Դաշնակցութիւնը երբեք ձախ համայնավարական կուսակցութիւն չի եղել: ՀՅ Դաշնակցութիւնը ընկերվարական կուսակցութիւն է, ՍՄ:
(2).- Հայաստանի Հանրապետութեան երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանը երբեք պաշտօնապէս չյայտարարեց, որ անդամակցում կամ ղեկավարում է Հանրապետական կուսակցութիւնը, սակայն Հանրապետական կուսակցութեան հետ նրա մտային, քաղաքական եւ կազմակերպական մօտիկութիւնը, գործնականում Քոչարեանին այս քաղաքական կուսակցութեան շրջանակներում է տեղադրում:
(3).- Աճեմօղլուն ծնուել է Թուրքիայում մի հայ ընտանիքում, ներկայիս Միացեալ Նահանգների քաղաքացի է եւ մշտապէս Հայաստանի նախկին իշխանութեան քննադատն է եղել փտածութեան բարձր մակարդակի եւ ֆինանսական լայնածաւալ չարաշահումների պատճառով:
(4).- Խօսքը Հայ դատի գրասենեակի մասին է, ՍՄ:
Անիմաստ գրութիւն՝ ծայրից-ծայր։ Իրականում՝ Դաշնակցութեան վարկաբեկում է սա։