ԱՐԱՐԱՏ ԿՈՍՏԱՆԵԱՆ
Յայտնի է, որ տասնամեակներ շարունակ հայերը Մերձաւոր Արեւելքում աշխուժ են եղել ու հիմնականում զբաղուել են առեւտրով եւ յատուկ արդիւնաբերութեամբ: Դա յատկապէս ակնյայտ դարձաւ 18-րդ դարի սկզբերին, իսկ 1915 թուականին հայերի դէմ օսմանեան թուրքերի կողմից իրականացուած ջարդերի պատճառով հայերը սկսեցին աւելի մեծ ներկայութիւն ունենալ Սիրիայում եւ Լիբանանում: Բարեբախտաբար, այն ժամանակ Մեքքայի Շարիֆ Հուսէյնն արաբական աշխարհին կոչ արեց հայերին օգնել սննդով եւ նրանց ապահովել ապաստարաններով` արաբական այն երկրներում, որտեղ հայերը հաստատուել էին, իսկ հայերը հիմնականում հաստատուել էին Սիրիայում, ինչպէս նաեւ` Շամում, Լիբանանում, Յորդանանում եւ Պաղեստինում: Լիբանանի հայերի մասին Սիսակ Վարժապետեանի «Հայերը Լիբանանի մէջ» խորագրեալ չորսհատորեայ աշխատութիւնը կատարեալ ուղեցոյց է` հասկանալու, թէ ի՛նչ ժամանակահատուածներում են հայերը հաստատուել Լիբանանում: Իսկ դոկտ. Զաւէն Մսըրլեանի` «Հայկական մասնակցութիւնը լիբանանեան օրէնսդրական ընտրութիւններին (1934-2009)» խորագրեալ գրքում տեղ գտած ակադեմական աշխատանքներում ներկայացւում են Լիբանանի հայկական քաղաքական կուսակցութիւնները, ինչպէս նաեւ` Լիբանանի քաղաքական կեանքում եւ երկրի խորհրդարանում այդ քաղաքական կուսակցութիւնների գործունէութիւնը: Այս երկու աշխատութիւններն այնքան լաւ են գրուել, որ միեւնոյն տեղեկութիւններ հաղորդելն ընթերցողին որեւէ նոր բան չի հաղորդի: Իմ այս յօդուածի նպատակն է բացայայտել հայերի դերը ներկայիս իրավիճակում եւ իրենց հնարաւորութիւնները` առաւել ընդգծելու տարածաշրջանային քաղաքականութեան մէջ իրենց ներգրաւումը:
Այսպիսով, Լիբանանի` տարածաշրջանային եւ համաշխարհային ուժերի կողմից ղեկավարուող քաղաքացիական պատերազմից ի վեր Լիբանանի հայկական քաղաքական կուսակցութիւնները մեծ դեր են խաղացել Լիբանանում` նպաստելով խաղաղութեանը եւ Լիբանանի խմբակցութիւններին հասկացնելով, որ շարունակական բնոյթ կրող պատերազմներին վերջ տալը հրատապ է: Իւրաքանչիւր գիտնական կամ հետազօտող պէտք է գրի ճշմարտութիւնը եւ խօսի ճշմարտութեան մասին` անկախ նրանից, թէ նա վճարւում է ամերիկեան կամ հակաամերիկեան ուժերի կողմից: Նա նաեւ պէտք է մատնանշի դրական եւ բացասական կողմերը` անկախ որեւէ գաղափարախօսութեանը նախապատուութիւն տալուց կամ քաղաքական կուսակցութեան պատկանելիութիւնից, որպէսզի ընթերցողին ցոյց տայ ճշմարտութիւնը եւ շահի ընթերցողի վստահութիւնը: Իմանալով ճշմարտութիւնը` ես յայտարարում եմ, որ հայերի գիտակցութիւնը պահպանելու համար Հայ յեղափոխական դաշնակցութիւնը (ՀՅԴ) հսկայական աշխատանքներ է կատարել: Կառուցելով տներ, բացելով հայկական դպրոցներ, ստեղծելով քաղաքական եւ մարզական ակումբներ, ինչպէս նաեւ` հիմնադրելով թերթեր, Դաշնակցութիւնը Պուրճ Համուտ քաղաքը դարձրել է բոլոր հայերի տունը: Պուրճ Համուտ մտնելիս այնպիսի տպաւորութիւն ես ստանում, որ դու գտնւում ես փոքր Հայաստանում, որտեղ իւրաքանչիւր պատշգամբից կախուած է հայկական դրօշը եւ ամէնուր կարելի է լսել բարձր հայկական երաժշտութիւն: Ձեռք ես սեղմում փոքր խանութպանի հետ եւ սկսում խօսել Հայաստանում տնտեսական եւ քաղաքական վիճակի մասին:
Երեսփոխան Յակոբ Բագրատունու հետ հանդիպումը յիշարժան էր նրա ընդգրկուն պատմական ակնարկով: Նա ինձ ներկայացրեց, թէ ինչպէս 1930-1940 թուականներին ընթացան հայապահպանութեանը միտուած աշխատանքները եւ հայերի մասնակցութիւնը լիբանանեան քաղաքական դաշտում: Նա չթաքցրեց իր զարմանքը եւ ուրախութիւնը, երբ իմացաւ, որ այցելել եմ Լիբանան` աշխատելու «Մեծն Սիրիայի գաղափարախօսութիւն» վերնագրով իմ ատենախօսութեան վրայ, որը վերաբերում է լիբանանեան կուսակցութիւններին: Զարմանքիս չափ չկար, երբ նրան հարց տուեցի Դաշնակցութեան հակոտնեայ գաղափարախօսութիւն ունեցող կուսակցութիւնների մասին եւ նա բառացի ասաց հետեւեալը` «Քաղաքականութեան մէջ գոյութիւն չունեն թշնամիներ, այլ` տարբեր կեցուածքներ եւ կուսակցական շահեր»: Այսինքն, որքան էլ քաղաքականապէս տարբեր լինեն հայութեան տարբեր թեւերը, իրար թշնամի չեն կարող լինել: Այսպիսի քաղաքական գործչի խորունկ ընկալմամբ, ո՛չ միայն Դաշնակցութեան, այլեւ համայն հայութեան խնդիրների մեծ մասը լուծուած կը լինէին, եթէ Բագրատունու նման քաղաքական գործիչները տեսանելի լինէին թէ՛ սփիւռքում, թէ՛ Հայաստանում: Անհանդուրժողականութիւնն ու ատելութիւնը միայն տանում են կործանման:
Ես պատիւ ունեցայ այցելել «Ազդակ» թերթի խմբագրութիւն, որտեղ ընկերական հանդիպում ունեցայ պարոն Շահան Գանտահարեանի հետ, ով ինձ համառօտ ներկայացրեց Լիբանանի այսօրուայ հայերին եւ քաղաքականութեան մէջ իրենց ներգրաւումը: Այնուհետեւ ես ընկերական հանդիպում ունեցայ պարոն Ժագ Յակոբեանի հետ: Հանդիպման ընթացքում մենք հիմնականում անդրադարձանք հայոց պատմութեանը վերաբերող մի շարք հարցերին: Լիբանանում հայ մտաւորականներին հանդիպելն ինձ` հետազօտողիս, թոյլ է տալիս տեսնել, որ հայերը Մերձաւոր Արեւելքում աճել են ո՛չ միայն իրենց առեւտրական գործերը կամ թաղամասերը զարգացնելով, այլեւ` ունենալով միջազգային մակարդակի գիտութիւն եւ Հայկազեան համալսարանի նման համալսարան: Անկասկած, Լիբանանի եւ Մերձաւոր Արեւելքի հայերը տարածաշրջանը զարգացրել են առեւտրի, գիտութեան, արդիւնաբերութեան, ֆինանսների, բժշկութեան, արտադրութեան եւ այլ ոլորտներում:
Աւելի՛ն. հաստատուելով Լիբանանում` հայերն իրենց ինքնութիւնը պահպանելու համար մեծ ջանքեր են գործադրել, ունենալով այն տեսլականը, որ սփիւռքն ու Հայաստանը պէտք է միասին լինեն բոլոր այն առումներով, որոնք Հայաստանին եւ հայերին կը դարձնեն աւելի ուժեղ: Ըստ այդ տեսլականի, սփիւռքն ու Հայաստանը պէտք է շարունակեն միասնական լինել ո՛չ միայն զարգացնելով Հայաստանի եւ Լիբանանի միջեւ բարեկամական յարաբերութիւնները, այլեւ` պահանջելով արդարութեան եւ Թուրքիայի կառավարութեան կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչումը:
Վերջերս Լիբանան կատարած այցիս ընթացքում հանդիպեցի Սիրիայի Ազգային ընկերային կուսակցութեան (Ղովմի) ղեկավարների եւ մտաւորական անդամների հետ, այդ թւում` կուսակցութեան ղեկավար Ալի Քանսոյի, Լիբանանի համալսարանի առաջնորդութեան դասախօս, դոկտոր Ժորժ Ժրէյժի, կուսակցական մշակոյթի հարցերում բարձր մակարդակի ակադեմական կրթութիւն ունեցող մարդու` դոկտոր Խալիլ Խէյրալլայի, ինչպէս նաեւ` դոկտոր Լապիպ Նասիֆի հետ, ով ղեկավարում, համակարգում եւ թուայնացնում է կուսակցութեան աւելի քան 3 հազար արխիւները: Նա ինձ տեղեկացրեց, որ հայերը եղել են Ղովմի կուսակցութեան աշխուժ անդամները եւ ինձ խոստացաւ տրամադրել կուսակցութիւնում հայերի աշխուժ գործունէութեան վերաբերեալ փաստաթղթերը: Իմ բոլոր հանդիպումներում ինձ ասացին, որ հայերը կարեւոր դեր են խաղում Լիբանանում: Աւելի՛ն. Լիբանանի ակնառու լրագրող եւ հեռուստահեռարձակող Սալիմ Սալեմն ինձ մեծ խանդավառութեամբ ասաց, թէ ինչպէս են Լիբանանի հայերը տասնամեակներ շարունակ համագործակցել այլոց հետ եւ դարձել Լիբանանի մի մասը` միաժամանակ պահպանելով իրենց ինքնութիւնը: Անկասկած, հայերը մեծ ազդեցութիւն են ունեցել ո՛չ միայն Լիբանանի, այլեւ Մերձաւոր Արեւելքի այլ երկրների ժամանակակից հասարակութիւնների ձեւաւորման վրայ:
Դժբախտաբար, Թուրքիան շարունակում է ժխտել մեղադրանքները եւ հայերի ջարդերը ներկայացնում է որպէս տեղահանումներ` պնդելով, որ օսմանեան թուրք ղեկավարների կողմից ցեղասպանութեան ենթարկելու մասին որեւէ յայտարարութիւն չի եղել: Սակայն այն ժամանակուայ եւ այժմեան թուրքական իշխանութիւնները պէտք է որ իմանան, որ 1,5 միլիոն հայերին իրենց հողերից (Արեւմտեան Հայաստանից) դէպի Սիրիայի անապատներ տեղահանելը համարւում է որպէս ազգի եւ բնիկ ժողովրդի դէմ իրականացուած ցեղասպանութիւն, որի ընթացքում հայերը հարկադրաբար դուրս են քշուել իրենց հայրենիքից եւ յայտնուել` Օսմանեան կայսրութեան տարածքում գտնուող որեւէ օտար մարզում: Որպէսզի ընթերցողն աւելի լաւ հասկանայ իրականութիւնը, եկէք` սա ուղղակիօրէն կապենք ներկայումս «Իսլամական պետութիւն» ահաբեկչական խմբաւորման կողմից իրականացուող գլխատումների ու բռնաբարութիւնների, ստրկացման եւ այլ գործողութիւնների հետ: Քանի դեռ ահաբեկչութիւնը չի պատժուել, արմատական իսլամականները շարունակելու են ազատ գործել: Ժապհաթ Նուսրայի եւ «Իսլամական պետութեան» համար դասական աղբիւր էր երիտթուրքերի կառավարութիւնը: Եթէ Հայ յեղափոխական դաշնակցութիւնը չունենար զանգուածներին միաւորելու կազմակերպչական կարողութիւններ, ապա հայերի համար անհնար կը լինէր այդքան ուժեղ ներկայութիւն ունենալ Մերձաւոր Արեւելքում: Սակայն, դժբախտաբար, Մերձաւոր Արեւելքում ապրող հայերին սպառնում են «Իսլամական պետութիւնն» ու Թուրքիան, որոնք հայերին ստիպում են լքել տարածաշրջանը: Անցեալում տեղի ունեցած պատերազմներում եւ ներկայումս սիրիական պատերազմում Թուրքիան աշխուժօրէն փորձել է հայերին դուրս քշել Սիրիայից` նրանց համարելով որպէս Թուրքիայի դէմ գործող աշխուժ բջիջ: Էրտողանի անձնական աջակցութեամբ, «Իսլամական պետութիւնը» յարձակուել է խաղաղ տարածքների վրայ, որոնք հիմնականում բնակեցուած են եղել հայերով: Այսպիսով, նրանք քանդել են ո՛չ միայն բնակելի շէնքեր, այլեւ` հայերի եկեղեցիները, դպրոցները, հիւանդանոցները եւ այլն, որպէսզի հայերին ստիպեն դուրս գալ իրենց տարածքներից: Տարածքը եղել է մեծ կրակի տակ: Մարդիկ արտագաղթել են դէպի արեւմտեան երկրներ, ի դէմս` Քանատայի, որտեղ եւ մնացել են` չունենալով որեւէ այլ տարբերակ: Մերձաւոր Արեւելքից հայերին դուրս քշելու քաղաքականութիւնը Միացեալ Նահանգների եւ Թուրքիայի քաղաքականութիւնն է, որի իրականացման գործում ներգրաւուած են որոշ հայ խամաճիկներ: 1975-1990 թուականների Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ այս նշուած բեմագրութիւնը լաւ է աշխատել, քանի որ հազարաւոր լիբանանահայեր մեկնեցին Միացեալ Նահանգներ` որպէս փախստականներ: Թուրքիայի շահը տարածաշրջանում հայերի թուի նուազեցումն էր, իսկ Միացեալ Նահանգների շահը` տարածաշրջանում գտնուող քրիստոնեաների թուի նուազեցումը:
Ընդհանուր առմամբ, 1943 թուականին տեղի ունեցած անկախացումից յետոյ Լիբանանը եղել է Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ մրցակցելու համար բաց ասպարէզ, իսկ 2006 թուականից Լիբանանում եղել են երկու հիմնական քաղաքական դաշինքներ, որոնք յայտնի են որպէս «Մարտի 8» եւ «Մարտի 14»: Լիբանանահայերից շատերը աջակցել են «Մարտի 8»-ին, որը յայտնի է որպէս դիմադրութեան դաշինք, որն աջակցում է Հըզպալլային եւ սիրիական պետութեանը` Իսրայէլի եւ տարածաշրջանում իր արաբ խամաճիկների դէմ գործելու համար: Սակայն այնպէս չէ, որ ՀՅԴ-ն դէմ է եղել միւս դաշինքին: Մերձաւոր Արեւելքում ապրող հայերը իւրովի են հասկանում քաղաքականութիւնը: Մենք` հայերս, խաղաղասէր եւ խաղաղապահ ենք այնպիսի անկայուն տարածաշրջանում, որն անընդհատ ազգային եւ կրօնական պատերազմների սպառնալիքի տակ է, եւ որպէսզի ապահով լինենք, մենք պէտք է պահպանենք մեր չէզոք դիրքը եւ չաջակցինք ոեւէ մէկին: Եթէ որեւէ թիւրիմացութիւն վերածուի զինուած հակամարտութեան, հայերը միայն կը պաշտպանեն հայկական տարածքները եւ կը տանեն ինքնապաշտպանական կռիւներ, ինչպէս եղաւ Լիբանանի քաղաքացիական պատերազմի ընթացքում (1975-1990 թոականներ): Այն ժամանակ որոշ քրիստոնեայ մոլեռանդներ հայերին մեղադրեցին մուսուլմանական բնակչութեան եւ Պաղեստինի աշխարհազօրայինների դէմ պատերազմին չմիանալու մէջ: Ժամանակն ապացուցեց, որ հայերը ճիշդ էին, եւ հետեւաբար մենք` հայերս, որեւէ թշնամի չունենք Լիբանանի քաղաքական կուսակցութիւնների խմբակցութիւններում: Ըստ իս, եթէ չկայ ո՛չ աջակից, ո՛չ էլ թշնամի, ապա կարելի է աւելի լայն բանակցութիւններ վարել եւ համագործակցել բոլոր կուսակցութիւնների հետ, որպէսզի Լիբանանի հայերը հնարաւորինս ապահով լինեն, եւ որպէսզի լիբանանահայերը վայելեն բոլոր քաղաքական կուսակցութիւնների յարգանքը, լինի դա խաղաղութեան, թէ պատերազմի ժամանակ: Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ հայերը կարողացան գտնել խաղաղութեան բանաձեւը, նոյնիսկ երբ երկիրը պատերազմի մէջ էր, եւ միւս բոլոր խմբակցութիւնները դաժանօրէն կռւում էին, որպէսզի Լիբանանն իրենց վերահսկողութեան տակ լինէր: Այդ ժամանակ հայերը հասկացան, որ կրօնների զտման վրայ հիմնուած նման պատերազմում չեն լինում յաղթողներ եւ պարտուողներ, իսկ հիմա տեսնում ենք, որ այդ ժամանակուայ հայկական քաղաքական կուսակցութիւնները լաւ էին հասկանում իրավիճակը: Ինչ վերաբերում է մեր դարաշրջանին, հարկ է նշել, որ 2005 թուականին սիրիական ներկայութեան աւարտից յետոյ փոխուել է Լիբանանի իրավիճակը: Հայերի մեծամասնութիւնը եւ հիմնականում ՀՅԴ-ն նախընտրեցին համարկուել «Մարտի 8» դաշինքին` զուտ գաղափարաբանական թեզով, ըստ որի, նրանք դառնում են դիմադրութեան դաշինքի մէկ մասը: Ըստ իս, այդ որոշումը տարօրինակ էր: Ինչո՞ւ:
Այս գոյացումը եղաւ այն բանից յետոյ, երբ Սիրիան երկրում այլեւս չունէր ներկայութիւն, քանի որ սպաննուել էր վարչապետ Ռաֆիք Հարիրին, ով այդ ժամանակ սիւննի դաշինքի վեթերան էր: Լիբանանը թեւակոխեց նոր դարաշրջան, եւ այդ ժամանակուանից թէ՛ արեւմտեան եւ թէ՛ արեւելեան ուժերը սկսեցին ցոյց տալ կառավարելու իրենց ունակութիւնները: Իրաք ներխուժելուց ի վեր Միացեալ Նահանգները սնուցել են սիւննիների եւ շիաների միջեւ հակամարտութիւնը, որպէսզի թուլացնեն իսլամական աշխարհին եւ կարողանան իրենց կամքով վերահսկել տարածաշրջանը, ինչպէս նաեւ ապահովել տարածաշրջանում իրենց գլխաւոր դաշնակցի` Իսրայէլի անվտանգութիւնը: Այսպիսով, Միացեալ Նահանգների ռազմավարութիւնը պարզ է. Մերձաւոր Արեւելքի որեւէ երկիր պէտք չէ անվտանգ լինի եւ պէտք չէ աւելի շատ զարգանայ, քան` Իսրայէլը: Դամասկոսում տեղի ունեցած արաբական գագաթնաժողովում այդ ժամանակուայ Լիպիայի նախագահ Քազզաֆին բոլոր արաբ առաջնորդներին տեղեկացրել էր, որ Իրաքի նախագահ Սատտամ Հիւսէյնի սպանութիւնից յետոյ նրանց նոյնպէս մէկ առ մէկ սպաննելու են: Փաստացի տեսնում ենք, որ նրա ասածն իրականութիւն է դառնում: Այսպիսով, տարածաշրջանը արմատական իսլամականների սպառնալիքի տակ է: Նրանք Իրաքում Միացեալ Նահանգների պաշտօնեաների հետ գործակցել են եւ ունեցել գաղտնի հանդիպումներ` աւելացնելու Միացեալ Նահանգների աջակցութիւնը եւ տարածաշրջանում իշխանութեան բերելու հիմնականում ամերիկեան արտադրութեան զինատեսակներով յագեցուած իրաքեան արմատական խմբաւորմանը: Աֆղանիստանի բեմագրութիւնը, որն ամերիկացիներն անուանում էին Խորհրդային Միութեան դէմ ժիհատականների կռիւը, կրկնուեց, իսկ Միացեալ Նահանգներ ցանկանում էին կրկին գրկաբաց ընդունել իրենց ամենավստահելի դաշնակցին` իսլամական ժիհատականներին, այսինքն` տարածաշրջանում քաոս ստեղծելու ունակութիւն ունեցող միակ գործիքը: Տարածաշրջանում շրջադարձային է եղել վեց տարի ձգուող սիրիական պատերազմը, որն աղէտալի հետեւանքներ է առաջացրել ինչպէս տարածաշրջանի ժողովուրդների (սիւննիների, հայ քրիստոնեաների, ալեւիների, քիւրտերի, ասորիների), այնպէս էլ պատերազմից առաջ խաղաղ կեանքով ապրող իւրաքանչիւր մարդու համար: Այս պատերազմի միակ նպատակը եղել է տարածաշրջանում ստեղծել քաոս, որպէսզի Սիրիան ծնկի բերուի, յետդարձ կատարուի դէպի 100 տարի, եւ Իսրայէլի քաղաքացիների կեանքը լինի խաղաղ ու անվտանգ: Այս տեսանկիւնից, տարածաշրջանի խաղաղասէր ժողովուրդները եւ առաջին հերթին հայերը յաղթել են պատերազմը, եւ մենք` հայերս, պահպանեցինք մեր ներկայութիւնը Մերձաւոր Արեւելքում: Տարածաշրջանը խաղաղ ժամանակներին վերադարձնելու յաջորդ քայլի ձեռնարկման գործում մեծ է լինելու հայերի դերը, ովքեր մարդկանց ցոյց կը տան, թէ ինչպէ՛ս կարելի է խաղաղասիրական քաղաքականութիւն վարել, նոյնիսկ` պատերազմի ժամանակ, երբ բոլորն իրար դէմ են կռւում: Անկասկած, մեր շրջանները պաշտպանելիս կորուստներ ենք ունեցել, սակայն մենք հակահարուած չենք տուել, չնայած որ մենք ունէինք այս հարցի լուծման համար սփիւռքի ուժերը միաւորելու հնարաւորութիւնը: Սա ապացուցում է, որ մենք` հայերս, նման նախագծուած պատերազմներում բնոյթով խաղաղասէր ենք, բայց միեւնոյն ժամանակ դիմադրութեան պատերազմում կանգնած ենք Հըզպալլայի կողքին` հասկանալով, որ Իսրայէլի դէմ մղուող պատերազմը տարածաշրջանում ժողովուրդների գոյութեան եւ ընդհանրապէս Լիբանանի անվտանգութեան համար մղուող պատերազմ է: Աւելի՛ն. մենք կատարելապէս հասկանում ենք, որ սիոնականութիւնը թուրանականութիւնից չի տարբերւում, ըստ որի, կողմնակի անձինք եկել եւ տիրացել են այն հողերին, որոնց վրայ նրանք երբեք ոտք չեն դրել եւ ուժով ստեղծել են նոր խմբեր` սպաննելով միլիոնաւոր մարդկանց եւ նրանց դուրս քշելով իրենց հողերից: Ժամանակակից պատմութեան մէջ չկայ աւելի վտանգաւոր բան, քան` ցեղապաշտութիւնը եւ մոլեռանդները: Այսպիսով, հայերը պարզ հասկանում են Պաղեստինում տիրող իրավիճակը եւ Լիբանանի շիաներին: Հայերը նաեւ հասկանում են շիաների ցաւը եւ վիշտը, քանի որ 100 տարի առաջ հայերը նոյնպէս նոյն իրավիճակում էին, իսկ արաբ եղբայրներն ամէն հնարաւոր բան անում էին, որպէսզի արեւմտահայերին օգնէին` շարունակելու իրենց կեանքը Սիրիայում եւ Լիբանանում: Լինել արդար նպատակներով մղուող պատերազմի մէջ` նշանակում է լինել պատերազմի մէջ պաշտպանական դիրքորոշմամբ: Մենք` մարդկային էակներս, պէտք է ինքներս մեզ պաշտպանենք, եթէ ունենք ապրելու կամք: Ինքնապաշտպանուելու համար պէտք է կարգաւորենք ռազմական հարցերը, որպէսզի պաշտպանենք բնակչութեանը, որի համար պատասխանատու ենք: Սա հասկանալով` Լիբանանի Հայ յեղափոխական դաշնակցութիւնը ճիշդ որոշում կայացրեց, երբ միացաւ Հըզպալլային, որը դիմադրութեան եւ մարդու իրաւունքների պաշտպանութեան համար պայքար մղող ուժ է: Հայերիս պայքարը կարելի է համեմատել Հըզպալլայի ցանկութիւնների հետ: Մեր դիմադրութիւնը թուրքական իշխանութիւնների դէմ է, իսկ Հըզպալլան պայքարում է ահաբեկչութեան դէմ, ինչպէս նաեւ` հալածուած մարդկանց իրաւունքների եւ իրենց հողի վրայ ապահով կեանքով ապրելու իրաւունքի համար: Աւելի քան 127 տարի է, ինչ հայերը պայքարում են արդարութեան համար, եւ պատրաստ են կանգնել տարածաշրջանում որեւէ ուժի կողքին, որը պայքարում է արժանապատուութեան, հպարտութեան, արդարութեան եւ խաղաղութեան համար: Այսպիսով` չնայած որ հայերը ստիպուած են լքել տարածաշրջանը` հաշուի առնելով Մերձաւոր Արեւելքում մահացու պատերազմներում ժողովուրդների կորուստները, սակայն բոլոր առումներով նրանք կը դառնան տարածաշրջանը զարգացնող ուժը: Նրանք նաեւ այնպէս կ՛անեն, որ իւրաքանչիւր հայ նախընտրի մնալ իր ստեղծած հողի վրայ, իսկ հայկական դպրոցի, թատրոնի, թերթերի եւ քաղաքական կուսակցութիւնների միջոցով հային կը տան իր տանը զգալու հնարաւորութիւնը:


